Ընտրածաղրուծանակ.(նախագահական (ձմեռային) ընտրություններից հետադարձ հայացք դեպի գարուն՝ խորհրդարանական ընտրություններ)

0
233

2012-ի «խորհրդարանական» մայիս: Տղաս ասում է` մա՜մ, որ բակը որ մտնում ես, ասֆալտն են վերանորոգում, ինչ հավե~ս ա… ուրեմն` ամեն գարնան էսքան լավ գործե՞ր են անելու, սրանք կոչվում են գարնանային թարմացումնե՞ր: Ես անորոշ մի ժեստ եմ անում ու արագ թեման փոխում. դե հո չե՞մ դնելու երեխային ժամերով բացատրեմ, որ սրանք կոչվում են ոչ թե «գարնանային թարմացումներ», այլ «նախընտրական կարկատաններ», ու արվում են ոչ թե ամեն գարնան, այլ ամեն չորս տարին մեկ գարնան: Դե ինչո՞ւ միայն՝ նախրնտրական. կարկատաններն ամենուրեք են։ Ասում են՝ Քըրք Քըրքորյանը, երբ անցել է իր տված ահռելի գումարներով կառուցած ճանապարհներով, զարմանքով նկատել է. «Շատ բան տեսած էի, ասֆալտին կարկատան չէի տեսած»։ Բայց մենք գոհ ենք. ավելի լավ է՝ կարկատան, քան՝ փոս։ Իհարկե, լավ կլիներ, որ մի 6 ամիսը մեկ ընտրություն լիներ… բակերը, մուտքերը, վերելակներն ու խաղահրապարակներն ահագին կարգի կընկնեին:

Տեսնես կա՞ էլի մի երկիր, որտեղ «խորհրդարանական ընտրություններ» արտահայտությունը քաղաքացու դեմքին միանգամից ուրախ ժպիտ առաջ բերի. կարծես անեկդոտ լսած լինի: Դե, մեր ընտրություններն անեկդոտի պես մի բան են: Թեև ընտրություններն իրենցից ներկայացնում են ծաղր, բայց դա չի նշանակում, թե թեկնածուներն էլ բարի ու հումորով մարդիկ են: Հումորի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, իսկ բարի նրանք լինում են չորս տարին մեկ. հանկարծ սկսում են անհանգստանալ ժողովրդի վիճակով. թեթևացնում են բնակվարձերի չորս տարվա կուտակված պարտքերը, գումարներ «խաղացնում» մութ-մութ տեղերում, որոնք գրպանում են վստահված անձինք ու հարևաններին «ընկերականով» խնդրում ընտրել իրենց առաջարկած թեկնածուին: Քարոզարշավների ժամանակ մեր թեկնածուները դառնում են երեխա սիրող ու ծեր հարգող. մատաղ սերնդի ներկայացուցիչներից մեկին գրկում ու հետը նկարվում են, կամ անցնելիս շոյում ոտքի տակ ընկնող երեխայի մազերը, ու դա անմիջապես դառնում է գեղեցիկ կադր ու հայտնվում ինտերնետներում, երկար և ուշադիր լսում ոտքի վրա չորացած ծերունու հոգսառատ պատմություններն ու մեծ-մեծ խոստումներ տալիս: Բայց ժողովրդին էլ չե~ս խաբի գեղեցիկ բառերով ու կադրերով: Նա արդեն լա~վ է հասկացել, որ պատգամավորին կարելի է մայր հողի վրա «բռնեցնել» ու մի բան նրանից պոկել մինչև ընտրություն, դրանից հետո միայն անցնող մեքենայի համարներից կարելի է իմանալ, որ իր վստահված անձն անցա~վ տարածքով: Ժողովուդը համ փորձ ունի, համ էլ հայի ճկուն ուղեղ. էլ նա չի գնում քարոզարշավներին, որ լսի ամպագոռգոռ խոստումներ այն մասին, որ եթե ձայն տաք մե~զ, այդուհետև արևը կծագի արևելքից ու մայր կմտնի արևմուտքում… ժողովուրդն էլ «առաջվա Վարսոն չի» ու լավ գիտի, որ ինչ կարգախոս էլ հնչի, ինքն արդեն ունի ի՛ր կարգախոսները, օրինակ` «Ինչ պոկես, նաղդ կպոկես. նիսյայի հետևից մի՛ ընկիր» կամ «Փոխեք, որ հավատանք»: Քարոզարշավների հարցը մի քիչ բարդացել է. գնում են շրջաններ` շքախմբով, միկրոֆոնով, կամերայով-բանով… ու զանգվածն ապահովում են մի քանի թոշակառու և մի-երկու տնային տնտեսուհի… էլ մարդ չկա: Ի՞նչ անել: Մի՛ անհանգստացեք. դրան ճար կա. ասում են` որոշ պատգամավորներ քարոզարշավի գնալիս հետները տանում են 1-2 ավտոբուս ժողովուրդ, որ իրենց ծափ տան ու նկարներում էլ մարդկանց քանակ լինի: Բայց դե հո բոլորը չեն, որ կարողանում են տանել. կան, որ դեռ չեն հասցրել լավ «պնդանալ» և ուժները էդքանի դեռ չի պատում: Բայց դրան էլ ուրիշ ճար կա…: Ասում են` մի երեխա թերթի նկարները նայելիս հանկարծ նկատում է, որ իր սեփական տատը քարոզարշավի ժամանակ, ա~յ քեզ բա~ն, միևնույն թեկնածուի նույն օրվա նույն նկարում չո~րս տեղ է կանգնած, վա՞յ, հրա~շք. հարևան Օֆիկ տոտան, որ տատիի հետ էր գնացել, էլի չորս տեղ է կանգնած… բայց դե ինչ հրաշք կա՞ որ. մի-երկու կոպեկ են տվել «կոմպյուտերշչիկին» ու «copy-paste»-ով քանակ ապահովելու հարցը լուծել:

Ու ամեն տարի` նույն բանը:

Բայց, չէ՛. այս տարի մի լուրջ կետ է ավելացել նախընտրական համարյա բոլոր կուսակցությունների ու անհատ-պատգամավորների խոստում-ցանկերի կետերին` գիտության ֆինանսավորման ավելացման հարցը: Փաստորեն, գիտնականներն էլ «շուստրիացան»: Տեսան, որ համեստությունը փոր չի կշտացնում, որոշեցին գործել, դե գիտնականներն էլ հո լա~վ գիտեն գործել. պարզ չի՞, որ նրանց ուղեղն ավելի ճկուն է, քան սովորական քաղաքացունը: Ուրեմն` մեկ-մեկ բոլոր կուսակցություններից «նախընտրական խոստումներ» են կորզել, որ գիտության ֆինանսավորման հարցը պիտի գտնվի կարևոր տեղում, թե չէ, գիտե~ք, հա~. չենք ընտրի: Ամեն ինչ կարգին է առայժմ. համապատասխան խոստումները կան համարյա բոլորից, միայն մի հարցում են դժվարանում գիտնականները: Ախր ինչքան էլ «շուստրիանան», էությամբ ինտելիգենտ մարդիկ են ու միշտ չէ, որ կարողանում են մականունավոր-գողական պատգամավորացուների հետ նույն լեզվով խոսել ու իրենց «ճիշտը ճշտի մեջ» ներկայացնել: Երբեմն այդ պատճառով լինում են անհամ պատմություններ, ու գիտնականը, գնալով տուն, գիտությունը թողած, սկսում է «ուսումնասիրել օրենքներ», թե դիցուք, պատգամավորության թեկնածուին «մոտիկանալու» ու խոսքն սկսելու ո՞ր մեթոդն է ավելի ճիշտ կիրառեի:

Այստեղ հարկ է նշել, թե ով կարող է դառնալ պատգամավոր ու ոնց է «առաջանում» թեկնածուն: Առաջներում կոմսոմոլ կամ կոմունիստ դառնալիս հարց էին տալիս` ով կարող է ընդունվել կոմերիտմիության կամ պարտիայի շարքերը, ու պատասխանը մոտավորապես այսպիսին պիտի լիներ` ով ընդունում է կոմունիստական երկրի օրենքներն ու կնպաստի երկրի կառուցման սրբազան գործին: Այսօր պատգամավոր դառնալու պարագայում լրիվ ուրիշ արժեքներ են պետք. առնվազն պետք է ունենալ նյութական մեծ կարողություն, հետևաբար` «ավտարիտետ», հետևաբար` «հարգող կռուգ»: Եթե կա փող և «կռուգ», ուրեմն կա նաև «քո ճիշտն» ասելու վստահություն: Եթե կա շա~տ փող ու մե~ծ «կռուգ», ուրեմն «քո ճիշտը» կարող ես ասել խորհրդարանում, հետևաբար, կարող ես լինել պատգամավոր:

Անցել են այն ժամանակները, երբ պարտադիր պայման էր` խորհրդարանում ունենալ ներկայացուցիչներ բանվոր դասակարգից. առաջնակարգ կթվորուհիներ, կոմբայնավար-տրակտորիստներ ու կոլտնտեսականներ, որոնք հիմնականում ունեին գրագիտության շատ ցածր աստիճան: Բայց նրանք, ի տարբերություն այսօրվա ժառգոնախոս մականունավոր պատգամավորների, ունեին գոնե համեստություն և սրտի խորքում հասկանում էին, որ պետության վարած քաղաքակության շնորհիվ է, որ հայտնվել են խորհրդարանում:

            Քանի որ այսօրվա մականունավորների «պորտը պնդացել է» ռեստորաններում, հետևաբար, կյանքը ցույց տվեց, որ նրանց «ավտարիտետները» ռեստորանային երգիչների մակարդակի, կամ նրանցից մի աստիճան ցածր կանգնած մեր այսօրվա շոու–բիզնեսի ներկայացուցիչներն են՝ «աստղերը», որոնց անցած տարի պատվեցին բնակարաններով` առաջացնելով մեծ զայրույթ հասարակության մեջ: Հիմա հայտնվել են շատերը, որոնց կյանքն ավելի հեռատես դարձրեց, և որոնք որոշել են բարեգործի  իրենց անունը կապել ոչ թե երգիչների այլ գիտնականների հետ` օգտագործելով առիթը, որ գիտության ֆինանսավորման խնդիրն այսօր ամենամեծ հնչեղություն ունեցողն է: Հետաքրքիր է նաև, թե ինչ հասարակական ալիք կբարձրանար, եթե հայ երգարվեստի կարկառուն դեմքերի փոխարեն բնակարաններ նվիրեին, ասենք, աշխարհին արդեն ինչ-որ բան ասած մեր գիտնականներին: Հավանաբար` ո՛չ վատ: Ինչքան էլ փչանա երկիրն ու կյանքը, գիտնականներն այն մարդիկ են, որոնց հանդեպ ներքին հարգանքը պահպանվում է… և այսօր ինչքան էլ հետամնաց լինի մեր պետությունը, միևնույնն է` գենետիկորեն մենք գիտություն ու գիտելիք հարգող ազգ ենք:

            Ուրեմն` ժողովուրդը հավանաբար դժգոհ չէր մնա, եթե նախընտրական կարկատանների ու նախընտրական խոստումների մեջ տեղ գրավեր նաև գիտության ֆինանսավորման խոստումը, ավելին` նա հաստատ կողմ կլիներ, քանի որ ամեն մեկն էլ հասկանում է, որ միայն գիտության զարգացումը կփրկի մեզ այս ծաղրուծանակից:

 

Մանե Հակոբյան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here