Հոգիս Չառած, Միտքս Չառնես, Աստուած. Այսօր Սօս Սարգսեանի 83-րդ Տարեդարձն է

0
164

  Սօս Սարգսեան այսօր իր 83-ամեակը տօնեց «Նայիրի» հիւանդանոցի վերակենդանացման բաժինին մէջ: Շնորհաւորանքներու, զանգերու ու հիւրերու պակաս մեծ վարպետը այսօր ալ չունեցաւ: Բաժանմունքին մօտ շատերը կը սպասէին վարպետին ձեռքը սեղմելու, անձամբ մաղթանքներ յղելու համար:

Panorama.am-ի աշխատակիցները եւս այցելած են մեծ դերասանը, շնորհաւորած զայն, հարցուցած կեանքէն քաղած դասերու մասին, ականջալուր եղած անոր մտորումներուն.

«Այսօր առաւօտից մտորում եմ, ինչ-որ բաներ եմ մտաբերում, մի ամբողջ կեանք իր ողջ մանրամասներով… 83 տարի: Շշմելու ա, շաաաատ-շաաատ է: Հետաքրքիր է: Մտածում ես, թէ էս բոլորը դո՞ւ ես ապրել, դո՞ւ ես անցել, դո՞ւ ես սխալուել, դո՞ւ ես յաղթահարել…շատ հետաքրքրիր է: Դերասանի կեանքը շա՜տ հարուստ կեանք է, պարզւում է»,-ըսած է մեծ դերասանը:

-Ո՞ր զգացողութիւնները կ’ուզէիք վերապրիլ:
– Առաջին քայլերս թատրոնում, բեմի վրայ: Դրանք ամենաերջանիկ տարիներն էին, ամենամեծ յոյսերն էին, այ դրանք կ’ուզէի վերապրել:

Ան խոստովանած է, որ այսօր, երբ տարիներու հեռաւորութենէն ետ կը նայի իր ապրած կեանքին, կը տեսնէ բաներ, որոնք գուցէ այնքան ալ ճիշտ չէ ըրած: «Դէ վերջին հաշուով մարդն ինքն իր քննադատն է, չգիտեմ ուրիշների մօտ ինչպէս, բայց շատ յաճախ յիշում եմ իմ թերութիւններն ու սխալները, եւ սկսում եմ դրա համար ինքն ինձ պախարակել: Չարած բաների համար կամ սխալ արած բաների համար աւելի շատ եմ զղջում»,- աւելցուցած է  ան:

-Կեանքը ձեզի ի՞նչ դաս տուած է:
-Պէտք է միշտ լսել հոգու կանչը, ինչ-որ թելադրում է, պէտք է շատ ուշադիր լինել, ինչ է յուշում:

-Արուեսագէտի կեանքը երբեք իրը չ’ըլլար: Անոր կեանքը ուրիշին է, հասարակութեան, բեմին… այս դիտարկումին մեծ դերասանը կ’արձագանվէ հետեւեալ ձեւով.  «Այսօր ինքս ինձ հետ մի պահ մենակ մնալով հասկացել եմ, որ արտիստն այդպէս էլ չի հասցնում ապրել իր համար: Չեմ կարող հիմա ասել` ի՞նչ էր դա, ուրիշի ապրած կեանքեր էին, ուրիշի գործունէութիւն, ուրիշ մարդիկ, բայց քո կողքով անցած, քո սրտի միջով անցած, քո էութեան միջով անցած, կամ էլ նաեւ քոնն են դառնում նրանք ինչ-որ տեղ, քո կեանքը»:

-Ի՞նչ սպասելիքներ ունիք:
-Այս տարիքում էլ ինչ կարող եմ սպասել: Հոգիս չառած, միտքս չառնես, Աստուած: Միայն դրա մասին եմ մտածում, ուղեղս տեղը մնայ, բեռ չդառնամ որեւէ մէկի ուսին: Դեռ գործեր ունեմ, շա՜տ գործեր ունեմ անելու: Միշտ ինձ մեղաւոր եմ զգացել, երբ կարողացել եմ, բայց չեմ աշխատել, պարտականութիւններս չեմ կատարել, եթէ ապրում եմ, շնչում եմ, ուրեմն պէտք է նաեւ կարողանամ»:

Սօս Արտաշէս Սարգսեան (24 Հոկտեմբեր 1929, Ստեփանաւան), հայ անուանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ:
Ծնած է 24 Հոկտեմբեր 1929-ին Ստեփանաւան քաղաքին մէջ: 1948-ին տեղափոխուած է Երեւան եւ աշխատած Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնին մէջ, իբրեւ դերասան: 1954-ին աւարտած է Երեւանի գեղարուեսի թատերական հիմնարկի դերասանական բաժանմունքը: 1954-1991թուականներուն եղած է Երեւանի Գաբրիէլ Սունդուկեանի անուան թատրոնի դերասան:

1991-ին հիմնադրած է «Համազգային» թատրոնը: 1997-2006 թուականներուն Երեւանի թատրոնի եւ կինոյի հիմնարկի տնօրէնն է, 2006-էն` հիմնարկի կառավարման խորհուրդի նախագահը: 2009-ին ընտրուած է ՀՀ Հանրային խորհուրդի անդամ: Նկարահանուած է քառասունէ աւելի գեղարուեստական շարժանկարներու մէջ, ինչպիսիք են` «Նուագախումբի տղաները»‚ «Եռանկիւն»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրօ», «Սոլեարիս», Հայաստանի եւ ԽՍՀՄ-ի մէջ նկարահանուած է բազմաթիւ այլ շարժանկարներու մէջ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here