ՈՉ ՃԱԲՈՆԱՑԻՆ ԿԱՅ, ՈՉ ՆԱԽԱԳԻԾԸ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԿԱՌՈՅՑԻ ՀԵՂԻՆԱԿ

0
178

Ժամանակներն անցնում են, մի թուականը յաջորդում է միւսին, մի ազգը վերցնում կամ իւրացնում է միւսի սովորոյթները,  բոլորը ձգտում են դէպի կատարելութիւն։ Մեզ` հայերիս համար կատարեալը Եւրոպան է, չէ, աւելի ճիշտ եւրոպական զգեստը, մտածելակերպը, իսկ ահա, մեր մշակոյթին ոչ ոք չի հասնի։

Այստեղ մի փոքրիկ վրիպակ. մեր մշակույթին ոչ ոք չէր հասնի։ Մենք, որ ունեցել ենք ենք մշակոթային հզօր ժառանգութիւն եւ կ’ունենանք, եթէ թողնեն, սպասում ենք, որ ոմն ճաբոնացի, հնդիկ, չինացի կամ ռուս յայտնվի ու ներկայացնի իր «գլուխ գործոցը», որը բացարձակ կապ չի ունենայ ոչ հայի անցեալի, ոչ ներկայի հետ։ Աւելին, մէկ էլ տեսար`  թուրքը նախագծի որեւէ կառոյց, մի քանի տարի յետոյ էլ յայտարարի, թէ մեր բոլոր մշակութային արժէքները վերացրեցին այս անօրէն հայերը, ահա, այս մէկն են թողել:

Քանի որ հայ ժողովուրը արդեն սովորել է աչքը փակել-բացել ու երկնաքեր տեսնել, կամ ասենք ծառահատուած փողոց, մի փոքր սրթսրթաց, երբ տեսաւ, որ անհետացել է Երիտասարդկան պալատը:

Գնեց 5 աստղանի հիւրանոցի տենչանքով տառապող անձանցից մէկը, քանդեց ու…ու դարձրեց հանքավայր, սկսեց պազալտը դարձնել պազալտէ խիճ:

«Քանդելու հիմնական պատճառը Էտիկ Աւետիսեանին էր, ով ասել էր, որ բարձրակարգ հիւրանոց է սարքելու, մի անգամ ասեցի, որ չգնի։ Ասաց, որ դիմել է Ռ.Քոչարեանին` 5 աստղանի հիւրանոց կառուցելու համար։ Այն ժամանակուայ քաղաքապետն ու ճարտարապետը մի փաստաթուղթ ստեղծեցին, որ վթարային վիճակում է եւ պէտք է քանդենք։ Նոյն վիճակում է նաև Մայր Աթոռը, հիմա պէտք է քանդե՞նք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երիտասարդական պալատի կառոյցի հեղինակ, վաստակաւոր ճարտարապետ, Ճարտարապետների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչիկ Պողոսեանը:

Ինչ վերաբերում է համացանցում յայտնված նկարին` ճարտարապետն ասաց, որ ով ինչ ասես կարող է լցնել այնտեղ։ «Երիտասարդական պալատի նախագծի համար մրցոյթը շահել էր մի ճապոնացի ճարտարապետ, իսկ ցուցադրուածը նախագծերից մէկն է։ Հիմա Երիտասարդական պալատի ճակատագիրն անյայտ է։ Ոչ ճաբոնացին կայ, ոչ նախագիծը»,-աւելցուց բանախօսը` միաժամանակ զարմանալով հանրութեան համբերութեան վրայ։

«Հայրենիքի ունեցուածքի նկատմամբ անտարբեր պէտք չէ լինել։ Սա ոչնչի հետ կապ չունի, սա մեր հարստութիւնն է»,- եզրափակեց Հրաչիկ Պողոսեանը;

Անի Կարապետեան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here