Անահիտ Մանասեան. Մեր երկրում գիտահետազօտական կառոյցների եւ գործարար ոլորտի խզուածքն ակնյայտ է

0
309

Երիտասարդ գիտնականի ամպիոն

 

Անահիտ Մանասյանը տնտեսագետ է: 2011 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, աշխատում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում՝ որպես դասախոս, դասավանդում է «Հասարակայնության հետ կապեր» և «Հաղորդակցության տեխնոլոգիաներ», Այ Էյ Բի բիզնես կենտրոնում՝ որպես բիզնես խորհրդատու և դասընթացավար, «Երևան Ջուր» ՓԲԸ-ում` որպես գլխավոր քարտուղար՝ մամուլի գծով-հաղորդակցության բաժնի ղեկավար, ինչպես նաև հանդիսանում է «Տեկտում» ՀԿ-ի հիմնադիր նախագահը, որտեղ երիտասարդ գիտնականների հետազոտությունները վերածվում են բիզնես նախագծերի: Ատենախոսության թեման` «Միջազգային մարքեթինգի դերը արտաքին առևտրում ՀՀ օրինակով»: Հետազոտության առանցքային նորույթն է՝ առաջին անգամ արհեստական ինտելեկտի կիրառումը մեդիայի բնագավառում: Արդեն ունի երկու գիտական մրցանակ` 1. ՀՀ ԳԱԱ և ՌՀՄ կողմից շնորհված մրցանակը «Լավագույն գիտական աշխատանքը տնտեսագիտության բնագավառում 2011թ.» և 2. CUP միջազգային մրցույթում շնորհված մրցանակը (1-ին տեղ) «Լավագույն գիտական աշխատանքը 2012թ.»:

 

Անահիտը համագործակցում է Վոլֆրամ գիտահետազոտական ինստիտուտի հետ (ԱՄՆ), իսկ իր ասպիրանտական համակուրսեցիների մեծ մասը, ըստ իրենց մասնագիտական բնագավառների, համագործակցում են տարբեր գիտական կառույցների հետ: Նմանատիպ համագործակցությունները նա համարում է արդյունավետ, քանի որ պարբերաբար մասնագիտական փորձի փոխանակում է լինում իրենց թիմի և այլ երկրների երիտասարդ գիտնականների միջև:  Ինտեգրացվածության աստիճանն առայժմ գնահատում է ցածր, սակայն հետագայում հնարավոր է համարում՝ այն ավելի բարձրացնել: Գյուտերի արտոնագրերը ձեռք բերելուց հետո հնարավոր է նաև համագործակցության շրջանակի ընդլայնում:

Թե ինչն է Անահիտին ձգում գիտության մեջ, ինչու որոշեց գիտնական դառնալ հարցին պատասխանում է, որ գիտությունը միակ հնարավորությունն է, որտեղ, որպես մտածող` մարդը կարող է ինքնադրսևորվել և արժևորվել. «Իմ շաբաթ-կիրակիները նախատեսված են գիտության համար. ես մեծ սիրով իմ հանգիստը փոխարինում եմ գիտական գործունեությամբ»: Մեծ հետաքրքրությամբ ուսունասիրում է այլ համալսարաններում կատարվող գիտական հետազոտությունները, որոնք իրականացվում են իր հասակակիցների կողմից:  Ազատ ժամանակը նվիրում է սպորտին, վարում է առողջ ապրելակերպ:

 

Հարցին, թե արդյո՞ք գիտական աշխարհում մարդու սեռը որևէ նշանակություն ունի, որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա, որպես իգական սեռի ներկայացուցիչ՝ որևէ կարգի «անհարմարություն» զգացե՞լ է Հայաստանում կամ արտասահմանում, պատասխանում է միանշանակ՝ ոչ: Կարծիք ունի, որ գիտությունը միակ վայրն է, որտեղ գենդերային մոտեցումը որևէ հարցում լիովին բացակայում է:  «Իսկ ինչ վերաբերում է «անհարմարությանը», իմ՝ ասպիրանտուրայում սովորելու տարիներին արական սեռի ներկայացուցիչներն ազատված էին բանակից, ու պաշտպանությունների ժամանակ նրանց տալիս էին առաջնայնություն, և շատ դեպքերում իգական սեռի ներկայացուցիչների պաշտպանություններն ամիսներով հետաձգվում էին: Այժմ, իմ ունեցած տեղեկության համաձայն, այդ խնդիրը լուծված է»:

Վոլֆրամ գիտահետազոտական ինստիտուտում (ԱՄՆ 2008թ),  ատենախոսության փորձարարական հատվածի վրա աշխատելիս, գրել է մեկ հոդված (տես`www.wolfram.com/projectdemonstrations): Աբու-Դաբիում մասնակցել է մի միջազգային գիտաժողովի՝ «Մտածողների փառատոն» (ՄԱԷ 2009), որին մասնակցել են նաև բազմաթիվ Նոբելյան մրցանակակիրներ: Քննարկվել են օրակարգում տեղ գտած գլոբալ մարտահրավերները, այսնեղ Անահիտը ելույթ է ունեցել` ներկայացնելով իրենց բազմազգ թիմի կողմից մշակված տեսլականը: Ինչպես տեղեկացրել է ՄԱԷ ՀՀ արտակարգ լիազոր դեսպան պարոն Վահագն Մելիքյանը, Հայաստանը ներկայացնող երեք մասնակիցներին բավականին բարձր գնահատական են տվել և կատարված աշխատանքի վերաբերյալ հայտնել դրական կարծիք:

-Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։

Առայժմ իմ կողմից տպագրված բոլոր աշխատանքների հեղինակը միայն ես եմ, այս տարի տպագրվելու է բիո տեխնոլոգիաների բնագավառին առնչվող գիտական աշխատանքի վերաբերյալ հոդված, որի հեղինակները լինելու ենք ես և իմ համակուրսեցի Նաիրի Գրիգորյանը:

-Ինչպե՞ս եք վերաբերում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc)  համակարգին. արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսակետից պետք չէ  արագորեն ներդրնել այդ համակարգը Հայաստանում։

Վերաբերում եմ միայն դրական, մենք, վստահեցնում եմ, կշահենք այդ համակարգի ներդրման արդյունքում:

-Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում, որտե՞ղ։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

2008 թվականից մինչ օրս համագործակցում եմ Վոլֆրամ գիտահետազոտական ինստիտուտի հետ, սակայն սա չվարձատրվող աշխատանք է: Այնտեղ գիտության նվիրյալները մեծարված և փառաբանված են, իսկ մենք դեռ մեր արժանի տեղն ենք փնտրում (սա կես լուրջ և կես կատակ): Հիմնականում բոլոր գիտահետազոտական կառույցները սերտորեն համագործակցում են գործարար ոլորտի հետ և կատարում են վերջինիս պատվերները: Մեզ մոտ այդ խզվածքը ակնհայտ է (սա արդեն լուրջ):

Ըստ Անահիտի՝ Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները գործարարների և երիտասարդ գիտնականների միջև երկխոսության բացակայությունն է: Կարծում է, որ կարելի է կազմակերպել տարբեր ֆորումներ, որտեղ երկու կողմերը կներկայացնեն ոլորտային խնդիրները և համատեղ կմշակեն լուծումներ: Իրավական տեսանկյունից եթե դիտարկվի աշխատանքային մեխանիզմը` գիտնականը դառնում է գյուտի հեղինակը իսկ գործարարը՝ գյուտի սեփականատերը: Հնարավոր է մշակել համագործակցության պայմանագիր, որով հետազոտության ընթացքում կսահմանվեն կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

Նշում է, որ այսօր շատ կան գիտական հաջողված աշխատանքներ, որոնք, ցավոք սրտի, այդպես էլ չեն վերածվել բիզնես նախագծի ու «պահարանում փոշոտում են»` չարժանանալով որևէ ուշադրության: «Մեղադրել որևէ մեկին՝ չեմ կարող, սակայն կարող եմ կիսել իմ փորձը. մենք մեր բոլոր ուսումնասիրությունները կատարում ենք` ելնելով հասարակությանը առավել անհանգստացնող խնդիրներից: Վերջիններս վերածելով վերջնական պրոդուկտի` հանձնում ենք հասարակության դատին»,- ասում է Անահիտը: Իհարկե գումարի անհրաժեշտություն զգացվում է պրոդուկտի ստացման գործընթացում, բայց այն կարելի է ձեռք բերել և՛ դրամաշնորհային կազմակերպություններին դիմելով, և՛ ոլորտի գործարարների հետ համագործակցելով:

Տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սկսեցին իրականացվել, վերաբերում է դրական:  Կարծում է, որ մտագործունեություն ծավալող անհատին նույնիսկ փոքրիկ ուշադրություն ցուցաբերելը մեծ գործ է, վստահեցնում է, որ դրանով ոչ միայն շոյվում է (այս դեպքում) երիտասարդ գիտնականի անձը, այլև առաջանում է պատասխանատվության զգացում` սեփական երկրի համար որևէ գործ անելու համար. «Երկու մրցանակ ստանալու արդյունքում կատարել եմ մի քանի առանցքային ուսումնասիրություններ, հիմա թիմով աշխատում ենք մեր ուսումնասիրություններից մեկը` այծի պրոբիոտիկ պանիրը կյանքի կոչելու ուղղությամբ: Մոտ ժամանակներս այն կարտադրվի և մատչելի գներով կվաճառվի Հայաստանի գրեթե բոլոր վաճառակետերում: Այս պրոդուկտով մենք լուծում ենք և՛ առողջապահական, և՛ համայնքային զարգացման խնդիր: Խորհուրդ կտամ կիրառել «հաջողակ պատմություն» (success story) մոտեցումը, այսիպիսով կտեղեկանանք բոլորը մրցանակակիրների հետագա գիտական ձեռքբերումների մասին, այսինքն` ստացված մրցանակը (գումարը) ինչպես է ծախսվել, որտեղ է ներդրվել և ինչ արդյունք է ստացվել»:

-Անահիտ, տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում՝ պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ։

Դրական միտումներ կան, սակայն որքանով են դրանք շոշափելի, դժվարանում եմ պատասխանել:

-Այս տարի, «Հայկյան» մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս, որպես հիմք, ընդունվել է միջազգային ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանակը, իսկ անցյալ տարի դիտարկվում էր հղումների թիվը։ Ձեր կարծիքով ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» մրցանակի անվանակարգը։ Ընդհանրապես, ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ չափանշներով արժե անցկացնել այս մրցույթը հաջորդ տարիներին։

Ես միայն ողջունում եմ այդ մոտեցումները և առաջարկում հաշվի առնել նաև այլ մրցույթների մասնակցությունը և ձեռքբերումները:

Երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում վերաբերվում է շատ դրական. «բարձրաձայնելը լավ է, միայն թե, միևնույն ժամանակ, առաջարկեն լուծումներ պատկան մարմիններին, բացի այդ, ներգրավվեն խնդիրների լուծման մեխանիզմների մշակման գործընթացում»:

-Շատ է խոսվում այն մասին, որ կոռուպցիան ամենամեծ չարիքներից մեկն է մեզանում։ Որքա՞ն է դա տարածված գիտական աշխարհում։ Արդյո՞ք Դուք անձնապես, կամ Ձեզ ծանոթ այլ երիտասարդ գիտնականներ ևս տուժել եք դրանից։ Շահագործո՞ւմ են, արդյոք, երիտասարդ գիտնականների աշխատանքը լաբորատորիաների վարիչները և տիտղոսակիր կամ պաշտոնատար այլ անձինք՝ գրվելով համահեղինակ աշխատանքներում, իրենց վերագրելով կատարված աշխատանքը։

Փառք Աստծո, ես այս արատավոր երևույթի զոհը դեռ չեմ դարձել, և հուսամ՝ չեմ էլ դառնա, սակայն այս երևույթը, այո՛, տարածված է, և մեր թիմից ոմանք դարձել են դրա զոհը:

-Հայաստանո՞ւմ եք պատկերացնում անձամբ Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։

Առայժմ՝ Հայաստանում, իսկ թե վաղն ինչ կլինի` դժվարանում եմ պատասխանել:

Մանէ Յակոբեան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here