Վահան Տերյանն ասաց՝ ավա՜ղ…

0
513

Թեև Տերյանին սովոր ենք ընկալել՝ որպես աշնա՛ն երգիչ, բայց Գարունը այնքան ծաղիկ է վառել, գարունը այնպես պայծառ է կրկին… ու արդեն ո՜րերորդ գարունն է՝ կրկին հիշել ենք Տերյանին, կրկին՝ կյանքի ու սիրո նոր սպասումով ենք լցվել.

Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել,

Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,

Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

 

Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, Ուզում եմ անուշ փայփայել մեկին – սա էլ է արդարացված, քանի որ

Վահան Տերյանն ասաց – ավա՜ղ, ինչու դրի սրտիս կապանք,
Քանի՜ սերեր, քանի՜ հուրեր զուր հանգցրի – հազա՜ր ափսոս…

Ինչո՞ւ միայն գարունն ու աշունը… Վերջին ամիսներին տարբեր՝ լավ ու վատ առիթներ եղան՝ հիշելու Տերյանին (ում, թեև, երբեք էլ չէինք մոռացել): Ու վերհանվեցին փաստեր՝ կապված նրա մահվան հետ (թեև Տերյանն անմահ է): Բանաստեղծի թոռան՝ Գրիգոր Էմին-Տերյանի միջոցով «ջրի երես դուրս եկավ» ու սկսեց շրջանառվել Տերյանի գրական ժառանգության հետ կապված  մի պատմություն, ըստ որի՝ «Տերյանի ձեռագրերը նրա այրիից՝ Անահիտ Տերյանից, զենքի սպառնալիքով խլել է այն ժամանակվա կարկառուն չեկիստ Պողոս Մակինցյանը՝ պետականացնելու պատրվակով և… սեփականացրել է»: (Սեփականացրե՜լ. ի՜նչ ծանոթ պատմություն. Պտտվիր, պտտվիր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել…) Ու որ այսօր էլ դրանք գտնվում են նրա դստեր տանը, և նա չի համաձայնում վաճառել կամ հրապարակել ձեռագրերը՝ թեև կատարվել են նրա բոլոր պահանջները: Ու որ մեր ազգային գոհարները սեփականությունն են մի ընտանիքի, որը դրանց դիտում է՝ որպես փողի անսպառ աղբյուրի: Մեծ բանաստեղծի ժառանգները վրդովված ու վիրավորված են  (թեև վրդովված ու վիրավորված ենք բոլորս):

Երբ Վահան տերյանն ասաց՝

Արածներիդ համար երբեք չես ասելու՝ ախ ու ափսոս,-

Չարածներիդ համար պիտի ասես՝ ափսո՜ս, հազա՜ր ափսոս

դժվար թե կարծեր, որ այս տողերն ամեն մեկն ի՛ր կերպ է մեկնաբանելու. ահա թե ոնց են դա հասկացել Մակինցյանենք: Տերյանն ասաց սա մեկ դար առաջ։ Որոշներն ի շահ իրենց ընկալեցին, թեև, օրինակ, «Տաշիր» բարեգործական հիմնադրամն էլ ի՛ր ձևով կատարեց մեծ բանաստեղծի «պատգամը» և, արդարացի լինելով, պիտի ասել, որ՝ գեղեցի՜կ ձևով. նա վերցրեց ու տպագրեց  Վահան Տերյանի «Ընտիրը»։ Երկու տասնամյակ է արդեն, որ մեր դասականների նոր հրատարակություններ համարյա չկան։ Հիմնադրամը տպագրեց Տերյանի բանաստեղծությունների ընտրանին՝ անվճար օրինակներ տրամադրվելով Ջավախքի, Հայաստանի, Արցախի գրադարաններին, բանասիրական ֆակուլտետներ ունեցող բուհերին: Այս քայլով նա միաժամանակ և՛ իր ձևով կատարեց պոետի պատգամը՝ հետագայում «չարածների համար ախ ու ափսոսից» խուսափելու, և՛ իրականացրեց այն հատուկենտ քայլերից մեկը, որոնք պիտի ապացուցեն՝ մեր քաղաքին «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» կոչելու իրավացիությունը։ Ասում են, որ Կարապետյան եղբայրները չեն սահմանափակվելու սրանով. ձեռնարկած մի շարք նման գործեր ունեն, և որ ծրագիրը շարունակվելու է։ Ըստ  հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանի՝ Կարապետյանները շատ են կարևորում մեր համազգային արժեքների փայփայումը, փոխանցումը սերունդներին և վերջիններիս դաստիարակումը այդ արժեքների, այդ թվում՝ գրականության միջոցով:

Ինչ խոսք. այսօր մենք ունենք ժամանակակից պոետներ, որոնց՝ հայհոյախառն լեզվով, անհասկանալի ասելիքով ու տարօրինակ հանգավորումով բանաստեղծությունները քննադատելու ճանապարհը նախօրոք փակել է մեծ գրականագետ Պարույր Սևակը՝ իրենից հետո եկող սերնդի մասին ասելով՝ «Կգան նորերը, որոնք կըմբոստանան ընդհանուր դարձած մտաեղանակի դեմ և, խոսելով նորի, արդիականի անունից կպահանջեն իրենցը: Նրանց կշվացնեն, նրանց բանաստեղծ չեն համարի, նրանց բերանը կփակեն գուցեև ի՛մ անունով, նրանց գործերը կհամարեն չորխելոք – «ինչ ուզում ես ասա, բայց ո՛չ բանաստեղծություն» «օրիգինալության մարմաջ» և այլն, բայց ճիշտ կլինեն նրա՛նք։ Ես այսօրվանից էլ նրանց կողմն եմ կանգնած, ես նրանց հետ եմ, ես օրհնում եմ նրանց ճանապարհը»։

Կարդում ենք ժամանակակից շատ պոետների՝ հիմնականում ստանալով կա՛մ ոչ մի տպավորություն, կա՛մ տհաճ զգացողություն, փակում ու կողք ենք դնում՝ երկրորդ անգամ դրան չանդրադառնալու հաստատ համոզմունքով։ Ու ստիպված մտածում, որ ոչ թե բանաստեղծությունն է վատը, այլ մե՛նք ընդունակ չենք հասկանալու դրա խորությունը, քանի որ Պարույր Սևակն իրեն հաջարդող սերնդի մասին ասել էր…

Բայց Սևակն իր նախորդողի մասին էլ է ասել, և դա արդեն ապագայի պոետի մասին մոտավոր գուշակություն չէ, այլ հաստատուն, ձևավորված կարծիք… Այն, որ  Տերյանը «Հանդիպել է քեզ պատանության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ… Սերդ ես խոստովանել` նրա՛ լեզվով, կարոտդ թեթևացրել` նրա՛ բառերով, թախծել ես` նա՛ քեզ հետ, երջանկությունդ ու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր…»։

Կան պոետներ, որոնց հայտնությունն ընդունում են և՛ ժամանակակիցները, և՛ հաջորդուհաջորդ սերունդները։ Նրանց տողերը, ինչպես ազնիվ մետաղը, չեն ժանգոտվում ժամանակի մեջ, նրանց հույզերը չեն հնանում՝ անգամ համակարգչառոբոտային դարում, նրանց խոսքերը չեն մաշվում, այլ շատ ընթերցվելուց մաշվում են նրանց ժողավածուները

Եվ այսպես՝ Կարապետյան եղբայրները կարևորել են Տերյանի ժողովածուի վերահրատարակումը։ Եվ ի՜նչ ուրախալի է, որ գտնվում են նվիրյալներ։ Ուրեմն՝ գորշ կազմով ու անձրևոտ տերևներով, չափազա՜նց հարազատ ու մաշված «Երկեր»-ընտրանու կողքին մենք արդեն ունենք ճերմա՜կ ու, ճերմակի մեջ՝ Տերյանի ուրվագծով, նոր, բայց արդեն հարազատ «Ընտիրը», որը մենք միանգամից սիրով ընդունեցինք. ճիշտ այնպես, ինչպես նախորդ դարասկզբին ընդունվեց «Մթնշաղի անուրջները»։

Հ.Գ.

Աշնանը կայացավ Տերյանի ճերմակ ընտրանու շնորհանդեսը։ Այն, բնականաբար, անցավ լավ, բնականաբար, ոչինչ չէր մոռացվել ու ոչ ոք չէր մոռացվել. հրավիրվածները մարդիկ էին՝ այս կամ այն կերպ կապ ունեցող Տերյանի ու նրա պոեզիայի հետ։ Հնչեցին մեծարման խոսքեր՝ պոետի հասցեին, շնորհակալական՝ Կարապետյան եղբայրների, հնչեցին տերյանական խոսքերով երգեր ու բանաստեղծական տողեր, եղավ հյուրասիրություն, դատարկվեցին բաժակներբայց ես չեմ ուզում երկար թվարկել այն ամենը, ինչը, բնական է, որ պիտի լիներ, այլ ուզում եմ կանգ առնել մեկ այլ, շա՜տ ավելի ուշագրավ կետի վրա. դա այն է, որ`

Վահան Տերյանն ասաց

 

Մանե Հակոբյան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here