ՌԱՖՖԻ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԷ ՀԱՑԱԴՈՒԼԸ

0
103

«Ապրիլի 9-ին ես կ՛որոշեմ ինչ ենք անելու, ժողովուրդը կ՛որոշի, եւ կը տօնենք ժողովրդի յաղթանակը», «Ազատութեան» հրապարակին վրայ կայացած բացօթեայ ասուլիսին ընթացքին այս հաստատումը կատարեց  Ժառանգութիւն կուսակցութեան առաջնորդ Ռաֆֆի Յովհաննէսեանը:
Վերջինս նաեւ այն կարծիքին չէ, որ հացադուլով փակուղիի մէջ կը գտնուի: «Ես ասել եմ, որ փակուղու մէջ չեմ, ոչ էլ ժողովուրդն է փակուղու մէջ: Փակուղու մէջ իրեն դրել է իշխող կուսակցութեան թեկնածուն՝ կեղծիքներով, խախտումներով», նշեց ան: Ռաֆֆի Յովհաննէսեան  նաեւ յայտնած է, թէ այլեւս ըսելիք չունի իշխանութիւններուն: «Ես նոր առաջարկելիք չունեմ իշխանութիւններին: Եթէ պարոն Սարգսեանը առաջարկներ ունի, թող գայ «Ազատութեան» հրապարակ եւ ասի: Ես կը լսեմ ու կ՛որոշեմ ընդունե՞լ, թէ մերժել»:
Ան յայտնեց, որ ինք պատրաստ է հանդիպելու անխտիր բոլորին, որոնց կարգին՝ նախկին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի։  «Ես բաց եմ հանդիպման անխտիր բոլորի, այդ թւում առաջին նախագահի համար: Մեր «Ժառանգութեան» ներկայացուցիչները հանդիպել են բոլորի՝ այդ թւում ՀԱԿի հետ: Կարծում եմ հանդիպումները կը շարունակուեն, որովհետեւ համատեղումը, կոնսոլիդացիան անհրաժեշտութիւն է: Հիմնական համախմբումը հայ ժողովուրդը կատարել է, հիմա քաղաքական ուժերը պիտի սպասարկեն այդ համախմբմանը», նշած է Յովհաննէսեան ու աւելցուցած. «Պահի լրջութիւնը եւ հեռանկարն այն է, որ կուսակցութիւնների դերակատարումը փոխւում է: Ես առաջարկում եմ, որ կուսակցութիւնները հասկանան, որ հին մանրակերտով այլեւս ոչինչ չի լինելու, նոր մանրակերտ է պէտք, որտեղ առաջ տանողը Հայաստանի քաղաքացին է»:
Պատասխանելով այն հարցումին, թէ ինչո՞ւ Տէր Պետրոսեանը չէ այցելած իրեն, Ռաֆֆի Յովհաննէսեանը պատասխանեց. «Յարգում եմ բոլորին, բոլորն էլ սխալական են, իմ նման: Եթէ ինքը ցանկանայ, կամ ցանկացած այլ կուսակցապետ, կը հանդիպեմ «Ազատութեան» հրապարակում: Ես արդէն յատուկ զանգեր չեմ անում, ամէն ինչ լինում է առանց իմ խնդրանքի: Կարծում եմ՝ յառաջիկայ օրերին այս շարանը կը շարունակուի»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here