ՍԵՐԴԱՐ ՔՈՐՈՒՋՈՒ
Ստամբուլում լոյս տեսնող «Ակօս» թերթի թղթակից Սերդար Քորուջուն «Քոբանին 1915ին» վերնագրով յօդուած է հրապարակել: Հեղինակը գրում է, որ Քոբանին, որն այժմ միջազգային հանրութեան ուշադրութեան կենտրոնում է, 1915թ. Հայոց Ցեղասպանութեան ժամանակ հայերի մահուան քարաւանների վերջին կանգառն է եղել: Այսօր Քոբանիի վրայ «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման յարձակման հետեւանքով մահուան սպառնալիքի առաջ է կանգնած տեղի բնակչութիւնը: Քորուջուի յօդուածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացուած է ստորեւ:
«Իսլամական պետութիւն» անունով խալիֆայութիւն հռչակուած եւ աշխարհի ուշադրութեան կենտրոնում յայտնուած «Իրաքի ու Շամի իսլամական պետութեան» (ISIS-«Սիվիլնեթ») թիրախում յայտնուել է քրդական Քոբանի բնակավայրը, որը սիրիական պետութեան մէջ արաբերէն կոչւում է Այն ալ Արաբ՝ «Արաբների աչք», «Արաբների աղբիւր»: Իսկ ամենամեծ մտահոգութիւնն այն է, որ այս տարածքը, որը 1915թ. ցաւալի իրադարձութիւնների ականատես է եղել, նոր ցեղասպանութեան եզրին է կանգնած:
20րդ դարասկզբին Այն ալ Արաբը կամ ինչպէս տեղաբնակ քրդերն են անուանում՝ Քոբանին, 1912թ. շահագործման յանձնուած Քոնիա-Բաղդադ երկաթգծի կանգառներից մէկն էր: Վերջին շրջանում Քոբանիի՝ ուշադրութեան կենտրոնում յայտնուելու պատճառն այն է, որ Սեպտեմբերի 15ին ISIS-ը յարձակուեց YPG-ի (Սիրիայի քրդական զինուժ-«Սիվիլնեթ») վրայ, որը տարածաշրջանում ռազմական մեծ ուժ է ներկայացնում:
Քաղաքացիական պատերազմից (Սիրիայում-«Սիվիլնեթ») առաջ Քոբանին ունէր մօտ 200 հազ. բնակիչ, սակայն վերջին շրջանում դէպի հիւսիս շարժուող փախստականների հոսքի հաշուին շրջանում աճել է բնակչութեան թիւը:
ISIS-ն Այն ալ Արաբը ցանկանում է վերածել Այն ալ Իսլամի, այսինքն՝ «Իսլամական աչքի»: Իսկ YPG-ն Ռոժաւայի տարածաշրջանում ինքնավարութիւն հռչակած ամենափոքր միաւորն է: Քոբանին կարեւոր է նաեւ այն տեսանկիւնից, որ Աբդուլլահ Օջալանը 1979թ. Յուլիսի 2ին Սուրուճից (Սիրիայի հետ սահմանին գտնուող թուրքական շրջան-«Սիվիլնեթ») անցել է հէնց Քոբանի:
Այժմ շրջանի քուրդ ղեկավարները նախազգուշացնում են, որ եթէ ISIS-ը գրաւի Քոբանին, տեղի բնակչութիւնը ցեղասպանութեան վտանգի առաջ կը կանգնի: Մեծ մտավախութիւն կայ, որ կրկնուելու է այն, ինչ 1915թ. տեղի է ունեցել հայ նահատակների հետ:
Հայոց Ցեղասպանութեան ժամանակ Հալէպում Գերմանիայի հիւպատոս Վալտեր Ռոսլերի՝ Գերմանիայի կայսրութեան կանցլեր Բեթման Հոլվեգին Քոբանիից (անուանում է Արաբ Փունար) ուղարկած զեկոյցներում տեղեկութիւններ կան հայերի վերաբերեալ:
Վալտեր Ռոսլերն իր 1915թ. Օգոստոսի 13ի զեկոյցում պատմում է Օգոստոսի 11ին իրեն ուղարկուած մի աւստրալացու գրառումների մասին.
«Այդ գրառումներից յայտնի է դառնում, որ ցեղասպանութեան զոհ գնացած մարդկանց դիակները վառում էին: Ուրֆա-Արաբ Փունար ճանապարհին մթութեան մէջ դիակ չէի տեսնում, սակայն իմ վարորդը, որն այս ճանապարհով անընդհատ գնում-գալիս է, ցոյց էր տալիս դիակների այրման տեղերը, որովհետեւ մարդկային դիակները անմիջապէս վառւում են», պատմել է Վալտեր Ռոսլերը:
Գրառումներում խօսւում է նաեւ աքսորեալների քարաւանների մասին.
«Քարաւանները տառապանքով ու լացուկոծով առաջ էին շարժւում: Երբ այս խեղճերը մարդկանց էին հանդիպում, ծնկի էին գալիս, օգնութիւն աղերսում կամ իրենց երեխաներին տալիս էին այդ մարդկանց: 56 աստիճան շոգին եւ առանց ջրի՝ քարաւանի մեծ մասը ճանապարհին մահանում է. քարաւաններից յետ մնացածների համար էլ մահը երաշխաւորուած է»:
1916թ. Յունուարի 3ի զեկոյցում Ռոսլերը մանրամասն նկարագրում է, թէ ինչպէս են մահանում այդ շրջաններում (Քոբանի եւ յարակից շրջաններ-«Սիվիլնեթ») հաստատուած հայերը:
«Նախորդ զեկոյցներում բազմիցս նշել եմ՝ հայերի դիակները չեն թաղուել, թողնուած են ճանապարհի այս կամ այն կողմում եւ վայրի գազանների կեր են դարձել: Ինձ լուրեր են հասել այն մասին, թէ հիւանդ, հիւծուած եւ անօթեւան մնացած հայերով ոչ ոք չի հետաքրքրւում. նրանք դեռ ողջ են, սակայն կասկածից վեր է, որ շուտով շների կեր են դառնալու», նշել է Ռոսլերը:
Մէկ այլ ապացոյց Արաբ Փունարում գտնուող տարեց եւ բացարձակ վստահելի գերմանացի մի ինժեներից, որը Եարաբ Նասա գնալիս տեսել է, թէ ինչ է տեղի ունենում ճանապարհներին. «Այդ երկու բնակավայրերի արանքում ճանապարհին ընկած ու նեխած դիակները այնպիսի հոտ էին արձակում, որ ձիով անցնելիս մարդիկ դէմքը փակում են»:
Ուրֆայից դէպի սիրիական անապատներ տանող ճանապարհները ցեղասպանութեան զոհերի համար մահուան ճամփորդութեան վերջին կանգառը դարձան: Վերժինէ Սվազլեանի գրքում ներկայացուած է Ցեղասպանութիւնից փրկուած՝ 1902թ. ծնուած Սուրէն Սարգսեանի պատմութիւնը.
«Մեզ տարան Ուրֆա, այնտեղից էլ քշեցին անապատային ու ամայի մի վայր, որտեղ ընդամէնը մի քանի ծառ կար: Այդ գիշեր անձրեւ եկաւ եւ սառը քամի փչեց: Գիշերը հարիւրաւոր մարդիկ մահացան: Գիշերը քրդերի բերեցին, որոնք մի մեծ փոս փորեցին: Քրդերը, որոնց ձեռքին պարաններ կային, մտան ժողովրդի մէջ: Հիւանդներին հարուածում էին, մահացածներին կամ կենդանի մնացածներին՝ ով որտեղ պառկած էր, պարաններով կապում էին եւ քարշ տալով տանում-գցում էին փոսը: Նոյնիսկ կենդանի մարդկանց պարանոցին պարան էին անցկացնում, տանում էին ու փոսը նետում: Նրանք ուշադրութիւն չէին դարձնում այդ մարդկանց հարազատների հեկեկոցներին ու աղաղակներին: Այնտեղից կրկին տարան դէպի հարաւ, քշեցին մի այլ ամայի վայր: Տիֆով վարակուած կանայք գոռում էին՝ ջո՛ւր տուէք», պատմել է Սուրէն Սարգսեանը:
Կոտորածի այդ վայրը տարիներ յետոյ հայերի համար այլ նշանակութիւն է ձեռք բերում: Հայ բնակչութեան համար տարածքում բացւում է երկու դպրոց՝ Խրիմեանի անուան նախակրթարան ու ՀԲԸՄի Աւետիս Սարաֆեան նախակրթարանը: 1927թ. բացուած Խրիմեանի անուան դպրոցը գործեց մինչեւ 1962թ.: 1950թ. բացուած ՀԲԸՄի Աւետիս Սարաֆեան նախակրթարանն էլ 25 տարի գործեց:
Շատ ընտանիքներ նախքան Հայաստան գնալը բնակութիւն են հաստատում Քոբանիում:
Նրանցից մէկը Ցեղասպանութիւնից փրկուած՝ 1903թ. Ուրֆայում ծնուած Նուարդ Պետրոս Աբլափութեանն է: 1915թ. սպաննում են նրա հօրն ու եղբօրը, մնացածին, այդ թւում՝ Նուարդին, քշում դէպի Դեր Զօր: Նա այդ ժամանակն այսպէս է բնութագրում. «Լացուկոծ, հեկեկոց, արցունքներ… կարծես Աստուած բարկացել էր մեզ վրայ, աքսորի էր քշում: Եղբայրս 7 տարեկան էր, մտրակի հարուածից մահացաւ: Դեր Զօրի շրջակայքի գիւղերում էինք: Ոստիկաններն ում ձեռքին փող տեսնէին՝ վերցնում էին, ծեծելով՝ սպաննում: Երեխաներին նետում էին կրակը: Նրանք գոռում էին. «Ոչ մի հայ բիճ կենդանի չենք թողնելու»»:
1931թ. Դեր Զօրում ամուսնացած Նուարդ Պետրոս Աբլափութեանը Հայաստան գնալուց առաջ, 1915թ. վերապրածներից շատերի պէս, հաստատւում է Քոբանիում, որը Արաբ Փունար էր կոչւում:
«Շատ-շատ դժուարութիւններ տեսնելուց յետոյ գիւղից տեղափոխուեցինք Երեւան», պատմել է Աբլափութեանը: