« ՓՈԽՈՒԱԾ ԵՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ, ՓՈԽՈՒԱԾ ԵՄ ԵՒ ԵՍ» ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ

0
108

Հայաստանի նախագահութեան թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսեան նախընտրական քարոզարշաւի ծիրին մէջ կատարած իր մարզային այցելութիւնները եզրափակած է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքին մէջ: Աշտարակցիները զայն դիմաւորած են «նախագահ» բացագանչութիւններով:
Իր խօսքին մէջ նախագահը նշած է, որ կը յիշէ այն օրը, երբ փոթորկայոյզ Երեւանի մէջ երդուած է երկիրը տանիլ փոփոխութիւններու ուղիով՝ տակաւին չունենալով այն պատկերացումը, թէ ինչ հսկայական պատասխանատուութիւն  ստանձնած է իր ուսերուն։
«Սակայն այլ ելք չունէի, Հայաստանի վէրքերը խորն էին: Ժամանակները փոխուել են, փոխուել է երկիրը, փոխուել եմ եւ ես: Հինգ տարի շարունակ՝ որպէս երկրի գերագոյն հրամանատար, մեր ջահել զաւակներին խրամատ եմ ճանապարհել, եղել եմ նրանց կողքին՝ եթէ ոչ ֆիզիքապէս, ապա հոգով նրանց հետ եմ եղել ամէն օր: Ես իմ գիրկն եմ առել որդեկորոյս հայրերի ու մայրերի, ում զաւակները դեռ պիտի մի-մի օջախի սիւն դառնային, բայց չդարձան, որ չմարի հայոց օջախի ծուխը եւ անսասան մնան երկրի սահմանները», յայտնած է ան։
Սերժ Սարգսեան դիտել տուած է, որ իր հոգիէն մասնիկ մը կը պակսի իւրաքանչիւր զոհուած զինուորին հետ։
«Ես տասնեակ մահերով եմ մահացել մեր որդիների հետ ու կրկին վերածնուել՝ կեանքեր փրկելու համար: Զգացել եմ քաղաքացիական պատերազմի թոհուբոհի մէջ ամէն ինչ թողած սիրիահայ գործարարի ցաւը, նաեւ աշխատանքը կորցրած հայաստանցի շարքային մարդու վիշտը: Փորձել եմ սատարել իւրաքանչիւրին, ով օգնութեան կանչ է յղել, սփոփել նրանց ում կորուստը չեմ կարողացել լրացնել: Փորձել եմ կորուստներին դիմագրաւել մեր յաղթանակներով ու ձեռքբերումներով», յայտնած է Սարգսեան։
Սերժ Սարգսեան ընդգծած է. «Էլ աւելի շատ ցաւում եմ կորուստների ու իմ սեփական սխալների համար, որոնք քիչ չեն եղել»: Բայց եւ այնպէս ան աւելցուցած է, որ իր սխալներուն մասին իրմէ աւելի ոչ ոք գիտէ։
«Մեծագոյն քաջութիւնը երբեք չընկնելը չէ, այլ ընկնելուց յետոյ ամէն անգամ ոտքի ելնելը: Այսօր ամուր կանգնած եմ ձեր դիմաց, ձեր կողքին, ձեր մէջ: Երբեք աւելի վստահ չեմ եղել Հայաստանի ապագայի համար, քան այս պահին: Ես երբեք չեմ խոստացել, որ մեր ճանապարհը հեշտ է լինելու, ես ընտրել եմ դժուար ուղի, բաց մենք ունենալու ենք աւելի արդար Հայաստան: Ճանապարհն անցնելու ենք միասին, ուս ուսի տուած, իրար հանդէպ յարգանքով ու սիրով: Մենք յետդարձի ճանապարհ չունենք», ըսած է նախագահական թեկնածուն՝ աւելցնելով. «Կեցցէ՛ Հայաստանը, որ աշխարհի ամենալաւ երկիրն է»:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here