ՌԱՖՖԻ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՊԻՏԻ ՉԸԼԼԱՆ ԱԶԱՏ

0
117

Հայաստանի նախագահութեան թեկնածու Ռաֆֆի Յովհաննէսեան դիտել  տուած է, որ արդէն ակնյայտ է, որ 18 Փետրուարին կայանալիք նախագահական ընտրութիւնները ազատ ու արդար պիտի չըլլան։
«Դուք կարող էք ինձանից ակնկալել, որ հինգ տարի յետոյ մենք կ՛ունենանք մեր առաջին ազատ, արդար ընտրութիւնները մեր նորագոյն պատմութեան ընթացքում: Այս անգամ արդէն ակնյայտ է, որ ազատ, արդար չէ, բայց դա չի նշանակում, որ ես հրաժարւում եմ պայքարից», յայտարարած է ան՝ Էջմիածին քաղաքին մէջ կայացած իր նախընտրական հանդիպման ընթացքին։
14 Փետրուարին Յովհաննէսեանի ընտրարշաւը Արմաւիրի մարզին մէջ էր: Էջմիածին քաղաքէն բացի ան նաեւ այցելած է շրջակայ գիւղերը: Մուսա Լեռ գիւղին մէջ Ժառանգութեան ղեկավարը կրկին անդրադարձած է իշխանութիւններուն կողմէ վարչական պաշարներու չարաշահման՝ յայտնելով, թէ անիկա կ՛օգտագործուի Սերժ Սարգսեանի վերընտրուիլը ապահովելու համար:
«Ամենալաւ լուծումը կը լինէր, որ թէկուզ հինգ օր ընտրութիւնից առաջ յարգելի նախագահը ետ կանչէր իր մարզպետներին, իր քաղաքապետերին, գիւղապետերին, հրամանատարներին, բոլոր տեսակի պետերին, ովքեր ներկայ դրութեամբ փորձում են ժողովրդին վախեցնել, սպառնալ, կաշառել: Երէկ ես Լոռու մարզում էի, եւ հէնց Ալաւերդիի քաղաքապետարանում կար Հանրապետական կուսակցութեան շտաբ-կայանը: Այնտեղ նստած էր մարզպետը, թէկուզ արձակուրդի մէջ: Մտայ, բարեւեցի, բարի ընտրութիւն մաղթեցի, բայց հէնց այդ մուտքի մօտ շարուել էին տասնեակ գիւղապետերն, որոնք չէին գնացել Վանաձոր, որտեղ մարզպետի պաշտօնակատարն էր նստում, այլ գնացել էին Ալաւերդի՝ կուսակցական շտաբ», յայտնած է Յովհաննէսեան:
Ըստ թեկնածուին, ակնյայտ է, որ խուճապ կայ իշխանական ճամբարին մէջ, որովհետեւ «անկանխատեսելի ձեւով հայոց ոգին ժայթքում է»:
«Ես առաջարկում եմ, որ իշխանութիւնները յարգեն այդ ժայթքումը, ոչ թէ խեղդեն», շարունակած է Ռաֆֆի Յովհաննէսեանը. «Տեղ գիւղում, Եղվարդում, երէկ Ապարանի հիւանդանոցում դրուած են մի յայտնի թեկնածուի՝ պարոն Սարգսեանի դիմանկարը եւ քարոզչական նիւթերը: Ապարանի այդ հիւանդանոցում, որ պէտք է հիւանդներին սպասարկեն՝ թէ դրսում, թէ ներսում կայ մի թեկնածուի նկար եւ դա հազարաւոր տեղ կ՛այ: Մենք արդէն ապացոյցներ ունենք, որ Երեւանի քաղաքապետարանում եւ դպրոցներում ուսուցիչներին ուղղորդում են, մենք ունենք ահազանգեր, որ նաեւ զինուորներին այդպիսի ուղղութեամբ են տանում: Ես գիտեմ, որ գիւղապետերը գնում են ոչ թէ իրենց գործը անելու համար, այդ կուսակցական գրասենեակ են գնում: Այստեղ գոյութիւն ունի հարիւր տարբեր տեսակի Ուոթրըրկէյթ եւ այդ Ուոթրըրկէյթերը մենք պէտք է միասին ջրի երես հանենք»:
«Հինգ օր անց մենք ունենք մեծ որոշում, թէ ինչպիսի Հայաստանում պիտի ապրենք: Ամէն մէկը Հայաստանում տեղ ունի, եթէ յարգի օրէնքը», Էջմիածինի մէջ յայտարարած է Ռաֆֆի Յովհաննէսեանը

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here