ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՆ ԵՐԵՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՈՒ ՀԱՄԱՏԵՂ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

0
105

 Հայաստանի նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատեան, Պարոյր Հայրիկեան եւ Ռաֆֆի Յովհաննիսեան համատեղ յայտարարութիւն մը հրապարակեցին երէկ, ուր կ’անդրադառնան նախագահական ընտրութիւններուն ու պայքարի կոչ կ’ուղղեն քաղաքացիներուն:
Ստորեւ սոյն յայտարարութեան բնագիրը.

«Սիրելի հայրենակիցնե՛ր,
Հայոց Ազգային Բանակի օրուայ առթիւ շնորհաւորելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին մենք մեր պարտքն ենք համարում ներկայացնել մեր միասնական մտահոգութիւնները:
Մենք գտնւում ենք պատմական կարեւորագոյն իրադարձութեան՝ Փետրուարի 18ին կայանալիք Հայաստանում նախագահական ընտրութիւնների շեմին:
Ցաւօք, մեզ առայժմ չի յաջողուել ստեղծել այն Հայաստանը, որտեղ գերակայում են օրէնքի իշխանութիւնը, համամարդկային ժողովրդավարական չափորոշիչները եւ ազգային արժէքները: Հայաստանում ընտրութիւնների միջոցով ժողովրդի իշխանութիւն ձեւաւորելը մեր հասարակութեան համար այդպէս էլ մնաց բաղձալի երազանք: Այս արատաւոր իրավիճակը մեզ թելադրում է հանդէս գալ մի շարք նախաձեռնութիւններով, մասնաւորապէս.
Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է հրապարակել հանրապետութիւնից բացակայող քաղաքացիների ցուցակները, ովքեր, ի խախտումն ՀՀ Սահմանադրութեան, զրկուած են ընտրելու իրենց իրաւունքի իրացման հնարաւորութիւնից: Մենք գտնում ենք, որ վերջին մէկ տարում աւելի քան 180 օր երկրից բացակայած, բայց ընտրացուցակներում ընդգրկուած ՀՀ քաղաքացիների ցանկը ընտրատեղամասերում պէտք է կախուած լինի հիմնական ցուցակներից առանձին՝ նպատակ ունենալով բացառել երկրից բացակայող քաղաքացիների փոխարէն քուէարկելու դէպքերը:
Բոլոր թեկնածուները՝ ներառեալ գործող նախագահը, պէտք է պարտաւորութիւն ստանձնեն (եւ ոչ թէ խօսքով, այլ գործնականում իրագործեն) բացառել իրենց վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թւում՝ բիւջետային ոլորտի աշխատակիցների՝ ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների նկատմամբ վարչական ճնշումը, ոստիկանների, անվտանգութեան ուժերի, բանակի օգտագործումը ընտրական գործընթացներում: Պէտք է բացառել որեւէ եղանակով վախի մթնլորոտ ստեղծելու եւ մանաւանդ պետական համակարգում աշխատանքի ընդգրկուած քաղաքացիների ահաբեկելու արատաւոր գործելակերպը:
Ցանկացած ընտրական զեղծարարութիւն կամ խախտման նմանատիպ փաստ մեր կողմից կը դիտարկուի որպէս հակասահմանադրական գործողութիւն:
Յարգելով մեր գործընկեր քաղաքական գործիչների եւ ուժերի ընտրութիւններին չմասնակցելու կոչերը, մենք՝ ՀՀ նախագահի ներքոյ ստորագրեալ թեկնածուներս, միաժամանակ մեր պարտքն ենք համարում յայտնել մեր համոզուածութիւնն առ այն, որ միայն հետեւողական աշխատանքի եւ գործուն պայքարի միջոցով է հնարաւոր մեր Հայրենիքում փոխել ստեղծուած իրավիճակը: Եւ ուրեմն
Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին վճռականօրէն մասնակցել Փետրուարի 18-ին կայանալիք նախագահական ընտրութիւններին»:

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏԵԱՆ
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ
ՌԱՖՖԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here