Հայկ Խաչատրեան. Գիտնականը պէ՛տք է վաստակի և շա՛տ վաստակի` յարիր իր կարգավիճակին

0
611

Երիտասարդ գիտնականի ամպիոն

-Յարգելի Հայկ, ես շարք եմ հրապարակում՝ «Երիտասարդ Գիտնականի Ամպիոն» խորագրով։ Ձեզ դիմում եմ՝ որպէս Հայաստանում գործող երիտասարդ գիտնականի։ Խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի, որ կը գտնէք կցուած ֆայլում։ Նախապէս շնորհակալութիւն։

-Յարգելի Մանէ, շնորհակալ եմ նամակի համար։ Ցավօք, ես այլևս հայաստանցի գիտնական չեմ։ Արտագաղթել ենք ու ներկայում աշխատում եմ Քորէայում՝ Սամսունկ ընկերութիւնում՝ որպէս աւագ գիտաշխատող։ Հայաստանում, մասնագիտական կեանքում շատ մեծ ձեռքբերումներ եմ ունեցել, սակայն այժմեան իմ կարգավիճակը երեւի ամենախօսուն պատասխանն է այն հարցին, թէ ինչպէ՞ս է գիտութեան ու գիտնականների վիճակը Հայաստանում։

 

– Այո, դառը պատասխան ունէք… այնուամենայնիւ գուցէ արժէ հենց ա՞յդ մասին գրել: Օրինակ, Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում երիտասարդ Գիտնականների առջեւ ծառացած հիմնական խնդիրները։ Տեսնո՞ւմ էք դրանց լուծման ճանապարհները։

-Հայաստանում բոլոր գիտնականների պարագայում, անկախ առջեւից դրուած ածականի, այն է` երիտասարդ, կայացած, յաջողակ, խոստումնալից եւ այլն, կարող ենք նոյն բնորոշումը տալ. գիտնականին այսօր կարելի է նմանեցնել խորդանոց նետուած դաշնամուրի հետ: Այն ժամանակին եղել է՝ բեմեր նուաճող, ծափերի մէջ խեղդուող ու ամենասպասուածը, քանի որ այն նուագել է մի մեծ երաժիշտ: Իսկ այժմ չկայ այդ երաժիշտը, չկայ տիրիժորը այլ կան ֆեյսպուքագէտներ եւ շաղակրատախօսներ… Արդիւնքում՝ այն դեն նետելը ափսոս է, պահելը` թանկ հաճոյք: Ստացւում է տիլեմա, որի լուծման համար պատասխանատու այրերը խորհուրդ են տալիս լքել երկիրը և աշխատել, ասենք, Շիքակոյում, որտեղ գիտնականը գուցէ հասնի մեծ յաջողութիւնների ու այդպէս, մի բանով, պետքական լինի նաեւ մեր երկրի համար: Եւ նման խորհուրդներ հնչում են առաջին էշելոնից… Կարծես թէ այստեղ խօսքեր էլ պէտք չեն:

–Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտութեան թերֆինանսաւորման պատճառներն ու խորքային արմատները։ Կարո՞ղ էք հակիրճ վերլուծութիւն կատարել՝ ինչո՞ւ է այդպէս, ի՞նչ պէտք է անել՝ վիճակը շտկելու համար։

-Եթէ ամենաստահակ ու սրիկայ մէկին ասէք, որ ինքը մեղաւոր չէ իր արած չարագործութիւններում, այլ հանգամանքների բերումով դա ստացուեց, ապա դուք նրա համար կը դառնաք քայլող հրեշտակ` գորշ ամբոխի մէջ: Դա մարդու բնոյթն է. ամէն ինչում մեղաւոր տեսնել ինչ-որ մէկին, հանգամանքներին, մոլորակների դասաւորութեանը, մայեաների գուշակութեանը, բայց ո՛չ իրեն:

Այստեղ մեղաւոր են թէ՛ գիտնականը, թէ՛ պետութիւնը, թե՛ հասարակութիւնը: Եթէ գիտնականը համարւում է հասարակութեան սերուցք և ամենախելացի մարդը, ապա ինչո՞ւ է նա ամենից շատ փող ուզում` չվերադրաձնելու պայմանով։ Եթէ գիտնականը պէտք է պիւտճէի ամենամեծ սպառողը լինի՝ համարելով իրեն ամենախելացին, ապա վաղ թէ ուշ դա կը բերի հակադարձ էֆեկտին: Թէ՛ պետութիւնը, թէ՛ հասարակութիւնը շատ դժկամութեամբ կը տանեն նման «բեռին»: Այսինքն, գիտութիւնը Հայաստանում դառնում է «քաղցկեղ»:

Այս պատկերը, սակայն, ընդհանուր տեքստից կտրուելու և առանձին ներկայացնելու դէպքում միայն ճշմարիտ կը լինի: Իսկ եթէ նայենք ընդհանուր պատկերին, ապա անպայման պէտք է ուշադրութիւն դարձենք վարուող քաղաքականութեանը: Այս նպատակով հիմա դառնանք պետութեան մեղքին: Չկայ մրցակցութիւն: Երեւի սա արդէն ամէն ինչ ասում է, սակայն շարունակեմ մանրամասնել. պետութեան հիմնական գործառոյթը պետք է լինի գիտական մտքից մինչեւ արտադրութիւն ձգուող փակ համակարգի ստեղծումը:

Որպէս օրինակ բերեմ Քորէայի դէպքը: Այստեղ կայ հզօր տնտեսութիւն ու արտադրութիւն: Պետութիւնը հսկայական քանակութեամբ դրամաշնորհներ է տրամադրում համալսարաններին ու գիտական խումբերին: Դրանց հիմնական մասը տրւում են՝ ըստ որոշ գերակայութիւնների` համահունչ՝ տնտեսութիւնում առկայ պահանջներին: Երբ արտադրողն իր գործունէութեան մէջ հանդիպում է որոշակի դժուարութեան, ապա նա հեշտութեամբ գտնում է այդ ոլորտում իրականացուած հզօր ու համապարփակ հետազօտութիւններ ու դրանց արդիւնք հանդիսացող յօդուածներ: Հիմնուելով այդ արդիւնքների վրայ՝ արտադրողը հեշտութեամբ կարող է լուծել ծագած խնդիրները: Դժուարութեան դէպքում հիմնաւոր և նպատակաուղղուած համագործակցութիւն է սկսում համապատասխան գիտնականի ու գիտական խումբի հետ: Գիտնականի տուած արդիւնքը խիստ պահանջուած է եւ ունի կոնկրետ սպառում:

Միաժամանակ, բացի կոնկրետ խնդիրների լուծումից, իրականացւում են այլ հետազօտութիւններ, որոնք նոր ուղղութիւններ ու հնարաւորութիւններ են բացում արտադրութեան համար: Այս արդիւնքները արագ առեւտրայնացւում եւ մտնում են արտադրութիւն: Արտադրութիւն կազմակերպելու դէպքում պետութիւնը շահում է բոլոր առումներով: Յաջորդ փուլում, ստացուած եկամուտների մի մասը կրկին տրամադրւում է գիտութեանը, ինչը բերում է արդիւնք, որն էլ հարստացնում է երկիրը: Նորմալ գործընթացի դէպքում գիտութեան մէջ դրուած իւրաքանչիւր մէկ տոլար հետ է բերում մօտ չորս տոլար: Այսինքն, եթէ մօտ մէկ միլիառ տոլար ներդրուի, ապա հետ կը ստացուի մոտ չորս միլիառ տոլար: Ահա, այս եղանակով գիտութիւնն առաջ է տանում երկիրն ու երկրի տնտեսութիւնը:

Այս շրջապտոյտում գիտնականը չպէտք է ջանայ կամ անհանգստանայ, թէ իր արդիւնքները ինչպէս կարող է իրացնել, որ փող վաստակի: Դա պետութեան գործառոյթն է: Պետութիւնը պէտք է հանդիպեցնի փող ունեցողին ու միտք ունեցողին և ստեղծի մրցակցային պայմաններ` արտադրութիւն կազմակերպելու համար: Մեր երկրում չկայ այս օղակը: Գիտնականը պահանջում է իրեն փող տալ, իսկ ստացուած արդիւնքները խունանում են թուղթի վրա` օգուտ չտալով պետութեանը: Պետութիւնն էլ միւս կողմից մեղադրում է գիտնականին՝ համարելով որ գիտութեան մէջ ներդրումը նման է Դանայիան տակառին. ինչքան լցնես, միեւնոյնն է՝ չի լցուելու: Ամէն մի ներդրում անիմաստ է ու կորուստ է: Եւ ահա, արդիւնքում ունենք միջնադարեան ինչ–որ պետութիւն` լղոզուած ապագայով:

Մի անգամ կարդում էի աշխարհի ամենաաղքատ երկրների ցանկը: Այնտեղ նշւում էր, որ ամենաաղքատ երկրներից, ասենք՝ Գոնկօն, ունի ընդամէնը մի քանի համալսարան՝ միլիոնաւոր բնակչութեան պարագայում: Եւ վերջում յօդուածագիրը աւելացնում է. « Եւ պատահական չէ, որ այդպիսի կրթուածութեամբ երկիրը աղքատութեան սանդղակում ամենաբարձր հորիզոնականներում է, պատճառն իրենց մեջ պէտք է փնտռեն»: Այո, մենք էլ մեր չքաւորութեան պատճառը մեր մէջ պէտք է փնտռենք: Գիտութեան ու կրթութեան նախարարը ոչ թէ ֆեյսպուքավարպետ պէտք է լինի, այլ փրոֆեսիոնալ մենէյճըր և գործից հասկացող: Կարծում եմ, ամենամեծ մեղաւորը մեր կրթութեան եւ գիտութեան նախարարն է, նաեւ մանկավարժական համալսարանի ռեկտորը: Վերջինս զուտ այն պատճառով, որ չափազանց խոտան շրջանաւարտներ է տալիս, որոնք դպրոց են մտնում ու նոր սերունդ կրթում: Այս «կրթուած» անուսնե՞րը պէտք է կրթեն մեր մատղաշ սերունդը, որը մեղաւոր չէ՝ վատ կրթութիւն ստանալու համար։ Իսկ արդիւնքում փտող պետութիւն ենք ունենում:

–Ինչպէս էք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը վիրտուալ կամ իրական հարթակներում։ Կարծիքներ կան, որ գիտնականի միակ գործը պետք է լինի բացառապես գիտութեամբ զբաղուելը, ու որ գիտնականը դադարում է գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։ Ի՞նչ կասէք այդ մասին:

-Նախ, հարցը կարդալիս ժպիտ առաջացաւ: Ներեցէք, անշուշտ, եթէ կոշտ երեւայ. հարցը համարում եմ խիստ անլուրջ: Գիտնականը, որն իր կեանքի զգալի մասը դրել է կրթուելու համար, կուրացել է՝ մի քանի լեզուներ սովորելու, մասնագիտանալու, համաշխարհային հոսքից հետ չմնալու համար՝ օրնիբուն կարդալու պարագայում, պէտք է ապրի՝ ինչպէս վերջին ողորմելի՞ն։ Դուք սա՞ նկատի ունէք։ Ասեմ աւելին. գիտնականները ամենահայրենասէր խաւն են՝ ի համեմատ իրենց վիճակի ու չգնահատուած լինելու աստիճանի: Եթէ միջակ ու գորշ զանգուածը յարմարւում է, ապա կրթուած մարդը` երբեք: Նրանք են ծնել բոլոր տեխնոլոգիական յեղափոխութիւնները, նրանք են մարդկութիւնը կապիկից հասցրել տիեզերք, և այդ նրա՞նք պէտք է գոյատեւէն՝ սրա ու նրա գթասրտութիւնը աղերսելով, մի կտոր հա՞ց մուրան, որպէսզի չմեռնեն ու հրեղեն գո՞րծ անեն։ Ոչ, բնաւ այդպէս չէ: Դելիտանտը և փրոֆեսիոնալը տարբերւում են նրանով, որ փրոֆեսիոնալը իր գործունէութեամբ գումար է վաստակում: Եթէ ինչ-որ մէկը գիտական արդիւնքներ ունի, անգամ՝ հրաշալի արդիւնքեր, ու փող չի վաստակում, ապա նա ընկալւում է՝ որպէս դելիտանտ, իսկ իր գործը` սիրողական:

Գիտնականը պէ՛տք է վաստակի և շա՛տ վաստակի` յարիր իր կարգավիճակին:

 

Մանէ Յակոբեան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here