Արտիոմ Յովհաննիսեան. Մրցանակներով հարցը չի լուծուի, անհրաժեշտ է աւելացնել գիտութեանը յատկացուող ընդհանուր ֆինանսաւորումը

0
180

Երիտասարդ գիտնականի ամպիոն

Արտյոմ Հովհաննիսյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» մրցանակաբաշխության անդրանիկ դափնեկիրն է՝ «Լավագույն երիտասարդական նվաճում» անվանակարգում։ Այս անվանակարգը 2011 թ. ավելացվեց մրցույթի անվանակարգերի ցանկում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության ջանքերով։ Անվանակարգի սահմանումը ոգևորեց երիտասարդ գիտնականներին, ովքեր դա ընդունեցին որպես մի թեպետև ոչ մեծ, բայց, այնուամենայնիվ, կարևոր քայլ՝ հանրության կողմից գիտության պատշաճ արժևորման տեսակետից։ Նախաձեռնության գործունեության մոտավորապես երկու տարին ցույց տվեց, թե Հայաստանում իրենց որքան անտեսված են զգում երիտասարդ գիտնականները, թե որքա՜ն նրանք կարիք ունեն աջակցության ու խրախուսանքի։

Մրցույթին դիմեցին 94 հոգի՝ բոլորն էլ լուրջ գիտական աշխատանքներով՝ տպագրված միջազգային հեղինակավոր ամսագրերում, և հաղթող ճանաչվեց Արտյոմ Հովհաննիսյանը՝ իր գիտական աշխատանքների վրա միջազգային պարբերականներում առավելագույն թվով հղումներ ունենալու համար: Հետագայում նույն ֆեյսբուքյան նախաձեռնության ջանքերով մրցույթին դիմած բոլոր երիտասարդ գիտնականներին դրամական պարգևներ տրամադրեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։

Անվանակարգը դարձավ ավանդական և մրցույթն այս տարի ևս անցկացվեց։ Այս անգամ հաղթող ճանաչվեց ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Արմեն Սարգսյանը՝ ազդեցության գործակից ունեցող կամ գիտական տեղեկատվական շտեմարաններում հաշվառվող  միջազգային գիտական պարբերականներում առավել թվով հրապարակումների համար։

Արտյոմ Հովհաննիսյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, 34 տարեկան։ Աշխատում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի, որն այժմ պաշտոնապես կոչվում է Ա.Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա, տեսական ֆիզիկայի բաժնում` տարրական մասնիկների ֆիզիկայի բնագավառում: Խումբը, դոկտոր պրոֆեսոր Հրաչյա Ասատրյանի ղեկավարությամբ, զբաղվում է B-մեզոնների ֆիզիկայի ֆենոմենոլոգիայով: B-մեզոնների ուսումնասիրությունն այսօր տարրական մասնիկների ֆիզիկայի արդիական ուղղություններից մեկն է: Մասնավորապես, խմբի աշխատակիցները զբաղվում ենք B-մեզոնների որոշ հազվագյուտ տրոհումների, ինչպես նաև չեզոք B-մեզոնների օսցիլյացիաների ուսումնասիրությունով՝ Ստանդարտ մոդելի սահմաններում: Այդ պրոցեսները հատուկ դեր ունեն թույլ փոխազդեցությունների ուսումնասիրության մեջ, լինելով զգայուն Ստանդարտ մոդելի ընդհանրացումների նկատմամբ:

Խումբն արձանագրել է բազմաթիվ հաջողություներ։ Գիտական տեսակետից ամենամեծ հաջողություններից կարելի է հիշատակել  տրոհման ուսումնասիրությունը, երբ մի քանի միջազգային խմբերի հետ համատեղ կատարված աշխատանքի արդյունքում, տեսական կանխագուշակման սխալը հաջողվեց իջեցնել մինչև 5%-ի: Այդ արդյունքը, ինչպես նաև որոշ այլ արդյունքներ, օգտագործվում են մի շարք միջազգային կենտրոնների կողմից (CERN, BaBar, Belle և այլ), որպեսզի փորձարարական արդյունքների հետ համադրելով, բացահայտվի դեռևս անհայտ հնարավոր ֆիզիկան: Արդյունքները ներկայացվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներում, մշտապես եղել է շատ դրական արձագանք։

Արտյոմի հետ զրուցեցինք գիտական ոլորտի առաջնահերթ խնդիրներից։

Որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառները։

-Անորոշություն կա, թե ինչ անել գիտության հետ, և այդ անորոշությունը առկա է բոլոր օղակներում: Երբ հստակ պատկերացում կա, կա նաև հստակ գործողություն: Կան, իհարկե, նաև այլ խնդիրներ: Օրինակ, գիտության ֆինանսների սուղ լինելու պատճառով, հասարակության մեջ ընկած է գիտության վարկանիշը, գիտությունը երիտասարդության մեջ չի համարվում «պրեստիժ» ունեցող բնագավառ: Նաև, հայկական գործարարները միայն վերջին տարիներին է, որ սկսել են ուշադրություն դարձնել գիտությանը, ինչն, իհարկե, ողջունելի է: Ինչ վերաբերվում է պետական օղակներին, կարծում եմ այնտեղ դեռ չկա հստակ պատկերացում Հայաստանի գիտության վերաբերյալ: Դա գալիս է ոչ միայն պետական այրերի թերացումներից, այլ նաև գիտնականի և գիտության նկատմամբ իր սեփական տեսակետը շատ անգամ չունենալուց: Պայքարը այնտեղ է, որտեղ երկուսն են, միակողմանի ոչինչ չի ստացվի, իսկ առանց պայքարի նոր որակ չենք ստանա:

Կարծում եմ, որ գիտության վիճակը որոշ չափով շտկելու համար, անհրաժեշտ է առաջին հերթին ֆինանսավորել գիտության այն ճյուղերը, որոնք արդեն ունեն միջազգային մակարդակ, նոր հեծանիվ ստեղծելը շատ թանկ կլինի մեզ համար: Գիտության մեջ նոր ճյուղ զարգացնելը, կամ նոր գիտական խումբ ստեղծելը, որը կունենա միջազգային մակարդակ, պահանջում է 10-ից 20 տարի:

Ինչպե՞ս եք վերաբերում տարատեսակ մրցանակներին, արդյո՞ք դրանք ունակ են բավականչափ լրջորեն փոխելու իրավիճակը։

-Մրցանակներին, իհարկե, շատ դրական եմ վերաբերվում, և հուսով եմ, որ դրանք կունենան շարունակական բնույթ:

Սակայն պետք է գիտակցել հետևյալը։ Խորհրդային միության փլուզումից հետո, ի տարբերություն տնտեսության շատ ոլորտների, Հայաստանի գիտությունն ինչ-որ չափով կարողացավ գոյատևել, առանց կրելու կործանարար կորուստներ: Հայաստանի գիտությունը այժմ էլ ունի մեծ ներդրում համաշխարհային գիտության մեջ՝ իր փոքր տարածքին և բնակչությանը համեմատ: Այդ պատճառով, այստեղ է, որ պետք է կենտրոնացնենք հիմնական ուշադրությունը: Հիշենք սպորտի, մասնավորապես, ֆուտբոլի և շախմատի մեր հավաքականների հաղթանակները, որոնք անհնարին էին առանց պետական և մասնավոր հովանավորության: Նույնն էլ պետք է անել գիտության բնագավառում: Գիտության մեջ միայն տարատեսակ մրցանակներով ու խրախուսական մրցանակաբաշխություններով հարցը չի լուծվի, դրանք անհրաժեշտ են, բայց ոչ բավարար:

Ինչպե՞ս է կարելի լուծել երիտասարդ գիտնականների առջև ծառացած խնդիրները։

-Անհրաժեշտ է, որ երիտասարդ գիտնականների համար այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ նրանք կարողանան իրենց գիտելիքները առավելագույնս ներդնել Հայաստանի գիտության և տնտեսության զարգացման համար: Իմ կարծիքով, դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին ուժեղացնել գիտատեխնիկական ապահովվածությունը, արդիականացնելով փորձարարական բազան և ավելացնելով գիտությանը հատկացվող ֆինանսավորումը: Այսօր ՀՀ կառավարությունը, երիտասարդ գիտնականներին խրախուսելու համար նրանց տալիս է դրամաշնորհներ: Բայց, քանի որ, երիտասարդ գիտնականները աշխատում են մեր ավագ սերնդի գիտնականների խմբերում, իմ կարծիքով ճիշտ կլինի նմանատիպ դրամական պարգևներ տալ նաև նրանց: Դա կխրախուսի երիտասարդներին մնալ Հայրենիքում, փոխարինելու իրենց ավագներին:

Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։

-Իդեալական դեպքում, երբ ֆինանսական և կազմակերպչական պրոբլեմները լուծված են, գիտնականի հիմնական գործը, իհարկե, պետք է լինի գիտությունը, բայց ոչ միայն գիտությունը: Գիտնականը հասարակության մաս է ու գիտնականին մեկուսացնելն ու ասելը՝ «գնա միայն քո գործով զբաղվիր»` ուղղակի անհեռատեսություն է: Վերջիվերջո, ո՞վ պետք է զբաղվի նույն գիտության ապագան որոշելով, չէ՞ որ դա սերտորեն կապված է հասարակության մեջ առկա ցանկությունների, հնարավորությունների հետ: Այսպիսով, խիստ իմաստով` հասարակությունը բաժանելը «գիտնականների և մնացածների» կբերի մոտիվացիայի անկման, գիտնականը միշտ պետք է զգա իրեն պահանջված և առաջին հերթին՝ իր սեփական ազգի, երկրի կողմից:

Տեսնո՞ւմ եք արդյոք դրական միտումներ գիտության խրախուսման հարցում պետական և ոչպետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ։

-Ոչ-պետական կառույցների կողմից գիտության խրախուսման հարցում կա նկատելի պրոգրես: Դրա վկայությունն են ներկայումս առկա երիտասարդ գիտնականների խրախուսման մի քանի ծրագրեր, որոնք նոր են մեզ համար: Ինչ վերաբերվում է պետական աջակցությանը, ապա այստեղ առաջընթացը շատ քիչ է: Կարող եմ նշել միայն, որ մոտ մեկ տարի առաջ մեր Ազգային լաբորատորիայի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է մոտ 40%-ով, բայց դա ավելի շուտ բացառություն է, քան թե օրինաչափություն:

Երկարաժամկետ տեսլականով՝ որտե՞ղ եք պատկերացնում Ձեր ապագան՝ Հայաստանո՞ւմ թե՞ արտասահմանում։

-Իմ ապագան ես կապում եմ Հայաստանի հետ, չնայած չեմ բացառում որոշ ժամանակով արտասահման մեկնելը: Երիտասարդ գիտնականի համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ աշխատել արտասահմանում՝ շփվելու և սովորելու համար: Դա ընդունված է ամբողջ աշխարհում, գիտությունը սիրում է դինամիկա: Ամեն դեպքում, ես իմ ապագան կապում եմ Հայաստանի հետ, սա՛ է մեր Հայրենիքը, արտասահմանում ապրելուց հետո ուշ թե շուտ գալիս ես այդ եզրահանգման:

Ի՞նչ կկամենայիք մաղթել երիտասարդ գիտնականներին ու, ընդհանրապես, գիտական հանրությանն այս տարի։

-Երիտասարդ գիտնականներին ու գիտական հանրությանն ուզում եմ մաղթել առողջություն, նոր հայտնագործություններ, լավատեսություն, ինչպես նաև սեր։ Վերջիվերջո, ամեն ինչ արվում է սիրո համար:

 

Մանե Հակոբյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here