ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսին» և «Բաքու քաղաքի հայության պատմություն» գրքերի շնորհանդեսը

0
126

Փետրվարի 27-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով և հովանավորությամբ`  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Ստեփանյանի` անգլերենով հրատարակված «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսին» պատմաժողովրդագրական ուսումնասիրության (հայերեն տարբերակը լույս է տեսել 2010թ., դարձյալ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով) և հայերենով լույս տեսած «Բաքու քաղաքի հայության պատմություն» աշխատության շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ  Շ. Քոչարյանը, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մ. Հարությունյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն  Ա. Վիրաբյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Վ. Բարխուդարյանը եւ այլ պաշտոնատար անձինք, գիտնականներ:

ՀՀ սփյուռքի նախարարը խորհրդանշական համարեց այն փաստը, որ շնորհանդեսը համընկել է Սումգայիթի ջարդերի և Արցախյան ազատամարտի հաղթանակների ժամանակահատվածի հետ:

Շնորհավորելով հեղինակին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Այս գրքերը մեծ ներդրում են Հայոց քաղաքակրթության արժեհամակարգի համակողմանի ուսումնասիրության գործում: Գ. Ստեփանյանին հաջողվել է արխիվային վավերագրերի, տեղագրական աշխատությունների, վիճակագրական նյութերի և ժամանակի պարբերական մամուլի հրապարակումների հենքի վրա ներկայացնել Բաքվի հայ բնակչության պատմաժողովրդագրական ամբողջական պատկերը»: Գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսին» աշխատանքը անգլերեն լեզվով հրատարակելով, մենք հակազդում ենք ադրբեջանական այն քարոզչամեքենային, որն անընդհատ աշխատում և հակահայկական տեղեկատվություն է տարածում ողջ աշխարհում:

«Բաքու քաղաքի հայության պատմություն» աշխատության մեջ սկզբնաղբյուրների քննությամբ ցույց է տրված, որ Բաքու քաղաքը Արևելյան Այսրկովկասում XX դարի երկրորդ տասնամյակի վերջում «Ադրբեջան» անվամբ արհեստածին պետության մայրաքաղաք է դարձել եկվոր թյուրք-օղուզների հետնորդների` 1930-ական թթ. վերջերից «ադրբեջանցի» հորջորջված կովկասյան թաթարների կողմից տեղաբնիկ ժողովուրդների (հայեր, թաթեր, լեզգիներ և այլն) ցեղասպան քաղաքականության, ուծացման, քաղաքակրթական արժեքների կողոպտման ու ոչնչացման միջոցով:

Տիկին Հակոբյանը նշեց, որ նախատեսվում է «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսին» գրքի ռուսերեն թարգմանությունը և ճիշտ կլիներ, եթե այսօր գրի առնվեին նաև Սումգայիթի ջարդերում հայ վերապրած-ականատեսների պատմությունները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ  Շավարշ Քոչարյանը Ադրբեջանի բացահայտ տարածքային հավակնությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ դիտարկեց որպես  այդ երկրի ժառանգվող ավտորիտար ռեժիմի հոգեվարքի հերթական վկայություն: Երբ բացահայտ սուտը ներկայացվում է որպես ճշմարտություն, դա սպառնում է ողջ տարածաշրջանի և առաջին հերթին ադրբեջանական ժողովրդի անվտանգությանը: Այդ իմաստով իհարկե Հայաստանը պետք է հաղթանակի ոչ միայն ռազմի, այլ նաև` քարոզչական դաշտում:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն պրոֆ. Աշոտ Մելքոնյանը նշեց, որ հաղթանակն Արցախյան ազատամարտում հայերին բավարար թվաց, և ճշմարտությունն ապացուցման կարիք չկա: Սակայն քարոզչության դաշտում եղած բացթողումն այսօր շտկված է և վերականգնված է հավասարակշռությունը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Բարխուդարյանը գոհունակությամբ նշեց մեր ազգի համար այսքան կարևոր գրքերի շնորհանդեսը լեփ-լեցուն դահլիճում է: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և հատկապես նախարարին հայ գրքի և գրականության հանդեպ նման հոգածու վերաբերմունքի համար` պարոն Բարխուդարյանը նշեց, որ գրքերի գլխավոր առավելությունը փաստական վկայություններն են, որոնք ամրագրված մեր պատմության անբաժանելի մասն են: Ակադեմիկոսն առաջարկեց նույն կերպ զբաղվել և վավերացնել նաև Վրաստանի 19-րդ դարի պատմությունը:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն  Ամատունի Վիրաբյանի կարծիքով գիրքը նախևառաջ պատմական մեծ աշխատություն է, այնուհետև` ադրբեջանական հակաքարոզչությանն ուղղված հիմնարար աշխատանք:

Ելույթներով հանդես եկան նաեւ պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հին դարերի պատմության բաժնի վարիչ Էդուարդ Դանիելյանը,  «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ, ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը, ՀՀ ԳԱԱ առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Էմմա Կոստանյանը:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ գրքերի հեղինակ, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Գևորգ Ստեփանյանը: Հեղինակը նշեց, որ ինքը ևս Բաքվի ջարդերը վերապրած ընտանիքի զավակ է և աշխատանքին նվիրվել է եռանդով, իր մեծերին արժանին մատուցելու ձգտումով: Պարոն Ստեփանյանը ուրախությամբ ընդգծեց, որ գրքի շապիկին պատկերված է Բաքու քաղաքի հայկական առաջին` Սուրբ Աստվածածին եկեղեցին: Մենագրությունը կարող է օգտակար լինել ինչպես պատմաժողովրդագրության, հայագիտության և կովկասագիտության հարցերով զբաղվողների, պատմաբանների, այնպես էլ`  լայն հասարակայնության համար:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը իր հեղինակած գրքի տպագրության ֆինանսավորումը և անգլերեն թարգմանելու խնդիրը լուծելու համար` հեղինակը մասնավորապես նշեց. «Գիտնականներիս համար անչափ կարևոր է տեսնել պետական գերատեսչության կողմից նման գործի կարևորության գիտակցումը: Այն մեզ ուժ է տալիս և մղում առավել քրտնաջան աշխատանքի»:

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here