Խաչիկ Հարությունյանը «Հայկական գիտական համագործակցության» (Armscoop) երկամյա գործունեության և գիտական գործունեության որոշ հարցերի մասին

0
190

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարան) կրտսեր գիտաշխատող Խաչիկ Հարությունյանը Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի ասպիրանտ է,  կարևորենք նաև, որ www.armscoop.com կայքի համահիմնադիրն է և խմբագիրը։

Խաչիկի հետ զրուցեցինք գիտությունից դուրս հետաքրքրություններից, նախասիրություններից, համագործակցություններից, armscoop-ի գործունեությունից։ Քանի որ հարցերս արտահայտված են պատասխաններում, ուստի ստորև ներկայացնում եմ միայն պատասխանները։

–Փորձեմ ամփոփ ներկայացնել armscoop-ի գործունեությունը. ընդամենը մի քանի ամիս առաջ լրացավ «Հայկական գիտական համագործակցության» (Armscoop) համացանցային գործունեության 2-րդ տարին: Այս կարճ ժամանակահատվածում մեր նյութերի կամ հրապարակումների շնորհիվ կայքի հաճախելիությունը շատ արագ աճեց և այսօր օրական միջինը կազմում է 600-700 այցելու, ինչը բավական լուրջ թիվ է զուտ գիտակրթական կայքի համար:

Կայքը ստեղծելիս հիմնականում առաջնորդվել ենք համացանցում գիտական գրականության զետեղման, գիտակրթական ծրագրերի ներկայացման անհրաժեշտությամբ: Այսօր կայքում հրապարակվում և տարբեր ցանցերի միջոցով (այդ թվում՝ ֆեսբուքյան տարբեր խմբերում) տարածվում են ինչպես գիտական արժեքավոր գրականություն, այնպես էլ հոդվածներ: Այս ամենին զուգահեռ, յուրաքանչյուր օր կայքում հրապարակվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան տարբեր դրամաշնորհների վերաբերյալ տեղեկություններ, գիտական ու կրթական ծրագրեր, գիտաժողովների հայտարարություններ: Կայքի համահիմնադիր Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ հավանաբար շուտով կգործի նաև խորհրդատվական բաժին, որով փորձ կարվի աջակցել տարբեր ծրագրերին դիմել պատրաստվողներին:

Կուզենայի նշել, որ armscoop-ի գործունեությունը չի սահմանափակվում միայն համացանցային գործունեությամբ: Մենք ակտիվորեն մասնակցում ենք հանրապետության գիտական կյանքին, մշտապես հանդես ենք գալիս տարբեր առաջարկներով: Կազմակերպում են դասընթացներ: Այս առումով հատկանշական է մեր վերջին համագործակցությունը Լեյդենի համալսարանի դոկտոր Հրաչ Մարտիրոսյանի հետ: Համատեղ ուժերով կազմակերպեցինք հայոց լեզվի պատմությանն ու մշակույթին նվիրված դասախոսությունների շարք Երևանում (2 հերթով) և Վանաձորում: Ընդհանուր թվով ծրագրին մասնակցեց շուրջ 100 մարդ: Այսպիսով, կարելի է նշել, որ ամենօրյա մեր աշխատանքում կարևորում ենք գիտության դերն ու նշանակությունը, փորձում մեր հնարավորության սահմաններում աջակցել գիտական այս կամ այն ծրագրերին:

–Նախասիրություններս բավական շատ են, շատ եմ սիրում տարբեր մարզաձևեր և հնարավորինս փորձում եմ ժամանակ գտնել դրանց համար: Բացի այդ, տարվա ընթացքում ինձ համար նախանշում եմ Հայաստանի մի քանի վայրեր, որոնք պետք է այցելեմ: Կարելի է ասել, որ հասցրել եմ լինել բազմաթիվ վայրերում, սակայն, հուրախություն ինձ, այցելելու դեռ շատ տեղեր կան։ 🙂

Թե իմ աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է իմ անձնական ներդրումը հարցին հակիրճ պատասխանեմ. համահեղինակությամբ աշխատանքներ չունեմ (դա բնական է բանասիրության մեջ), ուստի և՛ որակական և՛ քանակական առումով բոլոր աշխատանքների համար ես եմ պատասխանատու:

Միջազգային գիտական որևէ համագործակցությունում դեռևս ընդգրկված չեմ, բայց առաջիկայում նման ծրագրեր կան: Այդ ուղղությամբ արդեն աշխատում եմ: Նշեմ, որ տարեցտարի նման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները շատանում են, սակայն դրանք ոչ միայն գիտական պահանջ են, այլև սոցիալական: Գաղտնիք չէ, որ նման ծրագրերի ֆինանսավորումը զգալի չափով տարբերվում է գիտնականի աշխատավաձից: Ամեն դեպքում նման ծրագրերում ներգրավվածությունը խիստ կարևոր է այսօր: Ներքին համագործակցության առումով կուզեի միայն ցանկություն հայտնել, որպես գիտության ուղին բռնած երիտասարդ, քանի որ բոլորն էլ տեղյակ են առկա խնդիրներից: Շատ կուզեի, որ գիտության մեր ավագ սերնդի ներկայացուցիչները մեզ համար օրինակ ծառայեին, թե ինչպես է պետք համագործակցել մյուս գիտնականների հետ, բայց ավա~ղ ոչ միշտ է այդպես:

Գենդերային խնդիր. չեմ կարծում, որ այսօր այդ երևույթը գիտական աշխարհում որևէ լուրջ մտահոգության առիթ է: Համենայն դեպս, որքանով ինձ է հայտնի, գենդերային խնդիր չկա ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ արտասահմանի գիտական շրջանակներում:

–Արտասահմանում չեմ աշխատել, միայն գիտաժողովների շրջանակներում փոձել եմ այնպես հարմարեցնել, որ գոնե մեկ շաբաթ ավել մնամ` տեղի գրականությանը ծանոթանալու համար: Ցավոք, մենք այսօր չունենք այն հնարավորությունը, որ հենց միայն գրականություն ուսումնասիրելու համար ազատորեն կարողանանք լինել այս կամ այն երկրում: Փոխարենը, բարի նախանձով եմ նայում այն արտասահմանցի ասպիրանտներին, ովքեր տարվա մեջ առնվազն մեկ անգամ երկու կամ երեք ամսով գալիս են այստեղ իրենց մասնագիտական գրականության հարցով: Հատկապես հայագիտական առարկաների գծով այստեղ են գալիս բազմաթիվ հետազոտողներ, իսկ մենք…

Գիտական աշխատանքով զբաղվելու հարցում հիմնական տարբերությունը հայաստանյան և արտասահմանյան միջավայրում, կարծում եմ, անհրաժեշտ գրականությունից, լաբորատոր պայմաններից օգտվելու մեջ է, եթե մի պահ մոռանանք ֆինանսական հնարավորությունները: Սիրում եմ միշտ օրինակներով խոսել. ԵՊՀ ասպիրանտների համակարգչային մինիմումին նախորդող համակարգչային դասերն անց են կացվում մի փոքրիկ լսարանում, ուր կա 5-6 համակարգիչ: Տվյալ դասին մասնակցում են միջինը 20-25 ասպիրանտ: Մնացյալներն էլ, հոգնելով ու նեղվելով այս պայմաններից, պարզապես չեն գալիս այդ դասերին: Շատ կարելի է խոսել ու փաստեր ներկայացնել, բայց ի՞նչ օգուտ…

 

Հարցազրույցը վարեց Մանե Հակոբյանը

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here