Վահրամ Տէր-Մաթևոսեան. Պե՛տք է ներդնել գիտնականի գործունէութեան արդիւնաւէտութեան ստուգման յստակ չափորոշիչներ

0
185

Երիտասարդ գիտնականի ամպիոն

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Հայաստանի ամերիկյան համալսարանի ավագ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ մեր զրույցի երկրորդ հատվածում նախ հարցրի, թե որտե՞ղ է պատկերացնում իր մասնագիտական ապագան՝ Հայաստանո՞ւմ, թե՞ արտասահմանում։

Վահրամ, Դուք ուսանել եք Շվեդիայում, Նորվեգիայում, ԱՄՆում, 1.5 տարի եղել եք Postdoc Նորվեգիայում, մասնակցել եք 60-ից ավելի միջազգային գիտաժողովների Ռուսաստանի, Թուրքիայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի լավագույն ուսումնական ու գիտահետազոտական կենտրոններում, երկար ժամանակ, հանրագումարում` մոտ յոթ տարի, աշխատել եք Դանիայում, Նորվեգիայում, ԱՄՆում։ Համեմատելով գիտության վիճակն արտասահմանում և Հայաստանում՝ որտե՞ղ եք տեսնում Ձեր ապագան։

–Իմ ապագան տեսել ու շարունակում եմ տեսնել բացառապես Հայաստանում։ Անշուշտ, գիտնականը պետք է լինի հնարավորինս շարժունակ ու կարողանա ժամանակ առ ժամանակ մեկնել արտերկիր՝ նոր որակի հետազոտությունների իրականացման, ծանոթությունների հաստատման ու արտերկրի գիտաուսումնական կենտրոնների հետ հարաբերությունների զարգացման նպատակներով։ Բայց դա չի նշանակում, որ պետք է հեռանալ մեր երկրից։ Ինչպես արդեն ասել եմ՝ պետք է այնպես անել, որ երիտասարդ գիտնականը լինի ինքնաբավ ու մրցունակ, և լինի ապահովված, որպեսզի նաև զգա իրեն պարտավորված՝ օգնելու իր երկրին։ Եվ սա միայն գիտնականին չի վերաբերվում, այլ բոլորին։ Հայաստանի յուրաքանչյո՛ւր քաղաքացի պետք է ունենա ապահովության, կանխատեսելիության և կայունության զգացում, այլ ոչ թե իրեն զգա հյուրանոցում, որտեղ հայտնվել է ճակատագրի բերումով ու որտեղից ցանկացած պահի կարող է հեռանալ։ Հայաստանը հանգրվան չէ, սա մեր երկիրն է, հայրենիքն ու կենսական տարածքը։

Հետաքրքրվեցի, թե ի՞նչ հարցերի վրա է աշխատում, ի՞նչ հաջողություններ ունի և ապա անդրադարձանք գիտության ու կրթության ոլորտի մի քանի առանձին հարցերի ու քննարկեցինք իրավիճակի լավացման հնարավոր քայլերը: Վահրամը համոզված է, որ պետք է ներդնել գիտնականի գործունեության արդյունավետության ստուգման հստակ չափորոշիչներ ու շատ հարցեր ինքնաբերաբար կլուծվեն, ոլորտի էական առողջացում տեղի կունենա։

–Ի՞նչ գիտաուսումնական պրոցեսում եք գտնվում ներկա պահին, ինչպիսի՞ հաջողություններ ունեք արձանագրած։

–Գիտական առումով, զբաղվում եմ Թուրքիայի Հանրապետության գաղափարաքաղաքական գործընթացների, ներքաղաքական զարգացումների, Թուրքիայի արտաքին քաղաքականության, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգության ուսումնասիրության խնդիրներով։ Աշխատում եմ Արևելագիտության ինստիտուտում և դասավանդում Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Գիտնականի հաջողությունները չափվում են տպագրված մենագրություններով, գիտական հոդվածներով, հանրապետական ու միջազգային գիտաժողովներին մասնակցությամբ և այլն։ Բոլոր նշված առումներով կան ձեռքբերումներ՝ մեկ մենագրություն (մինչև տարեվերջ Նորվեգիայում լույս կտեսնի երկրորդ մենագրությունս), ավելի քան 70 գիտական հոդվածներ, տպագրված թե՛ արտերկրում, թե՛ Հայաստանում, միջազգային գիտաժողովներին բազում մասնակցություններ։

Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։

–Ես աշխատում եմ հումանիտար ոլորտում և գերազանցապես միայնակ եմ հեղինակում իմ աշխատանքները։

–Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնորհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։

–Առաջին դրամաշնորհը ստացել եմ 2000  թվականին ու դրանից հետո որոշակի պարբերականությամբ շարունակում եմ ստանալ։ Ոմանք հակված են՝ սխալ կերպով մեկնաբանելու դրամաշնորհներ ստանալու փաստը, իրականում ամբողջ աշխարհում է դա ընդունված, և Հայաստանն ամենևին էլ բացառություն չէ։ Գիտնականին դրամաշնորհ տալը նրա մրցունակության գնահատման լավագույն չափորոշիչներից է։ Գիտական մրցանակները ևս բազմաթիվ են, ամենավերջինը 2011 թ. ստացած գիտական մրցանակն էր, որը շնորհվեց մենագրությանս համար։ «Իսլամը Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում» խորագրով իմ մենագրությունը արևելագիտության ոլորտում ստացավ «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակը, որը շնորհվեց ՀՀ ԳԱԱ-ի կողմից։ Նշեմ նաև, որ 2010 թ. Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից արժանացել եմ հեղինակավոր «Ֆուլբրայթ գիտնական» կոչմանը։

Ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում ՀԵՀ «Հայկյան» մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգը՝ միջազգային ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանակը, թե՞ հղումների թիվը։

–Հոդվածների հարցում բացառապես հղումների թվով ուղեկցվելը այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, քանի որ հղումները կարող են տասնամյակներով կուտակվել։ Հիմք պետք է ընդունել միջազգային ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրված հոդվածի փաստը։ Իսկ գիտական ամսագրերի հեղինակությունն անշուշտ որոշվում է հղումների քանակով։ Պետք է առանձնացնել հոդվածն ու ամսագիրը։

-Ինչպե՞ս եք վերաբերում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc)  համակարգին. Արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսակետից պետք չէ  արագորեն ներդրնել այդ համակարգը Հայաստանում։

-Այո, կարծում եմ՝ այն հարկավոր է ներդնել, ընդսմին, կարևոր է խրախուսել արտերկրում հետթեկնածուական ուսումնասիրության անցկացումը։ Կարծում եմ՝ Հայաստանում, իրերի այս պարագայում, դժկամությամբ կքննարկվի այս հարցը։ Բայց կգա ժամանակը, և դա կդառնա օրակարգային, հատկապես, երբ անցումը եռաստիճան ուսումնագիտական համակարգին կամբողջանա։ Այլապես, անհասկանալի երկվություն է ստացվել։

-Շատ է խոսվում այն մասին, որ կոռուպցիան ամենամեծ չարիքներից մեկն է մեզանում։ Որքա՞ն է դա տարածված գիտական աշխարհում։ Արդյո՞ք Դուք անձնապես ևս տուժել եք դրանից։

Ես անձամբ նման երևույթների մասին տեղյակ չեմ ու առավել ևս չեմ առնչվել։

-Կարո՞ղ եք հակիրճ վերլուծել, թե ի՞նչ վիճակ է գիտության ոլորտում, և ի՞նչ պետք է անել վիճակը շտկելու համար։

-Վերջին շրջանում մի քանի նախաձեռնություններ սկսվեցին, որոնք արդարացիորեն ուղղված էին գիտության ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնմանը՝ ներառյալ քրոնիկ թերֆինանսավորումը։ Այս տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին, որ միայն ֆինանսավորման ավելացումը չի լուծի ոլորտում առկա ու արդեն երկու տասնամյակ շարունակվող ճգնաժամը։ Գիտությամբ կա՛մ զբաղվում, են կա՛մ չեն զբաղվում. կիսատ-պռատ… չի կարելի ձեռքի հետ գիտությամբ զբաղվել։ Դա կարող է տանելի լինել որոշ հանգամանքներում, սակայն, եթե գործեն գիտնականի գործունեության արդյունավետության ստուգման չափորոշիչներ, ապա շատ հարցեր ինքնաբերաբար կհստակեցվեն, ոլորտում առողջացում կլինի։ Այդ չափորոշիչները անպայման չէ, որ կառավարության կողմից հաստատվեն, դրանք եղել են գիտական հիմնարկներում, պարզապես հարկավոր է դրանք վերակենդանացնել։ Գիտության ոլորտի հմուտ, բանիմաց ու պահանջկոտ ղեկավարները, որոնք տիրապետում են գիտության կազմակերպման նոր տեխնոլոգիաներին, մեթոդներին ու մոտեցումներին, կարող են էական բեկում մտցնել այս իրավիճակում։ Ես միշտ բերում եմ Հայաստանի ամերիկյան և ֆրանսիական համալսարանների օրինակները, այդ ԲՈՒՀ-երը շարժվում են հենց այդ սկզբունքներով ու այդ պատճառով, մի շարք ուղղություններում էականորեն տարբերվում են Հայաստանում գործող մյուս ԲՈՒՀ-երից։ Կարծում եմ, հենց այդ համալսարանները կարող են իրենց փորձառությամբ կիսվել ՀՀ մյուս ԲՈՒՀ-երի հետ։

-Ի՞նչ է հարկավոր։

-Հայաստանին հարկավոր են գիտության ու կրթության ոլորտի հմուտ կազմակերպիչներ և վերջ։ Հանճարեղ գիտնականն անպայման չէ, որ լինի գիտության լավ կազմակերպիչ և հակառակը։ Այդ գործը պետք է վստահել գիտության կառավարման ոլորտում պատկառելի միջազգային փորձ ու մշտապես նորոգվող գիտելիքներ ունեցողներին ու դրանք անպայման չէ, որ հայեր լինեն։ Օրինակ, ես կարծում եմ, որ Հայաստանի ԲՈՒՀ-երի ռեկտորների թափուր պաշտոնների համար հարկավոր է հայտարարել միջազգային մրցույթ, ինչպես ընդունված է արտերկրում։ Պետք է գտնել ֆինանսավորման համապատասխան աղբյուրներ և ԲՈՒՀ առ ԲՈՒՀ, ինստիտուտ առ ինստիտուտ արագացնել համակարգային բարեփոխումների ընթացքը։

 

Զրույցը վարեց Մանե Հակոբյանը

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here