Հայոց ցեղասպանության պատասխանատուների դեմ իրականացված հետաքննություններն Օսմանյան կայսրությունում 1918 թ. վերջին և 1919 թ. սկզբին

0
136

Առաջին աշխարհամարտից հետո, զինադադարի շրջանում Օսմանյան կայսրության` շատ արագ միմյանց հաջորդող կառավարությունների` Հայոց ցեղասպանության պատասխանատուներին բացահայտելու և դատապարտելու նախաձեռնությունն առաջին հերթին պայմանավորված էր հաշտության պայմանագրի դրույթները և հաղթանակած տերությունների դիրքորոշումը մեղմելու ցանկությամբ, քանի որ կայսրությանը վերջնական կործանում էր սպառնում: Թուրքիայի վրա մեծ ազդեցություն ունեցավ հատկապես համաշխարհային հանրության` մեղավորներին միջազգային դատարանին հանձնելու պահանջը: Այսպես` առաջիններից մեկն իր ձայնը բարձրացրեց գերմանացի ականավոր գիտնական, արևելագետ Յոզեֆ Մարկվարտը` Գերմանիայի ժողովրդին կոչ անելով կառավարությունից պահանջել հանձնել սեփական երկրում ապաստան գտած «Էնվերին ու Թալեաթին` զանգվածային սպանությունների մեղավորներին, այն հաշվով, որ նրանց դատի միջազգային դատարանը…»[1]: Նման պահանջով հանդես եկավ նաև ֆրանսիացի պատմաբան Ժակ դը Մորգանը[2]: Դատապարտող սուր հոդվածներով և աշխատություններով բողոքի ձայն բարձրացրեցին նաև տարբեր ազգությունների պատկանող ականավոր գործիչներ` Յոհաննես Լեփսիուսը, Արմին Վեգները, Անտուան Մեյեն, Ռընե Պինոնը, Արնոլդ Թոյնբին, Վալերի Բրյուսովը, Հենրի Մորգենթաուն ու շատ ուրիշներ[3]:

Հարկ է նշել, որ դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին« երբ արևմտահայերի զանգվածային բռնագաղթի ու կոտորածների լուրը տարածվել էր ողջ աշխարհով մեկ, դաշնակից երկրները` հանձինս Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի կառավարությունների, 1915 թ. մայիսի 24-ին բողոքի նոտա էին հղել Բ. Դռանը` հրապարակավ հայտարարելով, որ Օսմանյան կայսրության այդ նոր ոճրագործություններն ուղղված են մարդկության և քաղաքակրթության դեմ, և որ դրանց համար իրենք պատասխանատու են ճանաչելու օսմանյան կառավարության բոլոր անդամներին, ինչպես նաև` կոտորածներին մասնակից տեղական իշխանություններին[4]: Առաջին համաշխարհային պատերազմից հետո դաշնակից տերությունները փորձեցին կոտորածների պատասխանատուների նկատմամբ կիրառել միջազգային իրավունքի սկզբունքները, սակայն հաջորդ ամիսներին այդ նախաձեռնությունը հետզհետե թուլացավ և, ի վերջո, զոհ գնաց քաղաքական խարդավանքներին:

Տեղի տալով համաշխարհային հանրության ճնշմանը` Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեթ 6-րդ Վահիդեթթինը (1918-1922 թթ.) և հաճախ փոփոխվող կառավարությունների ներկայացուցիչները փութացին պատժել Առաջին աշխարհամարտի տարիներին այստեղ կատարված ոճրագործությունների, մասնավորապես` հայերի տեղահանության ու կոտորածների հեղինակներին: Այս հարցում կարևոր դեր խաղաց նաև այն, որ 1918 թ. դեկտեմբերից իշխանության եկած կառավարությունները կազմվում էին Իթթիհադի հակառակորդ ու պատերազմի տարիներին հալածված Ազատություն և համաձայնություն (Hürriyet ve İtilâf) կուսակցության անդամներից:

Ահմեթ Իզզեթ փաշան իր վարչապետության օրոք ներքին գործերի նախարար Ֆեթհի Օքյարի միջոցով 1918 թ. հոկտեմբեր ամսին հաղորդագրություն ուղարկեց կայսրության շրջաններ, որը նպատակ ուներ հետաքննել պատերազմի տարիներին հայերի դեմ կատարված հանցագործությունները: Հաղորդագրության մեջ ընդգծվում էր, որ հետաքննությունները պետք է իրականացվեն` «կասկածյալների պաշտոնից ու դիրքից անկախ»[5]:

Հայոց ցեղասպանության պատասխանատուների հետաքննությունը Օսմանյան կայսրությունում գրեթե միաժամանակ կատարվում էր երեք տարբեր հետաքննող հանձնաժողովների կողմից: Դրանց մեջ առավել հայտնի է օսմանյան խորհրդարանի Հինգերորդ հանձնախմբի (Beşinci Şube) կողմից իրականացված հարցաքննությանը, որը կազմվեց Դիվանիեից ընտրված` ազգությամբ արաբ պատգամավոր Ֆուադ բեյի հղած առաջարկի հիման վրա: Օսմանյան խորհրդարանի պատգամավորների պալատի ներքին կանոնադրության դրույթների համաձայն` այստեղ գործում էին հինգ հանձնաժողովներ: Յուրաքանչյուր նստաշրջանի սկզբում վիճակահանությամբ կազմվող այդ հինգ հանձնաժողովներից մեկն ստանձնում էր Գերագույն դատարանի պարտականությունները[6]: Ֆուադ բեյի կողմից ներկայացված առաջարկով նախատեսվում էր Գերագույն դատարանին հանձնել Սայիթ Հալիմ ու Թալեաթ փաշաների կառավարությունների անդամներին: Խորհրդարանում անցկացված վիճակահանության միջոցով ստեղծվեց Հինգերորդ կոչվող հանձնախումբը, որն ստանձնեց այդ ուղղությամբ հարցաքննություն կատարելու պարտականությունը[7]:

Ֆուադ բեյի հղած առաջարկում, որը բաղկացած էր առանց «հիմնավոր պատճառի երկիրը պատերազմի մեջ ներքաշելու» և այլ մեղադրանքներ պարունակող 10 կետերից, հայերի տեղահանության խնդիրը (իմա` Հայոց ցեղասպանության) շոշափված էր 5-րդ և 10-րդ կետերում: 5-րդ կետը ձևակերպված էր հետևյալ կերպ. «Իրավական ու մարդկային օրենքներին և հատկապես մեր Սահմանադրության ոգուն ու տառին ամբողջովին հակասող ժամանակավոր օրենքներ, հրամաններ և դրույթներ հրապարակելով` երկիրը վերածեցին ողբերգությունների թատերաբեմի», իսկ 10-րդ կետում, առանց անունը հստակ նշվելու, հիշատակվում էր հայերի տեղահանության ու ոչնչացման մեջ մեծ դեր խաղացած Հատուկ կազմակերպությունը (Teşkilât-ı Mahsusa). «Երկրի ներսում անկարգություններ իրականացրած ու կյանքի, գույքի և պատվի ազատության  դեմ ոտնձգություններ գործած մի շարք ավազակախմբերի օժանդակելով` մասնակցեցին նրանց հեղինակած ողբերգություններին»[8]:

Իր աշխատանքները 1918 թ. նոյեմբերին սկսած Հինգերորդ հանձնախումբը նախագահ ընտրեց Աբդուլլահ Ազմիին, իսկ քարտուղար` Շեմսեթթին բեյին: Թեև հանձնախմբի անդամների մեծ մասը թուրքեր էին, սակայն ներգրավված էին նաև հայ, հույն և արաբ պատգամավորներ[9]: Հարկ է նշել, որ հանձնաժողովի անդամների մեջ կային այնպիսի անձինք, ովքեր իրականում պետք է լինեին մեղադրյալի աթոռին[10]: Մինչև 1918 թ. դեկտեմբերի 7-ը տևած 15 նիստերի ընթացքում հարցաքննվեցին 15 նախարար, մեկ վարչապետ (Սայիթ Հալիմ փաշան) և երկու շեյխուլիսլամ:

Հինգերորդ հանձնախմբի անդամները, որոնց մեծ մասն իթթիհադական էր[11], խուսափում էին հայերի տեղահանությանը և կոտորածներին առնչվող հարցեր ուղղելուց` դա թողնելով արաբ պատգամավորներին: Այնուամենայնիվ, բոլոր հարցաքննվողներին էլ տրվում էին միևնույն հարցերը, որոնք հիմնված էին Ֆուադ բեյի առաջարկի 10 կետերի վրա: Թեև պատերազմի ժամանակ իշխանության ղեկին եղած կառավարության անդամներն այս հարցաքննության ժամանակ խուսափել են ճիշտ պատասխաններից, ստել, ասել, թե իբր կառավարությունը տեղյակ չի եղել տեղահանության մասին, և փորձել հայերի տարագրությունը հիմնավորել «ռազմական միջոցառմամբ» կամ անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ հարցաքննության ընթացքում արձանագրվել են նաև որոշ խոստովանություններ: Այսպես, օրինակ, արդարադատության նախարար Իբրահիմ բեյը նշել է, որ տեղահանության գործողությունն սկսվել է «Տեղահանության մասին» օրենքի ընդունումից շատ ավելի առաջ[12]:

Սույն հանձնախումբը հարցաքննված նախարարների մեկնաբանություններին և խոստովանություններին հավելել է նաև բազմաթիվ փաստաթղթեր, որոնց մեջ կային կոտորածներին վերաբերող խիստ գաղտնի հրահանգներ: Այս վավերագրերը հետագայում հանձնվել են Ռազմական ատյանների դատախազներին[13]: Հինգերորդ հանձնախմբի իրականացրած հարցաքննության վերջնական նպատակն էր կասկածյալներին Գերագույն դատարանին հանձնելը, որն էլ որոշվեց մեջլիսում կատարված քվեարկության միջոցով, սակայն 1918 թ. դեկտեմբերի 21-ին խորհրդարանը սուլթանի հրովարտակով լուծարվեց, և անհնար դարձավ հարցաքննության ենթարկվածներին Գերագույն դատարան ուղարկելու մասին որոշման ընդունումը մեջլիսի կողմից[14]: 1919 թ. մարտի 17-ին տվյալ ժամանակաշրջանի վարչապետ Դամաթ Ֆերիթ փաշայի հրամանով` Հինգերորդ հանձնախմբի կողմից իրականացված հարցաքննության արձանագրությունները հանձնվել են Ռազմական ատյանի դատախազությանը[15]:

Հայոց ցեղասպանության պատասխանատուներին գտնելու ուղղությամբ կարևոր հետաքննություն է իրականացրել նաև Օսմանյան կայսրության Ներքին գործերի նախարարության կողմից ստեղծված Հանցագործությունների հետաքննիչ հանձնաժողովը (Tedkîk-i Seyyi’ât / Tahkîk-i Seyyi’ât Komisyonu), որը պատմությանը հայտնի է Մազհարի հանձնաժողով (Mazhar Komisyonu) անունով, քանի որ հանձնաժողովի նախագահն էր մինչև 1914 թ. ապրիլը Բիթլիսի (Բաղեշ) նահանգապետի պաշտոնը զբաղեցրած Հասան Մազհարը: Դատավարություններին նախորդած հետաքննությունը հիմնականում իրականացվել է հենց այս հանձնաժողովի կողմից: Թեև վերոհիշյալ հետաքննիչ հանձնաժողովի ստեղծվելու մասին օսմանյան մամուլում հրապարակումներ են եղել միայն 1918 թ. նոյեմբերի 24-ին, քանի որ հանձնաժողովը պաշտոնապես հիմնվել էր նոյեմբերի 23-ին, սակայն այն սկսել էր գործել դեռևս նոյեմբերի 13-ից:

Օսմանյան կառավարությունը 1918 թ. դեկտեմբերի 5-ին որոշել է վերոհիշյալ հանձնաժողովին կից ստեղծել նաև Արդարադատության ու Ներքին գործերի նախարարությունների անդամներից կազմված խառը հանձնաժողովներ, որոնք հետաքննությունը տեղում իրականացնելու նպատակով ուղարկվելու էին կայսրության շրջաններ: Սույն հետաքննիչ հանձնաժողովները թեև ընդգրկված էին լինելու ոստիկանության համակարգում, սակայն անկախ էին աշխատելու[16]:

Մազհարի ղեկավարած հանձնաժողովի անդամներն էին Արդարադատության նախարարության իրավական գործերի տնօրենի տեղակալ Հարալամբոսը, վարչական տեսուչներ Էմին Հյուսնյուն և Օմերը, ինչպես նաև` Ստամբուլի Բողոքարկման դատարանի անդամ Արթին Մոսթիչյանը[17]:

Հանցագործությունների հետաքննիչ հանձնաժողովին, օսմանյան քրեական դատարանների օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն, տրված էին լայն իրավասություններ, այդ թվում նաև` կասկածյալներին ձերբակալելու իրավունք[18]:

Մազհարի հանձնաժողովը հանդես է եկել նաև որոշ հավելյալ նախաձեռնություններով: Այսպես` սույն հետաքննող հանձնաժողովը, պաշտոնապես դիմելով կառավարությանը, պահանջել է, որպեսզի վերջինս մամլո գրասենյակի միջոցով մեկտեղի զինադադարի ժամանակաշրջանի թերթերում տպագրված այն բոլոր հրապարակումները, որոնք վերաբերում էին պատերազմի ընթացքում կատարված ոճրագործություններին: Հանձնաժողովը կարևորություն էր տալիս հատկապես թուրք և այլ ազգությունների պատկանող մուսուլման ականատեսների վկայություններին[19]:

Հանձնաժողովը, երկիրը պատերազմի մեջ ներքաշելու և Հատուկ կազմակերպությանն առնչվող խնդիրները ևս ընդգրկող 10 տպագիր հարց ուղղելով, գրավոր ու բանավոր ցուցմունքներ է վերցրել բազմաթիվ անձանցից, որոնց մեջ կային նաև խորհրդարանի 26 անդամներ: Թղթապանակներ նախապատրաստվեցին 130 հոգու վերաբերյալ, և պահանջվեց, որ տվյալ անձինք դատաքննության ենթարկվեն[20]: Մազհարի  հանձնաժողովը երկու ամսվա ընթացքում ձեռք է բերել հայերի կոտորածների վերաբերյալ բազմաթիվ մեղադրական ապացույցներ, այդ թվում` ծածկագիր հեռագրեր[21], պաշտոնական գրություններ, հրահանգներ ու հրամաններ, ինչպես նաև` ականատեսների վկայություններ: Ի դեպ` վկաները հանձնաժողովին ցուցմունքներ էին տալիս երդվելուց հետո միայն[22]: Մազհարի հանձնաժողովը  հետաքննությունն սկսելուց 3 շաբաթ անց հայտնել է, որ արդեն իսկ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որպեսզի սկսվի դատավարությունը: Այս փաստաթղթերը 1919 թ. հունվարին հանձնվել են Ստամբուլի ռազմական ատյանին[23]: Սակայն Առաջին ռազմական ատյանը, վերոհիշյալ հետաքննող հանձնաժողովների կողմից ձեռք բերված նյութերը թերի համարելով, հիմնել է նաև իր 5 հետաքննող հանձնաժողովները, որոնք ևս հասու են դարձել մի շարք հավելյալ տեղեկությունների[24]: Այս բոլոր հետաքննող հանձնաժողովների միջոցով ստացված ականատեսների վկայությունները, ձեռք բերված ծածկագիր հեռագրերը և այլ ապացույցներ տրամադրվել են հայերի տեղահանության և զանգվածային ոչնչացման մեջ մեղադրվողների դատաքննությունն իրականացնող ռազմական դատարաններին:

Պատերազմի տարիներին հայերի տեղահանությունն ու ոչնչացումը կազմակերպելու և իրականացնելու մեջ մեղադրվողների առաջին ձերբակալությունները կատարվել են 1918 թ. դեկտեմբերի սկզբներին Անկարա, Չորում և Ադանա քաղաքներում: Կալանավորներին տեղափոխում էին Ստամբուլ: Նրանց շարքերում կային երիտթուրքական կուսակցության ղեկավարներ, պատգամավորներ, շրջանային պատասխանատու քարտուղարներ, բարձրաստիճան զինվորականներ և այլ պաշտոնատար անձինք: 1919 թ. հունվար ամսվա սկզբին ձերբակալությունները դարձան ավելի զանգվածային[25], որոնք շարունակվեցին նաև 1919 թ. փետրվար ամսին: Դեռևս հունվար ամսվա ընթացքում ազատազրկվել էին մոտ 40 բարձրաստիճան պաշտոնյաներ, հունվարի վերջերին ձերբակալված կասկածյալների թիվը հասավ 112 հոգու: Փետրվարին նույնպես ձերբակալվել են պատգամավորներ ու նախկին նախարարներ` բոլորն էլ իթթիհադականներ[26], այդ թվում` ներքին գործերի նախկին նախարար Իսմայիլ Ջանփոլադը, սենատի նախկին նախագահ Հաջը Ադիլը, Միություն և առաջադիմություն կուսակցության նախկին քարտուղար Միթհաթ Շյուքրյու Բլեդան, պատգամավորներ Հյուսեին Ջահիթ Յալչընը և Զիյա Գյոքալփը[27]:

Ստամբուլում ձերբակալվածներին ուղարկում էին Ռազմական նախարարությանը պատկանող «Բեքիրաղա Բյոլյուղյու» անունը կրող կալանատունը: Նրանց մեջ էր նաև Բողազլըյանի կայմակամ (գավառապետ) Մեհմեթ Քեմալը, որը հետագայում դարձավ հայերի զանգվածային ոչնչացումը կազմակերպելու մեղադրանքով մահվան դատապարտված առաջին պաշտոնյան: 

Այդ ընթացքում Անտանտի երկրները, ձգտելով հավատարիմ մնալ 1915 թ. մայիսի 24-ին Բարձր դռանը հղած իրենց նոտային, նախ փորձեցին համատեղ ուժերով դատապարտել պատերազմի ժամանակ գործված ոճիրների և հատկապես Հայոց ցեղասպանության հեղինակներին: Այսպես` 1919 թ. հունվարին Փարիզում տեղի ունեցավ նախնական համաժողով, որի արդյունքում ստեղծվեց մի հանձնաժողով, որն իրավասություն ստացավ գտնել պատերազմական հանցագործներին: «Երրորդ ենթահանձնաժողով» կոչված այդ  մարմինը, որը հայտնի էր նաև «Տասնհինգի հանձնաժողով» անունով, այլ ոճրագործությունների հետ մեկտեղ քննեց նաև «պատերազմի ժամանակ կիրառված բարբարոսական և ապօրինի մեթոդները»: Հանձնաժողովը 1919 թ. մարտի 5-ին հանդես եկավ զեկուցմամբ, որում շեշտվում էին պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության հանդեպ կիրառված հետևյալ բռնարարքները` շարունակական բնույթ կրող ահաբեկչությունը, կոտորածները, անձնական սեփականության և հասարակությանը պատկանող գույքերի բռնագրավումն ու կողոպուտը, բռնագաղթն ու հարկադիր աշխատանքը[28]: Հանձնաժողովի վերջնական զեկուցումն ընթերցվեց 1919 թ. մարտի 29-ին: Զեկուցումը հանգեց այն եզրակացության, թե «թշնամի երկրների այն բոլոր քաղաքացիները, ովքեր խախտել են մարդկային օրենքները կամ պատերազմական ավանդույթները, ենթակա են դատական հետապնդման»: Թեև զեկուցման մեջ բացահայտ կերպով չէր նշվում, բայց և այնպես սույն հանձնաժողովը հաշվի էր առել նաև  Օսմանյան կայսրության կողմից սեփական քրիստոնյա քաղաքացիների հանդեպ գործադրված ոճրագործությունները: Հենց այս հանձնաժողովի աշխատանքների շնորհիվ են Սևրի պայմանագրի մեջ ներառվել հայերի կոտորածների մեղավորներին դատական պատասխանատվության ենթարկելու դրույթները` 226-րդ, 228-րդ և 230-րդ հոդվածները[29]:

Մեծ Բրիտանիան սկզբում մտադրված է եղել նաև սեփական դատարանի միջոցով դատապարտել պատերազմական ոճրագործներին[30]: Այսպես` Մեծ Բրիտանիայի գերագույն կոմիսարը 1919 թ. հունվարի 7-ին  Օսմանյան կայսրության արտգործնախարար Մուստաֆա Ռեշիդ փաշայի հետ հանդիպման ժամանակ պատերազմական հանցագործներին դասակարգել էր հետևյալ երկու խմբում. 1. պատերազմի ընթացքում անգլիացի գերիների նկատմամբ բռնություններ գործադրածներ և 2. հայերի կոտորածների պատասխանատուներ[31]: Սակայն Ֆրանսիայի կարծիքով պատերազմական ոճրագործությունները դատելու իրավասությունը պետք է պատկաներ թուրքերին, իսկ դաշնակից պետություններն ունենային միայն դատավարությունները վերահսկելու իրավունք: Հարկ է նշել, որ թե’ երիտթուրքերի դատավարության ժամանակ, թե’ հետագայում Ֆրանսիայի թուրքամետ դիրքորոշումը մեծապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ նրան էր պատկանում օսմանյան պարտքի մոտ 60%, և Ֆրանսիան շահագրգռված էր պահպանել միասնական Թուրքիա, որը կվերադարձներ օսմանյան պարտքը:

Չնայած Ֆրանսիայի դիրքորոշմանը` Մեծ Բրիտանիան չփոխեց այս հարցում իր ունեցած տեսակետը[32]: Թուրքիայի կառավարությունը, ի դեմս վարչապետ Թևֆիկ փաշայի, 1919 թ. փետրվարի վերջերին դիմելով չեզոք երկրներ Շվեյցարիային, Դանիային, Իսպանիային, Շվեդիային ու Հոլանդիային, երկուական դատավորներ խնդրեց այս երկրներից` հայերի զանգվածային ջարդերի պատասխանատուներին դատելու համար մի միջազգային դատարան հիմնելու նպատակով[33], սակայն Մեծ Բրիտանիան խոչընդոտեց այս նախաձեռնությանը[34]

1919 թ. մարտի 5-ին Մեծ Բրիտանիայի գերագույն կոմիսարությունը  ծովակալ Վեբի միջոցով Բարձր դռանը հաղորդեց բրիտանական կառավարության մտադրությունը` պատերազմական հանցագործների վերաբերյալ, համաձայն որի` պահանջեց ձերբակալել մեղադրյալներին[35]: 1919 թ. մարտի 9-ին վարչապետ Դամաթ Ֆերիթ փաշան այցելեց Մեծ Բրիտանիայի Գերագույն կոմիսարություն և հայտնեց, որ կգործի` անգլիացիների ցանկությանը համապատասխան[36]: Նույն օրը անգլիացիների պահանջով ազատազրկվեցին պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունը ղեկավարած կառավարությունների անդամները[37]: Ձերբակալությունները մեծ թափով շարունակվեցին նաև հաջորդ օրը` մարտի 10-ին, երբ կալանավորվեցին սադրազամ Սայիթ Հալիմը, շեյխուլիսլամ Մուսա Քյազիմը, Ստամբուլի պատգամավոր Սալահ Ջինգյոզը, սենատի նախագահ Ռիֆաթը, ներքին գործերի նախարար Ալի Մյունիֆը, հանրակրթական նախարար Շյուքրյուն, արտաքին գործերի նախարար Ահմեթ Նեսիմին, ներքին գործերի նախարար Ֆեթհին, Բոլուի պատգամավոր Հաբիբը, Սինոպի պատգամավոր Հասան Ֆեհմին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ[38]: Ազատազրկվածների մեծ մասը կալանավորվում էր անգլիական ցուցակների համաձայն[39]: Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից Օսմանյան կայսրությանը ներկայացրած հանցագործների «սև» ցուցակներում հատկապես պետք է առանձնացնել այն 61 հոգու անունները, որոնց ցուցակը տրվել է 1919 թ. մարտի 15-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում, քանի որ այդ անձինք կասկածվում էին հայերի տեղահանությունը և ոչնչացումը կազմակերպելու մեջ: Թուրքիայի կառավարությանը «սև» ցուցակներ էին ներկայացրել նաև ԱՄՆ-ը (5 հոգի) և Ֆրանսիան (12 հոգի): Ի դեպ` Ֆրանսիայի ցուցակում բոլոր կասկածյալների անունները համընկնում էին Մեծ Բրիտանիայի ցուցակում տեղ գտած անձանց հետ` բացառությամբ Յունուս Նադիի: Հավելենք, որ վարչապետ Դամաթ Ֆերիթին հայերի ջարդերի պատասխանատուների ցուցակներ են ներկայացրել նաև ժամանակի Կ.Պոլսո հայոց պատրիարք Զավեն արքեպ. Տեր-Եղիայանը և Մխիթարյան միաբանության անդամները[40]:

«Սև ցուցակներով» ձերբակալվածների շարքում էին Իթթիհաթ վե թերաքքի կուսակցության նշանավոր անդամներ` ֆինանսների նախարար Ջավիդ բեյը, լրագրողներ Յունուս Նադին ու Ջելալ Նուրին, Անկարայի պատգամավոր Հիլմին, արդարադատության նախարար Իբրահիմ Փիրիզադեն, Չանքըրըի պատգամավոր Ֆազըլ Բերքին, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Իզզեթը, արտաքին գործերի նախարար Հալիլ Մենթեշեն և այլք[41]: Հարկ է նշել, որ հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով ընդհանուր առմամբ ձերբակալվել են 300 հոգի, որոնց մեջ եղել են նախարարներ, նահանգապետեր, գավառապետեր, ոստիկաններ ու ժանդարմներ[42]:

Թեև ձերբակալվածների մեծ մասն արգելափակվում էր «Բեքիրաղա Բյոլյուղյու» կոչվող զինվորական բանտում, սակայն նրանք չէին գտնվում խիստ  հսկողության ներքո: Կալանավորներին շնորհված էին բանտային ռեժիմին անհամապատասխան ազատություններ: Ձերբակալվածներն ազատ ելումուտ էին անում մյուս բանտախցերը, այցի գնում միմյանց, խորհրդակցում իրար հետ, այդ թվում նաև` ապագա դատալսումներին հարմար պատասխաններ տալու հարցով: Նրանց այցելության եկած անձինք չէին խուզարկվում: Այցելուները, սննդից բացի, այլ իրեր պարունակող փաթեթներ էլ էին բերում կալանավորներին[43]: Ի դեպ` հանցագործներին հաճախ էր այցելում նաև Մուստաֆա Քեմալ փաշան[44]: Կալանավորներին մեկ անգամ այցելել է նաև 15-րդ բանակային կորպուսի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը:

Հաշվի առնելով ազգայնական շարժման մեջ իթթիհադականների ունեցած մեծ դերը` այս կալանավայրը թերևս դարձել էր նոր` քեմալական շարժման կենտրոններից մեկը: Կալանավորները հնարավորություն ունեին խոսելու միմյանց հետ, իրենց մոտ կանչելու ցանկացած մարդու և տեղեկություններ ստանալու նրանից: Ինչպես իր հուշերում նշում է Հալիլ Մենթեշեն, հետաքննության համար պատասխանատու պաշտոնյաները հաճախ գալիս ու քննարկումներ էին կազմակերպում մեղադրյալների հետ[45]: Կալանավորներից Ջելալ Նուրիի տվյալների համաձայն` նախկին Նախարարների խորհուրդը ամեն գիշեր երկու նիստ էր գումարում բանտում[46]: Այդ ազատություններն առաջին հերթին պայմանավորված էին այն հանգամանքով, որ երիտթուրքերը և նրանց կողմնակիցների մեծ մասը դեռ կարևոր պաշտոններ էին զբաղեցնում Ռազմական, Ներքին գործերի և Արդարադատության նախարարություններում, ինչպես նաև` ոստիկանությունում: Այսպես, օրինակ, Յունուս Նադին իր հուշերում հայտնում է, թե ոստիկանատանն աշխատող Իթթիհադի կողմնակիցներից մեկը ձերբակալությունների ժամանակ հետևել է այստեղ տեղի ունեցող դեպքերին և օրվա մեջ 3-4 անգամ զանգահարելով իրեն` տեղեկություններ հաղորդել նախատեսվող ազատազրկումների մասին. «Այս իրավիճակում իմ հավանական ձերբակալման առնչությամբ գաղտնաբառ էինք որոշել, ըստ որի` «Հիվանդը լավ է» արտահայտությունը նշանակում էր վտանգ չկա: «Հիվանդի վիճակը մի քիչ վատացել է»-ն նշանակում էր, որ պետք է ավելի զգույշ լինել, իսկ «Հիվանդի վիճակը դեպի վատն է գնում» նախադասության իմաստն այն էր, որ նախանշաններ կան մեր ձերբակալման ուղղությամբ»[47]:

Բանտային ոչ խիստ պայմանների հետևանքով գրանցվեցին նաև փախուստի մի քանի դեպքեր: Առաջինը «Բեքիրաղա Բյոլյուղյու» կալանատնից փախչել հաջողվեց հայերի ջարդարարներից Դիարբեքիրի նահանգապետ, բժիշկ Մեհմեթ Ռեշիդ բեյին[48], որը նաև Իթթիհաթ վե թերաքքի կազմակերպության առաջին 4 հիմնադիրներից մեկն էր[49]: Ինչպես նշում է Միություն և առաջադիմություն կուսակցության գլխավոր քարտուղար Միթհաթ Շյուքրյու Բլեդան, Ռեշիդի փախուստի կազմակերպիչների հիմնական նպատակն էր նրան Անատոլիայի խորքերը հասցնելը, սակայն մի շարք անփութությունների հետևանքով այդ ծրագիրը ձախողվում է[50], և նա 1919 թ. փետրվարի 6-ին ինքնասպանություն է գործում Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում, որտեղ շուրջկալի մեջ է առնվում ոստիկանների կողմից: 1919 թ. օգոստոսի 8-ին բանտից փախուստի են դիմում նաև Էնվերի հորեղբայր Հալիլը և հայտնի իթթիհադական Քյուչյուք (Փոքր) Թալեաթը[51]:

Տվյալ ժամանակարջանում Կոստանդնուպոլսում լույս տեսնող «Ժողովուրդ» հայկական օրաթերթի համաձայն` 1919 թ. սեպտեմբերին զինվորական բանտից փախչելու փորձ են արել նաև իթթիհադական Քարամյուրսելցի Ալին և իր ընկերները, ովքեր միտումնավոր կերպով հրդեհ են առաջացրել բանտախցում, սակայն պահակների միջամտության շնորհիվ կրակը հանգցվել է[52]:

Անմիջականորեն հայերի կոտորածների մեջ մեղադրվող ոճրագործներին դատելու համար ռազմական դատարաններ հիմնելու առաջին նախաձեռնությունը գրանցվել է 1918 թ. դեկտեմբերի 14-ին, երբ հրապարակվել է սուլթան Մեհմեթ 6-րդի հատուկ հրովարտակը[53]« որում նշված էր, թե պետության տարբեր շրջաններում հիմնվելու էին ռազմական ատյաններ` տեղահանության հանցագործներին դատելու համար: Կայսրությունը բաժանվել է 10 դատաքննչական շրջանների.

1. Անկարայի, Բոլուի և Քաստամոնուի շրջանները,

2. Բուրսայի և Էդիրնեի վիլայեթները (նահանգներն) ու Չաթալջայի սանջակը (գավառը),

3. Տրապիզոնի վիլայեթն ու Սամսունի սանջակը,

4. Այդընի վիլայեթը և Չանաքքալե ու Քարեսի սանջակները,

5. Քոնիայի վիլայեթն ու Էսքիշեհիր, Քյութահիա, Քարահիսար և Անթալիա սանջակները,

6. Սվաս (Սեբաստիա) վիլայեթն ու Կայսերի (Կեսարիա) և Յոզղատ լիվաները (սանջակ),

7. Էրզրում (Կարին), Վան, Բիթլիս (Բաղեշ) վիլայեթները,

8. Դիարբեքիր և Մամուրեթ-ուլ Ազիզ (Խարբերդ) վիլայեթները,

9. Ադանա վիլայեթն ու Մարաշ սանջակը,

10. Ուրֆա« (Դեր) Զոր և Այնթափ սանջակները[54]:

Առաջին ռազմական ատյանն ստեղծվել է 1918 թ. դեկտեմբերի 16-ին. դատարանի նախագահ է նշանակվել Մահմութ Հայրեթ փաշան[55]: Օսմանյան կայսրությունում ռազմական ատյանների գործունեությունը կարգավորվում էր 1910 թ. սեպտեմբերի 1-ին ընդունված «Զինված ավազակախմբերի ճնշման» (“Müsellah Çetelerin Tenkîli”) մասին որոշմանը համապատասխան: Տվյալ որոշման 24-րդ հոդվածի համաձայն` ռազմական դատարանների կողմից կայացված վճիռները պետք է հաստատվեին ռազմական դրության հրամանատարի կարգադրությամբ, իսկ մահվան դատավճիռները` սուլթանի վավերացմամբ[56]: Ըստ նույն որոշման 25-րդ հոդվածի` ռազմական ատյանները պետք է կազմվեին մեկ նախագահից, չորս անդամներից ու մեկ դատախազից: Նախագահը և անդամներից երկուսը նշանակվելու էին Ռազմական նախարարության կողմից, իսկ մնացած երկու անդամը` Արդարադատության: Ռազմական դատարաններում դատավարություններն անցնելու էին դռնբաց[57]: Դատավճիռները կայացվելու էին ձայների ճնշող մեծամասնությամբ: Դատապարտյալներն իրավունք չունեին բողոքարկելու դատավճիռները[58]:

1918 թ. ստեղծված ռազմական ատյանի կազմի 7 քաղաքացիական անդամներից երեքը քրիստոնյա էին« սակայն այս դատարանների կազմերը հետագայում հաճախ էին փոփոխությունների ենթարկվելու:

Թեև, ըստ օրենքի, հանցագործները պետք է դատվեին ոճրի գործադրված վայրում, սակայն 1919 թ. փետրվարի 5-ին Ստամբուլի ռազմական ատյանը Յոզղատի տեղահանության և կոտորածների պատասխանատուների դատավարության առաջին նիստում հատուկ վճիռ է կայացնում` մեղադրյալներին դատել մայրաքաղաքում[59]: 1919 թ. մարտի 8-ին հրապարակված որոշմամբ դատարանները համարվում են «արտակարգ», և էական կարգավորումներ են արվում դատարանի կառուցվածքի և աշխատանքային ոճի մեջ: Հետագա ամիսներին ևս այլ փոփոխություններ են կատարվում[60]: Այսպես, օրինակ, 1919 թ. սեպտեմբերին ընդունված Ռազմական ատյանի մասին նոր օրենքի համաձայն` ատյանի կայացրած դատավճիռներն անբեկանելի են` բացառությամբ մահապատժի: Սովորական պատիժ նախատեսող վճիռները տրվում են Ռազմական ատյանի անդամների պարզ մեծամասնությամբ, իսկ մահապատժի համար անհրաժեշտ է դատարանի անդամների երկու երրորդի մեծամասնությունը: Մահապատժի վճիռները ենթարկվում են Զինվորական վճռաբեկ ատյանի վերաքննությանը[61]:

Մելինե Անումյան

Պատմական գիտությունների թեկնածու

 


 

[1] Սահակյան Ռ., Ցեղասպանության պատմությունից, Երևան, 1990, էջ 136-137:

[2] Պողոսյան Ս. , Գոյատևման պայքարի քառուղիներում, Երևան, 1988, էջ 423:

[3]Փափազեան Ա., Հայերի ցեղասպանութիւնը ըստ երիտթուրքերի դատավարութեան փաստաթղթերի, Լոս Անճելես, 2005, էջ 21:

[4] Կիրակոսյան Ջ., Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը 1914-1916 թթ., Երևան, 1967, էջ 319:

[5] Dadrian V., Akçam T., “Tehcir ve Taktil”, Divan-ı Harb-i Örfî Zabıtları, İttihad ve Terakki’nin Yargılanması 1919-1922, Bilgi Üniversitesi Yayınları, İstanbul, 2008, ss. 42-43. 

[6] Ata F., İşgal İstanbulu’nda Tehcir Yargılamaları, Türk Tarih Kurumu, Ankara, 2005, s. 35.

[7]  Նույն տեղում, էջ 36:

[8] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu. İttihat ve Terakki’den Kurtuluş Savaşı’na, 2. Baskı, İmge Kitabevi, İstanbul, 2002, s. 419.

[9] Kocahanoğlu O.S., İttihat Terakki’nin Sorgulanması ve Yargılanması (1918-1919), Temel Yayınları, İstanbul, 1998, s. 31.

[10] Dadrian V., Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 38.

[11]Հինգերորդ հանձնախմբի բոլոր անդամներն էլ ընտրվել էին 1915 թ. Միություն և առաջադիմություն կուսակցության ընտրացուցակով, տե’ս նշվ. աշխ. 79-րդ էջը:

[12] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu, s. 423.

[13] Dadrian V., Ulusal ve Uluslararası Hukuk Sorunu Olarak Jenosid, Belge Yayınları, 1995, s. 81. 

[14] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu, s. 424.

[15] Նույն տեղում, էջ 454:

[16] Dadrian V., Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 44.

[17] Ata F., İşgal İstanbulu’nda Tehcir Yargılamaları, s. 65.

[18] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu, s. 453.

[19] Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, ss. 44-45.

[20] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu, ss. 453-454.

[21] Dadrian V., Histoire du génocide arménien, Stock, 1996, p. 507.

[22] Kévorkian R., La Turquie face à ses responsabilités. Les procés des criminels jeunes turcs (1918-1920), Revue d’histoire de la SHOAH le monde juif, N 177-178, Janvier-Août, 2003, p. 189.

[23] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu, s. 454.

[24] Նույն տեղում:

[25] Şimşir B., Malta Sürgünleri, Bilgi Yayınevi, İstanbul, 1985, s. 35.  

[26] Տվյալ ժամանակաշրջանում Ստամբուլում տպագրվող §Մեմլեքեթ» օրաթերթի համաձայն` 1919 թ. փետրվարի 16-ին Միություն և առաջադիմություն կուսակցության ձեբակալված երևելի գործիչները ոստիկանատնից ավտոմեքենաներով փոխադրվել էին ռազմական ատյանի կալանատունը: Տեղափոխման ընթացքում ոստիկանների կողմից խիստ միջոցներ էին ձեռնարկվել` միջադեպերի տեղիք չտալու ուղղությամբ, տե’ս Mevkûf İttihad Erkânı, “Memleket”, 17 Şubat 1919.

[27] Şimşir B., Malta Sürgünleri, ss. 57-58.  

[28] Dadrian V., Histoire du génocide arménien, p. 483.

[29] Նույն տեղում, էջ 484:

[30] Ուշագրավ է, որ իր հուշերում Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը հետևյալ կերպ է ներկայացնում այդ փաստը. «Հաշտության պայմանագրի առումով ակնհայտ էր, որ մենք չէինք կարող այնպիսի պայմանագիր կնքել, որ ցրված հայ ժողովրդի բեկորները թողնվեին այն կեղեքչի քմահաճույքին, որը սերունդներ շարունակ մորթել, բռնաբարել և թալանել էր նրան ու շարունակել անարգել մինչև պատերազմի ավարտը», տե’ս Ллойд Джордж, Правда о мирных договора, том второй, Москва, 1957, с. 398.

[31] Şimşir B., Malta Sürgünleri, s. 32.

[32] Նույն տեղում, էջ 41-42:

[33] Yeghiayan V., Malta Belgeleri, İngiltere Dışişleri Bakanlığı “Türk Savaş Suçluları” Dosyası, Belge Yayınları, 2007, s. 19.

[34] Şimşir B., Malta Sürgünleri, ss. 62-63.

[35] Sarıhan Z., Kurtuluş Savaşı Günlüğü, I. Cilt, Mondros’tan Erzurum Kongresi’ne (30 Ekim 1918-22 Temmuz 1919), Öğretmen Yayınları, 1982, s. 160.

[36] Şimşir B., Malta Sürgünleri, s. 63.  

[37] Sarıhan Z., Kurtuluş Savaşı Günlüğü, s. 160.  

[38] Yeni Tevkîfler, “Memleket”, 11 Mart 1919.

[39] Şimşir B., Malta Sürgünleri, s. 68.

[40] Ertürk H., İki Devrin Perde Arkası, İstanbul, 1996, ss. 288-289.

[41] Sorgun T., Mütareke Dönemi ve Bekirağa Bölüğü, Kamer Yayınları, İstanbul, 1998, s. 295.

[42] Kocahanoğlu O. S., İttihat Terakki’nin Sorgulanması ve Yargılanması, s. 39.

[43] Akçam T., Ermeni Tabusu Aralanırken Diyalogtan Başka Çözüm Var mı?, Su Yayınları, İstanbul, 2002, ss. 111-112.

[44] Sorgun T., Mütareke Dönemi ve Bekirağa Bölüğü, s. 393. 

[45] Osmanlı Mebusan Meclisi Reisi Halil Menteşe’nin Anıları, Hürriyet Vakfı Yayınları, İstanbul, 1986, ss. 237-238.

[46]«Իթթիհատը բանտին մէջ. բանտարկեալները ինչպէ՞ս կ’անցնեն իրենց ժամանակը», §Ճակատամարտ», 14 մարտի, 1919, N 105 (1926): 

[47] Nadi Y., Kurtuluş Savaşı Anıları, Erdini Basım ve Yayınevi, İstanbul, 1978, s. 19.

[48] Sarıhan Z., Kurtuluş Savaşı Günlüğü, s. 114.

[49] Մեհմեթ Ռեշիդն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նաև ասորիների ոչնչացման հիմնական կազմակերպիչներից էր: Նա այնպիսի դաժանությամբ էր իրականացնում Դիարբեքիրի վիլայեթի քրիստոնյաների սպանդը, որ անգամ Թալեաթը ստիպված էր եղել նրան նամակ գրել, և Ռեշիդը Դիարբեքիրի նահանգապետի պաշտոնից ազատվելով` նշանակվել էր Անկարայի նահանգապետի պաշտոնում, տե’ս Авакян А. Геноцид 1915 г.: Механизмы принятия и исполнения решений/ НАН РА, Музей Геноцида армян / [Отв. ред. Г. Р. Симонян], Ереван: Гитуцюн, 1999, с. 48-49.

[50] Bleda M. Ş., İmparatorluğun Çöküşü, s. 62.

[51] Akçam T., Ermeni Tabusu Aralanırken Diyalogtan Başka Çözüm Var mı?, s. 112.

[52] «Ժողովուրդ» քաղաքական և հասարակական օրաթերթ, Կ.Պոլիս, 5 սեպտեմբեր, 1919, N 32 (278):

[53] Osmanlı Belgelerinde Ermeniler (1915-1920), T.C. Başbakanlık Devlet Arşivleri Genel Müdürlüğü, Ankara, 1994, ss. 189-190.

[54] Kocahanoğlu O. S., İttihat Terakki’nin Sorgulanması ve Yargılanması, ss. 37-38.

[55] Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 133. 

[56] Ata F., İşgal İstanbulu’nda Tehcir Yargılamaları, s. 75.

[57]Թեև, ըստ սովորույթի, ռազմական ատյաններում իրականացվող դատաքննությունները հրապարակային չեն եղել, սակայն հայերի տեղահանության և կոտորածների դատավարությունները սկզբում բաց են եղել հասարակության առաջ, որպեսզի հանրությունը համոզվեր դրանց «անկողմնակալության» մեջ: 1918 թ. դեկտեմբերի 14-ին ռազմական դատարանների ստեղծման մասին որոշմանը կցվեց նաև դատական նիստերը դռնբաց անելու մասին որոշումը, սակայն 1920 թ. ապրիլի 23-ի որոշմամբ` այդ դատաքննություններն սկսեցին փակ անցկացվել, տե’ս Akçam T., Ermeni Tabusu Aralanırken Diyalogtan Başka Çözüm Var mı?, s. 98.

[58] Ata F., İşgal İstanbulu’nda Tehcir Yargılamaları, s. 75. 1920 թ. հոկտեմբերի 5-ին բողոքարկման վրա դրված արգելքը վերացում է, տե’ս նշվ. աշխ., էջ 273.

[59] Եոզղատի հայասպանութեան վաւերագրական պատմութիւնը, Նիւ Եորք, 1980, էջ 309-310:

[60] Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 149.

[61] «Պատերազմական ատեանի նոր կանոնագիրը», «Ճակատամարտ», 24 սեպտեմբեր, 1919:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here