ԼՂՀ Նախագահը Ռուսիոյ Հայութեան Կոչ Ըրած Է Ոգեւորութեամբ Մասնակցելու «Հեռուստամարաթոն 2012»-ին Եւ Սատար Կանգնելու Արցախին

0
113

  Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեան Նոյեմբեր 8-ին Մոսկուայի մէջ մասնակցած է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կալա-երեկոյին եւ հանդէս եկած ողջոյնի խօսքով: Այս մասին՝ ըստ «Արմէնփրես»-ի՝ կը տեղեկացնէ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնը, ձեռնարկին ներկայ էին Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեան, Հայ Առաքելական եկեղեցւոյ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսեան, Ռուսաստանի Դաշնութեան մէջ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Օլեկ Եսայեան, ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմէն Իսագուլով, Ռուսաստանի մէջ ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալպերթ Անդրեան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեան, պաշտօնատար այլ անձիք, հայազգի բարերարներ, գործարարներ եւ հասարակական-քաղաքական գործիչներ:

ԼՂՀ նախագահը նշած է. «ուրախ եմ, որ կրկին հնարաւորութիւն ունենք բոլորս միասին քննարկել Արցախի յետագայ զարգացմանը  վերաբերող կարեւորագոյն հարցերը:

«Ռուսաստանի հայ համայնքը հանդիսանում է մեր ժողովրդի ամենահայրենասէր, կայացած եւ աշխոյժ հատուածներից մէկը: Արցախի անկախ պետականութեան ձեւաւորումից ի վեր ձեզնից իւրաքանչիւրն անմիջականօրէն մասնակցել է հայրենի երկրի շէնացման ու զարգացման գործընթացին: Դժուար է պատկերացնել որեւէ ոլորտ, որտեղ չի զգացւում ձեր ներկայութիւնը: Արդիւնքում, նաեւ այդ գործուն մասնակցութեան շնորհիւ է մեզ յաջողուել իրականացնել ռազմավարական բազմաթիւ ծրագրեր:

«Բաւական է նշել, որ շուտով կ’աւարտուի Ստեփանակերտում ժամանակակից պայմաններին համապատասխան, ողջ տարածաշրջանում տեխնիկապէս ամենայագեցած հիւանդանոցներից մէկի կառուցումը: Արցախի մայրաքաղաքում աւարտուել է թիւ 3 դպրոցի ամբողջական վերանորոգումը, ընթացքի մէջ է թիւ 1 եւ թիւ 6 դպրոցների նոր մասնաշէնքերի, ինչպէս նաեւ նոր ծննդատան շինարարութիւնը: Վերջերս Շուշիում կապիտալ վերանորոգուել են Խաչատուր Աբովեանի անուան դպրոցը, պատմական «մարիամ Ղուկասեանէ օրիորդաց դպրոցի շէնքը, որտեղ տեղակայուել են ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութիւնը եւ մի շարք այլ հաստատութիւններ: Արցախի վետերաններին եւ հաշմանդամներին պարբերաբար տրամադրւում է տարբեր տեսակի օգնութիւն, այդ թւում` ձեռքի կառավարման մեքենաներ: Ստեփանակերտում կապիտալ վերանորոգուել է ծերանոցի շէնքը:

«Հանրապետութեան տարբեր բնակավայրերում կառուցուել ու կառուցւում են բազմաթիւ ջրատարներ, ճանապարհներ եւ կենսական նշանակութիւն ունեցող այլ օբյեկտներ: Ուզում եմ, մասնաւորապէս, նշել Վանք-քոլատակ ճանապարհը, որը տանում է մինչեւ Արցախի ամենահին վանքերից մէկը` Յակոբաւանք: Այդ ճանապարհն ունի կարեւոր տնտեսական նշանակութիւն եւ խթան կը հանդիսանայ զբօսաշրջութեան զարգացման համար:

«Մշտական աջակցութիւն է ցուցաբերւում նաեւ ժողովրդագրական իրավիճակի բարելաւմանը, մասնաւորապէս, արցախեան Մեծ հարսանիքին մասնակցած զոյգերի երեխաներին նպաստների տրամադրման ծրագրի շրջանակներում:

«Այս ամէնն իրականացուել է Ռուսաստանի մեր քոյրերի ու եղբայրների անմիջական աջակցութեամբ: Նրանցից շատերն այսօր այս դահլիճում են: Մենք բարձր ենք գնահատում նման սրտացաւ ու անշահախնդիր վերաբերմունքը` այն համարելով մեր ժողովրդի միասնութեան կարեւոր դրսեւորումներից մէկը:

«Թանկագին բարեկամներ,

«Այսօր մենք հաւաքուել ենք մէկ այլ կարեւոր ծրագիր կեանքի կոչելու նպատակով, որի հիմքում ընկած է գիւղական բնակավայրերի համաչափ զարգացումը երկարաժամկէտ հեռանկարով: Զարգացած գիւղը մեր ժողովրդին հողի հետ կապող ամենակարեւոր միջոցն է եւ միանգամից լուծում է ընկերային-տնտեսական ու քաղաքական բազմաթիւ խնդիրներ, մասնաւորապէս, գիւղատնտեսութեան, տեղական արտադրութեան, վերամշակող արդիւնաբերութեան, ժողովրդագրութեան եւ այլ բնագաւառներում: Կարծում եմ` ակնյայտ է, որ ամուր եւ շէնացող  գիւղը Արցախի հզօրութեան առանցքային բաղադրամասերից մէկն է:

«Այս ծրագրի շրջանակներում յատուկ տեղ է յատկացւում գիւղական համայնքային կեդրոնների կառուցմանը: Իւրաքանչիւր կեդրոն իր մէջ կ’ընդգրկի գիւղապետարան, բուժկէտ, համացանց-ակումբ եւ հանդիսութիւնների սրահ: Այդ կեդրոնների կառուցումն անկասկած կը նպաստի բնակչութեան կենսապայմանների բարելաւմանը, գիւղական բնակավայրերում կեանքի աշխուժացմանը, ինչն իր դրական ազդեցութիւնը կ’ունենայ արցախեան գիւղի շարունակական զարգացման վրայ:

«Սիրելի հայրենակիցներ,

«2012 թուականը յոբելեանական է մեր ժողովրդի համար: Ազգովի տօնեցինք ԼՂՀ պաշտպանութեան բանակի կազմաւորման եւ Շուշիի ազատագրման 20-ամեակը: Այն յոբելեանական է նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար, որն իր 20-րդ տարեդարձն է բոլորում: «Հայաստան» հիմնադրամն այն կառոյցն է, որն աշխարհասփիւռ հայութեանը համախմբում է տարբեր ծրագրերի շուրջ, որոնց նպատակը մէկն է` զարգացնել ու զօրացնել պատմական հայրենիքը, էլ աւելի ամրապնդել ու խորացնել Հայաստան-Արցախ-Սփիւռք կուռ եռամիասնութիւնը:

«Ուզում եմ վստահ լինել, որ տօնական այդ մթնոլորտը լրացուցիչ խթան կը հանդիսանայ համազգային այս միջոցառումը յաջողութեամբ իրականացնելու համար:

«Ես աւելի քան վստահ եմ, որ լինելով միասնական, կազմակերպուած, ունենալով համապատասխան կամք ու վճռականութիւն, մենք ի վիճակի ենք լուծել մեր առջեւ ծառացած ցանկացած խնդիր:

«Բոլորիդ կոչ եմ անում նոյն եռանդով ու ոգեւորութեամբ մասնակցել «հեռուստամարաթոն 2012-ին եւ ինչպէս միշտ սատար կանգնել Արցախի շէնացման հայրենանուէր գործին»:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here