Աստղիկ Շահխաթունի.« Յոյս ունիմ, որ գիտութեան ֆինանսաւորման կտրուկ աւելացումէն հրաժարուիլը անբացատրելի թիւրիմացութիւն է»

0
573

Երիտասարդ գիտնականի ամպիոն

 

2011-ին գիտնականների մի մեծ խումբ համախմբուեց ու «Պահանջեց գիտութեան ֆինանսաւորման աւելացում», http://www.facebook.com/science.and.finance: Ամրան վերջին օրերուն տեղի ունեցաւ նրանց՝ ծաղկաձորեան յայտնի հաւաքը, որտեղ նրանք կարողացան բերման ենթարկել նախագահին, որը պատահմամբ եկել էր Ծաղկաձոր՝ տեսնելու, թե ինչպէս են ընթանում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շէնքի վերանորոգման աշխատանքները: Երիտասարդները մի կերպ կարողացան համոզել  նախագահին, որ երիտասարդ գիտնականն ինքը՝ շատ աւելի կարևոր է, քան երիտասարդական շէնքը: Նրանք պարտադրեցին  լսել իրենց ու կորզեցին 100 միլիոն դրամ յատկացնելու խոստում՝ երիտասարդ գիտնականներին աջակցութեան համար:

Այսպիսով, 100 միլիոնը ձեռք բերուեց պահանջելու, բերման ենթարկելու, համոզելու, պարտադրելու և կորզելու արդիւնքում, ինչն, աւա՜ղ, ամենեւին ուրախացնող չի: Հարց է ծագում՝ արդեօ՞ք շարունակական կը լինի մի գործ-ծրագիր, որը ձեռք է բերուել վերը նշուած ճանապարհով և ոչ թէ գիտակցման, հոգածութեան, հասկացման, սրտացաւութեան ու համոզմունքի արդիւնքում: Ինչեւէ, երիտասարդներին 100 մլն-անոց խոստում տրուեց:

2012-ին տրուեց մեկնարկ «Երիտասարդ Գիտնականների Աջակցութեան Ծրագիրը»:

2013-ը ժամն է՝ հարցնելու եւ պարզելու, թե ի՞նչ արդիւնաւետութեամբ է ծախսուել գումարն ու կարեւորը՝ արդեօք կայ՞ յոյս, որ ծրագիրը կը լինի շարունակական: Իմ խնդրանքով այս հարցերի մասին իր կարծիքը յայտնեց քիմիական գիտութիւնների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլի կառոյցի ուսումնասիրման կեդրոնի՝ Միջուկային մակնիսական ռեզոնանսային սպեկտրասկոպիայի լապորատորիայի գիտաշխատող Աստղիկ Շահխաթունին:

-Աստղիկ, որպէս Նախագահի յատկացրած 100 միլիոն գումարով իրականացուող «Երիտասարդ Գիտնականների Աջակցութեան Ծրագրի» ղեկավար մարմնի անդամ, կարո՞ղ էք թուարկել ծրագրի իրականացման հիմնական արդիւնքները, ինչպիսի՞ ձեռքբերումներ կան։ Իսկ կա՞ն թուլութիւններ, բացթողումներ, ձախողումներ, ինչպիսի՞ն են ծրագրի գործունէութեան լաւացման ու յետագայ զարգացման ուղիները:

Ինչ վերաբերւում է շահառուներին, ապա կարծում եմ, որ մեր ընդունած բաւական խիստ չափորոշիչը` գիտաժողովների ճանապարհածախսի տրամադրման համար, կը խթանի երիտասարդներին՝ ձգտել բանաւոր ելոյթի հրաւէր ձեռք բերելուն: Գիտաժողովներ կազմակերպելու համար գումարը խթանում է երիտասարդներին՝ լինել ակտիւ և ինքնուրոյն կազմակերպել գիտաժողովներ: Ես ակնկալում եմ, որ ծրագրի շարունակականութեան դէպքում շատ աւելի ուժեղ յայտեր կը ներկայացուեն և մեծ մրցակցութիւն կը լինի:: Ինչ խօսք, ծրագիրն էլ գնալով է՛լ աւելի լաւանում է, երիտասարդները սովորում են, շտկումներ կատարում յայտերի գնահատման մէջ, որպէսզի գնահատումը լինի է՛լ աւելի օբյեկտիվ: Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ երիտասարդներն էլ հասկացան, որ գումարներն արդար տրամադրելը հեշտ չէ, չափորոշիչներ սահմանելը պահանջում է հաշուի առնել բազմաթիւ տարբեր գործօններ, տարբեր ոլորտներում առկայ նրբութիւնների գիտակցում և այլն: Ձեռքբերում եմ նաեւ համարում տարբեր մասնագիտութիւնների, տարբեր քաղաքական, սոցիալական և գիտական մտածողութեամբ մարդկանց՝ մի խմբում արդիւնաւետ, անշահախնդիր  և անվարձահատոյց աշխատանքը: Յոյսով եմ, որ ծրագրի ձեւաչափը չի փոխուիր. ԵԳԱԾի կառուցուածքը կը մնայ մօտաւորապէս նոյնը, աշխատելաոճն էլ կը լինի այսպէս բաց ու թափանցիկ, Գուցէ, մի քիչ աւելի յաւակնոտ ծրագրեր առաջարկենք և քայլերի դիմենք, դա էլ երեւի կարելի կը լինի դիտարկել որպէս ծրագրի լաւացման ուղենիշ:

– Որքանո՞վ է հաւանական, որ ծրագիրը շարունակական կը լինի, եթէ՝ այո, ապա ինչո՞ւ էք այդպէս կարծում, և՝ լինելու դէպքում՝ արդեօ՞ք կ’աւելնան գումարները, ինչպէս խոստացել էր Նախագահը, եթէ ծրագիրը յաջողութեամբ իրականացուի:

Այս ծրագիրը լիովին արդարացրել է սպասումները, ցոյց է տուել գումարների ծախսման նպատակայնութիւնը և արդիւնաւետութիւնը: Եթէ նախագահն անկեղծ է իր մղումներում, ապա տրամաբանական է ծրագրի հիման վրա շատ աւելի լուրջ եւ ծաւալուն ծրագրերի մեկնարկումը: Իսկ եթէ ծրագիրը կրում է ձեւական բնոյթ, ապա կրկին կարծում եմ, որ այն կը լինի շարունակական՝ գոնէ մօտակայ ապագայում, ամենայն դէպս, կը տրուեն այդպիսի խոստումներ, քանի որ այս ծրագիրը նախագահին հնարաւորութիւն է տալիս՝ փոքր գումարով ցոյց տալ իր աջակցութիւնը և շահագրգռուածութիւնը՝ թէ՛ գիտութեան, թե՛ երիտասարդութեան հանդէպ: Այն լաւ խօսելու առիթ է նախագահի համար, այն ցոյց է տալիս իր խորիմաստութիւնը, երիտասարդներին վստահելը, իր հոգածութիւնը: Այս դէպքում չեմ կարծում, որ գումարները զգալիօրէն աւելանան, քանզի աչքակապութեան համար այսքանն էլ է բաւարար: Բայց, անշուշտ, յոյսով եմ, որ մեր նախագահն իսկապէս մտահոգուած է երիտասարդ գիտնականների ապագայով և առկայութեամբ Հայաստանում, և մօտակայ ժամանակում կտրուկ կ’աւելանայ ԵԳԱԾի նախագծերի ֆինանսական պազան: Միակ մտահոգութիւնը մնում է նախորդ տարուան պիւտճէում գիտութեան ֆինանսաւորման կտրուկ աւելացումից հրաժարուելը: Ես դա չեմ պատկերացնում՝ պետութեան զարգացումով մտահոգ նախագահի պարագայում: Յոյս ունեմ, որ դա էլ անբացատրելի թիւրիմացութիւն է, եւ շուտով գիտութեան ֆինանսաւորումը եւս կը գրանցէ շատ կտրուկ աւելացում:

Յ.Գ. Նախագահի նախընտրական ծրագրում գրուած է՝ «Ընդլայնուելու են երիտասարդ գիտնականներին աջակցութեան ծրագրի ծաւալները»։ Լաւ։ Բայց դա բաւարար չէ։ Երիտասարդ գիտնականները պարզ գիտակցում են, որ իրականում պէտք է արմատապէս աւելացնել ողջ գիտութեան ոլորտի ֆինանսաւորումը։ Թէ որքանո՞վ է նախագահը սա գիտակցում, այսինքն, որքանո՞վ է նա իրականում մտահոգուած երիտասարդ գիտնականների ապագայով՝ շուտով պարզ կը դառնայ։

 

Մանէ Յակոբեան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here