Վահրամ Տէր-Մաթեւոսեան.« Պէտք է այնպէս անել, որ երիտասարդ գիտնականը լինի ինքնաբաւ ու մրցունակ»

0
202

Երիտասարդ գիտնականի ամպիոն

 

Հայաստանում գիտութեան ոլորտում ստեղծուած իրավիճակի եւ գիտութեան զարգացման հեռանկարների մասին զրոյց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, Հայաստանի ամերիկեան համալսարանի աւագ դասախօս, պատմական գիտութիւնների թեկնածու Վահրամ Տէր-Մաթեւոսեանի հետ:

-Պարոն Տէր-Մաթեւոսեան, ըստ Ձեզ, որոնք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջեւ ծառացած հիմնական խնդիրները։

–Կախուած է այն հանգամանքից, թե երիտասարդ գիտնականն ինչպիսի նպատակ է հետապնդում։ Եթէ նա ցանկանում է միայն գիտութեամբ ու հետազօտութեամբ զբաղուել, ապա նրա համար պահանջուող պայմանները տարբերւում են այն գիտնականից, որը համատեղում է գիտութիւնն ու դասաւանդումը։ Հարկաւոր է հասնել այնպիսի վիճակի, որ երիտասարդ գիտնականը լինի ինքնաբաւ ու մրցունակ, գիտական հաստատութիւնները ստեղծեն ինքնակարգաւորող մեխանիզմներ, գիտական արտադրանքը ապրանքայնացուի և այլն։ Բնականաբար, այս պահանջները խիստ վերացական կը հնչեն, եթէ բարձրագոյն կրթութեան ոլորտում առկայ էական խնդիրները չլուծուեն։ ԲՈՒՀ-երում ուսանողներին չի դասաւանդւում ուսումնասիրութիւնների իրականացման այբուբենը, ինչպէ՞ս կարելի է ամբողջ բեռը թողնել ասպիրանտուրայի վրայ եւ վերջում բարձրակարգ հետազօտութիւն ակնկալել։ Միւս կարեւոր խնդիրը գիտութեան երեւանակենտրոն զարգացման հետեւանքով առաջացած խնդիրներն են։ Մարզային ԲՈՒՀ-երին եւ գիտահետազօտական հաստատութիւններին նուազագույն ուշադրութիւն է յատկացւում, պէտք է լրջօրէն վերանայել այդ մօտեցումը։

-Ինչպէ՞ս էք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆէյսպուքում եւ այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդեօ՞ք գիտնականի միակ գործը չպէտք է լինի բացառապէս գիտութեամբ զբաղուելը։

–Հարցը վկայում է, որ կայ ընկալումների որոշ խեղում։ Գիտնականը նախ եւ առաջ համակարգուած գիտելիքի կրող է, որը սոցիալիզացիայի արդիւնքում դառնում է արժէքներ, սկզբունքներ ու հայեացքներ դաւանող մտաւորական։ Եթէ նա ապրի իր գիրքերի ու հետազօտութիւնների քարանձաւում, ապա, լայն առումով, բացի իր նեղ մասնագիտական շրջանակից ոչ ոք էլ չի տեղեկանայ նրա գիտական ձեռբերումների ու դրանց կիրառման հեռանկարների մասին։ Իրականում կան գիտնականներ, ովքեր հենց այդ սկզբունքն էլ դաւանում են ու դա նրանց իրաւունքն է, բայց ես այլ բանաձեւով եմ գործում։ Եթէ գիտնականի մեջ ամբարւում է աշխարհայեացք, սկզբունքներ և հայեացքներ ու դրանք կիսւում են հասարակութեան հետ, ապա վերջինս դառնում է աւելի խճանկարային, բազմազան, հետեւաբար առաւել ուժեղ։

-Տեսնո՞ւմ էք արդեօք վերջին տարիներին դրական միտումներ գիտութեան կազմակերպման ու խրախուսման հարցում պետական եւ ոչ-պետական կառոյցների մօտեցումների ու գործողութիւնների մէջ։

–Դրանք չնկատել անհնար է, սակայն լայն առումով գիտնականն ունի անտեսուածութեան զգացում։ Կատարւում են քայլեր, որոնք դեռ համակարգային բնոյթ չեն կրում և քանակական առումով բաւարար չեն, թէեւ միւս կողմից, այս փուլում դրանք միտուած են գիտութեան ոլորտում մրցունակութեան բարձրացմանը։ Կարծում եմ՝ դաշտում յստակութիւն մտցնելու առումով պէտք է շարունակել իրականացնել տեխնիկական առումով ճիշտ կազմակերպուած մրցոյթներ՝ գիտական ֆինանսաւորման նպատակային բաշխման և մրցունակութեան բարձրացման նպատակներով։ Ինչպէս նշեցի, պէտք է շեշտակիօրեն փոխել բարձրագոյն կրթութեան և գիտութեան կազմակերպման սկզբունքները, զուտ ֆինանսաւորման աւելացմամբ յառաջընթաց չի լինի։

-Ի՞նչ հիմնական տարբերութիւններ կը թուարկէք Հայաստանում եւ դրսում գիտական աշխատանքով զբաղուելու հարցում։

–Երկար ժամանակ աշխատել եմ արտասահմանում. հանրագումարում մօտ եօթ տարի, որոնք եղել են խիստ կարեւոր՝ իմ մասնագիտական հմտութիւնների զարգացման առումով։ Շատ հանգամանքներ էին տարբերւում՝ սկսած տեխնիկական հնարաւորութիւններից ու խաղի կանոններից, աւարտած մասնագիտական հանրութեան ներգրաւման ինտենսիւութիւնից։

-Ինչպէ՞ս  էք գնահատում ներքին համագործակցութեան մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խումբերի միջեւ։

–Մեր մասնագիտական ոլորտում համագործակցութիւնը բաւականին սերտ է, որն անշուշտ դրական է։ Մշակւում և իրականացւում են բազմաթիւ համատեղ ծրագրեր ու այս առումով կարծես թէ ամէն ինչ հարթ է։ Թէեւ մի կարեւոր խնդիր կայ նաեւ այս հարցում, որն իրականում օպյեկտիւ է. մասնագիտական առումով դաշտը բաւականին փոքր է, և որն էլ մրցակցութեան և գրախօսութեան հարցերում որոշակի սահմանափակումներ է յառաջացնում։

-Ինչպէ՞ս  էք վերաբերում տարատեսակ մրցանակաբաշխութիւններին, որոնք վերջին երկու տարուան  ընթացքում սկսեցին իրականացուել մասնաւոր հիմնադրամների կողմից։

–Նշուած մրցանակաբաշխութիւնները տարբեր նպատակներ են հետապնդել։ Թէեւ նշուած կազմակերպութիւնների կողմից քանիցս արժանացել եմ մրցանակների, սակայն կարծում եմ, որ այդ մրցանակաբաշխութիւնները համակարգային խնդիրներ չեն կարող լուծել։ Փոխարէնը, նրանք նպատակայարմար կը լինէր ստեղծել գիտական հիմնադրամներ և մրցութային հիմունքներով գիտնականներին տրամադրել դրամաշնորհներ։ Վերջին շրջանում նկատուած տարաբնոյթ միջոցառումները տարերայնօրէն էին կազմակերպուած ու պետական օղակների վրայ շատ աւելի զգաստացնող հետեւանք թողեցին։ Օրինակ, ՀՀ Նախագահի կողմից տրամադրուեց 100 միլիոն դրամ. գրեթէ վստահ եմ, որ Նախագահը գնաց այդ քայլին, որպէսզի երիտասարդ գիտնականներին ցոյց տայ, որ նրանց կողմից ներկայացուած խնդիրները միայն ֆինանսներով չեն լուծւում։ Թէ այդ գումարի շրջանակում կազմակերպուած միջոցառումները ինչքանով նպաստեցին գիտութեան զարգացմանը, կարելի է երկար բանավիճել, սակայն դրանց արդիւնաւէտութեան հարցում ես անձամբ ունեմ հարցեր։ Հարկաւոր են համակարգային լուծումներ, դրուագային եւ իրավիճակային ներխուժումները իրավիճակը չեն կարող փոխել։

-Դուք ինքներդ ի՞նչ միջազգային գիտաժողովներում էք ներկայացրել Ձեր աշխատանքները։

–Իւրաքանչիւր գիտնականի համար խիստ կարեւոր է մասնակցութիւնը միջազգային գիտաժողովներին, որոնք գիտնականի համար իւրատեսակ ստուգատես են հանդիսանում։ Դրանց չմասնակցելը, դրանցից հրաժարուելը նշանակում է մնալ այդ ոլորտի զարգացումներից անդին, յայտնուել տեղապտոյտում եւ կղզիանալ։ Դեռ 1997 թուականից ակտիւօրէն մասնակցել եմ հանրապետական ու միջազգային գիտաժողովներին, աշխատաժողովներին, գիտական ֆորումներին, կլոր սեղաններին։ Առաւել ակտիւ եմ եղել սկսած 2004 թուականից՝ Նորվեկիայում ուսումնառութեան տարիներին։ Մասնակցածս գիտաժողովները 60-ից աւելի են եւ դրանք չթուարկելու համար միայն նշեմ, որ այդ միջոցառումները տեղի են ունեցել Ռուսաստանի, ԵՄ-ի, Թուրքիայի և ԱՄՆ-ի լաւագոյն ուսումնական ու գիտահետազօտական կենտրոններում։ Իմ աշխատութիւններում քննարկւում են այնպիսի թեմաներ, ներկայացւում են այնպիսի աղբիւրներ, որոնք հետաքրքրում են ԱՄՆ-ի, Եւրոպայի և Թուրքիայի այն գիտական շրջանակներին, որոնք զբաղւում են հանրապետական Թուրքիայի պատմութեամբ։ Յղումները իմ աշխատանքներին բազմիցս են հանդիպել, ինչը վստահութիւն է ներշնչում, որ իմ գրիչը պահանջուած է։

-Ի՞նչ միջազգային գիտական ծրագրերում էք ընդգրկուած եւ ինչպիսի՞ն է դրա արդիւնաւէտութիւնն ու օգտակարութիւնը։

–ՀՀ ԳԱԱ ԱԻ-ի մեր գիտական խումբը 2004 թ․-ից ի վեր ակտիւօրէն ներգրաւուած է հանրապետական ու միջազգային գիտական ծրագրերում։ Մեզ յաջողուել է ստանալ ֆինանսաւորում՝ շահելով մի շարք գիտական դրամաշնորհներ, որոնք էապես օգնել են մեր աշխատանքային խումբին՝ հետազօտութիւնների իրականացման գործում։ Վերջին շրջանում Արեւելագիտութեան ինստիտուտի ղեկավարութիւնը թարմացնում է նախկինում գոյութիւն ունեցած կապերը, իսկ որոշ դէպքերում էլ նոր պայմանաւորուածութիւններ է ձեռք բերում ՌԴ-ի, ԵՄ-ի, Մերձաւոր Արեւելքի եւ Հեռաւոր Արեւելքի առաջատար գիտահետազօտական հաստատութիւնների հետ։ Իրականացւում են համատեղ ծրագրեր, մշակւում նորերը, այս ամէնը շօշափելի կերպով ազդում է մեր գործունէութեան արդիւնաւէտութեան բարձրացման վրայ։

 

Զրոյցը վարեց Մանէ Յակոբեանը

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here