Հայկական Հարցի Լուծումը Որպէս Հայոց Պետականութեան Հզօրացման Եզակի Հնարաւորութիւն Եւ Հայ Ժողովրդի Յարատեւման Միակ Ուղի

0
151

 Եւ եղիցին գործք արդարութեան խաղաղութեամբ. եւ կալցի արդարութիւն զհանգիստ. եւ յուսացեալքն եղիցին՝ մինչեւ յավիտեան:

Մարգարէութիւն Եսայեայ, գլ. ԼԲ, 17-18

Պետականությունը հասարակության կազմակերպման բարձրագույն ձևն է: Ազգային պետականությունը՝ ազգի՜ կազմակերպման բարձրագույն ձևը, ազգի առջև ծառացած խնդիրների լուծման հնարավորությունը, նրա դեմ ուղղված անվտանգության մարտահրավերների չեզոքացման ամենաարդյունավետ միջոցը: Ազգային պետությունն է տվյալ ազգի լինելիության գրավականը, ազգային ինքնության պահպանման ու տնտեսական զարգացման անսասան հիմքը: Ըստ այդմ, երբ ազգային գոյության, ինքնության պահպանման և տնտեսական զարգացման տեսանկյունից ենք քննում արդի հայոց պետականությունը, ապա ակնհայտ է դառնում, որ առանց Հայկական հարցի լուծման հայոց արդի պետականությունը ներկա սահմաններով և ներկա ձևով ոչ միայն ի զորու չէ և ի զորու չի լինելու երաշխավորելու վերոհիշյալ գործառույթների իրագործումը, այլև խիստ խնդրահարույց է մնալու նրա՝ որպես պետական ինքնիշխան և ինքնուրույն միավորի հարատևելու հնարավորությունը: Ընդսմին, Հայոց հարցի մասնակի լուծումը (օրինակ, միայն արևելյան սահմանների, այսինքն՝ Արցախի առումով) չի լուծելու հայոց պետականության առաջ կանգնած հիմնախնդիրները և չի չեզոքացնելու մեր գոյությունը վտանգող մարտահրավերները:

 

1. Հայկական հարցի լուծման բուն նպատակը

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Հայկական հարցի լուծումը, այն է՝ ՀՀ և հայ ժողովրդի իրավունքների վերահաստատումն ինքնանպատակ չէ: ՀՀ-ն՝ որպես քաղաքական ինքնուրույն և արժանապատիվ միավոր, կա՜մ կարող է գոյություն ունենալ միայն իր անօտարելի և անժամանցելի իրավունքների հաստատումով, կա՜մ ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ՝ որպես այդպիսին:

Հայկական հարցի լուծման բուն նպատակը հայոց կենսունակ պետականության ստեղծումն է, անվտանգության և զարգացման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ապահովման ճանապարհով հայերի՝ որպես մարդկության անբաժանելի և ինքնատիպ հատվածի հարատևման ապահովումը:

 

2. Հայկական հարցի լուծման հրամայականը

Առանց հայկական հարցի լուծման հայոց պետականությունը կմնա քաղաքականապես անհաստատ, ռազմականապես խոցելի, տնտեսապես կախյալ և հոգեբանորեն վեհերոտ: Հարցականի տակ կդրվի հայոց պետականության ինքնին իմաստը, քանի որ այն կունենա զուտ ձևական բնույթ և չի լուծի պետականության հիմնական խնդիրները.

  • Ø Պետության ինքնիշխանության և այդ պետության քաղաքացիների անվտանգության ապահովում,
  • Ø Երկրի տնտեսական զարգացման և այդ երկրի քաղաքացիների բարեկեցության համար նպաստավոր պայմանների ստեղծում;
  • Ø Նախորդ երկուսի հենքի վրա՝ այսինքն՝ ապահով և բարեկեցիկ երկրի մեջ, ազգային ինքնության և մշակույթի զարգացում:

Ընդսմին, Հայկական հարցի լուծումը կենսական կարևորություն ունի ոչ միայն հայոց պետականության համար, այլև սեփական հայրենիքում որպես հավաքական հանրություն ապրելու հայ ժողովրդի ընդհանրական իրավունքի կենսագործման համար:

 

3. Հայկական հարցի լուծման հրատապությունը

Այսօր ՀՀ առջև ծառացել են լուրջ մարտահրավերներ, առանց որոնք հաղթահարելու երկիրը չի կարող հասնել կայուն կենսապահովման: Հայկական հարցի որոշակի լուծումը հնարավորություն կտա.

• Չեզոքացնել կամ թերևս ՀՀ քաղաքական կամքից լուրջ կախվածության մեջ դնել, մեր երկիրը շրջանցել ու մեկուսացնել ձգտող այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը և Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղին:

• Նվազագույնի հասցնել Թուրքիայի բացասական ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության մեջ և ստիպել նրան առավելապես կենտրոնանալ սեփական խնդիրների վրա:

• Առանց քաղաքական կամ այլ զիջումների բացել, այսպես կոչված, հայ-թուրքական սահմանը: Ապահովել Տրապիզոն նավահանգստի և դեպի այն տանող ճանապարհի օգտագործումն անվճար կամ արտոնյալ սակագներով:

• Հայ-վրացական հարաբերություններին հաղորդել նոր բնույթ: Համարժեք լծակի միջոցով դուրս բերել Հայաստանը բեռնափոխադրումների հարցում Վրաստանից ունեցած միակողմանի կախվածությունից: Էական լծակներ ձեռք բերել Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա:

• Հիմքեր ստեղծել տարածաշրջանում Հայաստանի առաջանցիկ տնտեսական զարգացան համար՝ ապահովելով ներդրումների և եկամուտների նոր, ոչ ավանդական աղբյուրներ: Հայ-թուրքական դիմակայությունը, որը մինչ այժմ մեզ համար եղել է միջոցներ սպառող կամ միջոցներ ստեղծելուն խոչընդոտող, վերափոխել, հեղաշրջել և դարձնել միջոցներ տրամադրող:

• Հաշվի առնելով ամերիկա-թուրքական ներկա լարվածությունը՝ այն դարձնել եթե ոչ անշրջելի, ապա գոնե տևական: Ամերիկա-թուրքական հարաբերությունների մեջ ներդնել նոր գործոն:

• Վերարծարծել ԱՄՆ, եվրոպական և ոչ եվրոպական մի շարք ազդեցիկ երկրների՝ ՀՀ նկատմամբ իրավական, քաղաքական և բարոյական պարտավորությունների հարցը:

• Հաշվի առնելով Թուրքիայի շարունակական ձգտումը անդամակցելու Եվրոպական Միությանը և ԵՄ մի շարք երկրների՝ դրան ընդդիմանալու բացահայտ կամ ծածուկ ճիգերը, եվրոպացիների գործածության համար քաղաքական շրջանառության մեջ մտցնել Թուրքիայի անդամակցության նոր չափորոշիչ:

• Իրավական և քաղաքական հիմքեր նախապատրաստել, որպեսզի աշխարհաքաղաքական հետագա և անխուսափելի տեղաշարժերից ոչ միայն չտուժենք, այլև օգտվենք:

Հույժ հրատապ և խիստ կարևոր են ՀՀ շարունակական քայլերը՝ հայոց իրավունքներին տեր կանգնելու ուղղությամբ: Պատեհապաշտ հայտարարություններն ու պահանջատիրական քայլերի տևական բացակայությունը կարող են լուրջ խնդիրներ ստեղծել հետագայում: Հայկական հարցն անտարբերության մատնելու և պահանջատիրության ուղղությամբ քայլեր չձեռնարկելու ՀՀ արդեն գրեթե 2 տասնամյակ տևող քաղաքականությունն առաջիկայում Թուրքիային հնարավորություն կտա վկայակոչելու էստոպելի կիրարկումը (այսինքն, երբ ՀՀ իր գործողություններով կամ դրանց բացակայությամբ ցույց է տալիս, որ հաշտվել է ստեղծված իրավիճակի հետ) և դրանով իսկ էապես հակազդելու հայոց հետագա հնարավոր պահանջներին:

Հայկական հարցի լուծումն ունի միայն մեկ ուղի. դա խաղաղ միջոցներով, փոխզիջումների ճանապարհով, հետևողական և տևական աշխատանքի շնորհիվ արդյունքի հասնելու ուղին է: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ՀՀ և հայ ժողովրդի հավաքական ներուժը քաղաքական, տնտեսական կամ ռազմական ոլորտներում զիջում է և դեռ զիջելու է Թուրքիայի ու Ադրբեջանի, ինչպես նաև նրանց քաղաքական հոլովույթի մեջ աքցանված Վրաստանի, ընդհանուր ներուժին, ուստի անհրաժեշտ է պայքարի ու դիմակայության ողջ գործընթացը տեղափոխել այլ ոլորտ, ուր ՀՀ-ն ոչ միայն չի զիջում նրանց, այլև ունի շոշափելի առավելություն:

Այսինքն, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության և նրա իրավունքները ոտնահարած երկրների միջև եղած հարաբերությունները տեղափոխել միջազգային իրավունքի դաշտ և այդ հարաբերություններում առկա բոլոր խնդիրներին տալ իրավական ձևակերպումներ և լուծումներ:

 

5. Հայկական հարցի էությունը ներկա փուլում

Որպես միջազգային հարց և քաղաքական խնդիր՝ Հայկական հարցն ունեցել է մի քանի փուլ: Սկզբնավորվելով որպես Օսմանյան կայսրության հպատակ հայերի անհատական և հավաքական անվտանգության և արժանապատվության հարց՝ այն աստիճանաբար վերաճել է հայոց պետականության և այդ պետականության ոտնահարված իրավունքների վերահաստատման հարցի:

Ներկա փուլում Հայկական հարցն արդի Հայաստանի Հանրապետությանը միջազգային իրավունքով հատկացված կամ վերապահված տարածքային, նյութական և բարոյական իրավունքների վերականգնումն է:

 

6. Հայկական հարցի լուծման փուլայնությունը

Հայկական հարցի լուծման ողջ գործընթացը կարելի է բաժանել երեք հաջորդական և փոխլրացնող փուլերի.

ա. Նախնական փուլ. Հայկական հարցի (չշփոթել Հայոց ցեղասպանության հետ) լուծմանը նպատակամղված փաստաթղթերի հավաքման, հետազոտման ու համադրման փուլ: Այս փուլի վերջնական արդյունքը պետք է լինի Հայկական հարցին (այլ ոչ թե նրա չեզոքացմանն ուղղված թուրքական հանցագործությանը՝ Հայոց ցեղասպանությանը) վերաբերող և հայոց պահանջատիրությունը հիմնավորող փաստաթղթի ժողովածուների պատրաստումը, այդ ժողովածուների տարաձև և բազմալեզու հրապարակումը: Այս փաստաթղթերի մեջ առաջնահերթությունը պատկանում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարար վճռի և առդիր զեկույցի, ինչպես նաև հարակից պաշտոնական փաստաթղթերի ամբողջական հրապարակմանը: Պետք է հետևողական աշխատանք իրականացնել այդ հարցի մասին հանրությունն իրազեկելու և տեղեկացնելու ուղղությամբ:

բ. Միջին փուլ. Այս փուլում անհրաժեշտ կլինի ներգրավել միջազգային իրավունքի, դատական վարույթի և ընթացակարգերի հեղինակավոր մասնագետների, փորձառու գործող իրավաբանների: Փուլի վերջնական արդյունքը պետք է լինի իրավագիտության տարբեր ոլորտների խորագետների մասնակցությամբ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում դատական գործի պատրաստումն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության (ԹՀ): Այս փուլում նպատակահարմար կդառնա համահայկական ներկայացուցչական կառույցի գումարումը: Կկարևորվի հարցն ուսումնասիրող, հետամտող և հանրայնացնող մասնագիտացված կենտրոնի ստեղծումը:

գ. Վերջնական փուլ. Դատական հայցի առաջադրման և դատընթացի սկզբնավորման այս փուլում պետք է ապահովել ՀՀ՝ որպես հայոց պահանջատիրության հիմնական իրավունքների առաջնային կրողի լիակատար ընդգրկումը գործընթացի մեջ: Հասնել այն բանին, որ ԹՀ կողմից միջազգային իրավունքը ոտնահարելու և ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հարցն ներառվի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի օրակարգ (տվյալ կառույցի Կանոնակարգի #36 հոդվածի 2-րդ կետի շրջանակում): Փուլի վերջնական արդյունքը պետք է լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ՄԱԿ-ի Կանոնակարգի #34 և #35 հոդվածների շրջանակում) ԹՀ ստանձնած միջազգային պարտավորությունների չկատարման հետևանքով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների հարցի քննարկումը, ինչպես նաև գործնական քայլերի նախաձեռնումն իրավիճակը շտկելու ուղղությամբ: Այսինքն՝ միջազգային օրենքի շրջանակում պարտադրել ԹՀ-ին, ինչպես նաև այլ հանձնառու երկրներին, կյանքի կոչելու ստանձնած պարտավորությունները, որոնք մասնավորապես ներառված են Վիլսոնի՝ 22 նոյեմբերի 1920թ. իրավարար վճռի մեջ, և ապահովելու միջազգային օրենքի լիակատար իրագործումը տարածաշրջանում և օրենքի ոտնահարման հետևանքով առաջացած հետևանքների ամբողջական հաղթահարումը:

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here