2014 թվականի մայիսի 12-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կժամանի (հոդվածը գրվել է մայիսի 11-ին՝ Lurer.com) Հայաստան՝ 8 հոգուց բաղկացած պատվիրակության ուղեկցությամբ, որի անդամները, անկասկած, իր կարծիքով լավագույն կերպով ներկայացնում են Ֆրանսիայի հայկական համայնքը: Այդ պատվիրակության կազմում են Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ և Nouvelles d’Arménie խմբագիր Արա Թորանյանը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պյեր Տերզյանը, Կինոպրոդյուսորների միության նախագահ Ալեն Տերզյանը, Ալեքսիս Գովչյանը և ՀՅԴ կուսակցության հինգ ներկայացուցիչները՝ Ֆրանկ Փափազյանը, նրա հայրը՝ Անրին՝ Ayp.fm-ի տնօրենը, Մայքլ Կազարյանը, Սերժ Մարտիրոսյանն ու Հրաչ Վարժապետյանը:
Ինչ վերաբերվում է պատվիրակության վերջին հինգ անդամներին, իհարկե կարելի է կասկածի տակ դնել Օլանդի այս քայլի տեղին լինելը, ով գիտեր, որ հրավեր կատարող կողմը՝ ի դեմս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, դժվար թե գրկաբաց դիմավորի ՀՅԴ անդամներին (8 հրավիրվածներից 5-ին), որոնք 2009թ. հոկտեմբերի 9-ին Փարիզում նախագահ Սարգսյանին դիմավորեցին իբրև «դավաճանի»՝ Թուրքիայի հետ հայտնի արձանագրությունները ստորագրելու կապակցությամբ: Կասկածից վեր է, որ ՀՀ նախագահը դժվար թե գոհ լինի պաշտոնական Ֆրանսիայի մի կազմակերպության աջակցությունից, որը հրապարակավ նրան «հայհոյել է»։ Այլընտրանքային մոտեցումը կլիներ այն, որ Հայաստանին ներկայացնել Ֆրանսիայում՝ Հայաստանին աջակցող բազմազանությունն ու հարստությունը, բայց ինչպես տեսնում ենք այս տարբերակը չի ընտրվել։
Այսպիսով, ես, նախագա՛հ, հատուկ տեղ կտայի ազգային մամուլի գործիչներին, որոնք մասնակցություն են ունենում Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների բարելավման գործում: Հարգելով Les Nouvelles d’Arménie և Ayp.fm ԶԼՄ-ների գործունեությունը՝ ես նրանց հետ պատվիրակության կազմում կընդգրկեի, օրինակ, Մարի-Կրիստին Սարագոսին՝ France 24-ի և Radio-France International-ի ղեկավարին. ֆրանսիական մեդիայի միակ ներկայացուցչին, որի ղեկավարած մեդիածրագրերը հեռարձակվում են հայկական հետաքրքրությունների հիման վրա: Ես կհրավիրեի նաև ֆրանսիացի լրագրողների, ինչպես օրինակ պարոն Ժիսբերը կամ Դրյուկերը՝ չխոսելով նույնիսկ «Canal +», «D8» ու «ITELE» հեռուստահոլդինգի ծրագրերի տնօրեն՝ Արա Ապրիկյանի, Կրիստիան Մակարյանի (L’EXPRESS շաբաթաթերթի խմբագիր–տնօրեն) կամ ասենք Վալերի Թորանյանի (ELLE ամսագրի գլխավոր խմբագիր) մասին: Նրանց համար կարելի էր գտնել մի ազատ տեղ ինքնաթիռում: Դա, անխոս, շատ քիչ արժեք կունենար վերոհիշյալ մարդկանց ներկայության արժեքի տեսանկյունից:
Ես, նախագա՛հ, ինձ հետ կվերցնեի ինչ խոսք Ալեն Տերզյանին՝ չմոռանալով Ռոբեր Գեդիգյանին, ինչպես նաև Սիմոն Աբգարյանին, Պատրիկ Ֆիորիին, Էլեն Սեգարային, Անդրե Մանուկյանին, Մատյե Մադենյանին:
Ի վերջո, ես, նախագա՛հ, քաղաքական շրջանակներից կընտրեի պարոն Գովչյանին, Փարիզի քաղաքապետ, տիկին Ան Իդալգոյին, Օ դը Սենի պատգամավոր Ժան-Մարկ Ժերմենին և նրա կնոջը: Սակայն, իհարկե, ընտրված ՀՅԴ ներկայացուցիչները, անշուշտ, կներկայացնեն վերոհիշյալ բոլոր քաղաքական գործիչներին:
Որպես վերջաբան, ես, նախագա՛հ, ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին Ֆրանսիայում հայկական համայնքի բազմապիսի և հարուստ ներդրումը ցույց տալու համար, կկազմեի իմ պատվիրակությունը հենց վերոհիշյալ մարդկանցից: Սակայն ես նախագահ չեմ, և վերոհիշյալ պատվիրակության կազմն ընտրելիս ՀՅԴ ոչ մի պատասխանատու, ովքեր Ելիսեյան պալատին հուշել են հյուրերի կազմը, ինձ ոչինչ չի հարցրել, ավաղ: Բայց, եթե Օլանդի կարծիքով այդ պատվիրակության ներկայանալիությունը բավարար է, դա թույլ է տալիս մեզ ասել՝ «Բավակա՛ն է»:
Ռենե Ձագոյան
Մտավորական
Les Nouvelles d’Arménie