«Պէտք Է Զգուշանալ Եւ Պատրաստուել Ամէն Ինչի»
Վարեց՝ ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ
Ստորեւ կը ներկայացնենք «Ֆակտոր»ի թղթակից Նարեկ Կիրակոսեան հարցազրոյցը Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանի հետ.
ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ.- Պարոն Սարգսեան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յայտարարութեանը յաջորդեց Հայաստանի եւ Արցախի ԱԽ (Ապահովութեան Խորհուրդ-Խմբ.) համատեղ նիստը: ՀՅԴ-ն ինչպէ՞ս է գնահատում համանախագահների եւ Հայաստանի ղեկավարի յայտարարութիւնը:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Մենք միանշանակ դէմ ենք Մադրիդեան սկզբունքներին եւ այն հիմնական կէտերին, որ դրուած է բանակցութիւնների սեղանին: Մենք կողմ ենք, որ պէտք է խաղաղ ճանապարհով լուծուի: Ողջունում ենք Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստը: Առաջին անգամ բաց ձեւով քննարկուեցին սկզբունքները, որոնցով պէտք է շարունակուեն բանակցութիւնները: Ոչ թէ բանակցութիւններից յետոյ ինֆորմացիայ տրուեց արդիւնքների մասին, այլ քննարկուեցին սկզբունքները: Մենք կողմ ենք, որ Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ:
ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ.- Համանախագահները յայտարարում են, որ պէտք չէ բանակցային գործընթացի վերաբերեալ յայտարարութիւններ անել, որոնք համաձայնեցուած չեն հակառակ կողմի հետ՝ նկատի ունենալով Արցախին բանակցութիւններում ներգրաւելու հայկական փորձերը: Այս երկու տարբեր մօտեցումներն ինչի՞ կը յանգեցնեն:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- ՀՀն առաջ է քաշել նոր գաղափար եւ ոչ թէ ենթարկւում է Մինսկի խմբի համանախագահների առաջադրած պայմաններին, այլ առաջարկում է նոր սկզբունքներ: Հայաստանն ինքն է առաջադրում, թէ ֆորմատը (բանաձեւը-Խմբ.) ինչպէս պէտք է լինի: Մինսկի խմբի յայտարարութիւնն այս փուլում պայմանաւորուած է այն հանգամանքով, որ Հայաստանի կողմից հնչեցուել է նոր գաղափար: Այն փոփոխութիւնները, որոնք առաջարկում է Հայաստանը, հիմնականում ճիշդ են եւ պէտք է զարգացնել:
ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ.- Սահմանի զօրավարժութիւններն Արցախում մտահոգութիւններ առաջացնու՞մ են:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Մենք զգուշանում ենք, վերլուծում ենք, բայց չէի ասի, որ լուրջ մտահոգում է: Այնքան քաղաքական խաղեր ու զօրավարժութիւններ ենք տեսել, որ արցախցին կարողանում է լաւ կողմնորոշուել: Պէտք է զգուշանալ եւ պատրաստուել ամէն ինչի:
ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ.- Պարոն Սարգսեան, արցախցին մի իրավիճակում է, որ իր ճակատագիրը պէտք է որոշեն այլ պետութիւնները: Այս իրավիճակն ինչպէ՞ս էք գնահատում:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Արցախի ժողովրդի ճակատագիրը պէտք է որոշուի Արցախի համապատասխան ղեկավարութեան մասնակցութեամբ:
ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ.- Պարոն Սարգսեան, առաջիկայում ընտրութիւններ են: Դաշնակցութիւնը պատրաստւու՞մ է, նախագահի հաւանական թեկնածուներ ունէ՞ք:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Մենք կողմ ենք, որ առաջիկայ քաղաքական ընտրութիւններում լինի ծրագրային պայքար, ոչ թէ անհատական պայքար: Անհատական պայքարը չի բերում նրան, ինչը որ ժողովուրդը երազում է: Դաշնակցութիւնն ունի նախագահի երեք-չորս թեկնածուներ, բայց ՀՅԴ-ն այնպիսի կուսակցութիւն է, որ չի բացառւում, որ առաջադրի անկուսակցական թեկնածուի: