ԿԵՂՏԸ ՇԱՏ Է, ԵՒ ԿԱՐՈՂ Է ՄԷԿ ԱՅԼ ՀՐԷՇԱՒՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼ

0
194

 

Մեր զրուցակիցն է Մարդու իրաւունքների և ժողովրդավարութեան ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, քաղաքագէտ, իրաւաբան Արմինէ Առաքելեանը

 

–         Արմինէ, ինչպէ՞ս եք գնահատում նախընտրական գործընթացները: Շատերի բնորոշմամբ՝ թէև սկզբում կանխատեսելի ընտրապայքար էր, սակայն հիմա դժուար է այլևս որևէ բան կանխատեսել: Համամի՞տ էք:

–         Մեր վերջին 21 տարիների պատմութիւն ունեցող պետական համակարգը հիմնուած չէ հայ ժողովրդի գոյութիւնն ապահովող ու զարգացնող ինքնուրոյն ստեղծագործական մտքի ու գաղափարի վրայ: Ժողովրդավարութիւնը, ընտրութիւնները և մարդու իրաւունքները պէտք է լինէին մարդու և ազգի ներքին ստեղծագործական պրոցես, որը բխում է մեր անհատական ու հաւաքական հոգևոր- մշակութային իւրայատկութիւններից, իտէալներից: Մեր դէպքում, դրանք` իբրև կառավարման պետական մոտելներ, ներմուծեցին և զուտ ձևականօրէն կիրառեցին, բայց դրայ կրողը չեղան:

Պերլինի պատի փլուզումով, երբ նոր աշխարհաքաղաքականութիւն էր մշակւում և գծագրւում, 1993-ի ՄԱԿ-ի Վիեննայի Միջազգային կոնֆերանսում Հարաւի երկիրները և մենք՝ մարդու իրաւունքների ակտիվիստներս, յաջողեցինք ամրագրել մարդու իրաւունքները, ժողովրդավարութիւնն ու ընտրութիւնները` իբրև ժողովուրդների, ազգերի ու պետութիւնների ՆԵՐՔԻՆ ստեղծագործական գործընթացներ: Այս մօտեցումը հակակշռում էր աշխարհակալական ու նոր գաղութատիրական քաղաքականութիւններին, որոնք ժողովրդավարութիւնն ու ընտրութիւններն օգտագործում են իբրև տեխնոլոգիա դրսից-ներս և վերևից-ներքև թելադրելու և պարտադրելու ժողովուրդներին ու պետութիւններին տիրելու մոտելներ, իրենց հետ դաշնակից դարձնելով ներքին այլասերուած էլիտաներին: Այդ պայքարը դեռ շարունակում ենք մենք մինչ այսօր: Պայքար էապես տարբեր ու իրարամերժ արժեհամակարգերի միջև, մարդու և ազգերի իրաւունքների ու զարգացման քաղաքականութիւնների միջև, յանուն ազատ մարդու ու ազատ ազգերի արդար ու սոլիտար համակեցութեան ու կառավարման մոտելների կերտման ու կենսագործման: Մենք պայքարում ենք մեր շինարարական ոգով և համակարգային դրական ու արմատական փոփոխութիւններ իրականացնում:

Համակարգային դրական փոփոխութիւնը երեք հիմնական հարթութիւնում կարելի է ձևակերպել.

1) Արժէքային համակարգ՝ ազատութիւն, արդարութիւն և արժանապատուութիւն/սոլիտարութիւն, որից բխում են մարդու իրաւունքներն ու ազգերի ինքնորշման իրաւունքը: Մեր պետութեան սահմանադրութեան մէջ դրանք ամրագրուած են, բայց մեր էլիտայի և ժողովրդի մեջ համատարած ընկալուած և պատկերացուած չեն, համապարփակ մշակոյթի մաս չեն, դրա համար էլ վերաիմաստաւորման գործընթացները կենսունակ չեն:

2) Համակեցութեան մոտել. թեև սահմանադրութեան մեջ գրուած է սոցիալական պետութիւն, բայց ի՞նչ համերաշխութեան մոտելներ ենք մենք ստեղծում: Ամէն աւանդոյթ չէ, որ լաւն է, ամէն աւանդոյթ չէ, որ վատն է, դրանք պէտք է վերաիմաստաւորել: Ներկայ նոր-ազատական նիւթապաշտ աշխարհում համերաշխ հասարակութիւն և համազգային համակեցութեան նոր որակի մոտելներ պէտք է ստեղծենք, որոնք էապես տարբեր կը լինեն ներկայ քրէաօլիկարխիկ համակարգից. սա էլ մենք իբրև հաւաքականութիւն տակաւին չենք կարողացել պատկերացնել ու մշակել:

3) Կառավարման համակարգ՝ ինչո՞ւ նախագահական կամ ինչո՞ւ պառլամենտական: Մենք կապկել ենք և վերարտադրում ենք նախագահականը, հիմա էլ օրակարգ է բերւում պառլամենտականը: Ինչո՞ւ մէկը կամ միւսը, ինչո՞վ է դա յարիր այն Հայաստանին, որ մենք ազգովի ուզում ենք կերտել: Հնարաւոր է` ստեղծենք մի նոր կառավարման համակարգ:

Ներկայիս հայ քաղաքական մտքի ու գործի գլխաւոր և հիմնական օրակարգը և մարտահրաւէրն է՝ ազատութեան, արդարութեան ու սոլիտարութեան արժէքները կրելով ու վերիմաստաւորելով, մշակոյթ դարձնելով ստեղծել քաղաքացիական իրաւական սահմանադրական համակեցութեան նոր որակի մոտելներ, նոր որակի պետութիւն, որ կ’ապահովի ու կը զարգացնի մեր անհատական և հաւաքական երջանկութիւնը: Սա զուտ իշխանափոխութեամբ չի իրագործուի, անհրաժեշտ է համակարգի փոփոխութիւն: Դժբախտաբար, քրէաօլիկարխիկ արժեհամակարգը, համակեցութեան ու կառավարման մոտելն անընդհատ վերարտադրւում են ոչ միայն իշխանութեան, այլև հասարակութեան մէջ: Ներկայ համակարգը սպառուած է, և համակարգի իշխող խաւը ինքն էլ է լուծում փնտռում, սակայն շարժւում է համաշխարհային օլիկարխիայի թելադրանքներով ու նրանց ծրագրերի սահմաններում, ինչը վստահօրէն մեր ազգային շահերին չի համընկնում:

-Կը ծնի՞ արդեօք  Ձեր ասած նոր համակարգը նոր էլիտա:

– Ներմուծուած կամ բռնի ու չգիտակցուած յեղափոխութիւնները հիմնականում դժգոհութեան ու գանգատի կրաւորական ու ամբոխավարական մշակոյթով են բնորոշւում: Դրանց արդիւնքը յաճախ հիմնական առողջ ուժերի գլխատումն է և ռեակցիոն ուժերի տիրակալութեան հաստատումը: Պատմութեան դասերը շատ են այդ իմաստով: Առողջ համակարգափոխութիւնը հիմնականում գիտակից մշակութային յեղափոխութեամբ է կենսագործւում: Խնդիրը ձևակերպում ես որպէս դրական պահանջատիրութիւն և բողոք, մշակում ու պատկերացնում ես արմատական էական այլընտրանքային լուծումը և յետոյ դա վերածում զանգուածային ընկալման, համակրանքի ու գործունէութեան: Սա մտքի ու գաղափարների ուժի կենսագործումն է: Սա է իրական քաղաքականութիւնը: Ես սիրում եմ քաղաքականութիւնը, քանզի այն ինձ համար արուեստ է, մարդկային ու ազգային ազատ, արդար ու սոլիտար համակեցութեան  ստեղծագործ ու ներդաշնակ օրկեստրաւորումը:

– Ոևէ թեկնածուի կողմի՞ց:

– Գաղափարների մակարդակում հսկայական բաց կայ: Մնացել է պաշտօնական իշխանութեան կուսակցութիւնը, որը Նժդեհի մասին ֆիլմ է նկարում, 7 միլիոն տոլար է մսխում, որ իր արժեհամակարգը, իր պատկերացրած հերոսի մոտելը թելադրի:  Միւս թեկնածուներին էլ արդէն 20 տարի ճանաչում ենք: Միայն Անդրիաս Ղուկասեանն է նորութիւն. նա ծայրայեղ միջոցի է դիմել, որ ընտրութիւնների կեղծիքը  քօղազերծուի, և սահմանադրական կարգի հաստատման պահանջ է դրել:

Միայն ծրագիր գրելով չէ, այլև կարևոր է` իրականում այդ առաջարկուած ծրագրերի ու գաղափարների կրողը լինել և նրանք վերածել զանգուածային ընկալման ու համակրութեան: Մարդը պիտի տեսնի ու վստահի, որ այդ ծրագրերը կարող են իր, իր ընտանիքի, հասարակութեան, պետութեան ներկան ու ապագան փոխել: Քաղաքականութեան մէջ, ինչպէս որևէ բանում, մարդը պէտք է կարողանայ երազել և վստահել, իսկ եթէ ոչ երազում է և ոչ էլ կայ մէկը, ում ինքը կը վստահի, սկսւում է ապատիան: Ժողովուրդը մնում է այն բացասական պատկերներով, որ ոչինչ չի փոխուելու, ամէն բան կանխորոշուած է, ինքը գործիք է ու զոհ. սա ներարկուել է տարիներ շարունակ: Մենք չենք կարող մեր ժողովրդից որևէ բան ակնկալել, եթէ մեր քաղաքական և պետական էլիտան դրա կրողը չէ: Իւրաքանչիւր երկրում առողջ սերուցքը պէտք է կարողանայ գեներացնել մտքերը, երազները, պատկերացումներն ու իրականացման ուղիները:

– Ըստ էութեան, խորհրդարանական մոտելին անցնելու կողմնակից էք, բայց արդեօք այս քաղաքական թիմը խորհրդարանականի դէպքում կարող է փոփոխութիւն իրականացնել:

– Չէ, չի կարող, մինչև մեր քաղաքական և քաղաքացիական դաշտը չբիւրեղանայ: Հիմա բիւրեղացման պրոցես է ընթանում, բայց կեղտը շատ է: Նախ պէտք է այդ կեղտը մաքրուի, վերափոխուի, որովհետև եթէ չվերափոխուեց, այդ կեղտը կարող է հանգեցնել աւելի լուրջ իրավիճակների, և այդ համակարգափոխութիւնը վիժի և նոր քրէաօլիկարխիկ ներկայ համակարգի նման մի այլ հրէշ համակարգ վերարտադրուի:

Բայց խոստումնալից է նոր սերունդը, որը տակաւին պէտք է աշխատի իր վրայ, Մաշտոցի պուրակի դէպքում այդ պրոցեսը սկսուեց, յետոյ սկսեց դանդաղել, որովհետև իրենք սկսեցին վերարտադրել և յենիլ աւագ սերնդի վրայ, ինչը մենք հիմա տեսնում ենք: Այսինքն՝ իրենք պրոցես չեն տանում, սա է խնդիրը: Եւ պէտք չէ շատ մեծ քանակ, կարևորը` ունենանք խտացուած դրական մտքի ու գաղափարների ձևակերպում ու շրջանառութիւն. ժողովրդին ոչ թէ կեղծ յոյսեր պէտք է ներշնչել, այլ ցույց տալ, որ իրականութիւնը կարող է լինել աւելի լաւը, որ ինքը գործօն է, այլ ոչ գործիք: 21 տարի է, որ սիստեմաթիկ գալիս են և ասում՝ ես եմ քո փրկիչը, նա վատն է, ես աւելի լաւն եմ: Իսկ ժողովուրդը տարիներ շարունակ նստած սպասել է՝ ով կու գայ  իրեն փրկի: Ինչպէս ընտանիքի մեջ, այնպէս էլ համազգային քաղաքականութեան մէջ, նոր սերունդ պետք է գայ: Կարևորը` ինչ համարձակութեամբ, ինչ արժեհամակարգով և ինչ ստեղծագործականութեան ներուժով ու ուժով է գալիս այդ սերունդը: 

Փոփոխութիւններ տեղի են ունենում և տեղի են ունենալու թէ ներքին, թէ արտաքին կեանքում: Խնդիրը՝ մենք ինչպէս ենք տեսնում մեր դերը, մենք հանքարդիւնաբերական երկի՞ր ենք ուզում դառնալ, թէ՞ ուզում ենք մտաւոր ներուժի ու նոր թեխնոլոկիական առանցք ստեղծել, որի ներուժը մենք ունենք և որը ճիշտ օգտագործման դէպքում ուժ կը դառնայ: Իմ համոզմամբ, Հայաստանի արժէքը հանքարդիւնաբերութեան կամ արդիւնաբերութեան թունաւոր ստամոքսապաշտութեան մէջ չէ: Ստամոքսը կը լեցնենք առողջ գյուղատնտեսութեամբ: Ինձ համար Հայաստանը և հայ ժողովուրդը հոգևոր-մշակութային խաչմերուկներից են եղել և վերականգնելու են այդ դերն ու կարգավիճակը: Ես այս գործին եմ լծուած:

Սիրանոյշ Պապեան
09:44 12/02/2013

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here