ԱՐՑԱԽԵԱՆ ՇԱՐԺՈՒՄԻ 25-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԳՕ ՍԱՀԱԿԵԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

0
157

 Թանկագին հայրենակիցներ, Սիրելի արցախցիներ,
25 տարի առաջ այս օրը շրջադարձային եղաւ Արցախի եւ ողջ հայ ժողովրդի համար: Մենք ազգովի ոտքի ելանք միջազգային հիմնարար նորմերին ու սկզբունքներին համահունչ խաղաղ եւ օրինական պահանջով՝ վերականգնելու պատմական արդարութիւնը, պաշտպանելու մեր ոտնահարուած արժանապատուութիւնը, իրաւունքներն ու ազատութիւնները:
1988-ի շարժման հիմքում ընկած էր մեր ժողովրդի պայքարը՝ օտար լծի, մօտ եօթ տասնամեակների ընթացքում չդադարող բռնութիւնների եւ ճնշումների դէմ: Չնայած այդ ամէնին, ազգային-ազատագրական այս պոռթկումը չէր սերմանում թշնամանք ու ազգային ատելութիւն հարեւան ժողովրդի հանդէպ: Բայց Ատրպէյճանը մեր քաղաքակիրթ պահանջներին ու խաղաղ ցոյցերին պատասխանեց կոտորածներով, ջարդերով, տեղահանումներով ու հալածանքներով: Կրկին փորձ արուեց հայկական հարցը լուծել արդէն իսկ փորձարկուած մեթոդով՝ ցեղասպանութեամբ:
Սակայն այս անգամ այդ հրէշաւոր քաղաքականութիւնը դատապարտուած էր ձախողման: Համայն հայութիւնը միաւորուեց ու բռունցքուեց՝ ի պաշտպանութիւն Արցախի, հայրենի երկրի ու ժողովրդի, նրա պատուի ու յուսալի ապագայի: Հայ ազգի լաւագոյն զաւակների արեան գնով, սխրանքների եւ անձնուիրութեան շնորհիւ մենք կարողացանք ոչ միայն պաշտպանել մեր անկախութիւնն ու ազատութիւնը, այլ նաեւ արժանի հակահարուած տալ թշնամուն՝ խաղաղութիւն եւ կայունութիւն հաստատելով ողջ տարածաշրջանում: Յաւե՛րժ փառք ու պատիւ հայրենիքի նուիրեալներին:
Անդրադարձ կատարելով 25 տարուայ մեր անցած ճանապարհին՝ կարող ենք պատուով ու հպարտութեամբ արձանագրել, որ կեանքի կոչելով 88-ի գաղափարները, հայ ժողովուրդը վերականգնել է իր պետականութիւնը, եւ այսօր Հայաստան-Արցախ-Սփիւռք կուռ եռամիասնութեան շնորհիւ ինքն է տնօրինում իր ճակատագիրը, անսասան պահում հայրենի երկրի սահմանները, շէնացնում պապերի հողն ու վառ պահում հարազատ օջախի կրակը:
Մենք այսուհետ էլ ազգովի կանենք ամէն ինչ այսքան թանկ գնով նուաճած մեր անկախ պետականութեան շարունակական ամրապնդման համար:  Դա բացառիկ արժէք է, առանց որի անհնար է պատկերացնել հայրենիքի ու ժողովրդի յարատեւումն ու զօրացումը:
Հանրապետութեան իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ ձեզ, Հայաստանի եւ Սփիւռքի մեր բոլոր քոյրերին ու եղբայրներին այս մեծ տօնի կապակցութեամբ: Մաղթում եմ խաղաղութիւն, քաջառողջութիւն եւ մեծագոյն յաջողութիւններ:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here