ՄԻՒԺԿԱՆ ՀԱԼԻՍ
Թարգմանեց ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆԸ
Մարաշի կոտորածից ուղիղ 39 տարի է անցել, սակայն կոտորածի հետքերը դեռ թարմ են: 1978 թ. դեկտեմբերի 19-26-ը կատարուած կոտորածի ժամանակ, միայն մէկ շաբաթուայ ընթացքում, ըստ պաշտօնական տուեալների, 111, իսկ ըստ ոչ պաշտօնական յայտարարութիւնների մօտ 500 մարդ է սպաննուել, հարիւրաւոր մարդիկ վիրաւորուել են, աւերուել է 210 տուն, 70 գրասենեակ: Իսկ թիրախը ալեւիները, քրտերն ու յեղափոխական անձինք էին:
Թուրքիայի պատմութեան ամենամութ կոտորածներից մէկի` Մարաշի կոտորածի տարելիցի ժամանակ «Մարաշի կոտորածի յետնաբեմն ու անաթոմիան», «Ինձ դու սպաննիր-Մարաշ/78» գրքերի հեղինակ, ուսումնասիրող Ազիզ Թունչի հետ զրուցել ենք Մարաշի հազարամեայ պատմութեան, քաղաքում 1915 թ. մինչեւ 1978 թ. շարունակուող ցեղասպանութեանն ու ջարդերի, քաղաքում բնակուող ազգերի նկատմամբ գործադրուած ճնշումների շուրջ:
Ազիզ Թունչը յիշեցնում է Մարաշի հայկական իրականութեան մասին ու` ասում. «Մարաշը յատկապէս Հայոց ցեղասպանութեան ու հայ ազգի ձեւաւորման տեսանկիւնից շատ կարեւոր քաղաք էր»: Ըստ Թունչի, Ցեղասպանութեան պատճառով Մարաշից արմատախիլ արուեցին ոչ քրիստոնեայ ազգերը: 1978 թ. տեղի ունեցած կոտորածի պատճառով էլ քրտերն ու ալեւիները մասամբ հեռացան Մարաշից: Սակայն Թունչը մեր ուշադրութիւնն է հրաւիրում այն փաստին, որ Մարաշում քրտերն ու ալեւիները դեռեւս շարունակում են համատեղ ապրել: Նրա կարծիքով, Թերոլար գիւղում նախատեսուող ճամբարը կամ Էլպիստանի ջերմաելեկտրակայանը նշան են, որ «կրօնական զտումները» շարունակւում են:
Մարաշում հայկական իրականութիւն կայ
ՀԱՐՑՈՒՄ.- Ժամանակի մեքենայի մէջ էք: Ես այժմ կոճակը սեղմեցի ու ձեզ տարայ 1978 թ. դեկտեմբեր ամսուայ Մարաշ… Ուղիղ 39 տարի յետ ենք գնացել: Ինչպիսի՞ Մարաշ կը նկարագրէք: Մարդիկ, աշխարհագրութիւնը, քաղաքական վայրիվերումները, յոյսերն ու անյուսալիութիւնը…
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ժամանակի միջով յետ գնալն ու տեղի ունեցածներին եւս մէկ անգամ ու ներկայից նայելը հիանալի միտք է: Թէեւ մենք այդ տարիները չենք կարողացել ճիշդ ընկալել, սակայն Մարաշը ընկերային-քաղաքական իւրայատկութիւններ ունեցող քաղաք է եղել: Հնում Մարաշում առկայ էր հայկական իրականութիւն, որը մարաշցիների ողջ կեանքի վրայ ազդեցութիւն թողած թապուներից մէկն էր: Դա այնպիսի մի թապու էր, որ սարսափելի թշնամանքի աղբիւր էր դարձել` չնայած ամէն մարաշցու մի քիչ հայ լինելու փաստին: Մարաշից հայկական իրականութիւնը փորձել են արմատախիլ անել, սակայն ինչքան էլ իրականութիւնը թաքցուէր, մէկ է, ամէն մարաշցի մի փոքր հայացել էր: Մարաշցիները բազմաթիւ արհեստներ հայերից են սովորել: Մարաշցիների ունեցուածքի մեծ մասը հայերից է բռնագրաւուել: Մարաշցիների մօտ ձեւաւորուած մշակոյթում առկայ են հայկական բազմաթիւ հետքեր: Մարաշը 39 տարի առաջ, ի հարկէ, շատ տարբեր էր ներկայիս Մարաշից: Այսօրուայ մեր փոքրիկ, չզարգացած, բայց աշխուժ գաւառներից մէկի նման էր: Ենթակառուցուածքները, ճանապարհները, ձեռնարկութիւնները, արտադրութիւնը այսօրուանից տասն անգամ յետ էին: Քաղաքի ներսում կար մի վայր, որը որպէս ինքնաշարժների կայան էր օգտագործւում. այնտեղ կային գիւղական փոխադրամիջոցներ: Քաղաքի ներսում գտնուող ցեխոտ ճանապարհներով շրջող կառքերը, երեքականի մոտոսիկլեթներն ու թրաքթորները նրան գիւղաքաղաքի տեսք էին հաղորդում: Որպէս պետական շէնքեր օգտագործուող ու միւս շքեղ շէնքերի մեծ մասը հայերի քարէ տներն էին: Հայերից մնացած ոսկերչութիւնն ու պղնձագործութիւնը տնտեսութեան մէջ ամենապահանջուած արհեստներն էին: Տնտեսութիւնը հիմնուած էր գիւղատնտեսութեան վրայ, յատկապէս` բամպակագործութեան:
Մարաշում տեղի էր ունենում այն, ինչ` այդ շրջանի մնացած քաղաքներում: 1965-73 թթ. շրջակայ գաւառներից, գիւղերից ու գիւղաքաղաքներից դէպի Մարաշ ուժեղ գաղթ էր սկսուել: Մարաշ եկող ամէն անհատ կա՛մ իր փոքրիկ գործն էր ստեղծում, կա՛մ` մէկ այլ տեղում գործ գտնում: Գիւղատնտեսութեամբ զբաղուողներն ու գիւղատնտեսութեան վրայ հիմնուած փոքրիկ աշխատավայրերում աշխատող բանուորները բնակչութեան ամենաաշխուժ զարգացող ու ամենամեծ մասն էին կազմում: Քաղաք եկող մօտիկ գիւղերի թուրք սիւննիները հիմնականում լրիւ աշխատանքային ժամով էին աշխատում, իսկ երեկոյեան` տուն գնում: Սակայն քուրտ ալեւիները առաւելապէս նստակեաց կամ կիսանստակեաց կեանք էին վարում: Նրանք կա՛մ մնում էին որեւէ ծանօթի տանը, կա՛մ` մի փոքրիկ տուն վարձում:
Այդ ժամանակաշրջանի քաղաքական զարգացումները ազդում էին հասարակական բոլոր խմբերի վրայ: Արդէն իսկ 1970-ական թթ. յատկապէս Նուրհաքում յեղափոխականների գործողութիւնները մարաշցիների վրայ էլ էին ազդել, բազմաթիւ մարաշցիներ սկսել էին դառնալ յեղափոխական շարժումների մասնակիցներ: Այս տարիներին Մարաշի հասարակական-քաղաքական կառուցուածքն աւելի ժողովրդավար էր: Նրանք պայքարում էին հողերի բռնագրաւման դէմ ու գործարաններում աշխատող բանուորների իրաւունքների պաշտպանութեան համար: Թուրքիայի Յեղափոխական բանուորական միութիւնների համադաշնակցութիւնը (DİSK), Բոլոր ուսուցիչների միաւորման ու համերաշխութեան միութիւնը (TÖB- DER), Թուրքիայի Բանուորական կուսակցութիւնը (TİP) եւ մի շարք այլ յեղափոխական կառոյցներ այս շրջանում են հիմնադրուել: Մարաշն այդ տարիներին ամենայուսալի, բազմաթիւ ալեւի աշուղներ ունեցող եւ բաւական յաճախ գործունէութիւն ծաւալող քաղաք էր:
Հ.- Մարաշ շրջանի աշխարհագրութեան համար պատմական նշանակութեան մասին ի՞նչ կարող էք պատմել, այստեղ ապրած ժողովուրդների, յատկապէս` հայերի, նրանց որակների, նրանց դէմ գործադրուած ճնշումների տեսակէտից…
Պ.- Մարաշը բազմաթիւ առանձնայատկութիւններ ունեցող քաղաք էր: Ենթադրւում է, որ Մարաշը հիմնադրուել է մի խեթական հրամանատարի կողմից: Մարաշում բնակուել են բազմաթիւ ժողովուրդներ, շատ տիրակալներ են եկել ու գնացել: 1240-ական թթ. Պապա Իսհակի ապստամբութիւնն է եղել, իսկ եթէ անդրադառնանք 1500-ական թթ., ապա այն մի քաղաք էր, որը ստիպուած էր իր գոյութիւնը պահպանել մեմլուքների, սեֆեանների եւ օսմանցիների մէջ` Տուլքատիօղլուի պէյութեան կազմում: Եաւուզի ու Շահ Իսմայիլի միջեւ տեղի ունեցած պատերազմի ժամանակ Մարաշն անցնում է օսմանեան տիրապետութեան տակ: Այդ օրուանից յետոյ Մարաշը յիշատակւում է օսմանցիների դէմ իր պայքարով ու ապստամբութիւններով: Այն յատկապէս շատ կարեւոր քաղաք է Հայոց ցեղասպանութեան ու հայ ժողովրդի ազգայնացման տեսանկիւնից: Միայն հայերով բնակեցուած ու ինքնավար Զէյթունը, որի ներկայիս անունը Սիւլէյմանիյէ է, Մարաշի կազմում էր: Մարաշում էլ հայերն ունէին բաւականին կուռ հասարակական կառուցուածք եւ բնակւում էին մնացած ժողովուրդների հետ համատեղ:
Մինչեւ Օսմանեան կայսրութեան գոյութեան վերջին շրջան` վիճակը նոյնն էր, սակայն կազմուեց «Firka-i Islahiye» (Բարենորոգող զօրաբաժին) անունով բանակը, եւ վիճակն սկսեց փոխուել, ժողովուրդների միջեւ սկսուեց թշնամութիւն հասունանալ: Սա շրջադարձային նշանակութիւն ունեցաւ, որի պատճառով հետագայում Մարաշի պատմութիւնը լցուեց կոտորածներով:
Հայոց ցեղասպանութիւնից մինչ 1978 թ. կոտորածը
Հ.- Դուրս չենք եկել ժամանակի մեքենայից: Յանկարծ ձեր քաղաք մի շարք մարդիկ են լցւում: Ովքե՞ր էին այդ մարդիկ: Ինչո՞ւ էին ձեր քաղաքն ընտրել:
Պ.- Այո՛, յանկարծ մեր քաղաքում սկսեցին շրջել մութ, արիւնարբու տարրեր: Սակայն տեսնում ենք, որ այս արիւնարբուների` Մարաշ գալուց առաջ էլ Մարաշն արեան մէջ խեղդել ցանկացողները սկսել էին պատրաստուել այստեղ ջարդեր իրականացնելու գործին:
Հիւլէական ուժանիւթի հաստատութիւնում ռումբերով փաթեթներ են պատրաստուել, որոնք ուղարկուել են համապատասխան քաղաքներ: Այդ ռումբերից մէկը Մարաշում է պայթել, սպաննուել են քաղաքապետն ու նրա ընտանիքից 3 հոգի: Նոյն ռումբից մէկ ուրիշ ռումբ էլ ուղարկուել է Փազարճըք:
Իսկ Մարաշի ներսում նախապատրաստւում էին կոտորածները: Գերի ընկած թուրքերի ազատագրման բանակի (ETKO) հրոսակախումբը բազմաթիւ վայրեր է յարձակում գործել, բազմաթիւ տներ, գրասենեակներ ու կազմակերպութիւններ են ռմբակոծուել: Դրանցից մէկով Կիժիք պապիկը (Սապրի Օզքան) սպաննուել է, մէկ ուսուցիչ` վիրաւորուել:
Կոտորածների մեքանիզմը շարունակուել է արիւնոտ ու մութ ծուղակներով, նոյեմբեր ամսին ստեղծուել է Գաղափարապաշտ երիտասարդների միութիւնը, ինչը եւս մէկ քայլ էր դէպի կոտորած:
Ինչպէս բանաստեղծն է ասում` «Մի ժապաւէն է գալու քաղաք»: Դեկտեմբերի 16-ին Մարաշում մի ժապաւէն էր ցուցադրուելու: Սակայն այս ժապաւէնը բանաստեղծութեան նման գեղեցկութիւն, կարօտ ու սէր չէր բերելու: Ընդհակառակը, արիւնոտ կոտորածի գուժկանն էր: Ակնյայտ էր, որ այդ ժապաւէնն առեւտրական նպատակներ չէր հետապնդում: Առեղծուած է մնում, թէ ո՞վ էր բերել ժապաւէնը, ո՞վ էր հրահանգ տուել: Այս ժապաէնի գլխաւոր դերակատարը Կիւնեթ Արքըն էր, դա` «Արեւը ե՞րբ է ծագելու» անունով ցեղապաշտական քարոզչութիւն տարածող ժապաւէն էր:
Գաղափարապաշտ երիտասարդների միութեան եւ Ոստիկանական միութեան ֆաշիստ անդամների վերահսկողութեամբ, այդ ժապաւէնը ցուցադրւում է երեք օր շարունակ: Դիտելով ժապաւէնը` ցեղապաշտական ազդեցութեան ենթարկուած մարդասպանների ամբոխը վերջնականապէս կորցնում է ինքնատիրապետումը: Դեկտեմբերի 19-ին «Չիչեք» շարժապատկերի սրահում մի պայթուցիկ է գցւում, որը ներկայացւում է այնպէս, իբր թէ դա` «Ձախակողմեանների ձեռքի գործն է»: Դրանից յետոյ ամբոխի ցեղապաշտական զգացմունքները անվերահսկելի են դառնում: Նրանք սկսում են գրաւել փողոցներն ու յարձակում գործել:
Դիմադրութիւն ու կոտորած
Հ.- Այսպիսով, «Չիչեք» շարժապատկերի սրահում ռումբ դրուեց: Հետզհետէ աւելի լարուող սադրիչ մթնոլորտը ո՞ր բառով կը նկարագրէք: Օրինակ` առանձին-առանձին ալեւիների աչքերի մէջ ի՞նչ էիք տեսնում: Վա՞խ, զարմա՞նք…
Պ.- Փողոցը գրաւած մարդասպան ամբոխը, ժողովրդավար կառոյցների անդամները քրտերի, ալեւիների ու ձախակողմեան անձանց տներն ու գրասենեակները սկսեցին քանդել: Այդ պահին յատկապէս կազմակերպուած հայրենասէրների ու ձախակողմեան անձանց առաջին գործը եղաւ այն, որ պատրաստուեցին պաշտպանուել ու դիմադրութիւն ցոյց տալ: Իսկ ժողովրդի անկազմակերպ եւ քաղաքական զարգացումներից հեռու մնացած ներկայացուցիչներն անհանգստութեան, վախի, խուճապի մէջ սկսեցին ինքնապաշտպանուողներին վիրաւորել:
«Չիչեք» շարժապատկերի սրահում տեղի ունեցած դէպքից յետոյ, երկու օր շարունակ յարձակումներ եղան, որի ընթացքում յարձակուողների թիւը գնալով աճում էր: Դեկտեմբերի 20-ին Քարամարաշ փողոցում պայթեցուեց մի սրճարան, ուր յաճախում էին հիմնականում ալեւիներ, ձախ հայեացքների տէր անձինք ու քրտեր: Դեկտեմբերի 21-ին երկու յեղափոխական ուսուցիչ փողոցի մէջտեղում սպաննուեցին` թիկունքից ստացուած գնդակներից:
Դեկտեմբերի 22-ին` ուսուցիչների յուղարկաւորութեան ժամանակ, 30 հազարի հասնող մարդասպան ամբոխը յարձակում գործեց, ու կոտորածն աւելի ընդարձակուեց ու խորացաւ: Արդէն յարձակւում էին շուկայում գտնուող ալեւի, քիւրտ ու ձախակողմեան հայեացքներ ունեցող անձանց տների, աշխատավայրերի, ժողովրդավարական կառոյցների վրայ կոտորածն արդէն տարածւում էր դէպի թաղամասեր:
Հ.- Ժամանակի մեքենան այժմ Մարաշի` ալեւիներով բնակեցուած թաղամասերում է գտնւում: 1978 թ. է: Եթէ խնդրեմ, անուններն էլ թուարկելով, մեզ կը պատմէ՞ք այդ թաղամասերում մէկ շաբաթ տեւած դէպքերի մասին:
Պ.- Ամենաառաջին ու ամենաշատ յարձակումը տեղի է ունեցել Եորուքսելիմ թաղամասի վրայ: Այն պետական հիւանդանոցը, որում գտնւում էին ուսուցիչները, Եորուքսելիմ թաղամասի վերջնամասում էր: Թաղամասը երեք թեւի բաժանուած ամբոխի կողմից ուժեղ յարձակման էր ենթարկւում: Այս յարձակմանը եորեքսելիմցիները դիմադրութիւն ցոյց տուեցին, որից յետոյ մարդասպաններին ուղղորդեցին դէպի միւս` անպաշտպան թաղամասեր: Այս տեսանկիւնից Սերինթեփէ թաղամասը, որը գտնւում էր քաղաքի ծայրամասում եւ դիմադրութեան պատրաստութիւն չէր տեսել, ամենաշատ կորուստներն ունեցաւ: Մարդասպանները շարունակեցին յարձակուել միւս թաղամասերի վրայ: Քարամարաշ, Իսա Տիվանլը, Ենիմահալլէ եւ Պաղլարպաշը թաղամասերը երեք օր շարունակ գտնւում էին մարդասպանների յարձակումների թիրախում: Այս ընթացքում թաղամասերից, յարմար պահ գտնելով, փախչել ցանկացողները մարդասպանների կողմից բռնւում էին Մարաշից դուրս եկող ճանապարհին եւ սպաննւում: Նոյն կերպ մօտիկ գիւղերում ապրող ու քաղաքի իրենց հարազատների ճակատագրերով անհանգստացող կամ մարդասպաններին դիմադրութիւն ցոյց տալուն մասնակցելու նպատակով Մարաշ մտնել ցանկացող անձինք էլ էին սպաննւում: Այսինքն մարդասպանների կողմից Մարաշում կազմակերպուած ցեղային ու կրօնական զտումներն ամբողջացնելու համար ջարդերը շարունակւում էին նաեւ քաղաքից դուրս:
Հ.- Պատմութեան մէջ շատ կոտորածներ են եղել, լսուել, պատմաբանները որոշակի բացթողումներով գրել են դրանց մասին: Օրինակ` հրեաների ցեղասպանութիւնից իմ գիտակցութեան մէջ մնացած ամենայստակ պատկերը գնացքի վակոններն ու կազային սենեակներն են: Իսկ Մարաշից մէկ պատկեր կայ` յղի կանանց փորից հանուած երեխաները: Դուք ականատես էք եղել այնպիսի մի չարիքի, որը նկարագրելն անգամ դժուար է: Եթէ ասեմ ձեզ, որ նկարագրէք այդ չարիքը, ձեր յիշողութիւնից ինչե՞ր կը ներկայացնէք մեզ:
Պ.- Ջարդերը միայն որպէս անասնական վայրենութիւն որակելը թերի կը լինի: Մարդկութեան ու մարդուն պատկանող բոլոր արժէքների ոչնչացման անունն է կոտորածը: Այդ պատճառով ի հարկէ անհամար վայրագութիւններ են արուել: Եօթուկէս ամսական յղի Տեոնտու Ուվերին, 9 ամսական յղի Էսմա Սունային իրենց երեխաներով սպաննել են: Ալի Թրաշին մասերի են բաժանել, գցել կաթսայի մէջ ու իր արեան մէջ եռացրել են: Բռնաբարել են, երեխաների խլել, դատարկ տարածութիւնում տարեց պապիկ Մուսթաֆա Աճինիքլիին սպաննել են ու դին հողի մէջ թաքցրել, սպաննուած երկու մարդու դիակը ոչնչացրել են, սպաննուած մարդկանց գերեզմանները անյայտ են մնացել, անհամար մարդկային արժէքներ են ոչնչացուել:
Հ.- Եւ դիմադրութիւն… Այո՛, Մարաշում կոտորածներ էին, բայց դիմադրութիւն ցոյց տուողներ էլ կային: Ինչպէ՞ս կազմակերպուեց այդ դիմադրութիւնը:
Պ.- Իրականում, ընդհանուր առմամբ, այս բոլոր կոտորածների մէջ շատ կարեւոր է ընդունել նաեւ այն փաստը, որ դիմադրութիւն էլ է ցոյց տրուել: Քանի որ կոտորածներն արդէն իսկ ուղղուած էին դիմադրութեամբ իրենց գոյութիւնն ու ինքնութիւնը, կրօնական առանձնայատկութիւնը պահպանող ընկերային խմբերին: Այդ պատճառով յատկապէս անհրաժեշտ է նշել, որ Մարաշում դիմադրութիւն են ցոյց տուել:
Դիմադրութիւնը անբաւարար պատրաստութեամբ ու մի քիչ էլ ինքնաբուխ եղաւ: Առաջին յարձակումների ժամանակ նախեւառաջ Եորուքսելիմ թաղամասում դիմադրութիւն ցոյց տրուեց: Արդէն իսկ դրա համար յատուկ ջանքեր ու կոչի անհրաժեշտութիւն չկար: Ժողովրդի բոլոր ներկայացուցիչները եւ յեղափոխական-հայրենասիրական խմբերը, ձեռքներն ընկած գործիքներով, մասնակցել են դիմադրութեանը: Յատկապէս դեռեւս նոր ստեղծած եւ Ափոճու անունով յայտնի հայրենասէրները, Յեղափոխական պատերազմ ու յեղափոխական ժողովրդի միութիւնը այս դիմադրութեանը մասնակցած հիմնական խմբերն էին: Նրանք բոլորն էլ մասնակցել են շատ դժուար պայմաններում իրականացուող այս դիմադրութեանը եւ ձգտել ընդարձակել ու տարածել այն: Փազարճըք Եոլպոյու գիւղի գիւղապետ Մեհմեթ Մենկիւճեքը զոհուել է Քարամարաշի բախումների ժամանակ, Մինեհույուք գիւղում դիմադրութեան համար մարդ ու զէնք բերած ու նոր ընկերներին եւ զէնքեր կրկին բերելու համար գիւղ վերադառնալու ճանապարհին սպաննուած Վէյսել Կալքանտելենը, ատըյամանցի Մահմութ Ունալը այս դիմադրութեան ժամանակ ընկած ընկերներից մի քանիսն են: Բացի դա` Շեքեր Ափարթմանում ոտքի ելած մարդիկ կային, սակայն կրկին Քարամարաշ թաղամասում Հասան Սոլմա անունով տարեց մի հօրեղբայր ինքնապաշտպանուելու համար ոտքի էր կանգնել:
Բռնի արտագաղթ
Հ.- Ամէն ցեղային զտման ամենակարեւոր նպատակը ժողովրդին արտագաղթի հարկադրելն է, հաւատքից զրկելը: Դա պատմութեան ընթացքում բազմիցս ապացուցուած ճշմարտութիւն է: Կոտորածից յետոյ Մարաշն էլ ականատես եղաւ գլխաւորապէս դէպի եւրոպական երկրներ գաղթին: Գաղթի հետ կապուած ձեր եզրակացութիւնները որո՞նք են:
Պ.- Մարաշում Հայոց ցեղասպանութեան ժամանակ տեղահանութիւնն արդէն իսկ փաստացի գաղթի ենթարկել էր նշանակում: Ջարդերից յետոյ թիրախաւորուած խմբերի գաղթը, նրանց ունեցուածքը խլելն արդէն իսկ կոտորածի մի մասն են կազմում: Նոյն գործընթացն ու նոյն մութ հաշուեյարդարը Մարաշի ջարդերի ժամանակ էլ են տեղի ունեցել: Մարաշի կոտորածի հետ մէկտեղ, Մարաշում բնակուող յատկապէս քուրտ ու թուրք ալեւիները արագօրէն լքել են քաղաքը: Կոտորածից յետոյ իրենց գիւղեր վերադարձած ալեւիները, որոշելով, որ Մարաշում անհնար է ապահով մթնոլորտում ապրել, ստիպուած են լինում հեռանալ երկրից:
Կոտորածի պատճառով Մարաշը լքած մարդկանց ունեցուածքը մեծ չափով իւրացուել է, հողամասերն ու տները թալանուել են: Յայտնի է, որ նոյնն արուել է նաեւ Հայոց ցեղասպանութեան ժամանակ: Սակայն հետեւեալ տարբերութիւնն էլ է կարեւոր. 1978 թ. Մարաշի ջարդերի ժամանակ իւրացուած տները, հողերն ու նիւթական արժէքները Հայոց ցեղասպանութեան ժամանակ իւրացուած գոյքի հետ համեմատելի չեն: Ալեւիները, վերջիվերջոյ, դեռեւս նոր էին եկել, եւ նրանց մեծ մասն աղքատ էր: Գործերի մէջ շատ քիչ էին գործատուները: Նրանց մեծ մասի ունեցուածքը մի խրճիթ, տուն կամ հողամաս էր: Նիւթական հարստութիւնն էլ շատ չէր: Սակայն այս փաստը վիճակը չէր թեթեւացնում, չէր փոխում մարդասպանների` իւրացման ձգտումը, կողոպուտն ու բռնագրաւելու քաղաքականութիւնը:
Հ.- Այսօր Մարաշը բանտարկուած է մի մեծ խաւարում: Հիմա ձեզնից հետեւեալն եմ ցանկանում իմանալ` դարասկզբի Մարաշի ու ներկայիս Մարաշի միջեւ համեմատութիւն անցկացնելով` մի պատկեր կը գծագրէ՞ք ինձ համար:
Պ.- Չնայած դարասկզբին Մարաշում իրականացուած ջարդարար քաղաքականութեանը` կարող ենք ասել, որ այնտեղ մի մթնոլորտ էր տիրում, որտեղ տարբեր խմբեր կարողանում էին համատեղ ապրել: Հայերը, յոյները, ասորիները, քրտերը, թուրք ալեւիները, սիւննիներն ու քրիստոնեաները բնակւում էին կողք կողքի: Այն ժամանակ, երբ փորձ արուեց ստեղծել թուրք ազգը, այն ժամանակ էլ սկիզբ դրուել ջարդարար ու ցեղասպանական քաղաքականութեանը:
Դարասկզբին Մարաշում կար 17 եկեղեցի, բազմաթիւ հայկական դպրոցներ, հայկական հիւանդանոց: Հայերի ու միւս քրիստոնեայ ժողովուրդների` պետութեան հետ կապուած յարաբերութիւնները պետական հաստատութիւններում աշխատող հայերն էին իրականացնում: Զէյթունը ինքնավար բնակավայր էր, որտեղ հիմնականում հայեր էին ապրում ու ղեկավարում: Զէյթունը ինքնավար քաղաք էր, որն ունէր հայ գաւառապետ, հայ քաղաքապետ, հայ զինուորներ ու անվտանգութեան ուժեր: Այսօր Մարաշը բանտարկուած է մի մեծ խաւարի մէջ: Ինձ հնարաւորութիւն է տրուել մօտիկից հետեւել ընտրական աշխատանքներին: Կոտորածի պատճառով ստեղծուած վախը, անհանգստութիւնը, անվստահութեան մթնոլորտը թունաւորել է Մարաշը: Մի բուռ անազնիւ մարդկանցից բացի` ոչ ոք առողջ չէ. մէկը վիրաւոր է, միւսի մարմնի մի մասը չկայ: Կոտորածը ոչնչացրել է մարդու իրաւունքներն ու ժողովրդավարական իրաւունքը պահանջելու ձգտումը: Այս ձեւով առաջացած վախի մթնոլորտը սարսափելի անվստահութեան ու մարդկանց շահագործման մթնոլորտ է ստեղծել:
Հետաքննութիւնը կոտորածի պատասխանատուներին թաքցնում է
Հ.- Եւ` Մարաշի կոտորածի հետաքննութիւնը: Զոհերին որպէս յանցագործներ յայտարարելն ու Մեճլիս` ձեռքերն ու ոտքերը թափահարելով մտնող, ազգանունները փոխած յանցագործներ: Այդ հետաքննութիւնից ի՞նչ է մնացել ձեր յիշողութեան մէջ:
Պ.- Կոտորածի հետաքննութիւնը լիովին կատարուել է կոտորածը կոծկելու, կոտորածի իրականութիւնը մթութեան մէջ թողնելու նպատակով: Արդէն իսկ հետաքննութիւնից յետոյ մեղադրական աքթը ժամանակի ժանտարմերայի հրամանատար Սետաթ Ճելասունի` Ազգային անվտանգութեան ուժերին գրած զեկոյցից էր բաղկացած: Ըստ այդ զեկոյցի, Մարաշի կոտորածը գնահատւում է որպէս` «Ալեւիների կողմից աջակցութիւն ստացած ձախակողմեան երիտասարդների գործողութիւններից անհանգստացած սիւննի ժողովրդի բնական արձագանգ»: Այս գնահատականով պայմանաւորուած` Մարաշի կոտորածից յետոյ բազմաթիւ անմեղ եւ իրենց պաշտպանել ցանկացած մարդիկ մարդասպանի նման դատապարտուել ու պատժուել են: Սակայն Մարաշի կոտորածի հետաքննութեան ամենաանմոռանալի իրադարձութիւնը անմեղ փաստաբանների սպանութիւններն էին: Հալիլ Սըթքը Կիւլլուօղլուն, Ճէյհուն Ճանն ու Ահմեթ Ապաքայը սպաննուել են միայն նրա համար, որ պաշտպանել են կոտորածից տուժածներին:
Ազիզ Թունչի վկայութիւնն ու քննութիւնը
Հ.- Մի փոքր էլ անձնական հարցեր տամ: Մարաշից յետոյ, որպէս Ազիզ Թունչ, ձեր կեանքն ինչպէ՞ս փոխուեց:
Պ.- Ես Մարաշի կոտորածների ժամանակ իմ բազմաթիւ ընկերների հետ մէկտեղ Եորուքսելիմ թաղամասի դիմադրութեանն էի մասնակցում: Երկու ընկերներիս ու մէկ ուրիշ անձի հետ միասին բռնուեցինք: Որեւէ մեղք նրանք չկարողացան ապացուցել, եւ վեց ամիս անց ազատ արձակուեցի: Այդ շրջանից յետոյ Մարաշն ինձ համար ոչ միայն ծննդավայր էր, այլեւ մէկ ուրիշ նշանակութիւն էլ ձեռք բերեց: Այն փաստը, որ կոտորած եղաւ, ու չկարողացանք այն կանխել, ծանրանում է մարդու հոգու վրայ: Գուցէ եւ այդ պատճառով է, որ Մարաշի վերաբերեալ աշխատանքներ կատարելն ինձ աւելի շատ է ոգեւորում ու ազդում: Ինձ պարտաւորուած եմ զգում Մարաշի ու մարաշցիների առջեւ:
Հ.- Որպէս լրագրող` բազմիցս տեսել եմ, որ տարիներ անց Մարաշից որպէս պատգամաւորի թեկնածու աշխատանքներ կատարելիս հանդիպել էք այն մարդկանց հետ, ովքեր մասնակից են եղել կոտորածին: Այդ մարդկանց մէջ ի՞նչ էիք տեսնում: Դրա մասին ձեզ յիշեցնելով` ցանկանում եմ յիշատակել նացիստների իրականացրած ցեղասպանութիւնից տուժած գրող Էլիէ Վիեսելի հետեւեալ խօսքերը. «Ցեղասպանութեան ժխտումը զոհերին երկրորդ անգամ է սպաննում»: Այն մարդկանց մօտ, ում ձեռքը սեղմում էք, զղջում նկատո՞ւմ էք:
Պ.- Իրականում ես այդ հանդիպումները դիտարկել եմ որպէս կոտորածի հետ կապուած ընդգրկուն աշխատանքի ուղղութեամբ արուած առաջին քայլ: Առաջին հնարաւորութեան դէպքում կոտորածն իրականացնողների վիճակի մասին բազմակողմանի ուսումնասիրելու որոշումը «Ինձ դու սպաննի՛ր» գիրքը գրելիս կայացրեցի: Ընտրուած աշխատանքի համար էլ կարողացայ հանդիպել կոտորածի մէջ ներքաշուած, կոտորածում որեւէ դերակատարում ունեցած այս անձանց հետ: Շա՛տ ափսոս, որ այս աշխատանքը իմ աքսորուելու պատճառով կիսատ մնաց: Այդ մարդիկ, օրինակ` Օքքեշ Քենկերը եւ նրա նմանները, կոտորածը չեն պաշտպանում, սակայն տէր չեն կանգնում իրենց արարքներին: Ասում էին, որ իրենց խաբել են, ալեւի քուրտ ու ձախակողմեանների նկատմամբ ունեցած թշնամանքը օգտագործուելով` ներգրաւել են կոտորածի մէջ: Կոտորածը նրանք նկարագրում են աւելի շատ «դրսից եկողներ» վերացական հասկացութեամբ ու նրանց վրայ էին գցում: Կոտորածի հետեւանքներից էլ գոհ չէին: Օրինակ` յատկապէս գոհ չէին, որ շրջանի քուրտ եւ թուրք ալեւիները Մարաշը լքել են, նշում էին, որ զգացւում է նրանց պակասը: Կոտորածն ու ապրած հոգեխոցումը ոչ մէկ չի պաշտպանում: Հաւասարակշիռ մօտեցումներով իրենց էլ որպէս զոհ էին փորձում ներկայացնել ու արդարացնել:
Հ.- Առերեսման փաստը մեծ մասամբ հետաքրքիր է յանցագործների տեսանկիւնից: Բայց եւ տուժածներ կան: Եթէ անգամ կոտորածից 40 տարի է անցել, միեւնոյն է` այդ տուժածների ու նրանց մեծացրած սերունդների ապրած հոգեխոցումները, նրանց փոխանցուած յիշողութիւնը դեռեւս խորն են, այդպէս չէ՞:
Պ.- Այս տեսանկիւնից շատ յստակ կ՛ասեմ հետեւեալը. գրեթէ բոլոր տուժածներն էլ այդ հոգեխոցման ազդեցութիւնը մինչեւ այսօր էլ զգում են իրենց կեանքում:
Գրեթէ բոլոր այս մարդկանց այսօրուայ կեանքը ձեւաւորուել է հէնց Մարաշի կոտորածի ժամանակ տեղի ունեցած դէպքերով: Ներկայում նրանք աչալուրջ, անհանգիստ ու մտահոգ կեանք են վարում` մտածելով, որ նման յարձակում դարձեալ կարող է լինել: Հանդիպել եմ մարդկանց, ովքեր կրկին մտածում են, որ հնարաւոր չի լինի փախչել կոտորածից, ու իրենց բնակարանների վերեւի յարկերում չեն ապրում: Հանդիպել եմ կոտորածի ազդեցութեան պատճառով աղմուկից վախեցող տուժածների: Կային այդ կոտորածի հոգեխոցման պատճառով հոգեբանական խնդիրներ ունեցող անձինք: Կոտորածից իւրաքանչիւր տուժածի պատմութիւնը սկզբից մինչեւ վերջ ողբերգութիւն է:
Պետութիւնը Մարաշում ցեղային եւ կրօնական զտումների գործընթացն աւարտին չհասցնելու պատճառով է շարունակում յարձակումները
Հ.- Ձեզնից յետոյ, իրականում յունիսի 7-ից յետոյ Մարաշում ալեւիներով բնակեցուած վայրերում կրկին պետութիւնը միջամտեց եւ չնայած բոլոր ընդվզումներին` ժիհատիստական խմբեր ստեղծուեցին: Քիչ առաջ տուած հարցիս մէկ անգամ էլ այս տեսանկիւնից կը պատասխանէ՞ք, ըստ ձեզ, պետութիւնը ինչո՞ւ հանգիստ չի թողնում Մարաշը:
Պ.- Պետութեանը չի յաջողուել Մարաշում ազգային ու կրօնական զտումներն աւարտին հասցնել, ինչի պատճառով այսպիսի յարձակումները շարունակւում են: 1915-1922 թթ. Հայոց ցեղասպանութիւնից յետոյ ոչ մուսուլման ժողովուրդները այս հողերից արմատախիլ արուեցին: 1978 թ. կոտորածի պատճառով ալեւիներն ու քրտերը մասնակիօրէն լքեցին Մարաշը: Սակայն դեռեւս քրտերն ու ալեւիները շարունակում են համատեղ ապրել Մարաշում, որի պատճառով Թերոներ գիւղում կազմակերպուող ճամբարով ձգտում է շարունակել ազգային կրօնական զտումներ իրականացնել: Նոյն փորձը կիրառւում է նաեւ Մարաշի միւս գաւառներում եւ, յատկապէս, քուրտ ու ալեւիներով բնակեցուած տարածքներում: Էլպիստանում` ջրաելեկտրակայանը, Փազարճըքում կրաղիւսի գործարանը կառուցւում են որպէս այդ մտայնութեան հետեւանքներ:
Հ.- Ներկայում, տարիներ անց Եւրոպայի տարբեր երկրներում բնակուող մարաշցիներով մի նախաձեռնութիւն էք ստեղծել: Երա՞զ է սա, թէ՞ աշխարհն էլ շուռ գայ, մարաշցիները կը վերադառնան իրենց հողեր:
Պ.- Միանշանակ կը վերադառնան: Ի հարկէ, կը լինեն մտածողներ, որ կը կարծեն, թէ այս տեսակէտը թոյլ է: Մարդու եւ նրա ծննդավայրի միջեւ եղած կապը զուտ ֆիզիքական չէ: Այս յարաբերութիւնը գտնւում է մշակութային ու ընկերային մակարդակում: Եթէ նոյնիսկ մարդիկ անմիջապէս այնտեղ չեն բնակւում, եթէ նոյնիսկ հարիւրաւոր տարիներ են անցնում, միեւնոյն է, շարունակում են հետաքրքրուել հայրենի հողով, շարունակում են կարօտել: Մարաշցի հայերը, ովքեր հարիւր տարի առաջ արմատախիլ արուեցին իրենց հողերից, եթէ նոյնիսկ իրենց հայրենի հողեր չվերադառնան, միեւնոյն է` այդ հողերը տեսնելու, այնտեղ այցելելու յոյսով է, որ այսօր աշխարհի բազմաթիւ անկիւններում մարաշցի հայերի միութիւններ են ստեղծել: Այդ պատճառով Մարաշում բնակուող քրտերն ու ալեւիներն այդ հողերից չեն հրաժարուի, չեն լքի դրանք: Այսօրուայ պայմանները Հայոց ցեղասպանութեան ժամանակուայ պայմանները չեն: Այսօր ո՛չ ալեւիները, ո՛չ էլ քրտերը հայերի հետ պատահածի չափ թոյլ չեն, ոչ էլ թուրքական պետութիւնն է իր ուզածով ցեղասպանութիւն իրականացնելու չափ հզօր: Այդ պատճառով մարաշցիները եթէ անգամ աշխարհի միւս ծայրում լինեն, որեւէ կասկած չունեմ, որ կը վերադառնան իրենց հողեր: Մարաշցիները լքելու մի թիզ հող անգամ չունեն:
Մարդասպանների դէմ պէտք է ստեղծել ինքնապաշտպանական մեքանիզմներ
Հ.- Իմ վերջին հարցը հետեւեալն է. Մարաշի կոտորածն ի հարկէ նախեւառաջ հէնց քաղաքում ապրող ալեւիների դէմ էր, նրանց վրայ է շատ ազդել: Սակայն Անատոլիայում բնակուող բոլոր ալեւիների համար Մարաշի կոտորածը նախադէպ հանդիսացաւ տարիներ անց Սվազի դէպքերի համար: Օրինակ` յիշողութեանս մէջ թարմ է, որ մանկութեանս տարիներին մեր մեծերի կողմից աւելի շատ լսւում էր ոչ թէ «հերոս» բառը, այլ` «արիւնոտ» Մարաշ արտայայտութիւնը: Ըստ ձեզ, դրա նպատակն էլ այն չէ՞ր, որ ստեղծուի ու փոխանցուի այդ յիշողութիւնը:
Պ.- Պատմութեան ընթացքում պետութիւնը ալեւիների հետ հաշիւներ է ունեցել: Ալեւիները իրենց ընկերային առանձնայատկութիւնների պատճառով պետութեանը ընդդիմադիր դիրքորոշում ունեցող հասարակական կառոյցների հետ են եղել: Այդ պատճառով էլ պետութեան ամենահիմնական յանձնարարականներից է եղել ալեւիներին վերահսկելն ու ստուգելը: Իրականում դա անիմաստ թշնամութիւնից չի բխում: Ճիշդ ձեր ասածի նման` ալեւիները հասարակական շարժումների առաջամարտիկներ են եղել, որն էլ պետութեան կողմից վարած այս քաղաքականութեան հիմնական պատճառն է: Մարաշի կոտորածից յետոյ էլ, նոյն ձեւով, ալեւիները ժամանակի աշխուժ հասարակական շերտերի առաջամարտիկներ էին, ինչը ճանապարհ բացեց այս կոտորածը ծրագրելու եւ իրականացնելու առաջ:
Ճնշուող բոլոր հասարակական կառոյցների նման` ալեւիների նկատմամբ էլ իրականացուած այսքան կոտորածներից յետոյ անհրաժեշտ է թոյլ չտալ, որ մէկ անգամ եւս կոտորած տեղի ունենայ: Դրա համար էլ մի բան է անհրաժեշտ անել, դա էլ շատ պարզ է` կոտորածների դէմ ինքնապաշտպանական մեքանիզմներ պէտք է ստեղծուեն, դրա մեթոտներն ու գործիքները պէտք է զարգացուեն: Ալեւիները պէտք է ոչ մէկից գթասրտութիւն չխնդրեն, ոեւէ մէկից արդարադատութիւն չսպասեն: Ջարդարար քաղաքականութեան դէմ դիմադրութիւնը պարտադիր ու կենսական է:
http://gazetekarinca.com/2017/12/1915ten-1978e-maras-katliaminin-tanigi-aziz-tunc-anlatiyor
«Ակունք»