ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐՈՒ ՄԷՋ

0
159

Հայ դասական ու ժամանակակից գրողների էլեկտրոնային գրքերը մայրենի լեզուով այսուհետ կարելի է գնել համաշխարհային ամենախոշոր եւ առաջատար առցանց գրախանութներից՝ Apple ընկերութեան «iTunes» խանութի «iBooks» բաժնից եւ Google Play-ից:
Armenian iBOOKS նախաձեռնութեան շնորհիւ, հայերէն էլեկտրոնային գրքերն այլեւս հասանելի են աշխարհասփիւռ հայ ընթերցողին iPhone հեռախօսների, iPad դիւրակիր համակարգիչների, eBook Reader-ների միջոցով:
«Բարձր տեխնոլոգիաների ներկայ ժամանակաշրջանում առաւել քան անհրաժեշտ է ժամանակակից միջոցներով հայկական գրական ժառանգութիւնը՝ մեր դասականներին ու ժամանակակից ստեղծագործողներին հասանելի դարձնել յատկապէս Սփիւռքում», նախաձեռնութեան նպատակն են ներկայացնում Armenian iBOOKS-ի հիմնադիրները՝ Երեւանի Պետական Համալսարանի երիտասարդ դասախօսներ Ռուբէն Միրաքեանն ու Մարատ Եաւրումեանը:
«Գրքերը միշտ կենսական եւ բացառիկ նշանակութիւն են ունեցել հայ մշակոյթում: Այսօր, ողջ աշխարհի ընթերցողների համար գրեթէ անսահման հնարաւորութիւնների շրջանում, էլեկտրոնային գրքերն առաւել մեծ պահանջարկ ու ճանաչում են ձեռք բերում, եւ դրանց հիմնական սպառման վայրը հանդիսանում են էլեկտրոնային գրախանութները: Մինչդեռ, հայ գրականութիւնն այդ տարածքում շատ քիչ է ներկայացուած», նշում է Ռուբէն Միրաքեանը:
Չնայած ստեղծման կարճ ժամանակահատուածին, այսօր Armenian iBOOKS-ն առաջարկում է երկու տասնեակից աւելի գիրք, որոնց շարքը համալրւում է ամէն շաբաթ: Էլեկտրոնային հայկական գրախանութում առանձին բաժին է յատկացուած մանուկներին ու պատանիներին, որտեղ առաջարկւում է Յովհաննէս Թումանեանի՝ հայկական ժողովրդական հեքիաթների մշակումները, հեղինակի երկու տասնեակից աւելի բալլադներն ու պօէմները, «Սասնայ ծռեր» հայկական ժողովրդական էպոսի Դաւթի ճիւղի՝ Յովհաննէս Թումանեանի մշակումը (1903թ.) Յակոբ Կոջոյեանի նկարազարդումներով: Խնկօ Ապոր ժողովածուն ներառում է հեղինակի առաւել յայտնի առակները:
Գրախանութն առաջարկում է նաեւ այլազգի դասականների հայերէն թարգմանուած գործերը նոր նկարազարդմամբ, որոնց թւում են Չարլզ Դիկենսի «Սուրբ Ծննդեան երգը», Ռոբին Հուդը:
Հայ դասականների գրադարակը ներկայացնում է նաեւ Յակոբ Պարոնեանի «Մեծապատիւ մուրացկաններ» գործը՝ Յովհաննէս Շաւարշի նկարազարդումներով, «Քաղաքավարութեան վնասները», Վահան Տէրեանի «Մթնշաղի անուրջներ» եւ «Գիշեր եւ յուշեր» բանաստեղծութիւնների ժողովածուները, Եղիշէ Չարենցի «Երկիր Նաիրի»ն:
Հոգեւոր գրականութեանը նուիրուած հատուածում ընթերցողը կարող է գտնել Նոր կտակարանը, Կոմիտասի Սուրբ Պատարագը՝ նոտաներով եւ ձայնային (audio) կատարմամբ, Յովհաննէս Յովհաննիսեանի մենագրութիւնը նուիրուած 20րդ դարասկզբին Հայ առաքելական եկեղեցում սկիզբ առած բարենորոգչական շարժման քննական վերլուծութեանը:
Armenian iBOOKS նախաձեռնութեան շրջանակներում իրականացւում են թուայնացման, խմբագրման, նկարազարդման աշխատանքներ: Նախագծի հեղինակները նշում են, որ բաց են համագործակցութեան համար, եւ իւրաքանչիւրը կարող է իր ներդրումն ունենալ համահայկական նշանակութեան այս ծրագրում:
«Աշխարհասփիւռ հայ գրողներին առաջարկում ենք իրենց ներկայութեամբ հարստացնել հայկական առաջին էլեկտրոնային ամենամեծ գրախանութը: Համագործակցութեան ենք հրաւիրում նաեւ երիտասարդ կամաւորների, ովքեր

 

կ՛օգնեն նկարազարդել գրքերը՝ այդպիսով իրենց ներդրումն ունենալով էլեկտրոնային գրքերի ստեղծման գործում: Ի դէպ, երիտասարդ արուեստագէտ Բեն Քարամեանի, Արա Ասլանեանի օգնութեամբ արդէն ունենք սիրուած հեղինակների պատկերազարդ գրքեր», նշում է Ռուբէն Միրաքեանը: Նրա համոզմամբ, հայ արուեստագէտների ու գրողների համագործակցութիւնը Armenian iBOOKS-ի շրջանակներում կարող է վերածուել մշակութային իւրատեսակ երկխօսութեան, նաեւ՝ բացառիկ հնարաւորութիւն է աշխարհասփիւռ հայ գրողների համար հանդիպելու եւ ծանօթանալու վիրտուալ այս տարածքում:
Armenian iBook նախաձեռնութիւնը կենսական նշանակութիւն ունի յատկապէս հայրենիքից դուրս բնակուող հայ նոր սերնդի համար: Հայ գրականութիւնը հայազգի պատանիներին ու երիտասարդներին այս դէպքում ներկայացւում է նրանց մատչելի ու ընդունելի միջոցներով: Ըստ այդմ, այս ծրագրին աջակցութիւնը նաեւ ներդրում է մասնաւորապէս Սփիւռքում մեր ազգային ինքնութեան պահպանման գործին եւ բխում է իւրաքանչիւր հայի շահից: Նախաձեռնութեան հեղինակները նշում են, որ բաց են գործնական առաջարկների համար:  «Նախաձեռնութեանը մասնակցութիւնը կարող է լինել ներդրման ձեւով՝ այսինք, մեզ ֆինանսաւորում են աշխատանքի դիմաց, նուիրատուութեան պարագայում էլ՝ էլեկտրոնային գրքերը անվճար կը տեղադրուեն Apple iBookstore ու Google Play-ում», նշում է Միրաքեանը: Հարկ է նշել, որ գրախանութում առաջարկուող գրքերը բաւական մատչելի են:
Armenian iBOOKS գրախանութում վաճառուող գրքերի, նոր համալրումների, ինչպէս նաեւ նախաձեռնութեան շրջանակներում իրականացուող աշխատանքների մասին տեղեկութիւններ կարելի է ստանալ ArmLib.am բլոգից, որ գործում է http://armlib.blogspot.com/ հասցէում, ինչպէս նաեւ՝ Ֆէյսբուք սոցիալական ցանցում գործող Armenian iBOOKS անուանումով էջից:
Ի դէպ, Apple iBookstore եւ Google Play խանութները դեռեւս հասանելի չեն Հայաստանում: Էլեկտրոնային գրքերը հայաստանեան ընթերցողին եւս մատուցելու նպատակով Armenian iBOOKS նախաձեռնութիւնն անցկացնում է ստորագրահաւաք, որին կարելի է մասնակցել հետեւեալ կայքում՝ https://www.change.org/en-GB/petitions/make-the-apple-ibookstore-available-in-armenia#:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here