Լիլիթ Սահակեան. Հայաստանում գիտութեամբ զբաղուելու համար սոցիալական ստիմուլներ չկան

0
304

Երիտասարդ գիտնականի ամպիոն

Լիլիթ Սահակյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում, ղեկավարում է Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժինը և, միևնույն ժամանակ, դասախոսում է նույն կենտրոնում գործող ամբիոնում` «Շրջակա միջավայրի երկրաքիմիա» և «Հետազոտության տրամաբանություն»: Աշխարհագրական գիտությունների թեկնածու է՝ երկրաբնահպանություն մասնագիտացմամբ:

Հարցին, թե ի՞նչն է իրեն ձգում գիտության մեջ, ինչո՞ւ որոշեց գիտնական դառնալ, պատասխանում է, որ սիրում է բուն հետազոտական պրոցեսը և շատ է սիրում արդյունքը: «Գիտությունը նաև հնարավորություն է տալիս՝ անընդհատ աճելու, զարգանալու, ու ամենակարևորը՝ չձանձրանալու, չնայած, որ ամենադանդաղ առաջընթաց ապահովող հասարակական գործունեության ձևերից է` և՛ սոցիալական, և՛ կարիերայի առումով: Գիտնական չեմ երազել դառնալ, ինձ այդպիսին չեմ էլ համարում դեռ, ուղղակի համեստ գիտաշխատող, որը փորձում է իր գործը լավ անել»: Իսկ թե օրվա որքա՞ն ժամանակն է նվիրում գիտական հետազոտություններին և որքա՞նը՝ այլ զբաղմունքի ու հետաքրքրությունների, ի՞նչ նաասիրություններ ունի՝ «Օրվա գրեթե մեծ մասը տրամադրում եմ հետազոտական աշխատանքին` դե-յուրե ժամը 09:00-18:00-ը, դե-ֆակտո, հիմնականում` 9:15-20:00-ը: Հետաքրքրվում եմ երաժշտությամբ, ժամանակին ինքս էլ նվագում էի, հիմա հիմնականում լսողի դերում եմ: Ինչքան էլ բանալ ու անհավատալի հնչի, շատ սիրում եմ կարդալ ու անչափ շատ սիրում եմ ճանապարհորդել, փառք Աստծո, մասնագիտությունս թույլ է տալիս անել ճանապարհորդություններ»:

Հետաքրքրվեցի, թե գիտական աշխարհում մարդու սեռը որևէ նշանակություն ունի՞, որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա, որպես իգական սեռի ներկայացուցիչ՝որևէ կարգի «անհարմարություն» երբևիցե զգացե՞լ է.

-Անհարմարություններ սեռի առումով չեմ ունենցել, միայն քաջ գիտակցում եմ, որ լուրջ կին գիտնական կոչվելու համար հավասար պայմաններում պետք է 10 միավոր ավել աշխատես ու քեզ հաստատես, որպեսզի ստանաս նույն արդյունքը, ինչ տղամարդիկ:

-Իսկ ինչո՞ւ է պետք 10 միավոր ավել աշխատել: Որո՞նք են դրա պատճառները։

-Որպեսզի ապացուցես, որ արժանի ես. Դուք ավելի շատ վստահում եք կի՞ն, թե՞ տղամարդ բժիշկներին:

-Լավ հարց էր … դեեեե~, կարևորը՝ լավ բժիշկ լինելն է, կարևոր չէ՝ տղամարդ, թե կին:

-Ամեն դեպքում, կարծում եմ, առաջին մոտեցմամբ, տղամարդ բժշկի նկատմամբ վստահությունն, ապրիորի, հիմնականում մեծ է լինում:

-Ճիշտ եք ասում, բայց կասե՞ք՝ ինչո՞ւ է այդպես:

-Անկեղծ ասած, չգիտեմ. երևի գեներով է գալիս 🙂

Լիլիթն ու իր ղեկավարած բաժինն արդեն 13 տարի զբաղված են ՀՀ տարբեր քաղաքների, հանքալեռնային շրջանների և գյուղատնտեսական տարածքների էկոլոգաերկրաքիմիական հետազոտություններով` բացահայտելով նշված տարածքներում առկա աղտոտիչները, դրանց աղբյուրները, տարածման հավանական ուղիները և վերհանելով բնակչության էկոլոգիական և առողջական ռիսկերը: Աշխատանքները ներկայցրել է 12 միջազգային լուրջ գիտաժողովների՝ ստենդային և բանավոր զեկույցներով: Մասնավորապես, առանձնացնում է 4 տարին մեկ տեղի ունեցող` Միջազգային երկրաբանական կոնգրեսը (2004թ. Ֆլորենցիա, Իտալիա, 2008թ. Օսլո, Նորվեգիա, 2012թ. Բիսբեն, Ավստալիա), Եվրոպական երկրի մասին գիտությունների (EGU) ամենամյա գագաթաժողովները (2006, 2007, 2009 և 2010թթ. Վիեննա, Ավստրիա), Երկրաքիմիական միջազգային 7-րդ գիտաժողովը (2006թ., Պեկին, Չինաստան), Էկոլոգիական քիմիա-2012 (Քիշնև, Մոլդովա) և «Քաղաքային տարածքների աղտոտում-2012» (Ամստերդամ, Նիդեռլանդներ) միջազգային գիտաժողովները: Արձագանքները եղել են միշտ դրական, որի վկայությունն են մեծաթիվ միջազգային նախագծերում ընդգրկվելու և համագործակցելու առաջարկները, որոնցից շատերն արդեն կյանքի են կոչվել: Իրականացվել են և դեռ շարունակվում են իրականացվել ԵԱՀԿ, USAID, Fp-7, Fp-7 Cost actions և այլ նախագծեր: Միջազգային համագործակցությունների աշխարհագրությունը շատ լայն է՝ Իտալիա, Նորվեգիա, Նիդեռլանդներ, Ավստրալիա, Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն և այլն։

իջազգային համագործակցությունները միայն գիտակա՞ն առումով են օգտակար:  

-Ո՛չ միայն։ Պետք է նշեմ, որ մենք դիմել ենք ու ստացել շատ ու շատ լուրջ ֆինանսավորումներ` շնորհիվ այդ համագործակցությունների: Շատ հաճախ, ՀՀ գիտնականներն այդպիսի ֆինանսավորումների անմիջականորեն դիմելու իրավունք չունեն, ուստի, այս պարագայում, եթե չլինեն միջազգային համագործակցությունները, չէինք կարող օգտվել աշխարհում գիտության համար հատկացված բավականին մեծ գումարներից: Եթե հաշվի առնենք, որ, միջին վիճակագրականով, ներկայացված նախագիծ-հայտերից լավագույն դեպքում 10-ից 2-ն են հաջողում, ապա մենք հաջողակներից ենք: Չնայած, որ այդ ամենը շատ ժամանակ է խլում և, բացի մասնագիտական հմտություններից ու գիտելիքներից, պահանջում է նաև համբերություն և ամուր նյարդեր:

Ապա, տարիներ շարունակ, ի հաշիվ թեկուզ և ցածր աշխատավարձերի, մեր կենտրոնի ղեկավարությունն ու մենք աշխատել ենք սարքավորումների նորացման վրա (մեր հետազոտություններում՝ չունես սարքավորում, հավասար է` գոյություն չունես): Դրանք կարևոր են ոչ միայն մեր հետազոտությունների որակի և մակարդակի բարձրացման համար, այլ նաև միջազգային գիտական աշխարհին ինտեգրման համար։ Միջազգային համագործակցության և ֆինանսավորման շնորհիվ մենք ձեռք բերեցինք ամենաարդիական սարքավորումներ, և այսօր մենք, ներառյալ իմ բաժինը, սարքավորումներով ամենահագեցած կենտրոնն եք:

-Ինչպիսի՞ն է դրանց կիրառության արդյունավետությունը։

-Արդյունավետությունը ես գնահատում եմ բարձր, ոչ միայն գիտական առումով, այլ նաև կիրառական, քանի որ այդ սարքերն ու ձեռք բերած փորձը հնարավորություն տվեցին իրականացնել տեղական շատ պայմանագրեր և հանձնարարականներ` ՀՀ կարևորագույն, շատ հաճախ՝ ազգային անվտանգության հետ կապված ոլորտներում:

Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։

-Տարբեր բնագավառներում համահեղինակները տարբեր թվով են, տարբեր է լինում նաև անձնական ներդրման չափը: Եթե տարիներ առաջ իմ անձնական ներդրումը սահմանափակվում էր տեխնիկական մասով, ապա այսօր ավելի մեծանում է գիտական մասը, որը, կարծում եմ, օրինաչափ է փորձի և մասնագիտացման հետ:

Ձեր կարծիքով ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» մրցանակի անվանակարգը՝ տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը ։

-Ինչ խոսք, ցանկացած գիտնականի համար շատ կարևոր է միջազգային ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում հաշվառվող ամսագրերում տպագրություններ ունենալը, բայց այս ցուցանշին Հայաստանում չափազանց մեծ տեղ են տալիս` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, որոնց չեմ ուզում անդրադառնալ: Սակայն իմ կարծիքով, այսօր առաջնային չափորոշիչը Հայաստանի նման, մեղմ ասած, ոչ այնքան հարուստ երկրի համար, պետք է լինի այն, թե գիտնականի գիտելիքը և հետազոտությունները որքանով են օգտակար եղել ՀՀ-ի տնտեսության և այլ օրակարգային խնդիրների լուծման համար: Սա կարելի է չափել տեղական տնտեսական պայմանագրերով, կառավարության նպատակային հանձնարականներով և այլ ներպետական ծրագրերին մասնակցություններով: Հաշվի պետք է առնել նաև միջազգային դրամաշնորհները և ճանաչումը: Այսինքն, թող կոպիտ չհնչի՝ աշխարհի՝ գիտությանը հատկացված փողերից որքա՞ն է բերվել ՀՀ:

Իսկ ավելի հասուն գիտնականների դեպքում, բացի վերը նշված չափորոշիչները, կան նաև այլ բաներ. ինձ համար ավելի բարձր վարկանիշ ունի այն գիտնականը, որը ստեղծել է գիտական դպրոց, ինչը տարիների հետևողական, անձնուրաց ու շատ կարևոր գործ է հանդիսանում, և որի համար հասուն գիտնականն ինքը պետք է լինի կայացած, որպեսզի երիտասարդներին որպես մրցակից չդիտի: Ցավոք, ՀՀ-ում քիչ են հանդիպում այդպիսիք: Ես երջանիկ երիտասարդ գիտնական եմ, քանի որ ինքս հենց այդպիսի կայացած հասուն գիտնականի կողմից ստեղծած գիտական դպրոցի ներկայացուցիչ եմ ու հուսամ, որ՝ շարունակողը:

-Որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները:

-Հայաստանում գիտությամբ զբաղվելու համար սոցիալական ստիմուլներ չկան: Չկա վստահություն ապագայի նկատմամբ. այսօր նախագիծ ունես, մի քիչ լավ ես զգում քեզ, վաղը նախագիծը վերջանում է, ու սկսվում է սոցիալական խուճապը:

-Տեսնո՞ւմ եք ելք։

-Երիտասարդ գիտնականներին անհրաժեշտ են ապահով, հասուն, կայացած ոչ երիտասարդ գիտնական-առաջնորդներ, նաև զգացում, որ արածդ գործը, բացի քեզանից, բաժնիցդ ու միջազգային թեկուզ բարձր վարկանիշ ունեցող ամսագրից, պետք է հատկապես հարազատ երկրիդ:

-Բայց դրա համար գիտությունը չպետք է թերֆինանսավորվի, այդպես չէ՞:

-Երբ կա ցանկություն, գտնում են հնարավորություններ, երբ ցանկություն չկա, փնտրում են պատճառներ: Իմ կարծիքով ՀՀ գիտությունը կարիք ունի շրջադարձային փոփոխությունների, քանի որ այսօրվա գիտությունն իր բարքերով, օրենքներով, տրամաբանությամբ խիստ տարբերվում է խորհրդային տարիների գիտությունից:

-Մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխությունները փոփոխություն չե՞ն մտցնում:

-Լրջորեն չեն փոխում, բայց երևի անհրաժեշտ են՝ որպես խրախուսանք: Բայց, ըստ էության, ոչինչ չեն փոխում` գոնե դեպի դրականը:

-Լավ, իսկ այդ դեպքում տեսնո՞ւմ եք դրական միտումներ պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ։

-Կան դրական շարժեր, ավելացել է պետական դրամաշնորհային մրցույթների թիվը` հուսանք, որ դրանք կլինեն շարունակական, կկատարելագործվեն ու անպայման կդառնան համակարգային, այլապես օգուտը դրանցից կլինի քիչ: Կարևոր մի սկզբունք պետք է լինի գիտության մեջ` շատ աշխատողին՝ շատ, քչին` քիչ, խորհրդային տարիների հավասարությունը, իմ կարծիքով, լավ բանի չի բերի:

-Աշխատե՞լ եք արտասահմանում, որտե՞ղ։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

-Չեմ աշխատել, բայց միշտ նախանձել եմ արտասահմանյան կոլեգաներիս ապահով հայացքներին և կյանքին:

-Հայաստանո՞ւմ եք պատկերացնում անձամբ Ձեր ապագան, թե՞ արտասահմանում։

-Իմ ապագան տեսնում եմ Հայաստանում, բայց, ինչպես և իմ շատ կոլեգաներ, գուցե ապագա երեխաներիս ապագան` ոչ (ցավոք):

 

Զրուցեց Մանէ  Յակոբեանը

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here