ՀՀ Սփիւռքի Նախարար Հրանոյշ Յակոբեանի Ամանորի Առիթով Շնորհաւորական Խօսքը

0
144

 Հայաստանի Հանրապետութեան, Արցախի եւ Սփիւռքի սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմօրէն շնորհաւորում եմ բոլորիդ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ եւ մաղթում, որ 2013 թուականը մեր ժողովրդի համար, համայն մարդկութեան համար լինի խաղաղութեան, կայունութեան, մեծ նուաճումների ու անխախտ միասնութեան, յաջողութիւնների եւ սպասումների իրականացման տարի:

Իւրաքանչիւր հայի օճախում թող թեւածի ուրախութիւնն ու երջանկութիւնը, թող քաղցրահնչիւն մայրենիով լցուեն ձեր ընտանեկան երեկոները, թող փարթամանայ ու պտղաւորուի ձեզանից իւրաքանչիւրի տոհմածառը եւ թող ամէն հայի տուն դառնա փոքրիկ մի հայրենիք, հայապահպանութեան հզօր ամրոց:

Յանուն մեր պետութեան, մեր ժողովրդի ապագայի` մենք պէտք է մեր ուժերն ու կարողութիւնները, կապերն ու հնարաւորութիւնները ծառայեցնենք այսօր մեր առջեւ ծառացած մարտահրաւէրների լուծմանը:

Այսօր վտանգուած է սիրիահայ մեր համայնքի ապագան: Մեր քոյրերն ու եղբայրները մեր օգնութեան կարիքն ունեն: Ուրեմն էլ աւելի համախմբենք մեր ուժերը, բազմապատկե՛նք մեր ջանքերը` նրանց սատարելու, նեցուկ լինելու, նրանց կարիքները հոգալու եւ հոգիները ջերմացնելու համար: Աղօթենք առ Աստուած, որ վերջապէս խաղաղութիւն տիրի սիրիական հողում, ու մերոնք կարողանան պահպանել այն հարուստ մշակութային ժառանգութիւնը, որ ստեղծուել է մեր ամենահին ու աւանդական համայնքներից մէկում:

21-րդ դարը գիտելիքի, նորարարութեան, մտաւոր աշխատանքի դար է, եւ մենք գիտելիքով պէտք է յաղթահարենք բոլոր մարտահրաւէրները, դժուարութիւնները, իւրաքանչիւր հայ աշխարհի որ ծագում էլ ապրելիս լինի, պէտք է դառնա մրցունակ, կիրթ եւ զարգացած: Մենք պարտաւոր ենք ապաւինել Աստծոյ կողմից մեզ բաժին հասած գենի կենսուժին եւ հզօրացնել այն:

Հաւատում եմ, որ համաշխարհայնացման միօրինակացնող հոսանքին ընդդէմ թիավարող մեր Տապանը նորից կը գտնի իր տեղը, եթէ միաւորենք մեր ուժերը, պահպանենք մեր անկրկնելի լեզուն, տեսակն ու ոգին, մշակոյթն ու հաւատը, եթէ իւրաքանչիւրն իր փոքր նպաստը բերի կարեւորագոյն ազգային խնդիրների` Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման, արցախեան հիմնախնդրի  լուծման, Հայոց պետականութեան ամրապնդման գործին:

Հայաստանում մեծ ակտիւութեամբ, ժողովրդավարութեան խորացման եւ զարգացման պայմաններում, կը կայանան նախագահական ընտրութիւնները: Եւ  մենք ընտրութիւնից դուրս կը գանք առաւել զօրացած, առաւել ուժեղ եւ առաւել համախմբուած:

Վստահ եմ, որ 2013-ը համայն հայ ժողովրդի համար լինելու է աննախադէպ վերելքի, ինքնահաստատման,  համազգային հիմնախնդիրների լուծմանը միտուած մեծ ձեռնարկումների տարի:

Հայ լինելը, առաւել եւս հայ մնալը պատիւ է եւ պարտականութիւն:

Թող որ Նոր տարում Հայաստան աշխարհը Հայոց հերոսական ու անպարտ բանակի հզօր պաշտպանութեան ներքոյ դառնա աւելի ապահով, խաղաղ եւ ապրի հայրենակերտումի յաղթարշաւի շրջան:

Սիրելի հայրենակիցնէր

2013-ին հնարաւորութեան սահմաններում յաճախ այցելէք Հայրենիք, ձեր զաւակներին ուղարկէք` արմատ ձգելու հայրենի հողում, ճանաչելու եւ զգալու ազգային արժեհամակարգը,  հայոց հող ու ջրից, արեւից համակուելու ստեղծագործական նոր, առողջ ու կենսահաստատ լիցքերով, իրատեսական ու ազգաշահ նոր մտահղացումներով: Իւրաքանչիւր հայ պէտք է ոտք դնի իր բիբլիական Հայրենիքի սրբազնագոյն հողի վրայ:

Թող դա լինի Հայրենիքից դուրս ապրող իւրաքանչիւր հայի 2013 թ. երազանքը:

Թող Սուրբ Ծննդեան նոր աւետիսն ու լոյսը առաջնորդեն աշխարհասփիւռ հայ ժողովրդին` միասնութեան ու ինքնահաստատման ճանապարհին:

Ձեզ ուժ, կարողութիւն եւ միայն վերելքներ,  սիրելի հայեր:

 

ՇՆՈՐՀԱՒՈՐ ԱՄԱՆՈՐ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ,

ԹԱՆԿԱԳԻ՛Ն ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here