Սուրիահայութեան Պատմական Փորձութիւնը Պէտք է Դիմակայել Միասնաբար. Սերժ Սարգսեան

0
135

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մասնակցած է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ Թեմական ներկայացուցչական 4-րդ ժողովի աշխատանքներուն: Իր ողջոյնի խօսքին մէջ նախագահը անդրադարձած է կարգ մը հրատապ խնդիրներու: Այս մասին կը տեղեկացնէ ՙPastinfo՚-ն։

Անդրադառնալով Սուրիոյ մէջ ծաւալող իրադարձութիւններու համաայնապատկերի մէջ մեր պետութեան եւ եկեղեցւոյ խնդիրներուն` նախագահը մասնաւորապէս նշած է.
ՙԱյսօր մեր ժողովրդի մի հատուածը` սիրիահայութիւնը, տագնապալի օրեր է ապրում:

Սա պատմական փորձութիւն է, որին պէտք է դիմակայել միասնաբար: Այստեղ անելիք ունեն բոլորը` եւ՛ Եկեղեցին, եւ՛ պետութիւնը, եւ՛ ի հարկէ Սփիւռքի մեր համայնքները: Հայաստանի Հանրապետութեան դիրքորոշումն այս հարցում շատ յստակ է. մենք կոչ չենք անում մեր սիրիահայ եղբայրներին լքել Սիրիան:

Սիրիայի հայկական գաղթօջախը պատմականօրէն ձեւաւորուած, ամուր ու կենսունակ համայնքներից է, եւ մենք յոյս ունենք, որ գալու են խաղաղ օրեր Սիրիայի ողջ ժողովրդի եւ նրա հայ քաղաքացիների համար: Համայն հայութիւնը, այդ թւում եւ Հայաստան պետութիւնը, պէտք է օգնեն նրանց, ովքեր մնում են Սիրիայում` պահպանելու հայկական օջախը: Միւս կողմից մենք ասում ենք, որ եթէ մարդը, այնուամենայնիւ, որոշել է արտագաղթել Սիրիայից, ապա գերադասելի է, որ նա գա Հայաստան: Այս դէպքում եւս համայն հայութիւնը, այդ թւում եւ Հայաստանը, պէտք է օգնեն նրան հաստատուելու եւ նոր արմատներ գցելու հայրենիքում՚:

Սերժ Սարգսեանն անդրադարձել է նաեւ երկրի մէջ կարգուկանոն հաստատելու ուղղութեամբ վերջին շրջանում կատարուող քայլերուն,-ՙլուրջ առաջընթաց ունենք խօսքի ազատութեան բնագաւառում. մեզ յաջողուեց այս հարցում առաջ անցնել շատ ու շատ երկրներից, այդ թւում եւ զարգացած երկրներից: Մի բան, որով կարելի է հպարտանալ, եւ որը պէտք է ամէն գնով պահպանել: Այժմ մենք կտրուկ փոփոխութիւնների ենք գնում երկրում արդարութեան միջավայրի հաստատման հարցում: Մենք շարժւում ենք յստակ ծրագրով, որը որեւէ յետադարձ չի ենթադրում այլեւս: Արդարութեան ընկալման վրայ խարսխուած հասարակական յարաբերութիւնները եւ վստահութիւնը արդարադատութեան համակարգի հանդէպ չափանիշներ են, որոնց մենք ձգտում ենք, որոնց ուղղութեամբ սկսել ենք հաստատակամօրէն առաջ շարժուել եւ կարճ ժամանակահատուածում արդիւնքներ ենք ունենալու՚,- նշած է նախագահը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here