Մ. Տեր-Գուլանյան. Ղարաբաղյան շարժումն այնքան ամուր էր նստած ժողովրդի մեջ, որ երկրաշարժը չզսպեց անկախության ցանկությունը

0
423

Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձն է: Շարժման սկզբնավորման, ինչպես նաև 80-ականների վերջերին ու 90-ականների սկզբներին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց գրող, հրապարակախոս, Մերուժան ՏերԳուլանյանի հետ: Մ. ՏերԳուլանյանը 1986-1990 թվականներին զբաղեցրել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը, որը լինելով 103 հազար տպաքանակ ունեցող ամսագիր, «մտնում էր յուրաքանչյուր հայի տուն» և հանդիսանում էր շարժման գաղափարախոսության տարածման հիմնական հարթակը:

Պարոն ՏերԳուլանյան, ինչպե՞ս սկսվեց ղարաբաղյան շարժումը, որն այնքան մեծ դերակատարություն ունեցավ հայ ժողովրդի պատմության մեջ:
-Եթե չեմ սխալվում, կիրակի օր էր: Ես այդ ժամանակ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն էի, սովորություն ունեմ կիրակի օրերին տանից դուրս չգալ, դա իմ օրն է: Բայց այդ անգամ ընկերներիցս մեկը զանգահարեց, եթե չեմ սխալվում Մանասյան Գագիկը, որն աշխատում էր կոմերիտմիության կենտկոմում, և ասաց` գիտես, ժողովուրդը Աբոյանից ցույցով իջնում է քաղաք: Ես բնականաբար, արագությամբ դուրս եկա տնից: Հետաքրքիր էր` ի՞նչ ցույց է դա: Պարզվեց, դա ընդամենը Աբովյանում կառուցվող գազապահեստարանների դեմ իրականացվող էկոլոգիական ցույց էր: Ես Բաղրամյան փողոցում տեսա այդ ակցիան: Հրաշալի երիտասարդություն էր հավաքված: Նրանք Հայաստանը բնապահպանական աղետից ետ պահելու վերաբերյալ արտահայտություններ էին վանկարկում: Փետրվար ամիսն էր: Ոստիկանությունը նրանց պահեց` չթողնելով, որ կուսկենտկոմ (հիմիկվա Ազգային ժողովի շենքն էր) հասնեն: Եվ, այսպես ասած` սկսվեց:

Մի քանի օր անց ցույցը վերակենդանացավ և ցուցարարների միջից եղան մարդիկ, որ գոռացին` Ղարաբաղը մերն է: Արդեն չէին խոսում գազապահեստարանների մասին, Ղարաբաղ անունը տվեցին և ամբողջ ժողովուրդը բռնկվեց Ղարաբաղով:

Թող ինձ ներեն, ես որևէ բան չեմ չափազանցում, իմ անձի հետ չի կապված, այլ կապված է «Գարուն» ամսագրի մտածելակերպի հետ: Հայաստանից վերջին մտավորական պատվիրակությունը, որ Ղարաբաղում եղավ, երևի թե Գարունի խմբագրությունն էր` ամբողջ կազմով եղանք Ղարաբաղում: Գարունն իր տարիների ընթացքում մի տեսակ նախապատրաստում էր ղարաբաղյան խնդիրը:

Ինչպե՞ս էր նախապատրաստում, ովքե՞ր էին տպագրվում Գարունում, ի՞նչ տեսակ նյութեր էին տպագրվում:
-Մի անգամ, երբ մարշալ Բաղրամյանը Մոսկվայում հիվանդանոցում բուժվում էր, ես հեռախոսազրույց ունեցա նրա հետ, ասեցի` ուզում եմ Ձեր գրքից մի հատված տպել` Նախիջևանի և Ղարաբաղի առիթով, սկզբունքորեն դեմ չե՞ք: Ասեց` չէ, բոլորովին: Այդ շրջանում Գարունը տպագրում էր նաև բազմաթիվ ղարաբաղցի բանաստեղծների, գրողների, որոնց աշխատանքերի ենթատեքստը Ղարաբաղն անկախ տեսնելն էր:

Տեսեք ընդհանուր մամուլի և «Գարունի» նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի տարբերությունը: Երբ ցուցարարները դեպի մամուլի շենք էին գնում, բղավում էին` ամո´թ մամուլին, ամո´թ մամուլին, բայց երբ հասնում էին «Գարուն» ամսագրի շենքին, որը քաղաքապետարանի կողքի շենքն էր, ակցիան վարողն ասում էր` անցնում ենք Գարուն ամսագրի մոտով, փա~ռք գարուն ամսագրին: դա մեծագույն պատիվ էր բոլոր աշխատողներիս համար, որ Գարունն առանձնանում էր բոլորից:

Ղարաբաղյան շարժումն սկսվեց տարերայնորեն: Երբ Ազատության հրապարակում ուսանողները նստացույց էին անում, ես առաջինն էի, որ գնացի և ուսանողների հետ նստացույցի նստեցի: Այս ամենին Ղարաբաղն անմիջապես արձագանքեց, և ցույցեր սկսվեցին նաև Ղարաբաղում: Սկզբնական շրջանում Ղարաբաղում ցույցերը շատ ավելի ակտիվ էին, քան Երևանում: Ղարաբաղի մարզկոմիտեն որոշում կայացրեց` Ղարաբաղը միացնել Հայաստանին: Այն ժամանակ Ղարաբաղի ղեկավարը Գևորգովն էր: Հայ մարդ էր, բայց բացարձակ չէր ուզում խառնվել այդ գործերին: Չասեմ` ադրբեջանամետ էր, ուղղակի կուսակցական մարդ էր, խորհրդային մարդ էր, երևի նաև` վախկոտ: Բայց Ղարաբաղում եղան մարդիկ, ովքեր կարողացան կազմակերպել ժոովրդի շարժումը, օրինակ` Մանուչարովը… Եվ այդպիսի մարդիկ եղան նաև Հայաստանում: Քանի գնում, միտինգը Երևանում հորձանք էր տալիս, մարդիկ միտինգով էին ապրում:

Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը ո՞ր պահից մասնակցեցին այդ ամենին:
-Վանո Սիրադեղյանը սկզբնական շրջանում մասնակցություն չուներ, իսկ Վազգենը ի սկզբանե մտավ այդ գործի մեջ: Վանոն միացավ, երբ Ղարաբաղ կոմիտեն ստեղծվեց:

Ինչպիսի՞ն էր Վազգեն Սարգսյանի գործունեությունը Գարունում:
-Գարուն էր, ես նոր էի գլխավոր խմբագիր դարձել: Վազգեն Սարգսյանը մի պատմվածք էր բերել «Գարուն», ես այնտեղ չէի, գործավարուհու մոտ թողել-գնացել էր: Պատմվածքը կոչվում էր «Լիպո»: Գործավարուհին տվեց, կարդացի պատմվածքն ու հիացա: Բայց չէինք կարողանում գտնել այդ տղային: Ո՞վ է այս տղան, Վազգեն Սարգսյանն ո՞վ է: Այդ ժամանակ ես գարուն էի հրավիրել աշխատելու Տիգրան Պասկևիչյանին և Արմեն Դավթյանին, որոնք երիտասարդներն էին, հարցրեցի` ճանաչո՞ւմ եք, ասացին` մենք էլ չենք ճանաչում: Այն ժամանակ Նինայի «Պոպլովոկում» էինք նստում, որտեղ մոխրամանները թիթեղից էին ու մեխած էին սեղանին, որ չգողանան-տանեն, հատուկ կոտրված էին սուրճի բաժակների պոչերը, որ էլի չտանեն: Մի օր հերթական շամպայն խմելու ժամանակ տղանեից մեկը մոտեցավ ինձ և ցույց տվեց, թե` Վազգեն Սարգսյանն այն տղան է: Այն ժամանակ Վ. Սարգսյանը մորուք չէր թողնում: Տեսա` կամային ծնոտով, երիտասարդ հմայիչ մի տղա: Մենք այդտեղ ծանոթացանք: Ասեցի` այ տղա, պատմվածքը բերել-թողել ես, դու ո՞ւր ես, հեռախոս էլ չես թողել: Ասեց` չունեմ հեռախոս: Ասեցի` վաղը կգաս Գարուն: Հաջորդ օրը նա եկավ: Հարցրի` ի՞նչ ես անում, ասեց` ցեմենտի գործարանի կոմսոմոլի քարտուղարն եմ, նոր եմ ավարտել ֆիզկուլտինստիտուտը: Ասեցի` կուզե՞ս Գարունում աշխատել: Ասեց` իհարկե: Ես նրան հրապարակախոսական բաժնի վարիչ առաջարկեցի, որին նա սիրով համաձայնեց:

Խայտառակ պարտաճանաչ տղա էր: Ամեն օր առավոտից գալիս էր գործի` ճշգրիտ ժամը 10-ին: Մեքենա չուներ, ամեն օր ընկերներն էին բերում: Վազգենի հետ ընկերությունը սկսվեց այդպես: Առաջին հոդվածնեըից մեկը Մեղրիի մասին էր, որը հիմա էլ կարելի է տպել, երկրորդ հրապարակախոսական հզոր հոդվածը Ջավախքի մասին էր:

Մենք Վազգենի հետ մի քանի անգամ գնացել ենք Ջավախք զինամթերք բերելու: Նաև դեպք է եղել, որ համապատասխան կառույցների կասկածները ցրելու նպատակով իմ մտերիմ աղջիկներից մեկն է ուղեկցել մեզ: Մի անգամ`Վարդգես Պետրոսյանն էր (այն ժամանակ Գրողների միության նախագահն էր), չգիտեր որ մեքենայի մեջ լիքը զինամթերք կար: Հիշում եմ, Պարգև Սրբազանն էլ կատակեց այդ ժամանակ «Վարդգես Համազասպովիչ ձեռքդ ետ տար, տե´ս ինչ լավ կոնֆետ է այդտեղ»: Գրողն էլ միամիտ ձեռքը ձգեց փամփուշտ հանեց, զարմացավ` «Էս ի՞նչ եք բերում, տղերք»:

Մոսկվայից անընդհատ էմիսարներ էին գալիս, որ հանդարտեցնեին ժողովրդին, խոստումներ էին տալիս: Գալիս էին նաև այլ տարաշխարհիկ մարդիկ` պոլիտբյուրոյի անդամներ` ոմն Տոլկիխը…և այլոք: Հիշում եմ` այդ ժամանակ շատ ակտիվ էր նաև Զորի Բալայանը: Չեմ մոռանում ժողովրդին հանդարտեցնելու համար մի անգամ օպերայի հրապարակ եկավ նաև Կարեն Սերոբիչը, փորձեց խոսել ժողովրդի հետ, ուզում էր լավ բան ասել, բայց հավաքվածները չցանկացա լսել նրան: Նա մի արտահայտություն արեց. «Ինչ է, Ղարաբաղը ջեբս է, որ հանեմ տամ…» և դրանից հետո ժողովուրդն աղմուկ բարձրացրեց ու նրան այլևս չլսեց: Այդ շրջանում ինձ անընդհատ փորձում էին հեռացնել «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնից: Նիստեր էին անում, բայց խնդիրները շատ էին, ու հերթը ինձ հեռացնելու քննարկումներին չէր հասնում: Ակնարկում էին, որ հեսա ինձ կհեռացնեն, բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ… Կարեն Սերոբիչին ազատեցին աշխատանքից: Չնայած` ի պատիվ Կարեն Սերոբիչի, ասեմ, որ նա արեց ամեն ինչ, որպեսզի ինձ չհեռացնեն աշպատանքից, նա «Գարունը» սիրում էր, և ամեն անգամ «Գարուն»-ում մի հետաքրքիր բան կարդալուց հետո անմիջապես վերցնում էր հեռախոսը ու զանգում էր ինձ:

Հետո Մովսես Գեորգիսյանին «Գարուն»-ում տարածք տվեցինք: Նա առաջին մարդկանցից էր, որ ոչ միայն ասում էր Ղարաբաղը միացնենք Հայաստանին, այլ նաև խոսում էր Հայաստանի անկախության մասին: Հայաստանի անկախության մասին առաջինը խոսքը հնչեցնողը Ազատության հրապարակում Պարույր Հայրիկյանն էր: Հիշում եմ, փափախը գլխին, ասաց` Ղարաբաղը` Ղարաբաղ, բայց Հայաստանը պիտի անկախ լինի ու դրանից հետո Պարույրին ընդհանրապես վտարեցին Հայաստանից: Նրա խոսքը ժառանգեց Մ. Գեորգիսյանը: Երբեք չեմ մոռանում, որ հերթական միտինգի ժամանակ Մովսեսն ասաց` ով վախենում է, թող գնա, ես բարձրացնում եմ եռագույնը և բարձրացրեց Հայաստանի եռագույն դրոշը, պատկերացնում եք, ու շարժումը Ղարաբաղից գնաց դեպի անկախություն: Ղարաբաղյան շարժումն այնքան ամուր էր նստած ժողովրդի մեջ, որ երկրաշարժը չզսպեց անկախության ցանկությունը:

Ինչպես ձևավորվեցին այդ շրջանում հասարակությանն ուղղորդող լիդերները:
-1988 թվի աշնանը գործիչներն արդեն ձևավորված էին, Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորում էր նրանց: Տեխնիկայի տունը գրավել էին, դարձրել իրենց շտաբը: Բոլորս այնտեղ էինք հավաքվում: Վազգենն այդ ժամանակ մեզ մոտ էր աշխատում և ղեկավարում էր կամավորականների շտաբը:

Ինչով էր զբաղվում այդ ժամանակ Կամավորների շտաբը:
-Այդ ժամանակ սկսվել էին Նախիջևանի կողմից կրակոցները Երասխի վրա և Վազգենը կամավորների խումբ էր հավաքագրում: Տղերքը տեղերում հարձակվում էին ոստիկանական բաժանմունքների վրա և թալանում էին զենքերը: Հասկանալի է հայ ոստիկաններ էին, ոչ սպանում էին, ոչ էլ կրակում, իբր դիմադրում էին և վերջում զենքերը տալիս էին: Բայց այդ զենքերն այնքան փոքր բան էին, այն ամենի համեմատ, ինչը թափ էր առնում:

Առաջին ընդհարումներից որո՞նք կհիշեք:
-Գորիս տանող ավտոճանապարհին` Պարույր Սևակի գյուղը չհասած, Քըրքի գյուղն էր, որը ներկայումս կոչվում է Տիգրանաշեն: Այնտեղ թուրքեր էին ապրում, նրանք ճանապարհը փակել էին, խզվել էր կապը Գորիսի հետ: Վազգենի ջոկատը, այսպես ասած, չեզոքացրեց նրանց, բայց խնդիրն այն էր, որ մեր տղաները չգիտեին` այնտեղ խորհրդային զինվորներ էին թաքուն տեղակայված. Ադրբեջանի կողմից սովետական զինվորներ կային գյուղում. այն պատկանում էր Ադբեջանին, թեև Ադբեջանից կտված մի կղզի էր` ՀԽՍՀ-ում: Գյուղ մտնելիս էլ մեծ փակցված էր Հեյդար Ալիևի նկարը և ռուսերեն տառերով գրված էր` широко шагает Азербайджан: Առաջին զոհը, որ մենք այդտեղ ունեցանք Տիգրանն էր Մելոյան` Վազգենի ընկերն էր, Արարատից էր: Մեր տղերքի վրա կրակել էին սովետական զորքերը… Բայց, ի վերջո, գյուղն ազատազրկվեց, և բանակը հեռացավ:

Մենք հետագայում նորից անդրադարձանք դրան, զարմանալի բան էր կատարվել. դեպի Կապան, Մեղրի տանող բոլոր հանգուցային կետերում թուրքաբնակ գյուղեր կային: Եվ ղարաբաղյան շարժման մեծագույն նվաճումներից մեկն էլ այն էր, որ Հայաստանը թուրքերից ազատվեց: Մենք Հայաստանում թուրքերի չկոտորեցինք, թողեցինք, որ հեռանան: Տեղեր կան, որ նույնիսկ պատվով ճամփու ենք դրել:

Իսկ ճի՞շտ էր թշնամուն պատվով ճամփու դնելը:
-Այո, դա մեր տեսակն է, պետք չէր, որ մեր հողի վրա արյուն թափվեր: Այլ բան է պատերազմը: Այն ժամանակ պաշտպանության նախարարը Վազգեն Մանուկյանն էր: Քարվաճառի ժողովրդի համար միջանցք թողեցինք, որ հեռանան: Բոլորին, մայր ու մանուկ, կարող էինք կոտորել, բայց մեք չարեցինք նման բան: Խորհրդարանական պատվիրակություն մեկնեց Օմար` Արա Սահակյանն էր, Բաբկեն Արարքցյանը, Կիմ Բալայանը, Բագրատ Ասատրյանը և ես ուղղաթիռով գնացինք: Այն, ինչ ես եմ տեսել Օմարում, երբ մենք երկրորդ անգամ «գրավեցինք» այն, Աստված թշնամուս չտա… սարսափելի կոտորած էր: Մենք մեր դիակները հավաքել էինք, բայց իրենցը մնացել էր: Սարսափելի տեսարան էր: Մի թուխ կապուտաչյա զինվոր պառկել էր` աչքերը երկինք հառած, ես եմ փակել նրա աչքերը: Երկու գիշեր էր անցել, գայլերը կրծել այլանդակել էին դիակները: Դա ինձ վրա շատ էր ազդել:

Ինչպե՞ս էր զարգանում շարժումը, գործիչներից ով ինչ դերակատարություն ուներ: Նրանք միասնակա՞ն էին գործում:
-Ղարաբաղ կոմիտեում ամենամեծ հեղինակությունը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, բնականաբար: Շատ մեծ ազդեցություն ուներ Վանոն Սիրադեղյանը, Բաբկենը Արարքցյան, Համբարձումը Գալստյան: Շատ կարևոր ու խելոք դերակատար էր նաև Վազգեն Մանուկյանը: Ամբողջ միասնականության խնդիրն այն էր, որ Վազգենը իր խումբն ուներ, իսկ Լևոնը` իր: Երբ կոմիտեի ղեկավար էին ընտրել, մի ձայնի տարբերությամբ Լևոնն ընտրվեց Ղարաբաղ կոմիտեի նախագահ: Այդպիսով Վազգենի (Մանուկյան) ու Լևոնի միջև ճաք առաջացավ և դա շարունակվեց: Երբ Լևոնը դարձավ Գերագույն խորհրդի նախագահ, Վազգենին վարչապետ առաջարկեց: Վազգեն Մանուկյանն ընդունեց վարչապետությունը և անփորձության սխաներ թույլ տվեց: Լավ հիշում եմ` մի առևտրի նախարարի թեկնածու էր առաջարկել Վազգենը, ով խորհրդարանին դիմում էր` հարգելի խորտկարան: Հետո պարզվեց, որ Երիտասարդական պալատի բարմենն էր: Վազգենն այնպիսի մարդկանց նշանակեց նախարար, որոնք իրեն էլ վարկաբեկեցին: Իսկ դրա կարիքը չկար, քանի որ Վազգենը ներշնչանքի իմաստով, ներսի ատաղձի իմաստով շատ մաքուր և հայրենասեր տղա էր:

Ի՞նչ հետաքրքիր դրվագներ կհիշեք շարժումից:
-Մի անգամ Ամերիկայից տղերք էին եկել` Գրիգոր Գրիգորյանը, Հարութ Սասունյանը և Վարդան Օսկանյանը: Այս մարդիկ չէին ճանաչում Ղարաբաղ կոմիտեի անդամներին, իսկ «Գարուն» ամսագիրը շատ հայտնի էր մեր գաղթօջախներում: Այն ստանում և կարդում էին: Նրանք եկան «Գարուն», հետները Մասիս ֆիրմայի կոշիկի տուփերով երկու լիքը տուփ փող բերեցին` սովետական ռուբլի: Բերեցին-տվեցին ինձ` ասացին` բերել ենք Ղարաբաղ կոմիտեին սատար կանգնենք: Ես անմիջապես զանգ տվեցի Լևոն Տեր-Պետրոսյանին, հեռախոսները լսվում էին և չասեցի ինչի համար եմ զանգել, ասացի` Լևոն ջան, կարևոր գործ կա, այսօր երեկոյան կարո՞ղ եք գալ «Գարուն», բայց խնդրում եմ` մենակ մի արի: Ասաց` լավ: Ես դրեցի սեյֆում ու սպասեցի մինչև տղերքը գան: Ինձ հետ խմբագրությունում սպասում էր նաև Վազգեն Սարգսյանը: Եկան. Վանոն էր Սիրադեղյան, Բաբկեն Արարքցյանն էլ էր կարծեմ: Այդ օրվանից մի նկար կա, որը Ֆեյսբուքում տարածվել է վերջերս:
Կարող եմ հիշել նաև Խաչիկ Ստամբոլցյանի հացադուլը` Նաիրիտը և Ատոմակայանը փակելու առիթով: Ժողովուրդը հուզվա~ծ մոտենում էր նրան: Հետո, երբ բժիշները նրան տանում էին, որպեսզի հացադուլը նրա առողջության վրա չազդի, Խաչիկ Ստամբոլցյանը խաչակնքում էր ժողովրդին:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here