Սօս Սարգսեանի Նոր Գիրքը Անոր Մանկութեան Երազանքի Մասին է

0
145

Հանրաճանաչ հայ դերասան Սօս Սարգսեան թուղթին յանձնած է իր մանկութեան եւ պատանեկութեան յուշերը: Արդէն տպագրուած է անոր ՙՈտնամաններս՚ գիրքը, ուր ամփոփուած են հեղինակի մանկութեան յիշողութիւնները Հայրենական մեծ պատերազմի դաժան տարիներու, յատկապէս` անթերի ոտնամաններ ունենալու եւ ոտքերը չսառելու երազանքի մասին: Այս մասին մեծանուն դերասանի հետ զրուցած է Armenpress-ը։

Սօս Սարգսեան ՙոտնամաններ՚-ու ծաւալէն մեկնած զայն շատ գիրք չի համարեր, -«իրականում ես սրանով ոչ մի բան չէի ուզում ասել, սրանք ինձ տանջող բաներ էին եւ գուցէ այս գրուածքով ազատուեմ դրանցից: Դուռս խուփ անելու ժամանակն է… մի քիչ թեթեւացած գնամ՚,- ըսած է Սօս Սարգսեան` կասկածանքով, քանի որ վստահ է` յիշողը սիրտն է, մարդու սիրտն ալ չի փոխուիր, բնաւորութիւնը, մտածելակերպը կը փոխուի, սիրտը` ոչ:

ՙԻհարկէ, մեր անձեւ ժամանակները, ՙանժամանակ՚ ժամանակները, չարժէ կեանքի խորքերը գնալ, ինչ-որ շերտեր փորել, իմաստներ գտնել: Ինչի՞ համար, ու՞մ համար. դրա սպառողը չկայ: Այդ անողն էլ ես չեմ, իսկական գրողներ կան: Ես յաւէսի համար, եթէ շատ անկեղծ լինեմ, յաւէսի համար գրեցի՚,- կը պատմէ Սօս Սարգսեան` աւելցնելով, որ իբրեւ ազատ ստեղծագործող ինքը միշտ ալ այդպիսին եղած է: ՙԱմբողջ կեանքում արել եմ այն, ինչ ուզել եմ, ինչ խելքս փչել է` դերեր խաղալիս, մի բան գրելիս: Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս` ինչ որ անում էք, յաւէսով արէք, մեծ յաւէսով, մի բան դուրս կը գայ՚,- խորհուրդ տուաւ մեծ դերասանը:

Մանկութեան յիշողութիւնները վերապրելու եւ զանոնք թուղթին յանձնելու պահանջը յանկարծ յառաջացած է հիւանդ ժամանակ: ՙՄանկական յուշերն անսպառ են, անվերջանալի: Ինչքան ասես, կարող ես վերհիշել: Երբ գրում էի հասկացայ, թէ ինչ անսասան, անյաղթահարելի, վիթխարի ուժ է մանկութիւնը. մանկութիւնը յաղթահարել հնարաւոր չէ: Մանկութիւնն ամէն իմաստով եւ հարուստ է, անվերջանալի է, եւ ինչքան էլ ծանր լինի, շատ քաղցր բան է՚,- նշեց ան: Սա գիրք է ոտնամաններ ունենալու եւ ոտքերը չսառելու երազանքի մասին. ժամանակներն էին այդպիսին:

ՙՇատ դժուար է իմ տարիքի մարդուն պատմել ջահէլութեանը մեր ապրելաձեւի, կենցաղի մասին: Ես երբեմն ապշում եմ` առանձնապէս շատ տարիներ չեն անցել, բայց այսպիսի փոփոխութիւններ, նոր-նոր բանէր: Հիմա ով կը հաւատայ, որ մարդը շաբաթներով կիսաքաղց է: Չգիտեմ կայ այդպիսի մարդ, թէ ոչ: Այժմ մուրացկանութիւն են անում եւ փող են ուզում, ոչ հաց՚,- նշած է Սօս Սարգսեան:

Դերասանը կը յիշէ, երբ 3-4 տարեկան էր, հայրը զինք գրկած է, քուրքի մէջ դրած եւ տարած Ստեփանաւանի դարմանատուն: ՙԻնչ-որ հիւանդ էի, չեմ յիշում արդէն, ցոյց տուեց ինձ բժշկին, յետոյ մտաւ խանութ, ինձ թողեց այդտեղ եւ ստիպեց, որ չշարժուեմ: Իսկ դրսում տղաները սղարան էին պատրաստել եւ սահում էին: Ես ինձ միանգամից դուրս գցեցի ու մասնակցեցի այդ խաղերին: Ես սղում էի գուլպաներով: Յետոյ հայրս շատ բարկացաւ ինձ վրայ: Նոր միայն յիշեցի, թէ հայրս ինչու էր ինձ գրկել, նա գրկող տղամարդ չէր, դու մի ասա` կօշիկ չունէի՚,- խոր կսկիծով կը յիշէ Սօս Սարգսեան:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here