Միլիոնները հոսում են՝ մարդիկ արտագաղթում

0
186

Հայաստան | Վերլուծական

Սերժ Սարգսյանը օրերս Տավուշի մարզի Մովսես գյուղում քարոզարշավի ընթացքում թույլ տված «անմիջականությունից» հետո փորձել է մեղմել հանրային բացասական արձագանքը` Եղվարդում հայտարարելով, թե դատարկվող գյուղերի պատկերները իրեն հունից հանում են:

Սերժ Սարգսյանը այդպիսի գյուղերից մեկում՝ Մովսեսում, տարեց բնակիչներից մեկի հետ զրույցի ժամանակ, ի պատասխան նրա այն խոսքի, թե երեխաները թողնում են ու հեռանում գյուղից դեպի Ռուասաստան, հայտարարել էր՝ «մի՞թե դրա համար էլ ենք մենք մեղավոր»: Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանին բացատրել են, որ այո՝ եթե որևէ ընտանիք սահմանամերձ գյուղից հեռանում է Ռուսաստան, մեղավորը երկրի իշխանությունն է, հետևաբար` նաև դրա առաջին դեմք հանդիսացող նախագահը, առավել ևս, երբ այդ նախագահը ինքն է անձամբ ներգրավվում ամենափոքր խնդիրների լուծմանն անգամ, երբ այդ երկրի կառավարության ղեկավարը ինքն է ամեն մի հարցի մասին խոսելիս հիշատակում, որ կատարում են նախագահի հանձնարարականը: Եթե ամեն լավ բանի Սերժ Սարգսյանը փորձում է գնալ ու տեր կանգնել կամ չգնալ, բայց տեր կանգնել, ապա պետք է պատրաստ լինի, որ ամեն վատ բանի համար էլ պետք է անձամբ պատասխան տա:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը, կամ կարելի է ասել անուղղակի «մեղայականը», մեկ այլ հետաքրքիր դրվագ էլ է բերում առաջ: Նա հայտարարում է, որ դատարկվող գյուղի պատկերը իրեն հանում է հունից, որ ցավ է, երբ մեր ժողովրդի զավակները կյանքի գնով հող են ազատագրել, բայց այդ հողից մարդիկ հեռանում են: Ցավը ցավ է իհարկե, բայց բանն այն է, որ նախորդ քարոզարշավին՝ խորհրդարանի ընտրությանը, Սերժ Սարգսյանը մի ուրիշ բան էր հայտարարում դատարկվող լեռնային սահմանամերձ գյուղերի մասին: Նա ասում էր, որ ավելի լավ է գյուղը դատարկվի և բնակիչներն իջնեն ներքևի ավելի բարեկեցիկ գյուղ, քան մնան իրենց գյուղում, որտեղ պետությունը չի կարողանում միջոց գտնել ապրելու բավարար պայմանների համար: Մի՞թե դատարկվող սահմանամերձ գյուղերի համար ցավ ապրող գործիչը այդպիսի հայտարարություն կաներ ամիսներ առաջ: Իսկ այդ հայտարարությունը Սերժ Սարգսյանն արել է 2012 թվականի մայիսի 4-ին՝ խորհրդարանական ընտրարշավի վերջին օրը՝ Կենտրոնի ընտրողների հետ հանդիպմանը, որից ժամեր անց էլ Հանրապետության հրապարակում նրա քարոզարշավի գալա-համերգի ժամանակ տեղի ունեցավ փուչիկների հայտնի ողբերգական պայթյունը:

Դատարկվող գյուղերի տեսքը իշխանությանը պետք է ստիպի ոչ թե այդպիսի հայտարարություններ անել, այլ անել քայլեր գյուղերում կենսապայմանների բարելավման ուղղությամբ: Երբ բերվում է միջոցների սղության փաստարկը, այստեղ, իհարկե, օբյեկտիվ իրողություններ կան: Բայց, մյուս կողմից, երբ օրինակ` Երևանի կենտրոնում քաղաքապետարանը 99 միլիոն դրամի նստարաններ է տեղադրում կամ տասնյակ ու հարյուրավոր միլիոն դրամներ է վատնում քաղաքում այլ «նկարազարդումներ» կատարելու համար, պարզ հարց է առաջանում՝ իսկ մի՞թե հնարավոր չէ այդ ռեսուրսներն առավել օպտիմալ բաշխել, և այդ տասնյակ ու հարյուրավոր միլիոններն ուղղել սահմանամերձ գյուղերին: Պարզ է, որ Երևանը այլ բյուջե է, սահմանամերձ գյուղերը` այլ ծախսային հոդվածներ, բայց դրանք տեխնիկական խնդիրներ են դառնում, երբ կա ռեսուրսներն արդյունավետ, ռացիոնալ տնօրինելու կամք և ցանկություն: Իսկ Երևանն ընդամենը մի օրինակ է, մինչդեռ Հայաստանում կարելի է բերել պետական ռեսուրսների չարաշահման տասնյակ, հարյուրավոր օրինակներ, երբ փողերը հոսում են պղտոր գետերով, մինչդեռ վերահսկողության հստակ մեխանիզմի աշխատանքի պարագայում դրանք կարելի է խնայել և ուղղել դեպի սահմանամերձ գյուղեր, պահել տեղի բնակչությանը և նույնիսկ իրականացնել վերաբնակեցման ծրագիր:

Բայց այդ ամենը չկա, և երբ Սերժ Սարգսյանն ընդամենը ամիսների և նույնիսկ օրերի տարբերությամբ տարբեր հոգեվիճակներ ու մտավարժանքներ է կատարում արտագաղթի թեմայով, սահմանամերձ գյուղերի դատարկման թեմայով, ապա այստեղ հարց է առաջանում, թե ո՞ր դեպքում է նա անկեղծ: Ի վերջո, ցուցիչը գործն է: Իսկ այն ցույց է տալիս լրիվ հակառակ պատկերը, քան այն ցավն ու մտահոգությունները, որ իրենց դեմքին պատկերում են պետական պաշտոնյաները ընտրությունների ժամանակ, երբ այցելում են սահմանամերձ բնակավայրեր ու լսում կամ խոսում դրանց խնդիրների մասին:

Սերժ Սարգսյանն, իհարկե, կարող է ասել, որ այդ ամենն ինքը ժառանգել է և չի կարող միանգամից լուծել բոլոր խնդիրները, առավել ևս, որ դրանք շատ-շատ են: Այստեղ էլ, իհարկե, կա օբյեկտիվ իրողությունների մի ամբողջ շարք: Սակայն կարճ ժամանակամիջոցում իրարամերժ հայտարարությունները ցույց են տալիս, որ իշխանությունը ոչ միայն միջոցի խնդիր ունի սահմանամերձ գյուղերի ռազմավարական հարցին լուծում տալու համար, այլ նախևառաջ պատկերացումների: Հակառակ պարագայում, իրարամերժ հայտարարությունների փոխարեն հանրությանը կներկայացվեին կոնկրետ, առարկայական ծրագրերի և քայլերի հաջորդականություն, իսկ Սերժ Սարգսյանն էլ ոչ թե կգնար սահմանամերձ գյուղ և կհետաքրքրվեր խնդիրների մասին, այլ այնտեղ կգնար դրանց մասին արդեն մանրակրկիտ տեղեկացված և հստակ ու մանրամասն առարկաներով ու լուծումներով:

Արամ Ամատունի

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here