«ԱՐՄԷՆՓՐԷՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՕՏ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԻՆ ՀԵՏ

0
154

Հայաստանն ԱՄՆի Համար Արժէքաւոր Բարեկամ Ու Գործընկեր Պետութիւն Է. Ջոն Հեֆերն

 «ԱՐՄԷՆՓՐԷՍ».- ԱՄՆ պետքարտուղարի պաշտօնում Ջոն Քերիի պաշտօնակալմամբ կը փոխուի՞ արդեօք ԱՄՆ քաղաքականութիւնը Հարաւային Կովկասի տարածաշրջանում եւ յատկապէս Հայաստանում:
ՋՈՆ ՀԵՖԵՐՆ.- Հայաստանը Միացեալ Նահանգների համար արժէքաւոր բարեկամ ու գործընկեր պետութիւն է: Մեր յարաբերութիւններն աւելի քան 20 տարուայ պատմութիւն ունեն, եւ մենք ունենք ընդհանուր շահերի լայն շրջանակ, մասնաւորապէս՝ խաղաղութեան պահպանում ու տարածաշրջանային անվտանգութիւն, մեր տնտեսութիւնների համար շահեկան առեւտրի ու ներդրումների խթանում, ժողովրդավարական գործընթացների ու օրէնքի գերակայութեան առաջ մղում: Մենք նաեւ հետաքրքրուած ենք Հայաստանի երկարաժամկէտ տնտեսական զարգացմամբ: Տնտեսական համագործակցութեան հարցերով հայ-ամերիկեան միջկառավարական յանձնախումբը քննութեան է առնում գործնական միջոցներ, որոնք զարկ կը տան Հայաստանի տնտեսութեան մրցունակութեանը եւ կը խորացնեն հայ-ամերիկեան առեւտրատնտեսական կապերը: Միացեալ Նահանգները կարեւորում է Հայաստանի հետ իր ունեցած ամուր կապերը: Մենք ցանկանում ենք տեսնել առաւել ուժեղ ու առաւել բարեկեցիկ Հայաստան:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Ինչպիսի՞ դիրքորոշում կ՛որդեգրի նոր պետքարտուղարը հայ-ամերիկեան յարաբերութիւնների, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման, Հայաստանին եւ Արցախին տրուող աջակցութեան եւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցերում:
ՋՈՆ ՀԵՖԵՐՆ.- ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պետդեպարտամենտի ղեկավարի պաշտօնում հաստատուելու հետ կապուած Սենատում անցկացուած լսումների ժամանակ հանդէս է եկել այդ խնդիրների վերաբերեալ յայտարարութիւններով: Նա նշել է. «Միացեալ Նահանգները կարծում է, որ հակամարտութեան կողմերը պէտք է խնդիրը լուծեն դիւանագիտական ճանապարհով: Վարչակազմը աւելի վաղ յայտարարել է, որ դէմ է կողմերի այն քայլերին, որոնք մեծացնում են լարուածութիւնը տարածաշրջանում եւ սպառնում են վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ գործընթացին: Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ որպէս համանախագահող երկիր, ԱՄՆն արագ արձագանգեց, երբ նմանօրինակ սպառնալիքներ հնչեցուեցին, եւ վարչակազմը այդ օրից շարունակում է բարձրացնել խնդիրը թէ՛ երկկողմ քննարկումներում, թէ՛ ԵԱՀԿ համանախագահների միջոցով: Պետքարտուղարի պաշտօնում հաստատուելու դէպքում կը շարունակեմ աջակցել խաղաղ կարգաւորման գործընթացին եւ ընդդիմանալ դրան վնաս հասցնող ու տարածաշրջանում լարուածութիւն ստեղծող ցանկացած քայլի: Միացեալ Նահանգների կառավարութիւնն ընդունում է պատմական  փաստը, որ Օսմանեան կայսրութեան մայրամուտին կոտորածների ու տեղահանութեան զոհ են դարձել մէկուկէս միլիոն հայեր եւ ցաւում է դրա համար: Այդ դէպքերը դարձան 20րդ դարի վատթարագոյն վայրագութիւններից մէկը, եւ Միացեալ Նահանգները գիտակցում է, որ կատարուածը մեծ ցաւ է Հայաստանի ժողովրդի, սփիւռքում ապրող հայերի, ինչպէս նաեւ համամարդկային արժէքներ կրող բոլոր մարդկանց համար: ԱՄՆ նախագահն ամէն տարի Ապրիլի 24ին յարգում է զոհերի յիշատակը, եւ մենք երբեք չենք մոռանայ պատմութեան այդ մռայլ էջը: Պետքարտուղարի պաշտօնում հաստատուելու դէպքում, որպէս պետքարտուղար, իմ պարտականութիւնն է լինելու հաւատարմօրէն ներկայացնել նախագահի ու վարչակազմի քաղաքականութիւնը: Ինչպէս Նախագահը նշել է իր ապրիլ քսանչորսեան ելոյթներում, 1915թ. փաստերի ամբողջական, անկեղծ արդարացի ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից: Նա յաւելել է, որ դէպի առաջ ընթանալն անհնար է առանց անցեալի փաստերը հաշուի առնելու եւ կոչ արեց թուրք եւ հայ ժողովուրդներին առերեսուել պատմութեանը: Միացեալ Նահանգները ամենաբարձր մակարդակներում յորդորում է Թուրքիային աշխատել Հայաստանի հետ եւ արդիւնաւէտ քայլեր ձեռնարկել հայ-թուրքական արձանագրութիւնների, սահմանի բացման, երկու երկրների միջեւ փոխադրումների, հաղորդակցութեան, կապուղիների վերականգնման եւ դիւանագիտական յարաբերութիւնների վերահաստատման հարցերում:
Պետքարտուղարի պաշտօնում հաստատուելու դէպքում շարունակելու եմ մեծապէս աջակցել բոլոր այն ջանքերին, որոնք ուղղուած կը լինեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ յարաբերութիւնների կարգաւորմանը, որպէսզի երկու երկրները միասին  կարողանան ձեւաւորել խաղաղ, արդիւնաւէտ ու ծաղկուն յարաբերութիւններ: Միացեալ Նահանգները կարծում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների լիարժէք կարգաւորումը կարեւոր է ոչ միայն երկու երկրների ապագայի համար, այլ Կովկասում տեւական կայունութեան ու անվտանգութեան ապահովման համար: Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը շարունակում է մնալ որպէս այդ երկու երկրների հետ մեր երկխօսութեան շրջանակում ներառուած կարեւոր թեմա»:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here