Հարություն Ալավերդեան. Գիտության թերֆինանսավորման հիմնական պատճառներից մեկն իշխող էլիտայի կողմից գիտության թերագնահատումն է

0
235

Երիտասարդ գիտնականի ամպիոն

Հարություն Ալավերդյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է: 2009 թվականին պաշտպանած ատենախոսական աշխատանքի վերնագիրը հնչում է՝ «Պրոտեին կինազա C-ի դերը շաքարախտային նեյրոպաթիայի պաթոգենեզում»։ Դժվար թե սա ոչ մասնագետին շատ բան ասի։ Աշխատանքն ինչի՞ մասին է. պարզ լեզվով բացատրել հնարավո՞ր է։ Պատասխանը կարճ է. «Շաքարախտի բարդությունների մեխանիզմների մասին»։ Մտածեցի, որ պրոտեին բառը երևի սպիտակուց է նշանակում` դպրոցից եմ աղոտ այդպես հիշում, իսկ նեյրոպաթիա՞ն, պաթոգենե՞զը, կինազա՞ն՝ դրա՞նք ինչ են նշանակում… «Նեյրոպաթիան նյարդերի ախտահարումն է, ինձ հետաքրքրել է այն նեյրոպաթիան, որը զարգանում է՝ որպես շաքարախտի բարդություն, պաթոգենեզ նշանակում է զարգացման մեխանիզմներ, կինազան արդեն հեշտ չէ բացատրել. ֆերմենտներ են (այլ կերպ՝ հատուկ սպիտակուցներ), այդ թվում նաև` բջջում կարգավորիչ դեր կատարող»։

Այսպիսով, Հարությունն զբաղվում է մարդկանց առողջությանն առնչվող կարևոր հետազոտություններով, որոնց մեջ խորանալ հնարավոր է միայն, եթե նվիրված ես գործիդ. «Ես ինձ զգում եմ գիտնական, զգում եմ, որ գիտնականի մտավոր կառուցվածք ունեմ, և զգացողությունս գալիս է խորքիցս»։

Մտածում եմ՝ ինչ լավ է, որ կան երիտասարդներ, ովքեր ձգտում ունեն, ունեն նվիրում, ու իրենց՝ կոչումով գիտնական են զգում։ Ու չեմ կարծում, որ գիտնական լինելը որևէ կերպ կարող է պակասեցնել կյանքը լիարժեք ապրելու բերկրանքը։ Հարցրի՝ տարի՞ք, ընտանի՞ք, ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչո՞վ եք հետաքրքրվում. «33, ամուսնացած եմ, երեխա դեռ չունեմ։ Նախասիրություններս շատ են` գրքեր, արվեստ, ինտելեկտուալ խաղեր»։

Փորձեցի մի քիչ աշխուժություն հաղորդել. «Գիտության ոլորտում հո գենդերային պրոբլեմներ չկա՞ն, հո չե՞ն ճնշում կանանց գիտական աշխարհում 🙂 Բողոքեց. «Գիտության ոլորտում աշխատում են մարդիկ, ովքեր սովոր են գնահատել մարդկանց ոչ թե ըստ սեռի, այլ ըստ խելքի։ Շատ գիտություններ, ինչպես օրինակ՝ հումանիտար, կենսաբանական և այլն, ընդհանրապես կանանց ձեռքում են: 🙂 Տեխնիկականներում, հատկապես` ֆիզմաթ, իհարկե, կանայք ավելի քիչ են, բայց առավել ևս բարձր են գնահատվում այդ քչերը»։ Կիսատոնի վրա կանգ չառնելու ու թեման տրամաբանական ավարտին հասցնելու համար շարունակեցի՝ ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում գեղեցիկ սեռին։ Ժպտաց. «Եկեք այդ հարցին չպատասխանեմ, թե չէ՝ շաբլոն բան եմ ասելու հիմա, ավելի հետաքրքիր բան չեմ ասի այս պահին, գիտնականները մեկ-մեկ հոգնում են :)»

 

-Լավ։ Վերադառնանք գիտությանը։ Կոնկրետ ի՞նչ խնդիրների վրա եք աշխատում, ինչպիսի՞ հաջողություններ ունեք։

-Ներկայում դեղերի ուսումնասիրությամբ եմ զբաղված մի մասնավոր ընկերությունում, մինչ այդ յոթ տարի աշխատում էի ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնում: Հաջողություններս` ավարտած մի քանի հետազոտություններս են։ Աշխատանքներս ներկայացրել եմ Բուխարեստում և Սիենայում՝ ցավի մեխանիզմներին նվիրված, Վիլնյուսում՝ բիոէթիկային նվիրված գիտաժողովներում։

-Ի՞նչ կազմ ունի ձեր խումբը, միջազգային կամ տեղական՝ հայկական գիտական համագործակցություններ ունե՞ք, քանի՞ հոդված ունեք տպագրած, ի՞նչ գիտական դրամաշնրհներ և մրցանակներ եք ստացել։

-Իմ խումբը բաղկացած է երկու-չորս հոգուց և ուսանողներից։ Միջազգային համագործակցություններ, ցավոք, չունենք։ Համագործակցում ենք մի քանի հայկական հիմնարկների հետ, համագործակցությունն արդյունավետ է: Ես գիտեմ նման արդյունավետ մի քանի այլ դեպքեր, սակայն, այնուամենայնիվ, պետք են մեխանիզմներ, որ խթանեն ու ավելի սերտ դարձնեն համագործակցությունը։ Ունեմ տասնյակից ավել աշխատանքներ, դրանցում իմ անձնական ներդրումը կայանում է նոր մեթոդների ներդրման, պլանավորման և փորձերի մի մասի իրականացման մեջ։

Միջազգային համագործակցությունը գերխնդիր է՝ առաջնային կարևորության, բայց լուրջ ռեսուրսներ է պահանջում. չէ՞ որ պետք է համագործակցին առաջարկել մի բան, որն ինքը չի կարող անել։ ԵՊԲՀ երիտասարդ գիտնականների գիտաժողովի զեկույցս ճանաչվել է լավագույնը, անցյալում ստացել եմ մեկ ANSEF և երկու թեմատիկ դրամաշնորհներ, երկու դրամաշնորհ էլ՝ միջոցառումների կազմակերպման համար։

Վերջին շրջանում իրականացված մրցանակաբաշխություններին ինքս չեմ մասնացել, բայց ողջունում եմ դրանք՝ նույնսիկ եթե դա անի ամենակաշառված և վատ համբավ ունեցող կառույցը, բայց պայմանով, որ թափանցիկ մրցույթ լինի` օրինակ, հղումների քանակի կամ ազդեցության գործակցի հիման վրա: Իհարկե, ավելի լավ կլինի, եթե հաշվի առնվեն երկու գործոնն էլ՝ ազդեցության գործակիցը և հոդվածների քանակը: Հղումների քանակը երկար ժամանակի հարց է, միշտ չէ համաշխարհային ճանաչումը միանգամից գալիս։ Բոլոր դեպքերում, մրցանակաբաշխությունները խթաններից մեկն են,  բայց  ամենևին չեն լուծում ֆինանսավորման ցավոտ հարցը։

-Որո՞նք են գիտության թերֆինանսավորման պատճառները։

-Գիտության տեղի, դերի և համբավի նվազումը, որի պատճառներից են նաև կաշառակերությունը գիտական հաստատությունների ներսում, սկսած սովետական ժամանակներից, գիտության արդյունքների կտրվածությունը պրակտիկայից, շատ ոլորտներում գիտության արդյունքների գնահատման դիսֆունկցիոնալ համակարգը, գիտության անջատվածությունը այլ  ինստիտուտներից` կառավարական, կրթական և այլն։ Կարևոր է նաև գերակա ուղղությունների ու առաջնահերթությունների ճիշտ որոշումը։ Բնականաբար, հիմնական պատճառներից է իշխող էլիտայի կողմից գիտության և գիտնականների հնարավորությունների թերագնահատումը։ Այ, օրինակ, ըստ իս` փոփոխություններից շատերը պահանջում են նախնական գիտական ուսումնասիրություններ, այդպես փոփոխություններն, իհարկե, դանդաղ կիրագործվեն, բայց բազմաթիվ խնդիրներից հնարավոր կլինի խուսափել։ Իսկ ներկայում փոփոխություններն անցկացվում են առանց նման հետազոտությունների:

Ուղղել վիճակը կարող է այնպիսի մեխանիզմի ստեղծումը, որը հնարավորություն կտա, ըստ արժանվույն, գնահատել աշխատանքի գիտական արժեքը, օրինակ, անկախ մարմնի կողմից իրականացվող փորձաքննությունը, որը պետք է արվի դրսում, որպեսզի փոքր Հայաստանի, որտեղ շատերն իրար գիտեն, ազդեցությունը չլինի։

-Պատճառների մեջ նշեցիք նաև կոռուպցիան։ Գիտության մեջ այն տարածվա՞ծ է։

-Ավելի շուտ՝ կաշառակերություն՝ ոչ դասական իմաստով, չէ՞ որ ծանոթին օգնելը երբեմն նույնպես կաշառակերություն է, այլ ոչ թե ընկերասիրություն։ Կաշառակերության ամենավատ դրսևորումն այն է, երբ ռեսուրսների կիսման ժամանակ, այսինքն, ֆինանսավորումը որոշելիս` նախապատվություն է տրվում ծանոթ մարդկանց, այլ ոչ թե հետաքրքիր և կարևոր թեմաներին։

-Որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները, կասե՞ք, թե ինչպես եք տեսնում դրանց լուծման ճանապարհները։

-Հնացած մեթոդոլոգիան և հնացած մոտեցումները, հնացած տեխնիկան, փոքր հնարավորությունները, գրականության պակասը, մեկուսացումը միջազգային գիտությունից (կապը ռուսական գիտության հետ պահպանվել է, սակայն ռուսական գիտությունն ինքը շատ հարցերում մեկուսացման ու հնացվածության խնդիր ունի), չգնահատվածություն։ Մյուս կողմից ասեմ, որ այսօր երիտասարդներին ընձեռված են հնարավորություններ, որոնցից զուրկ են տարիքով հետազոտողները` բազմաթիվ դրամաշնորհներ գիտաժողովներին մասնակցելու համար, դրսում աշխատելու հնարավորություն, չկա միայն հնարավորություն՝ հետ վերադառնալու դեպքում այստեղ աշխատանք գտնելու…

-Ի՞նչ պետք է անել, պե՞տք է բողոքել, պայքարել։

-Միանշանակ։ Կարևոր է նաև լոբբիզմը: Ոլորտի զարգացմանը նպաստելը գիտնականների պարտականություններից մեկն է, և լոբբիզմը դրան հասնելու միջոցներից է։

-Ձեր ապագան Հայաստանո՞ւմ եք տեսնում, թե՞ արտասահմանում։

-Դեռևս հույս ունեմ համատեղել այդ երկուսը 🙂

Մանե Հակոբյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here