ՏԷՐ ԿԱՆԳՆԵՆՔ ԽԻՂՃԸ ՉԿՈՐՑՐԱԾ ԱՏՐՊԷՅՃԱՆՑԻՆԵՐԻՆ

0
173

Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած թուրք մտաւորական, «Բելգէ» հրատարակչութեան սեփականատէր Ռագըփ Զարաքօլուն Ադրբեջանում հայկական ջարդերի մասին «Քարէ երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիի նկատմամբ իշխանութիւնների կողմից սանձազերծուած զանգուածային հետապնդումների կապակցութեամբ հանդէս է եկել «Տէր կանգնենք խիղճը չկորցրած ադրբեջանցիներին» հրատապ կոչով:
«Արմէնպրես»ը ներկայացնում է Թուրքիայի Մարդու իրաւունքների եւ Հասարակութեան պատմութեան հիմնադրամի համահիմնադիր, Միջազգային PEN կազմակերպութեան Թուրքիայի կենտրոնի անդամ, Թուրքիայի գրողների արհմիութեան անդամ, Թուրքիայի հրատարակիչների միութեան եւ Հրատարակութիւնների ազատութեան միջազգային հիմնադրամի յանձնաժողովի անդամ, Շուէդիայի խորհրդարանի անդամների եւ GIT-ի Ֆրանսիայի բաժանմունքի Խաղաղութեան Նոբելեան մրցանակի թեկնածու Ռագըփ Զարաքօլուի կոչը, որը հրապարակել է թուրքական aykiridogrular.com լրատուական կայքը:
«Խիղճը մարդկութեան կարեւորագոյն արժանիքներից է: Խիղճ ունեցողներ, ուղղամիտներ, ճշմարտախօսներ… Ինչ անուն ուզում էք տուէք, ի վերջոյ դրանք են հանդիսանում ցանկացած ժողովրդի եւ երկրի իրական հպարտութիւնը: Իսկ կացին բռնողները՝ երբեք: Ադրբեջանցի մի գրող, ով պէտք է դառնար սեփական երկրի պարծանքը, վերջին օրերին յայտնուել է մահուան սպառնալիքի առաջ: Եւ այդ սպառնալիքի աղբիւրն անձամբ այդ յետխորհրդային երկրի աւտորիտար նախագահն է: Նա գրողին զրկել է պետութեան կողմից շնորհուած «Ժողովրդական գրող» կոչումից, նրա ստացած պետական այլ պարգեւներից, անհատական թոշակից, նրա կնոջն ու որդուն հեռացրել են աշխատանքից:
Գրող, սցենարիստ եւ թատերագիր Աքրամ Այլիսլին այն ստեղծագործողներից է, ովքեր իւրացրել են խորհրդային մեծ գրող Մաքսիմ Գորկու քարոզած ժողովուրդների բարեկամութեան փիլիսոփայութիւնը՝ դեռեւս Մոսկուայի Մաքսիմ Գորկու անուան Գրականութեան ինստիտուտում սովորելու տարիներին: 75ամեայ Այլիսլին բազմաթիւ յօդուածների, պատմուածքների, սցենարների եւ վէպերի հեղինակ է, 2005 թ.ին ընտրուել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւոր: Գրական ասպարէզ է մուտք գործել 1959 թ.ին հրատարակած բանաստեղծութիւնների գրքոյկով: Բազմաթիւ ստեղծագործութիւնների հեղինակը ադրբեջաներէն է թարգմանել Գաբրիէլ Գ. Մարկեսի, Տուրգենեւի, Չինգիզ Այթմաթովի եւ այլոց ստեղծագործութիւնները: Նրա հեղինակած սցենարով ներկայացումներ են բեմադրուել նախկին խորհրդային բազմաթիւ քաղաքներում, այդ թւում՝ Երեւանում:
Այն, ինչին ժամանակին նման կերպ մենք ականատես էինք եղել Մարաշում եւ Սեբաստիայում, այսօր նրա տան մօտ է կուտակւում գրողին լինչի դատաստանի ենթարկելուն պատրաստ խաժամուժը: «Վերցրու կացինդ ու արի», -այս կոչով են նրանք դիմում ադրբեջանցի սպայ Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թ.ին Բուդապեշտում հայրենիք վերադառնալուց 20 օր առաջ կացնով գլխատել է քնած հայ սպայ Գուրգէն Մարգարեանին, որի հետ նա համատեղ մասնակցում էր ՆԱՏՕի‘ «Գործընկերութիւն յանուն խաղաղութեան» ծրագրի շրջանակում կազմակերպուած դասընթացներին:
Երբ 2009 թ.ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրուել էին յարաբերութիւնների կարգաւորմանն ու սահմանների բացման ուղղուած արձանագրութիւնները, մի շարք ադրբեջանցի պատգամաւորներ շտապել էին մեկնել Անկարա եւ հանդիպումներ ունեցել Թուրքիայի խորհրդարանի խօսնակ Քեօքսալ Թօփդանի, գլխաւոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութեան առաջնորդ Դենիզ Բայքալի եւ Ազգայնական շարժում կուսակցութեան նախագահ Դեւլեթ Բահչելիի, ինչպէս նաեւ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան պաշտօնեաների հետ եւ յաջողացրել խափանել Արձանագրութիւնների վաւերացումը: Ահա, այդ ադրբեջանցիների շարքում էր նաեւ Մալահաթ Իբրահիմգըզըն, որն Ադրբեջանի խորհրդարանում ունեցած իր ագրեսիւ ելոյթում յայտարարել էր, որ «իր այս քայլով Այլսիլին վիրաւորանք է հասցնում ոչ միայն ադրբեջանցիներին, այլ ամբողջ թուրք ազգին»՝ սրանով փորձելով լինչի դատաստանի արշաւը տեղափոխել նաեւ Թուրքիա: Ադրբեջանի խորհրդարանում նոյնիսկ գրողին ԴՆԹ (ծինային-Խմբ.) փորձաքննութեան ենթարկելու եւ Ադրբեջանի քաղաքացիութիւնից զրկելու կոչեր են հնչել:
Եւ այս բոլորի համար առիթ է հանդիսացել 75ամեայ Աքրամ Այլիլսիի «Stone Dreams» (Քարէ երազներ) վէպը, որը լոյս է տեսել ռուսական «Դրուժբա նարոդով» (Ժողովուրդների բարեկամութիւն) գրական հանդէսում: Այն նոյնիսկ ադրբեջաներէն չի հրատարակուել: Այն բանից յետոյ, երբ այս մասին տեղեկացան մամուլում, գազազած ամբոխը հաւաքուել է գրողի տան առջեւ եւ սկսել այրել նրա գրքերն ու ճակատին խաչ պատկերուած նկարները, վանկարկելով՝ «ամաչիր, դաւաճան» կարգախօս:
Վէպի թեման երկու ադրբեջանցի տղամարդկանց պատմութիւնն է, ովքեր փորձում են բռնարարքներից պաշտպանել իրենց հայ հարեւաններին: Բարեխիղճ ինքնաքննադատութեան սահմաններում գրողն անդրադառնում է նաեւ Սումգայիթում եւ Բաքւում տեղի ունեցած հայկական ջարդերին, որոնք հայ-ադրբեջանական յարաբերութիւններում թշնամանքով լի մի ժամանակշրջանի սկիզբ հանդիսացան: Իրականում այս վէպն աւարտուել է 2007 թ.ին, սակայն, միայն հինգ տարի անց այն հրատարակուել է ռուսերէնով:
Հետաքրքիր է, որ համարեա միաժամանակ հայ գրողներից մէկը նոյնպէս խղճի տեսանկիւնից անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտութեանը եւ արժանացել Ադրբեջանի Հանրապետութեան մրցանակին: Գրողների միութիւնը, որի անդամն էր հանդիսանում այս գրողը, վերջինիս դատապարտել է այդ մրցանակը ստանալու (այլ ոչ թէ պատմուածքը գրելու) համար, գրողն էլ, ի նշան բողոքի, դուրս է եկել կազմակերպութեան շարքերից: Սակայն, նրա դէմ ատելութեամբ լի կարգախօսներով հալածանքներ չեն կազմակերպուել, ինչպէս դա այժմ արւում է Բաքւում:
Հրապարակախօս Սարգիս Հացպանեանը նշում է, որ հայ գրող Լեւոն Ջաւախեանը 2008 թ.ին յայտարարել է, որ ադրբեջանցիներն իր թշնամին չեն, եւ հրատարակել է իր «Քիրվա» պատմուածքը: Իսկ Աքրամ Այլիսլին, ով 5 տարի անց Լեւոն Ջաւախեանի պէս հնչեցրել է «հայերն իմ թշնամին չեն» կարգախօսը, այժմ կանգնած է լինչի դատաստանի սպառնալիքի առաջ: Ի պատասխան Արեւմուտքից եւ Ռուսաստանից ստացուած հրաւէրների, Աքրամ Այլիսլին հպարտ կեցուածք է ընդունում եւ յայտարարում. «Սա իմ հայրենիքն է եւ ես չեմ պատրաստւում լքել այն»:
Կոչ եմ անում միջազգային հանրութեանը, Թուրքիայի եւ Ադրբեջանի ժողովրդավարական ուժերին համախմբել իրենց ջանքերը Աքրամ Այլսիլիին պաշտպանելու գործում եւ թոյլ չտալ, որպէսզի կրկնուի Հրանտ Դինքի սպանութեան պատմութիւնը»:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here