ՉԱԽԱԼԵԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ՄԷՋ Կ’ՈՒԶԷ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

0
145

«Առաջիկայում ուզում եմ ընտանիքիս հետ լինել, կարօտել եմ, 4,5 տարին քիչ ժամանակ չէ, որդիս առանց հօր է մեծացել», «Հարաւային դարպաս» օնլայն պարբերականին տուած հարցազրոյցում իր առաջիկայ ծրագրերի մասին այսպէս է նշել «Միասնական Ջաւախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ, համաներմամբ ազատ արձակուած Վահագն Չախալեանը:
Չախալեանն առողջական խնդիրներ ունի, ուզում է հետազօտուել, գուցէ լուրջ բուժման կամ վիրահատական միջամտութեան կարիք կայ: «Հիմա յոյս ունեմ արդար դատավարութեան, հոգեբանօրէն շատ կարեւոր է մեզ համար, որ արդարութիւնը վերականգնուի, որ նման սեւ կէտեր մեր երկու ժողովուրդների միջեւ չլինեն», նշել է նախկին քաղբանտարկեալը:
Խօսելով կալանավայրում իր վիճակից՝ Չախալեանը նշել է, որ յոյսը ոչ մի օր չի կորցրել:
«Չեմ մտածել՝ այսօր դուրս կը գամ, թէ 10 տարի յետոյ»: Բայց խոշտանգումներ են եղել, աւելի շատ՝ հոգեբանական ճնշումների ձեւով:
«Երբեք մենակ չեմ եղել: Աւելի լաւ է՝ խփէին: Ամբողջ օրը, փաստօրէն քեզ մատով չեն կպչում, բայց այնպիսի մի վատ իրավիճակ են ստեղծում, որ քեզ համար անտանելի է դառնում: Ճաշիս մէջ երեւի դեղ էին լցնում, չգիտեմ «ահաւոր մի զգացում կար, յիշողութիւնս էի կորցրել, կարճ ասած« սարսափելի մի բան»:
«Երբ գիտես քո խցում թաքուն տեսախցիկ կայ, ձայնագրում են, քո ամէն շարժմանը հետեւում են, անգամ զուգարանում: Երբ դու ինչ-որ մի աչքի 24ժամեայ հսկողութեան տակ ես, միայն սա սպանիչ է», յիշել է Վահագն Չախալեանը: «Նոյն պարապմունքը (մարմնավարժութիւն), որ բոլորին կարելի էր, ինձ՝ չէ: Գանտելները, որ սարքում էի պարապելու համար, ներս էին լցւում, տանում ամէն ինչ եւ բանտային կարգի խախտում համարում, ասենք, մի շաբաթ զրկում էին հեռախօսից կամ խանութից օգտուելուց: Հարուածը հեշտ է, այդ պահին կայ, իսկ յետոյ արդէն՝ չէ»:
Նրա խօսքերով, ճնշում է, երբ չեն թողնում որդու հետ հանդիպել, 4,5 տարուայ մէջ գրկել. «Տեսել եմ միայն ապակու հետեւից»:
Իրեն ուղղուած մեղադրանքների առումով էլ Չախալեանը հակադարձում է. «Անջատողականը երբեք ընտրութիւնների չի մասնակցում: Անջատողականը ոնց կարող է ցանկութիւն յայտնել դառնալու խորհրդարանի պատգամաւոր: Այսինքն՝ անջատողականութեան մասին խօսք գնալ չի կարող: Մենք մեր առջեւ խնդիր էինք դրել Վրաստանի սահմանադրութեան սահմաններում հասնել մեր խնդիրների լուծմանը: Մեր նպատակն էր մտնել ազգային ժողով եւ այնտեղից բարձրացնել մեզ յուզող հարցերը, դա չի նշանակում, որ մենք անջատողական ենք: Անջատողականը կը բարձրանար սար, սարից լեռ եւ այնտեղից կ՛ասէր, որ մէր պահանջը դա է: Վրաստանի նախորդ իշխանութիւնների մեթոդներից մէկն էր դա: Նրանք չտեսնելու էին տալիս այստեղի խնդիրները, իսկ նոյնիսկ փոքր բողոքի ակցիա մեկնաբանում որպէս անջատողականութիւն՝ սեփական ժողովրդին եւ միջազգային հանրութեանը խաբելու համար: Նրանց դա շատ լաւ յաջողւում էր մինչեւ իմ ձերբակալութիւնը»:
Ձերբակալութիւնից յետոյ էլ, ըստ Չախալեանի, հնարաւոր եղաւ լուրջ աշխատանք տանել միջազգային կառոյցներում, բայց ոչ Վրաստանում. «Վրաստանում չկարողացանք աշխատանք տանել, որովհետեւ «բլակիրովկա» (արգելափակում-Խմբ.) էր արուած «ազգայիններ»ի կողմից, որ ոչ մի լրատուամիջոց չէր հետաքրքրւում մեր թեմայով, ոնց որ մի անտես ձեռք թոյլ չէր տալիս անդրադառնալ մեզ, միայն վերջին 2 ամիսների ընթացքում սկսեցին հետաքրքրուել»:
Մի կողմից՝ ազգային հերոս, միւս կողմից՝ «Վրաստանի պետականութեան թշնամի» որակումների արանքում Չախալեանը հաւաստում է. «Անկեղծ ասած, վրացիների կողմից ես ոչ մի թշնամանք չեմ զգացել: Ես 4,5 տարի նստել եմ վրացիների շրջապատում, ունեմ շատ վրացի ընկերներ: Հերոս, չեմ կարող ասել, ժողովուրդն ու պատմութիւնն ամէն ինչ իր տեղը կը դնի: Բայց երբ ես կարող էի դուրս գալ, պաշտօն ստանալ, մեծ գումարներ վերցնել, ինչ առաջարկում էին, ես հրաժարուեցի, անգամ իմ ազատութիւնից, որ կարող էի օր առաջ դուրս գալ: Ամէն ինչից հրաժարուեցի, որ պաշտպանեմ ջաւախահայութեան ոտնահարուած իրաւունքները: Սաակաշվիլու կոչը, թէ ժողովուրդը խուճապի մէջ ընկնի, որ Վահագնը դուրս է եկել, ծիծաղելի է, ինչքան տեսնում եմ, ինձնից ոչ ոք չի վախենում, այլ՝ հակառակը»:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here