Ալբերտ Ոսկանյան. Ի վերջո կառավարությունը պիտի հասկանա խնդրի լրջությունը և հաշվի նստի գիտնականների հետ, այլապես վտանգված կլինի երկրի ապագան

0
251

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Ալբերտ Ոսկանյանն գիտահետազոտական աշխատանք է կատարում Հոնգ-Կոնգի համալսարանի ասպիրանտուրայում՝ նանոկառուցվածքային նյութերի ստացման ուղությամբ, ուսումնասիրում է դրանց հատկությունները՝ որպես էներգիայի կուտակիչ, ինչպես նաև հետազոտում նանոօքսիդների ակտիվությունը որոշ մոդելային կատալիտիկ ռեակցիաներում:

Ծնվել է 1990-ին Գյումրիում: 2012-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետի մագիստրատուրան` անօրգանական քիմիա մասնագիտությամբ: Միևնույն ժամանակ աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: Մագիստրոսական աշխատանքի թեման եղել է «Վոլֆրամի նանոփոշու միափուլ ստացումը նատրիումի վոլֆրամատից ԲԻՍ վերականգման եղանակով»:

Քիմիայի նկատմամբ հետաքրքրություն սկսել է ցուցաբերել դպրոցական տարիներից, երբ առաջին անգամ ուսուցիչը ցուցադրում էր փորձարարական քիմիայի գեղեցկությունը. թե ինչպես է հնարավոր, միախառնելով երկու թափանցիկ լուծույթ, ստանալ գունավորվածը։ Հենց այդ ժամանակ ծնվեց հետաքրքրություն, սեր դեպի այդ զարմանահրաշ առարկան. «Փորձել հասկանալ, թե ի՞նչն է այդ փոխարկումների պատճառը, այդ ամենի շարժիչ ուժը և այդպես շարունակաբար ինքս ինձ ինչուներ տալով և դրանց պատասխանը փնտրելով… սերը դեպի քիմիան ավելի էր խորանում: Այնուհետև սկսեցի մասնակցել բազմաթիվ օլիմպիադաների, ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային: Արդյունքում վերջնականապես որոշեցի, որ քիմիան դա այն առարկան է, որը կարելի է ուսումնասիրել ամբողջ կյանքում  և հիանալ նրա առեղծվածային գեղեցկությամբ»:

Գիտական աշխարհից դուրս նախասիրությունները բազմաթիվ են (սպորտ, ընթերցանություն, ճանապարհորդություն) և խիստ կախված տրամադրությունից: Սակայն, հատկապես Հոնգ-Կոնգում ամենից շատ գերադասում է երեկոյան զբոսանքը ծովափին:

Ունի բավական շատ նախասիրած ասույթներ, սակայն նշում է Վալտեր Սկոտի ասույթներից մեկը՝ «Ոսկին սպանել է ավելի շատ հոգիներ, քան երկաթը՝ մարմիններ»: Իմաստը պարզ է և մեկնաբանության կարիք չունի:

Կյանքում շրջադարձային պահ է համարում ընդունելությունը Երևանի պետական համալսարան, որից հետո իր կյանքում սկսվել է մի նոր փուլ: Իսկ մասնագիտական առումով կարծում է այն, որ, սկսած բակալավրիատի տարիներից, հնարավորություն է ստացել՝ կատարելու գիտահետազոտական աշխատանք ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում:

ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի բարձր ջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի և կինետիկայի լաբորատորիայում աշխատել է հետևյալ թեմաներով`վոլֆրամի կարբիդի մանրահատիկ փոշու ստացումը այրման ռեժիմում և կատալիտիկ հատկությունների ուսումնասիրությունը, ինչպես նաև վոլֆրամի նանոփոշու միափուլ ստացումը նատրիումի վոլֆրամատից ԲԻՍ վերականգման եղանակով: Արդյունքները ներկայացվել են տարբեր միջազգային գիտաժողովներում: Մագիստրոսական աշխատանքի մի մասը, համագործակցության շրջանակներում, կատարվել է ԱՄՆ-ի Նոտր Դամի համալսարանում: Հոնգ-Կոնգի համալսարանում կատարում է աշխատանք՝ նանոկառուցվածքային նյութերի ստացման ուղությամբ և ուսումնասիրում նրանց հատկությունները՝ որպես էներգիայի կուտակիչ, ինչպես նաև նրանց ակտիվությունը որոշ մոդելային կատալիտիկ ռեակցիաներում:

Իրենց խումբն ընդգրկված է բազմաթիվ միջազգային համագործակցություններում, հատկապես սերտ համագործակցություն կա ԱՄՆ–ի, Ճապոնիայի և Չինաստանի առաջատար համալսարանններում աշխատող խմբերի հետ: Խումբը ներգրավված է խոշոր դրամաշնորհային ծրագրերում՝ համագործակցելով տասնյակից ավել գիտահետազոտական կենտրոնների հետ. «Ունենք մասնագետների կարճաժամկետ փոխանակման ծրագրեր, որոնք օգտակար են փորձի փոխանակման տեսանկյունից»:   

Այն կարծիքին է, որ ներքին համագործակցությունը ՀՀ-ում գտնվում է շատ ցածր մակարդակի վրա: Շատ եզակի դեպքերում կարելի է տեսնել համատեղ տպագրված աշխատանք ԵՊՀ-ի քիմիայի, ֆիզիկայի կամ կենսաբանության ֆակուլտետներում աշխատող մասնագետների միջև: Ընդհանուր առմամբ, մասնագետներն ավելի շատ շահագրգռված են ընդհանուր եզրեր գտնել օտարերկրյա կոլեգաների հետ՝ ելնելով որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից:

Դրամաշնորհներից և մրցանակներից նշում է մի քանիսը (չնայած դեռ այդքան էլ շատ չեն)։ 2010թ.-ին արժանացել է «Նյութաբանություն և այրում» հիմնադրամի կողմից առաջին կարգի մրցանակի, 2011թ.-ին ստացել է համատեղ դրամաշնորհ Հոնգ-Կոնգի համալսարանի և «Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից` հետազոտական աշխատանք կատարելու համար: Նույն թվականին եղել է մասնակից ՀՀ Գիտպետկոմի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի, իսկ այս տարի՝ Հոնգ Կոնգի համալսարանի «Մաքուր էներգիա և միջավայր» հիմնադրամի կողմից:

Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառը համարում է համապատասխան մարմինների կողմից խնդրին ոչ ադեկվատ մոտեցումը. «Գիտության բնագավառում ներդրում անելուց հետո, առնվազն 5-10 տարի է անհրաժեշտ՝ պտուղները քաղելու համար, իսկ հանրախանութից կամ բենզալցակայանից ստացված եկամուտը երկար սպասել չի տա: Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր, ֆրանսիացի գիտնական Ֆ. Ժոլիո-Կյուրին դեռ 20-րդ դարի սկզբին էր նկատել, որ գիտությունն անհրաժեշտ է ազգին, պետությունը, և որ` որ երկիրն այն չի զարգացնում, անխուսափելիորեն վերածվում է գաղութի։ Ի վերջո ՀՀ կառավարությունը պիտի հասկանա խնդրի լրջությունը և հաշվի նստի գիտնականների հետ, այլապես վտանգված կլինի երկրի ապագան։»

Արտասահմանում գտնվում է արդեն մոտ մեկ տարի: Ասում է, որ արտասահմանյան համալսարանների տարբերությունը մերից կայանում է նրանում, որ նրանք ունեն հագեցած տեխնիկական և նյութական բազա, գիտաշխատողները ստանում են բարձր աշխատավարձ և այլն:

Վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ գրեթե չի տեսնում, կարծում է, որ փոփոխություններ կան, բայց դրանց մեջ դրականի մասնաբաժինը գրեթե մոտ է զրոյին: Հենց դա է պատճառը, որ բազմաթիվ երիտասարդներ, ոչ մի հեռանկար չտեսնելով, լքում են հայրենիքը:

Գիտական աշխարհում տեղ գտած կոռուպցիայի մասին այն կարծիքն ունի, որ բնական գիտություններում նման երևույթները շատ ավելի քիչ են տարածված, սակայն հումանիտար ոլորտում, վստահորեն ասում է, որ կոռուպցիայի աստիճանը ցավալիորեն շատ ավելի ակնհայտ է: 

Տարատեսակ մրցանակների ու խրախուսական մրցանակաբաշխությունների մասին այն կարծիքն ունի, որ դրանք ողջունելի են, սակայն ասել, թե դրանք փոխում եմ իրավիճակը, շատ հեռու կլինի իրականությունից:

Մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս, որպես հիմք ընդունել տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը հարցին ի պատասխան՝ «Հոդվածների քանակն այդքան կարևոր չէ, որքան աշխատանքի որակը: Կարծում եմ, որ հղումների թիվը ավելի լավ չափանիշ է»:

Որպեսզի մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ չդնեն տեսաբաններին և փորձարարներին, գտնում է, որ պետք է նյութական միջոցներ ներդրվեն փորձարարական բազան թարմացնելու, ընդլայնելու ուղղությամբ. «Այսօր ՀՀ տարբեր գիտահետազոտական կենտրոններում հիմնականում առկա փորձարարական բազան Խորհրդային միության փլուզումից հետո մնացած ժառանգությունն է: Նմանատիպ սարքավորումների միջոցով գրեթե անհնարին է դառնում կատարել որակյալ աշխատանք և տպագրել բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում: Ավելին, այս կամ այն սարքը չունենալու պատճառով անհրաժեշտություն է առաջանում նմուշը ուղարկել արտերկիր՝ այդ հետազոտությունը կատարելու համար, ինչը չափազանց ժամանակատար է: Կարծում եմ, որ նմանատիպ պայմաններում տեսաբանները գտնվում եմ առավել շահեկան վիճակում»:

Կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները գնահատելիս գտնում է, որ նախապատվությունը պետք է տալ այն աշխատանքներին, որտեղ մասնակիցը առաջին հեղինակ է, քանի որ հիմնականում երկրորդ, երրորդ հեղինակների ներդրումը շատ փոքր է: Օրինակ, Չինաստանում քիմիայի բնագավառում աշխատանքի ընդունվելիս հաշվի են առնվում միայն առաջին հեղինակով հոդվածները:

Իսկ թե արդյոք h-ինդեսքն այս դեպքում օգտակա՞ր է, ասում է, որ գիտնականի հ-ինդեքսը ձևավորվում է տարիների ընթացքում, և, համեմատել միայն այդ չափորոշիչով, այդքան էլ տեղին չէ:

Հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի Հայաստանում արագորեն ներդրնելու մասին կարծիք ունի, որ  մենք այսօր դեռ շատ խորքային խնդիրներ ունենք կապված մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի հետ: Լավ կլինի՝ արագորեն լուծել այդ խնդիրները, հետո մտածել PostDoc համակարգի մասին:

Թե արդյոք երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ է պատկերացնում իր մասնագիտական հետագա աճն ու ապագան, ասում է՝ Եթե ապագա ասելով հասկանում ենք 40-50 տարի անց, միգուցե` Հայաստանում, այլապես` արտերկրում:

Իսկ երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանը մաղթում է առողջություն և համբերություն…

 

Մանե Հակոբյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here