ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՆԱՄԱԿԸ ՍԵՐԺ ԹԱՆՔԵԱՆԻՆ

0
157

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը այսօր պատասխանեց աշխարհահռչակ ռոք աստղ, System of a Dawn խումբի մենակատար Սերժ Թանքեանի բաց նամակին, որոն մէջ վերջինս իր մտահոգութիւնները  կ’արտայայտէր 18  Փետրուարի նախագահական ընտրութիւններու վերաբերեալ եւ կասկածի տակ  կ’առնէր Սերժ Սարգսեանի   օրինականութիւնը:  

Ստորեւ իր ամբողջութեամբ կը   ներկայացնենք նախագահ Սերժ Սարգսեանի նամակը:
«Սիրելի Սերժ, 

Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անուանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թէ ինչ հպարտ ազգի զաւակ է ծնուել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց յաղթանակած ու առաջ նայող երկրի քաղաքացի է ծնուել: Նա դեռ շատ բան չգիտի: Սե՛րժ, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիւ տալու՝ ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքոյ նոր Հայրենիք փոխանցենք իրենց: Պատկերացնու՞մ ես այն հարցական արտայայտութեամբ աչքերը, որոնց հաշուետուութիւն պիտի տանք: Ես ու դու, Սե՛րժ, մենք բոլորս: Այդ աչքերը դեռ փոքր են ու խաղացկոտ, բայց վաղը լուրջ ու քննող են լինելու:

Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՛րժ, որ ես իմ ժողովրդին ապահով Հայաստան խոստացայ, կազմակերպեցի մեր երկրի 21-ամեայ պատմութեան լաւագոյն ընտրութիւնները (անշուշտ խնդիրներով հանդերձ, որոնք, սակայն, որեւէ էական ազդեցութիւն չէին կարող ունենալ արդիւնքների վրայ) ու չկարողացայ՞ համախմբել ողջ ժողովուրդին ու ապագայի ճանապարհը ցոյց տալ: Որ լուրջ վերաբերուեցի ու անգամ քննարկեցի պետութեան ու պետականութեան հետ աղերս չունեցող՝ օդից վերցրած «վերջնական ճշմարտութիւննե՞րը»: Դա ական է, Սե՛րժ, ական գալիք բազմաթիւ տասնամեակների համար, որ անխուսափելի կործանման կը տանի: Մենք զարգացման ճանապարհի ականները մի կողմ նետելու պարտք ունենք: Անօրինական ճանապարհներով հնարաւոր չէ օրինականութեան հաստատման օրակարգ ամրագրել: Այդ օրակարգի վերջն էլ շատ արագ կու գայ  նոյն անօրինական ճանապարհով: Փոքրիկ Սերժը քո արուեստի սիրահար կը լինի կարծում եմ, ի՞նչ ենք նրան պատասխանելու, երբ մեզ հարցնի.
«Արդեօ՞ք տեղահանուած ականների փիլիսոփայութիւնը բոլոր տուներն ու գիւղերը ռմբակոծելն էր»:

Սա պետութիւն է, Սե՛րժ: Սրա մասին մենք շատ երկար ենք երազել: Իմ ու քո, մեր բոլորի պետութիւնն է: Փոքրիկ Սերժինն ու Յովհաննէսեանների ընտանիքի հրաշալի զաւակներինն է: Մեր բոլոր զաւակներինն ու թոռներինն է: Մենք ունենք դրախտավայր-Հայրենիք ու պարտաւոր ենք ամուր պետութիւն կառուցել: Միասի՛ն, Սե՛րժ: Այսօրուան ականները վաղը մեր զաւակների գուլխին փոթորիկ կը բերեն, կը դառնան Bellum omnium contra omnes կամ «բոլորի պատերազմը բոլորի դէմ»: Ու արդէն հասունացած փոքրիկը կը հարցնի.

Եւ «ո՞ւր ես առաջարկում գնալ, երբ ռումբերը թափուեն», Սե՛րժ:

Ի՞նչ ենք պատասխանելու նրան: Որ տարիներ առաջ ռոմանտի՞կ էինք կամ չէի՞նք հասկանում. սա՞ է մեր պատասխանը: Չի՛ հաւատայ մեզ, Սե՛րժ, կը կարդայ այս նամակը ու հաստատ կ’ասի.

«Դու առաջ նայելով տեսնում էիր այդ ամէնը, ինչո՞ւ այնտեղ գնացիր»:

Դա չէ մեր ճանապարհը: Ճանապարհի հարցում ես ու դու համախոհներ ենք: Այո՛, ժամանակն է փոփոխութեան: Ու ոչ ոք չի կարող օրէնքից բարձր լինել: Կեղծիքն ու երեսպաշտութիւնը, զոռբայութիւնն ու թշնամանքը քանդելու ենք հատիկ առ հատիկ ու հետեւողականօրէն, որ բացճակատ գոռանք՝ «ազատութիւն, մենք ազատ ենք»: Որ հպարտօրէն կոչ անենք բոլորին՝ եկէ՛ք «հետ, դեպի գետը Արազ …»: Որ փոքրիկ Սերժի ու իր սերնդակիցների աչքերին նայելու ու պատասխաններ տալու տեղ ունենանք, Սե՛րժ:

Դրա համար ես քո օգնութեան կարիքն ունեմ, բոլորի օգնութեան կարիքն ունեմ՝ Կլենտէյլից մինչեւ Ստեփանակերտ, Մելպուռնից մինչեւ Մոսկուա: Ես հաւատում եմ մեր հաւաքական յաղթանակին:

Ու վերջում անդրադառնամ քո հարցին: Դու հարցնում ես՝ ներքուստ համոզուա՞ծ եմ ես: Պատասխանում եմ՝ միշտ եմ համոզուած եղել. ամեն ինչում, ինչ արել եմ՝ մարտ կառավարելուց մինչեւ ընտրութիւնների կազմակերպում: Հայաստանը պէտք է զգալ, Սե՛րժ, այն անհնարին է զգալ միայն Երեւանի կենտրոնի թանկարժէք գրասենեակում նստած, անգամ շատ երկար: Հայաստանը կարելի է զգալ դարերի իր երթը շարունակելու համար կռիւ տուող փոքրիկ գիւղի քարքարոտ հողին կանգնած եւ տղաների շիրիմների ծաղկաթուփերի կանաչից: Հայաստանը խօսել է արդէն, Սե՛րժ: Վստա՛հ եղիր: Այսքանը:

Փոխանցիր խնդրում եմ յարգանքներիս հաւաստիքը հայրիկին, ու թող գարնան արագիլի ձեր հպարտ ուղերձը կ’անգնեցնի մեզ սխալ ճանապարհ ընտրելիս:

Խաղաղութիւն»:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here