Իթթիհատական ավանդույթի պահպանումը Թուրքիայի Հանրապետությունում. Երիտթուրքերի 1919-1921 թթ. և 1926 թ. դատավարությունների համեմատական վերլուծություն

0
171

 1919-1921 թթ. երիտթուրքերի դատավարությունները, որոնք համարվում էին նաև հայերի տեղահանության և կոտորածների դատական հայցեր, քննվեցին Օսմանյան կայսրության Ռազմական արտակարգ ատյաններում: Այս դատավարությունները կայացան միջազգային ճնշման շնորհիվ, ինչպես նաև` Միություն և առաջադիմություն կուսակցությանն ընդդիմադիր Ազատություն և համաձայնություն (Hürriyet ve İtilaf) կուսակցության ներկայացուցիչների` վերստին իշխանության գալու արդյունքում:

1926 թ. տեղի ունեցած երիտթուրքերի դատավարությունները` Իզմիրում Մուստաֆա Քեմալի դեմ մահափորձի և Անկարայի կամ «Սև ավազակախմբի՚» դատական գործերը, քննվեցին Թուրքիայի Հանրապետության Անկախության դատարանում: Այս դատաքննությունների դեպքում ոչ թե ճնշում, այլ միջամտության փորձեր գրանցվեցին մի շարք պետությունների կողմից: Այսպես՝ Մեծ Բրիտանիան ենթադրում էր, թե ԽՍՀՄ-ի հետ կապերի սերտացման դեմ հանդես եկած Քյազիմ Կարաբեքիրի, Ալի Ֆուադ Ջեբեսոյի և Բեքիր Սամիի` Թուրքիայում ազդեցության ամրապնդումից անհանգստացած Ռուսաստանը որոշակի դեր էր խաղացել Մուստաֆա Քեմալի դեմ մահափորձի բացահայտման գործում: Այդ մասին անգլիական «Դեյլի թելեգրաֆ» պարբերականը 1926 թ. հունիսի 23-ի համարում գրում էր. «…Ըստ երևույթին ռուսական ՀԱՀ-ը (Համառուսաստանյան հատուկ հանձնաժողով) էական դեր է կատարել «այդ կոնսպիրացիայի բացահայտման» և Անկարային նախազգուշացնելու հարցում: Ինչպես հայտնի է, Թուրքիայի Հանրապետության նախագահի և Խորհրդային Միության դեսպանատան հարաբերությունները մտերիմ ու ջերմ են: Բանն այն է, որ Մոսկվան ատամ ունի մեղադրյալներից մի քանիսի դեմ: Նրա ազդեցությունը Թուրքիայում անընդհատ հանդիպել է գեներալ Քյազիմ Կարաբեքիր փաշայի դիմադրությանը: Երբ որոշ ժամանակ առաջ Մոսկվան առաջարկեց ստանձնել Թուրքիայի արևելյան նահանգների ոստիկանական պահպանությունը, բոլորից շատ Քյազիմ Կարաբեքիր փաշան առարկեց դրա դեմ` այն հիմնավորմամբ, թե հենց Մոսկվան մուտք գործի տվյալ շրջաններ, ապա շատ դժվար կլինի հետո նրան ստիպել հեռանալ այդ կողմերից: Նմանապես խորհրդային կառավարությունը մեծ դժվարությունների հանդիպեց, երբ իր քարոզչության և առևտրի մեթոդների դեմ հակազդեցություն ցուցաբերեցին Բեքիր Սամի բեյը և Ալի Ֆուադ Ջեբեսոյ փաշան, դժվարություններ, որոնք նա չմոռացավ ու չներեց»[1]:

Նույն աղբյուրը 3/VI համարում արձանագրում էր, թե մահափորձը Անկարայի կառավարության համար պատրվակ եղավ, որպեսզի վերջնականապես հաշվեհարդար տեսներ ընդդիմության հետ, իսկ Ռուսաստանի համար` պատեհ առիթ` իր դեմ թշնամաբար տրամադրված թուրք քաղաքական գործիչներին չեզոքացնելու համար[2]:

Իր հերթին ԽՍՀՄ-ը մտավախություն ուներ, թե Իզմիրի և Անկարայի դատաքննությունների ժամանակ կբացահայտվեին բոլշևիկների և երիտթուրքերի համագործակցությունը, ինչպես նաև` Ռուսաստանի և Աֆղանստանի միջև պայմանագրի կնքման մանրամասները: 1926 թ. երիտթուրքերի դատավարությունների ժամանակ Անկարայում ԽՍՀՄ-ի արտակարգ և լիազոր դեսպան Յակով Սուրիցը մասնավոր զրույցներում հայտնել էր Թուրքիայի իշխանություններին, որ մեղադրյալները, հատկապես՝ դոկտոր Նազըմը, քաջատեղյակ են եղել Ռուսաստանի և Աֆղանստանի միջև պայմանագրի կնքման մանրամասներին և խնդրել, որ ամբաստանյալներին հարցեր չտրվեն այդ թեմայի առնչությամբ: Սուրիցը 1926 թ. սեպտեմբերի 15-ին ԽՍՀՄ-ի արտաքին գործերի նախարար Վ. Չիչերինին ուղղված հույժ գաղտնի զեկույցում գոհունակությամբ նշում էր, թե թուրք իշխանություններն այդ առումով օժանդակել են իրեն, և դատարանի նախագահն ու անդամները ոչ մի հարց չեն ուղղել հիշյալ թեմայի վերաբերյալ. «…Մեզ համար իրավիճակը փոքր-ինչ զգայուն դարձավ, երբ դատարանն անցավ մեր տարածքներում իթթիհատականների կատարած դերի բացահայտմանը: Արտաքուստ կարող էր տպավորություն ստեղծվել, թե պահ էր եղել, երբ մենք հույս էինք դրել Քեմալի հակառակորդների վրա, և որ մենք եթե չէինք խրախուսել, ապա չէինք էլ խոչընդոտել Քեմալի դեմ ուղղված այդ աշխատանքին: Անհնար էր խուսափել որոշ տհաճ նստվածքից, երբ մեղադրական ակտում որպես իթթիհատականների գործունեության գլխավոր կենտրոններ էին թվարկվում Մոսկվան, Բաքուն և Բաթումը: Ես այդ վտանգն զգացի Անկարայի դատական գործընթացից դեռ շատ առաջ և դեռևս այն ժամանակ ինքս ինձ մշակեցի հակաարշավի մի ծրագիր: Ես թուրք գործիչների հետ իմ բոլոր զրույցները լայնորեն օգտագործեցի, որպեսզի նրանց ապացուցեմ, որ մենք ինքներս ենք մոլորության մեջ եղել, որ իթթիհատականների մեջ երկար ժամանակ տեսել ենք միայն Քեմալի զինակիցներին և աջակցել նրանց մինչև ընդհուպ այն պահը, երբ մեզ համար սկսեցին ավելի պարզորոշ ուրվագծվել Քեմալի հետ նրանց ունեցած տարաձայնությունները և նրանց իրական մտադրությունները: Ես ընդգծեցի, որ միայն մեր իշխանությունների զգոնության շնորհիվ Էնվերին և մյուսներին չի հաջողվել հասնել Անատոլիա, և որ մենք Քեմալից հեռացնելով նրա դեմ ուղղված հարվածները` փաստորեն մեզ վրա ենք վերցրել դրանք:

Դատարանի անդամների հետ զրույցում ես նրանց տեղեկացրի, թե մեղադրյալներից մի քանիսն իրազեկված են եղել Հնդկաստանին և Աֆղանստանին վերաբերող մեր աշխատանքներին ուղղված ծրագրերի մասին, և որ դատարանի պարտավորությունների մեջ է մտնում մեզ պաշտպանել այդ բնագավառի վերաբերյալ հավանական քողազերծումներից, որոնք կարող են բարդացնել մեր միջազգային դրությունը: 

Դատավորները, մասնավորապես` դատարանի նախագահը մեծ ուշադրությամբ վերաբերվեցին իմ հայտարարություններին և թույլ չտվեցին մեղադրյալներին, հատկապես` Նազըմին ծավալվել այդ թեմայի շուրջ: Իմ միջամտությունը նաև խաղաց այն դրական դերը, որ մեղադրական ակտի նախնական տեքստից ջանադրաբար դուրս կորզվեց այն ամենը, ինչն առնչվում էր իթթիհատականների գործունեությանը մեր տարածքներում: Դատական գործընթացն այդ իմաստով լրիվ բարեհաջող անցավ մեզ համար»[3]:

1926 թ. դատավարություններին մյուս օտար պետությունների միջամտության առումով հարկ է նշել, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան թուրքական իշխանությունների վրա ճնշումներ էին բանեցրել` Ջավիդի մահապատիժը կանխելու ուղղությամբ: Նույնիսկ Եվրոպայի և Ամերիկայի նշանավոր քաղաքական գործիչները Անկարայի առաջ բարեխոսել էին` ձերբակալված Ջավիդին ազատ արձակելու համար: Ջավիդի ձերբակալման մասին լուրը մեծ անհանգստություն էր հարուցել նաև Եվրոպայի մասոնական շրջանակներում: Թուրքական «Հաքիմիյեթ-ի միլլիյե» թերթը 1926 թ. օգոստոսի 30-ի համարում մեջբերել էր «Դեյլի թելեգրաֆ»-ում հրատարակված հոդվածից մի հատված, որում մեծ դրվատանքով և ցավով էր խոսվում մահապատժի ենթարկված Ջավիդի մասին: «Հաքիմիյեթ-ի միլլիյեն» գրում էր. «Այս հատվածը ցույց է տալիս, թե ինչ միտումներ են ունեցել այն շրջանակները, որոնց վրա հենվել էր Ջավիդը: (…) Ջավիդը եղել է թուրք ժողովրդի տնտեսական անկախության հակառակորդների ամենաամուր հենարանը»[4]:

1926 թ. Իթթիհատի վերնախավի հետ հաշվեհարդար տեսնելուց հետո Անկարան, փորձելով մեղմել Եվրոպայի վրա գործած տպավորությունը, համեմատաբար թեթև պատիժներ է սահմանել Աբդուլ Քադիրին ու Քարա Քեմալին թաքցրած անձանց և լրտեսների դեմ[5]:

1919-1921 թթ. կայացած իթթիհատականների դատաքննությունների համար հիմք են ծառայել հայերի տեղահանման ու ոչնչացման, Հայոց ցեղասպանության իրականացման մեջ կարևոր դեր կատարած Հատուկ կազմակերպությունը հիմնելու, առանց հիմնավոր պատճառի երկիրը համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու, տնտեսական չարաշահումներ թույլ տալու, սև շուկայում գործունեություն ծավալելու և երկրի անվտանգությունը խախտելու մեղադրանքները:

1919-1921 թթ. և 1926 թ. դատավարությունների համընկնող մեղադրանքներն էին երկրի ներքաշումը Առաջին աշխարհամարտի մեջ և պատերազմի ժամանակ, հատկապես սննդի հարցում, կատարված չարաշահումները: 1926 թ. հիշյալ մեղադրանքներին ավելացան նաև երկիրը պատերազմի մեջ ներքաշած և արտերկիր ճողոպրած իթթիհատականների գործունեությունը արտասահմանյան երկրներում և հետագայում երիտթուրքերի կողմից Թուրքիայում կուսակցություն վերստեղծելու փորձերը` իշխանությունը խլելու նպատակով: 1926 թ. դատավարության մեղադրանքների մեջ իսպառ բացակայում էր քրիստոնյաների, հատկապես` հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքը: Ավելին՝ 1926 թ. ողջ դատաքննության ընթացքում հիշատակություն անգամ չի եղել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երիտթուրքերի կողմից քրիստոնյաների բնաջնջման մասին: Սակայն հարկ է նշել, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը 1926 թ. «Լոս Անջելես Էքզամիներ Քվոթ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, թե Իթթիհատը մեղավոր էր նաև Համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության հազարավոր քրիստոնյա հպատակների ոչնչացման համար[6]: Թեև թուրք պատմագրությունը ժխտում է Աթաթուրքի` նման հարցազրույց ընդհարապես տված լինելու փաստը, սակայն ուշագրավ է, որ այդ հարցազրույցի ամսաթիվը համընկնում է 1926 թ. դատավարության կայացման ամսաթվի հետ:

Դրա հետ մեկտեղ՝ «Միություն և առաջադիմություն» կուսակցության հետ հաշվեհարդարի դատավարություն դարձավ ոչ թե 1919-1921 թթ. անզոր իթիլյաֆական կառավարության կողմից կազմակերպված երիտթուրքերի դատական գործընթացը, այլ փաստորեն նույն իթթիհատական կուսակցությունից կազմված քեմալական կառավարության` 1926 թ. իրականացրած Իզմիրի և Անկարայի դատավարությունները: Ինչպես նշում է երիտթուրքական կուսակցության պատմության վերաբերյալ ֆունդամենտալ գիտական աշխատության հեղինակ, պրոֆեսոր Թարըք Զաֆեր Թունայան` «1926 թ. Միություն և առաջադիմությունից 18 տարվա հաշվետվություն պահանջեցին[7]: 1926 թ. դատավարության ընթացքում Անկարայի մամուլը խոսում էր Իթթիհատ վե թերաքքի-ի փորձանքից փրկվելու (“İttihat ve Terakki belasından kurtuluş”) մասին[8]:

1919-1921 թթ. և 1926 թ. դատավարությունների միջև մեկ այլ էական տարբերություն է այն փաստը, որ 1919-1921 թթ. երիտթուրք մեղադրյալներին թույլ է տրվել դատապաշտպաններ վարձել և իրենց օգտին վկաներ ներկայացնել, իսկ 1926 թ. դատական գործընթացի ժամանակ` ոչ: Ավելին՝ 1919-1921 թթ. դատաքննությունների ժամանակ մի շարք մեղադրյալներ, հատկապես` պետական գործիչներ մեկի փոխարեն միաժամանակ մի քանի փաստաբաններ են վարձել: Այսպես, օրինակ, 1919 թ. դատավարության ժամանակ Հասան Հայրի Թանը և Ջելալեդդին Արիֆը պաշտպանում էին ամբաստանյալ Սայիթ Հալիմին« Էսադը« Քյազըմը և Թահսինը` Հալիլ Մենթեշեին« Սաքին ու Էսադ Մուհլիսը` Ահմեթ Նեսիմիին« Սադեդդին Ֆերիդը` Շյուքրյուին« Մահմուդ Մահիրը« Յուսուֆ Ջեմալն ու Քադրին` Իբրահիմ Փիրիզադեին« Սադեդդին Ֆերիդը« Ահմեդ Ռամիզը և Մահմուդ Մահիրը` Միթհաթ Շյուքրյուին« Հայդար Ռըֆաթն ու Իսմայիլ Թևֆիկը` Զիա Գյոքալփին« Միշոն Վենտուրան` Ջևադին և Ալի Հայդարը` Մուսա Քյազիմին և Հաշիմին:

Թեև 1926 թ. Իթթիհատի դատաքննությունն իրականացրած Անկախության դատարաններում ըստ օրենքի ամբաստանյալներին չէր արգելվում դատապաշտպան վարձել և վկա ներկայացնել, սակայն դատարանը կտրականապես մերժել է մեղադրյալների այդ պահանջը[9]: 1926 թ. Անկախության դատարանը վճռել է ունկնդրության չարժանացնել ամբաստանյալների ներկայացրած վկաներին: Ինչպես շեշտում է թուրք պատմաբան Սեյհուն Թունաշարը. «Ակնհայտ էր, որ եթե այդ վկան նույնիսկ Աթաթուրքը լիներ, դարձյալ ոչ մի ազդեցություն չէր ունենալու արդյունքի վրա, քանի որ դատարանը նախապես մշակված սցենարն էր խաղում»[10]:

Բացի այդ՝ 1919-1921 թթ. երիտթուրքերի դատավարությունների ժամանակ մեղադրյալները մահվան դատավճիռը բողոքարկելու հնարավորություն ունեին, իսկ 1926 թ. զրկված էին նաև այդ հնարավորությունից:

Վերը բերված փաստերը սնանկ են դարձնում որոշ թուրք պատմաբանների այն տեսակետը, թե քանի որ 1919-1921 թթ. հայերի տեղահանության և կոտորածների դատաքննությունները կայացել են միջազգային ճնշման հետևանքով, դրանք օբյեկտիվ չեն եղել: Ընդհակառակը՝ Ռազմական արտակարգ ատյաններում ամբաստանյալներին շնորհվել են իրենց պաշտպանելու բոլոր հնարավորությունները` ի տարբերություն 1926 թ. կայացած դատավարության:

1919-1921 թթ. իթթիհատականների դատավարությունների նպատակն է եղել մեղմացնել Առաջին աշխարհամարտում հաղթանակած պետությունների դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ և կանխել պատերազմական հանցագործների հնարավոր դատաքննությունը Անտանտի տերությունների կողմից: 1926 թ. իթթիհատականների դատաքննություններն ուղղված են եղել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մենիշխանության պահպանմանը, նրա ընդդիմադիրների չեզոքացմանը և երկրում միակուսակցական վարչակարգ հաստատելուն:

Հարկ է նշել, որ թե’ 1919-1921 թթ. և թե’ 1926 թ. կայացած դատավարությունները երբևէ ուղղված չեն եղել Իթթիհատի գաղափարախոսության դեմ, այլ միայն նպատակ են ունեցել վերացնել կուսակցության որոշ ներկայացուցիչների, ընդ որում՝ միայն վերնախավից: Սակայն, ինչպես նշում է պրոֆեսոր Թարըք Զաֆեր Թունայան. «1926 թ. հետո գործուն իթթիհատականները պատմություն դարձան, բայց իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե սկսած զինադադարի շրջանից` բոլոր երիտթուրքերը դեմ էին Մուստաֆա Քեմալին և հանրապետական իշխանությանը: Ընդհակառակը՝ իթթիհատականների մի մասը միախառնվեց այդ իշխանության հետ և կարևոր դիրքեր զբաղեցրեց Ժողովրդահանրապետական կուսակցության մեջ և երկրի ղեկավարության կազմում»[11]:

1926 թ. Անկարայի դատաքննությունից հետո Իթթիհատը, որպես կուսակցություն, հեռացել է Թուրքիայի քաղաքական թատերաբեմից, իսկ թուրք պատմագրության մեջ ամրապնդվել է ազգայնական պայքարում երիտթուրքական գործոնի մասին լռություն պահպանելու ուղեգիծը[12]:

Ուշագրավ է, որ Իզմիրի և Անկարայի դատաքննություններին անմիջապես հաջորդած ժամանակաշրջանի թուրք պաշտոնական պատմագրությունը նախընտրել է չանդրադառնալ Աթաթուրքի դեմ մահափորձի մեջ իթթիհատականների ունեցած դերին: Ինչպես նկատում է գերմանացի պրոֆեսոր Էրիկ Յան Ցյուրխերը, 1931 թ. ֆրանսերենով վերատպված «Թուրքիայի Հանրապետության պատմությունը» գրքում որպես մահափորձի պարագլուխ է ներկայացվում Ռաուֆ Օրբայը, իսկ երիտթուրքերի մասին խոսք անգամ չկա[13]: Ըստ Ցյուրխերի` նույն ուղեգծին է հետևում նաև թուրք պաշտոնական պատմագիրներից Քարալը` 1945 թ. հրատարակված «Թուրքիայի Հանրապետության պատմությունը» գրքում, այսինքն` մահափորձի մեջ մեղադրում է միայն Առաջադիմական հանրապետական կուսակցությանը և ակնարկ անգամ չի անում իթթիհատականների վերաբերյալ[14]: Գերմանացի պրոֆեսորի դիտարկմամբ` տվյալ ժամանակաշրջանի թուրք պատմաբանները կա’մ լրիվ աչքաթող են արել Իզմիրի և Անկարայի դատաքննությունները, կա’մ էլ այդ դեպքերը որակել որպես  դավադրություն` կազմակերպված Առաջադիմական հանրապետական կուսակցության գործիչների կողմից: Անգամ Ռաուֆ Օրբայը սկզբնաղբյուրներում ներկայացվել է որպես գլխավոր մեղավոր[15]:

Մեր կարծիքով այս միտումը պայմանավորված էր Իթթիհատին, որպես կուսակցություն, չվարկաբեկելու ցանկությամբ: Չպետք է մոռանալ, որ Մուստաֆա Քեմալն ինքը, Յունուս Նադիի բնորոշմամբ, «ամենամեծն ու առաջինն էր երիտթուրքերի մեջ»[16], և որ Թուրքիայի Հանրապետության բոլոր հիմնադիրները` Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, եղել են իթթիհատականներ: Աթաթուրքը երբեք չի թաքցրել, որ «իր զգացմունքների հայրը եղել է Նամըք Քեմալը, իսկ գաղափարներինը` Զիա Գյոքալփը»[17]: Նույնիսկ որպես Թուրքիայի Հանրապետության հռչակման ամսաթիվ է ընտրվել հոկտեմբերի 29-ը, քանի որ 1907 թ. հոկտեմբերի 29-ին Մուստաֆա Քեմալն անցել էր Իթթիհատի շարքերը:

1926 թ. Իզմիրի և Անկարայի դատավարությունները, Իթթիհատին՝ որպես կուսակցություն, հեռացնելով պատմության թատերաբեմից, բնավ նպատակ չունեին և չէին կարող քաղաքականությունից վերացնել ո’չ իթթիհատական ավանդույթներն ու գործելաոճը, ո’չ էլ մտայնությունը: Թուրք պատմաբաններն ու քաղաքագետները նշում են, որ այսօրվա Թուրքիայում միայն մեկ կուսակցություն գոյություն ունի` Միություն և առաջադիմությունը, քանի որ հանրապետական շրջանում երկու հիմնական կուսակցությունները` Ժողովրդահանրապետական կուսակցությունը և Դեմոկրատական կուսակցությունը, որոնցից էլ անջատվել կամ ստեղծվել են Թուրքիայի մյուս կուսակցությունները, կազմված էին նույն երիտթուրքերից և նույն գաղափարախոսությամբ: Թուրք պատմաբան Շյուքրյու Հանիօղլուն նույնիսկ ներկայում Թուրքիայում տիրապետող գաղափարախոսությունը բնութագրում է որպես «դարավոր իթթիհատական գաղափարախոսություն»` նշելով, որ դրա հիմքը դրվել է 1908 թ. հուլիսի 23-ի հեղափոխությամբ, իսկ 1922 թ. փոփոխությունը իրականում «այդ գաղափարախոսության շարունակության արդյունքն է»[18]:

Բացի այդ՝ հարկ է նկատի ունենալ, որ Իթթիհաթ վե թերաքքի կուսակցությունը հիմնվել էր մասոնական կազմակերպությունների օրինակով: Այդ առումով, ինչպես նկատում է թուրք պատմաբան Մեթե Թունչայը, սխալ կլինի կարծել, թե իթթիհատականությունը վերացել է վերջին իթթիհատականի մահից հետո[19]: Սեյհուն Թունաշարի խոսքով` Միություն և առաջադիմություն կուսակցության ոգին ողջ է անգամ այսօր[20]: Քեմալականները ևս, հետևելով երիտթուրքերի օրինակին և ազգայնական պայքարում օգտագործելով «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսը, Թուրքիայի Հանրապետության հիմնումից հետո փարվել են «Մեր պետությունը ոչ թե բազմազգ, այլ՝ ազգային պետություն է: Պետությունը, թուրքից բացի, այլ ազգություն չի ճանաչում» գաղափարին[21]: Հանրապետության հռչակումից հետո, թուրքերից բացի, մյուս բոլոր ժողովուրդները օտարվել են, և պետությունը վարել է մեկ լեզու, մեկ կրոն, մեկ մշակույթ և մեկ ազգ ստեղծելու, մնացած բոլոր ժողովուրդներին թուրքացնելու քաղաքականություն:

1926 թ. երիտթուրքերի դատավարությունը, Թուրքիայում վերջ դնելով իթթիհատական «խորքային պետությանը», հիմք դրեց մեկ այլ` քեմալական խորքային պետության ձևավորմանը` հաշվեհարդար տեսնելով հայերի վրեժխնդրությունից փախած Իթթիհատի մի շարք պարագլուխների հետ, սակայն քաղաքական կյանքում անփոփոխ թողեց իթթիհատական գաղափարախոսությունը և գործելաոճը:

Մելինե Անումյան

Պատմական գիտությունների թեկնածու

 


LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here