2013 ԹՈՒԱԿԱՆԸ՝ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԱՐԺԵՒՈՐԵԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՒ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՏԱՐԻ

0
614

ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ  ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Լեզուն իւրաքանչիւր ազգի ինքնակերտման կարեւորագույն գրաւականներից մէկն է, նրա գոյութեան վկայագիրը: Մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակութիւն ունի, ինչպէս հաւատքը, մշակոյթն ու հայ ընտանիքը:

Սփիւռքում հայ ինքնութեան պահպանման համար չափազանց կարեւոր է մայրենիի իմացութիւնը, պահպանումն ու տարածումը: Սա նշանակում է, որ թէ՛ Հայրենիքում, թէ՛ Սփիւռքում լեզուական խնդիրները բազմաթիւ են, որոնց լուծումն անյետաձգելի է:

Այսօր, աշխարհասփիւռ հայութեան միասնականացման ու համազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհին կենսական անհրաժեշտութիւն է դարձել ողջ ժողովուրդի ներուժն ուղղորդել հայոց լեզուի պահպանմանն ու զօրացմանը: Հարկ է, որ հայ ընտանիքում խօսեն միայն հայերեն և այնտեղ իշխի հայեցի դաստիարակութիւնը, զանգուածային լրատուամիջոցները մատուցեն հայոց լեզուի  հարստութիւնն  ու գեղեցկութիւնը, հայ երիտասարդը սովորի և կիրառի հայոց լեզուն, լինի արթուն, գիտակից ու հաւատարիմ իր ինքնութեանը:

Դիմագրաւելով համաշխարհայնացման մարտահրաւէրներին՝ հայոց լեզուն է, որ  պէտք է դառնայ հայ մշակոյթի, ազգային ինքնութեան պահպանման առհաւատեան, համայն հայ ժողովրդի միասնականութեան, համախմբուածութեան գրաւականը:

Փետրուարի 21-ը հայոց պետական տօնացոյցում իր արժանի տեղն ունի, այն  ԵՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչուել է «Մայրենիի Օր»:

ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը իր ստեղծման հենց առաջին օրուանից նպաստում  է Սփիւռքում հայոց լեզուի պահպանութեանն ու տարածմանը, նախաձեռնում է մայրենիին նուիրուած համալիր միջոցառումներ, Հայաստանում և Սփիւռքում, գնահատում ու խրախուսում է մայրենիի նուիրեալներին:

2010 թուականին  ՀՀ Սփիւռքի նախարարութեան և Համաշխարհային հայկական Գոնկրէսի «Հայապահպանութեան գործում ունեցած նշանակալի աւանդի համար» ամենամեայ մրցանակաբաշխութեան շրջանակներում անցկացուել են` «Լաւագոյն հայկական կրթօջախ», 2011 թուականին` «Մայրենիի լաւագոյն ուսուցիչ», «Կտոր մը Հայրենիք» անուանակարգերով մրցոյթներ:

2012 թուականին նախարարութիւնը՝ ՀՀ Նախագահի պահանջով  Հայաստանում և Սփիւռքում նախաձեռնեց  «Տանը խօսենք հայերէն» շարժումը:

2013թ. Փետրուարի 21-ին՝ ժամը 9:00-ին, «Մայրենիի օրուան»  նուիրուած տօնակատարութիւնների շրջանակում   ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը եւ մտաւորականները կ’այցելեն  Օշական, ծաղիկներ կը դնեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, դպրատանը տեղի կ’ունենայ Օշական գյիղի դպրոցի աշակերտների մայրենիին նուիրուած տօնահանդէսը: 

 Ժամը 11:00՝  ՀՀ Սփիւռքի նախարարը կ’այցելի Մատենադարան և ծաղիկներ կը դնի Մաշտոցի յուշարձանին:

Ժամը 12:30՝  ՀՀ ԳԱԱ նախագահութեան նիստերի դահլիճում կը մեկնարկի ՀՀ Սփիւռքի նախարարութեան և ՀՀ ԳԱԱ Հ. Աճառեանի անուան Լեզուի ինստիտուտի հետ համատեղ անցկացուող «Լեզվաքաղաքականութեան արդի խնդիրներ» խորագրով գիտաժողովը, որին կը մասնակցեն անուանի լեզուաբաններ, գրականագէտներ Հայաստանից Արցախից եւ Սփիւռքից (հասցէ` Բաղրամեան 24):

2013 թուականին նախատեսուած է անցկացնել «Մայրենիի Պաշտպան» մրցանակաբաշխութիւնը:

ՀՀ սփիւռքի նախարարութիւնը Հայաստանի Գրողների Միութեան հետ սահմանել է «Մայրենիի Դեսպան» մետալը, որով կը պարգեւատրուեն  Հայաստանում և Սփիւռքում մայրենիի պահպանութեան, տարածման ու զարգացման գործում ունեցած ներդրման համար:

Լիայոյս ենք, որ Սփիւռքի բոլոր կրթօջախները, մշակութային, երիտասարդական կառոյցներն ու լրատուվամիջոցները, աշխուժօրէն կը մասնակցեն մեր նախաձեռնութեանը եւ 2013 թուականը մենք միասին կը դարձնենք հայոց լեզուն արժեւորելու, պահպանելու և սովորելու տարի՝ կազմակերպելով ու իրականացնելով տարաբնոյթ միջոցառումներ, որոնք կը նպաստեն հայապահպանութեանը Սփիւռքում: Այս շարժումը ներդաշնակ է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի կողմից 2013 թուականը «Հայ Մօր Տարի» հռչակելուն, քանզի հայ մայրն է հայ օջախում մայրենին սովորեցնողն ու սրբացնողը:

 

————————————

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here