Հայկ Համբարձումեան. Կարծում եմ, որ հումանիտար գիտութիւնների դէպքում պէտք է այլ չափանիշներ մշակուեն

0
261

Երիտասարդ գիտնականի ամպիոն

 

Բանասիրական գիտությունների թեկնածու Հայկ Համբարձումյանն աշխատում է ԵՊՀ հայ գրականության ամբիոնում՝ որպես պրոֆեսորի ասիստենտ, նաև՝ ավագ գիտաշխատող է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենդարանում: Զբաղվում է հայ ժողովրդական բանահյուսության, մասնավորապես «Սասնա ծռեր» էպոսի ուսումնասիրությամբ, ինչպես նաև հայ հին, միջնադարյան ու ժամանակակից գրականության խնդիրներով: Հայ բանահյուսությանն ու գրականությանը նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ է: 2012 թվականին լույս է տեսել նրա «Զուգահեռ ընթերցումներ» վերնագրով հոդվածների և ուսումնասիրությունների ժողովածուն:  

Մասնակցել ու զեկույցներով հանդես է եկել Հայաստանում, Արցախում և արտերկրում կազմակերպված մի շարք գիտաժողովների ու կոնֆերանսների. «Միջազգայիններից կարող եմ նշել 2009 թվականին Միչիգանի համալսարանի հայագիտական ծրագրի տարեկան գիտաժողովը և 2011-ին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի տարեկան հայագիտական գիտաժողովը»: Արձագանքները հիմնականում լավ են եղել. «Այլ է խնդիրը, որ հայագիտության ու բանասիրության հարցերն իրենց յուրահատուկ բնույթով, հաճախ՝ լոկալ-տեղային նշանակությամբ, չեն կարող այն արձագանքն ունենալ միջազգային գիտության ասպարեզում, որն  ունենում են, օրինակ, ֆիզիկայի, քիմիայի կամ աստղագիտության ոլորտների ուսումնասիրությունները: Ըստ այդմ էլ` արձագանքները կարող են տեսանելի լինել միայն հայագիտական շրջանակներում»:

Հայկին խնդրեցի արտահայտվել իրեն առանձնապես հուզող հարցերի վերաբերյալ՝ իր հայեցողությանը թողնելով թեմաների ընտրությունը։

Հայաստանում գիտության թերֆինանսավորման մասին. – Սա, իհարկե, լուրջ խնդիր է։ Ու կարծում եմ, որ դրա պատճառը և՛ հասարակության կողմից գիտությունը չկարևորելն է, և՛ վերջին քսան տարիների ընթացքում հասարակության արժեհամակարգի խեղումը, և՛ համապատասխան պետական օղակների վատ աշխատանքը, բոլորը միասին։ Սակայն խնդիրն, ըստ իս, ոչ այնքան ֆինանսավորման ծավալների, ինչքան ֆինանսների բաշխման ու ծախսման արդյունավետ մեխանիզմների բացակայության մեջ է: Անհրաժեշտ է լրջորեն և օբյեկտիվորեն ուսումնասիրել գիտության տարբեր ոլորտները, հասկանալ յուրաքանչյուրի ներուժը և ըստ ոլորտների ու նույնիսկ՝ առանձին գիտնականների վաստակի հաշվարկել ֆինանսավորման ծավալները՝ նկատի առնելով գիտության տարբեր ոլորտների բոլոր առանձնահատկությունները և դրանց տարբերությունները: Սա, իհարկե, դժվար և գուցե անլուծելի խնդիր է, քանի որ հեշտ չէ նման դեպքերում օբյեկտիվություն ապահովել, մշակել ընտրության իսկապես օբյեկտիվ չափանիշներ: Այդուհանդերձ, պետք է փորձել և պետք է օգտագործել հատկապես երիտասարդների ներուժը, տարբեր խորհուրդներ կազմելիս՝ դրանց կազմում ընդգրկել ոչ միայն գիտական հիմնարկներն ու ԲՈՒՀ-երը ներկայացնող պաշտոնյաների կամ վարչական աշխատողների, այլ նաև իսկապես ակտիվ աշխատող, գիտական ուսումնասիրություններ կատարող երիտասարդ գիտնականների:

Խրախուսական մրցանակաբաշխությունների մասին. – Վերջին երկու տարվա ընթացքում դրանք շատացել են, և ես, իհարկե, կարևորում եմ դրանք, քանի-որ գիտնականները, հատկապես՝ երիտասարդ, նման խրախուսման կարիք միշտ ունեն: Սակայն կարծում եմ, որ դրանք միայն տեղային ցավազրկման նշանակություն ունեն: Անհրաժեշտ է այդ մրցույթներն օգտագործել՝ ոլորտն ուսումնասիրելու համար և հաջորդ փուլում անցնել համակարգային լուծումների: Անհրաժեշտ է առողջ, մրցակցային գիտական միջավայր ստեղծել, որտեղ կգնահատվի կատարված գիտական աշխատանքը, նվիրումը:

Ազդեցության գործակից ունեցող ամսագրերում հրատարակվող հոդվածների մասին. – Վերջին շրջանում շատ է խոսվում այս մասին և մրցանակաբաշխությունների արդյունքների ամփոփման ժամանակ երբեմն միայն դա է ընդունվում՝ որպես գիտական գործունեության չափանիշ: Ըստ իս, սա սխալ մոտեցում է, քանի որ նման ամսագրերում հայ գրականության կամ, օրինակ, «Սասնա ծռերի» մասին հոդված հրատարակելու համար անհրաժեշտ է, որ թարգմանված ու գիտական հանրությանը ծանոթ լինեն հայ գրականության բնագրերը, էպոսի տարբերակները և այլն, իսկ այդպիսիք կամ չկան կամ շատ քիչ են: Հետևաբար, գիտական հանրությանը անծանոթ նյութի մասին հեղինակավոր ամսագրում հոդված տպագրելը գրեթե անհնար է: Բայց սա չի նշանակում, որ հայ գրականագետները չեն աշխատում: Բնականաբար, ճշգրիտ գիտությունների դեպքում, ընդհանուր ու բոլորին հասկանալի և լոկալ ազգային սահմանններով չսահմանափակվող նյութի պարագայում շատ ավելի հեշտ է հոդված հրատարակելը, այն էլ` համահեղինակությամբ: Իսկ գրականագիտության պարագայում համահեղինակությամբ կատարված ուսումնասիրություններ գրեթե չկան, մենք աշխատում ենք մենակ, առանձին:

Մենք չունենք կամ ինձ ծանոթ չէ հայ գրականության վերաբերյալ գրականագիտական ուսումնասիրություններ հրատարակող միջազգային ազդեցության գործակից  ունեցող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագիր, ըստ այդմ էլ` անկախ իմ ուսումնասիրությունների որակից և քանակից, ես փաստորեն չեմ կարող հոդված հրատարակել և երբեք չեմ կարող ստանալ որևէ մրցանակ կամ աջակցություն: Եվ որքան հետևում եմ այդ մրցույթներին, ցավով արձանագրում եմ, որ հումանիտար գիտությունները շատ քիչ են ներկայացված ու գրեթե չեն խրախուսվում: Կարծում եմ, որ հումանիտար գիտությունների, մասնավորապես հայա­գիտութ­յան դեպքում պետք է այլ չափանիշներ մշակվեն և ես պատրաստ եմ մրցույթի կազմակերպիչների հետ քննարկել դրանք:

Հայաստանում երիտասարդ գիտնականի առջև ծառացող հիմնական խնդիրները. -Ըստ իս՝ դրանք  ոչ միայն կեցության վատ պայմաններն ու ցածր աշխատավարձերն են, այլև գիտական ներուժի իրացման հնարավորությունների բացակայությունը: Երիտասարդ գիտնականը, հատկապես գրականագետը խմբագիրների անբարեխղճության կամ այլ պատճառներով մեծ դժվարությամբ է հրատարակում իր ուսումնասիրությունները գիտական ամսագրերում: Ես տարեկան 2-5 հոդված եմ գրում և ամիսներ շարունակ սպասում, որ հայաստանյան գիտական փոքրաթիվ ամսագրերի խմբագիրները ժամանակ գտնեն ու կարդան, ապա հրատարակեն դրանք: Էլ չեմ խոսում հոնորարների մասին, որոնք իսպառ բացակայում են: Երիտասարդ գիտնականն իր գիտելիքները, ուժն ու եռանդը ծախսում է այլ օժանդակ աշխատանքներում, քանի-որ ո՛չ նյութապես և ո՛չ էլ բարոյապես չի խրախուսվում նրա գիտական աշխատանքը:

Գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնման վերաբերյալ. – Իհարկե, ցանկալի կլիներ, որ խնդիրների մասին ոլորտի պատասխանա­տուները խոսեին, իսկ գիտնականներն զբաղվեին իրենց գործով, սակայն եթե խնդիրները չեն լուծվում և դրանց մասին պաշտոնյաները չեն խոսում, գիտնականներն էլ ստիպված իրենք են բարձրաձայնում այդ մասին և օգտագործում են իրենց հասանելի բոլոր հարթակները: Իրականում, ակտիվ աշխատող գիտնականը շատ քիչ ու թանկ  ժամանակ ունի և չպետք է այն ծախսի ֆեյսբուքյան երկարատև ու հաճախ ապարդյուն քննարկումներին մասնակցելու համար: Ես գրեթե չեմ մասնակացում նման խոսակցությունների, քանի-որ ժամանակ քիչ եմ ունենում: Բացի այդ, շատ հաճախ գիտության վիճակը ծայրահեղ վատ է ներկայացվում, այդ ամենն   օգտագործվում է քաղաքական նպատակներով կամ անձնական հաշիվներ լուծելու համար, գերակշռում են սուբյեկտիվ մոտեցումները, ինչն ինձ դուր չի գալիս:

Գիտության ոլորտում կոռուպցիայի մասին. Մեր ոլորտում ես շահագործման, գրագողության դեպքեր չգիտեմ: Չեմ հանդիպել նաև կոռուպցիոն այլ դրսևորումների կամ ճնշումների:

Գիտության նկատմամբ պետական մոտեցումների մասին. – Տեսնում եմ դրական միտումներ, տեսնում եմ պետական ուշադրություն ու աջակցություն: Կարծում եմ, որ մոտակա տարիներին գիտության վիճակը կբարելավվի, եթե կատարվի ոլորտի խորը ուսումնասիրություն և եղած ներուժի գնահատում: Եվ, իհարկե, եթե այդ ամենից հետո ճիշտ եզրակացություններ արվեն և բարելավվեն գիտնականի աշխատանքի ու կեցության պայմանները:

Հետթեկնածուական PostDoc  համակարգի մասին. Չեմ կարծում, որ այդ համակարգի ներդրումը մեծ ազդեցություն կարող է ունենալ երիտասարդ գիտնականի մասնագիտական աճի վրա, քանի-որ դրանով երիտասարդ գիտնականի շուրջ ստեղծված մթնոլորտն ու իրավիճակը չեն փոխվում, սակայն գուցե ինչ-որ դրական  փոփոխություններ լինեն: Արտերկրյա համալսարաններում այդ համակար­գում ընդգրկված գիտնականը բարձր աշխատավարձ է ստանում, ինչպես նաև՝ նրան տրվում է մանկավարժական աշխատանքից ազատ ժամանակ՝ իր ուսումնասիրություններն ամբողջացնելու և հրատարակելու համար:  Եթե մեզ մոտ էլ կարողանան դա ապահովել, ապա, իհարկե, հրաշալի կլինի:

Հայաստանում և «դրսում» գիտական աշխատանքով զբաղվելու առանձնահատկությունների վերաբերյալ. – Իհարկե, տարբերությունները մեծ են, սակայն խնդիրը միայն լավ ու վատի մեջ չէ: Մենք սերնդափոխության, խորհրդային ժառանգության ու մտածողության հաղթահարման, գիտական հիմնարկների կառուցվածքային, ծրագրային ու մի շարք այլ փոփոխությունների  խնդիր ունենք: Արտասահմանում երկարատև աշխատանքի փորձ չունեմ, սակայն ակադեմիական միջավայրում շփումները ցույց են տալիս, որ այնտեղ էլ հեշտ չէ գիտնականի ճանապարհը, սակայն այնտեղ գիտնականներն ունեն բարվոք պայմաններ, վստահություն վաղվա օրվա հանդեպ: Գիտնականի ճանապարհն ավելի համակարգված է ու շատ հարցեր, որոնց վրա մենք ժամանակ ու նյարդեր ենք ծախսում, արդեն լուծված են կամ չկան ընդհանրապես: 

Հետագայի մասին. – Ես իմ գործունեությունը և մասնագիտական աճը պատկերացնում եմ միայն Հայաստանում և հույս ունեմ, որ կլինեն համապատասխան պայմաններ: Նաև կարծում եմ, որ պետք է յուրաքանչյուրս մեր տեղում փորձենք գիտական միջավայր ու մթնոլորտ ստեղծել ու զարգացնել:  Եթե ոլորտի պատասխանատուները թերանում են, փորձենք ծրագրեր մշակել, առաջարկել, այլ ոչ թե արձանագրենք բացասական դրսևորումներն ու մեզ և ուրիշների համար հող նախապատրաստենք երկրից հեռանալու համար:

 

Մանէ Յակոբեան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here