Նարինե Ավագյան
Քնեցինք խաղաղության գրկում,
արթնացանք պատերազմի աչքերի մեջ․․․
Անհոգության ձեռքը կարճացավ,
օրոցքի մեջ պսպղացող աչքերը
փակվեցին արկերի դղրդյունից,
մոր երգը լսող ականջները խլացան,
եկեղեցու զանգերը վերածվեցին
Տագնապի կանչի․․․
Մի օր․․․
Կքնենք պատերազմի աչքերի մեջ
և կարթնանանք խաղաղության գրկում։
Հազարավոր չերգված երգեր կերգվեն,
չգրված նամակներ կընթերցվեն,
համբույրը կթափառի օդում՝
Փնտրելով իր հասցեատիրոջը․․․
Սենյակում՝ պարտադրված լռության մեջ
կգծագրվեն անուններ
մայրերի պրկված շուրթերին,
Հենց այդ անուններով կգրվի
Մի նոր <<Սարդարապատ>>
հայոց իրականության մեջ․․․
Հենց այդ անունները, որպես ջինջ արցունք,
Կլվանան անարդարության երեսը պիղծ․․․
Եվ խորհրդավոր մի վճիտություն
Կլռեցնի անհավատության մարմաջը տգեղ․․․
Թարմ օդի մի ումպ՝ սպեղանի որպես,
Իր բարձի վրա զուսպ հեկեկացող
Մայրական վշտին կփարվի նորից․․․
Մենք կհասկանանք հերթական անգամ,
Որ նրանք՝ անմահության ճամփան բռնած
մեր զինվորները, աստղեր են,
որ փայլատակում են <<Խաղաղություն>> կոչվող
նշանակետի ճանապարհին․․․