ՅԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

0
166

Մայիսի 9-ի գիշերը, սրտի կաթվածից, հակառակ բժիշկների անդուլ ջանքերին, դադարեց բաբախել սիրտը մեր մեծ նկարչի: 90 տարեկան էր, բայց հիվանդ չէր, թեեւ վերջին շրջանում գանգատվում էր ոտքի ցավից, ստեպՙ գլխացավից: Ու թեեւ դեռեւս 2006 թ. լույս տեսած իր հոդվածներն ամփոփող «Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս» վերնագրով ժողովածուի նախաբանում գրում էրՙ «Ինչ անեմ, մեկ է, շատ չմնաց, շուտով գնալու եմ այս աշխարհից», սակայն ապրեց եւս 7 տարի լիարժեք, ստեղծարար կյանքով, միշտ կենսասեր ու զրուցասեր, որոնող ու հայտնագործող, խոհուն, խոհական ու խորիմաստ… Ինչպես իր նկարչությունըՙ հուռթի գարուններով հղի ուշ աշնանային դաշտեր, թվում է անջրդի ամայքներ, մայր հողի խորը մխրճված արմատների ողջ շքեղությամբ, տերեւաթափից հետո ավելի մենակ ու մենավոր ծառեր: Մի արվեստՙ անկրկնելի ու մնայուն, որը հատկանշում է լուռ սպասումների վավերագրողին, կրողի՛ն: Նրա յուրաքանչյուր կտավ հայտնագործություն է, ինչպես կյանքի վերջին տասնամյակին նրա ստորագրած հոդվածները: Առաջին հայացքից պարզ ու նախնական, այնուհետեւՙ հետզհետե պեղող ու խորացող, ի վերջո հանգելու համար զարմանալի ընդհանրացման, ներդաշնակության:

Ազգային նկարիչ էր նա ամեն բանից առաջ, եւ չէր կարող այդպես չլինել ազգի ճակատագրով ապրող ստեղծագործողը, մարդը: Ու բնավ պատահական չէր նրա հոգեկեցությունը, հիացումը ազգային մեր մեծագույն նկարչինՙ Մարտիրոս Սարյանին: Եվ այդպես էլ նրա արվեստի մասին ասել է մեծն Սարյանը. «Հակոբյանն իր ժամանակը խորը ապրող եւ սիրո պաշտամունք ունեցող նկարիչ է: Իր ինքնօրինակ բնանկարները թեեւ դիտվում են ամայի, բայց շնչում են հարուստ հոգով: Այդպես հաղորդվել բնության հետ, նշանակում է գերազնվություն պարգեւել»: Նրա զրույցները, մտերիմների, արվեստասերների եւ ընթերցողների լայն զանգվածների հետ նրա խոհերը, մեր ժողովրդի անցյալի, ներկայի ու մանավանդ ապագայի շուրջը նրա մտքերն ու մտահոգությունները շարունակությունն էին նրա ստեղծագործությունների: Եվ արդեն, նկարելու ընթացը նրաՙ խոհագրություն լիներ կարծես, որ երբեք չէր ընդմիջվում, չէր վերջանում, անգամ մինչեւ վերջին շունչը:

Ու շարունակվելու է ընդմիշտ:

Հակոբ Հակոբյանի մահվան կապակցակությամբ «Ազգ»-ը ցավակցում է նկարչի այրունՙ նրա կողակից եւ լծակից, նաե՛ւ արվեստակից տիկին Մարիին, դուստրերինՙ Նորային եւ Սիրարփիին, բոլոր մտերիմներին եւ առհասարակ մեր ողջ ժողովրդինՙ Հայաստանում թե սփյուռքում:

Հակիրճ կենսագրություն

Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923 թվականի մայիսի 16-ին Ալեքսանդրիայում (Եգիպտոս), արհեստավորի ընտանիքում: 1934-41 թթ. սովորել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում: 1944 թ. տեղափոխվել է Կահիրե, ուսանել է տեղի Գեղարվեստից ակադեմիայի ազատ դասընթացներում, մասնակցել է ցուցահանդեսների: 1952-54 թթ. սովորել է Փարիզում, նախ Ա. Լոտի արվեստանոցում, ապա Գրան-Շոմիեր ակադեմիայում (Էդուար Գեորգի արվեստանոց): Այս տարիներից էլ մասնակցել է միջազգային ցուցահանդեսներիՙ Ռումինիա, Ֆրանսիա եւ այլուր:

1962 թվականի աշնանը ընտանիքով ներգաղթել է Հայաստան, հաստատվել նախ Լենինականում, իսկ 1967-ին տեղափոխվել Երեւան: Հայաստանում մեկը մյուսին հաջորդում են նկարչի անհատական ցուցահանդեսները, նա մասնակցում է տասնյակ ու տասնյակ միջազգային ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունենում արտասահմանյան բազում երկրներում, արժանանում է պատվավոր մրցանակների եւ բարձր պարգեւների: 1986 թվականին նրան շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ, 1988-ին ընտրվել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, ՀԽՍՀ պետական կրկնակի մրցանակակիր է, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երեւանի պատվավոր քաղաքացի: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հակոբ Հակոբյանին շնորհել է հայ եկեղեցու բարձրագույն պարգեւըՙ «Սուրբ Սահակ-Մեսրոպ» շքանշան:

Հակոբ Հակոբյանի նկարչության մասին գրվել են հարյուրավոր հոդվածներ, տպագրվել են նկարչի արվեստը պատշաճորեն ներկայացնող ծավալուն ալբոմ-մենագրություններ (Մոսկվա, Կանադա եւ ալյուր), պատկերագրքեր, կատալոգներ, բուկլետներ եւ բազմաթիվ այլ նյութեր ու հրապարակումներ: Գեղանկարիչը խորապես կապված էր հայ գիր ու գրականությանը, հայերեն լեզվի հանդեպ պաշտամունք ուներ եւ ինքը նաեւ գրում էր, ժամանակի լավագույն հրապարակագիրներից էր, իսկ վերջին 8 տարիներին նախընտրում էր տպագրվել միայն «Ազգ» օրաթերթում: Այդ եւ նախորդ տարիների իր հրապարակումները ժողովածուի տեսք ստացած առանձնակի գրքով տպագրվեցին 2006 թ.ՙ «Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս» խորագրով: Երկրորդ հատորը արդեն պատրաստ էր տպագրության, դժբախտաբար հեղինակը չհասցրեց այդ գիրքը տեսնել: Շուտով լույս էր տեսնելու Շահեն Խաչատրյանի հեղինակած «Ճանաչիր եւ սիրիր» արվեստաբանական մատենաշարի հերթականՙ 6-րդ հատորը, որը նվիրված է Հակոբ Հակոբյանին: Սրանք Վարպետի 90-ամյա հոբելյանին նախատեսվող լավագույն ընծաներն էին, ցավոք, ինքը չտեսավ… Չիրականացավ նաեւ վերջին մտահղացումներից մեկըՙ «Տիգրան Մեծ-Հալլե» հուշասյան կառուցումը, եւ դեռ անհատական ցուցահանդեսը, որ լինելու էր ընդամենը մի քանի օր հետո, մարտի 19-ին: Եվ ինչ անակնկալներ վստահաբար ուներ անելու Վարպետը իր արվեստի երկրպագուներին, իր բազմաթիվ մտերիմներին, ընկերներին եւ մեզ, մեզ, որ, դժբախտաբար, ահա ստիպված ենք հաղորդել միանգամայն այլ տեղեկությունՙ Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստի երեկվա որոշման մասին:

Հակոբ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 13-ին, ժամը 18:30-20:30, Երեւանի (Կոնդի) Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Մարտի 14-ին, ժամը 12:00-14:00-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հակոբ Հակոբյանի վերջին հրաժեշտը: Հուղարկավորության արարողությունըՙ Կոմիտասի անվան պանթեոնում:

Տեղեկացնենք նաեւ, որ այս օրերին «Ազգը» Հայաստանի եւ սփյուռքի հայտնի մտավորականներից ստանում է արժեքավոր գրություններ, հրաժեշտի խոսքեր, որոնք կհրապարակվեն թերթի առաջիկա շաբաթօրյա մշակութային հավելվածում, որի մշտական հեղինակներից էր սիրելի Վարպետը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here