Արմեն Թռչունյան. «Պետությունն անկասկած պետք է ավելացնի գիտության ֆինանսավորումը և տարբեր միջոցներով խթանի գիտության ոլորտը»

0
215

Գիտնականի ամբիոն

 

Հարցազրույց կենսաֆիզիկոս, Երևանի պետական համալսարանի մանրէաբանության և բույսերի ու մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ։

 

-Պարո՛ն Թռչունյան, Դուք գիտության ոլորտում ունեք մեծ փորձառություն՝ և՛ որպես պրակտիկ գիտնական, և՛ որպես գիտության կազմակերպիչ: Որո՞նք են, ըստ Ձեզ, Հայաստանում գիտության ոլորտի հիմնական խնդիրները: Ինչպիսի՞ն է դրանց լուծման Ձեր տեսլականը։

-Նախ, շնորհակալություն հարցազրույցի համար։ Երիտասարդ գիտնականների հետ Ձեր հարցազրույցներում բարձրացվում են շատ հետաքրքիր հարցադրումներ։ Ինձ հետ հարցազրույցը դրանց շարունակությունն է։ Իրոք, Հայաստանում գիտության ոլորտի առջև ծառացել են լուրջ հիմնախնդիրներ, որոնց լուծումը կարող է բարելավել ոլորտի ծանր վիճակը՝ թե բովանդակային, թե ֆինանսավորման առումով։

Ելնելով Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև արտասահմանի առաջատար համալսարաններում գիտամանկավարժական աշխատանքի ու Հայաստանում պետական կառավարման համակարգում և միջազգային կազմակերպություններում աշխատանքի իմ փորձից, կարող եմ նշել Հայաստանում գիտության ոլորտի մի շարք հիմնախնդիրներ։ Դրանցից կարևոր եմ համարում գիտական հետազոտությունների գերակա ուղղությունների սահմանումը, դրանց շրջանակում հետազոտական խնդիրների ձևավորումը և գիտական ներուժի նպատակային օգտագործումը։

Գիտական գերակայությունները սահմանված են մեկ տասնյակ տարի առաջ, վերջերս նրանք նորից վերահաստատվել են, սակայն դա դեռևս չի հանգեցրել էական փոփոխությունների։ Մի քանի տարի առաջ ԳԱԱ-ն ընդունեց կենսաբանության զարգացման հայեցակարգը, որը ոչ մի զարգացում չունեցավ։ Հայտնի է, որ գիտական առաջընթացը և էական արդյունքների ակնկալումը որոշում են առաջատար գիտնականները՝ գիտական դպրոցների առաջնորդները։ Տեղ և դեր պետք է տրվի ոչ թե գիտական աստիճաններին, կոչումներին կամ տիտղոսներին, այլ գիտնականի այսօրվա աշխատանքի կոնկրետ արդյունքներին։ Քանի որ գիտական նոր արդյունքները ստեղծվում են մեծ արագությամբ, գիտելիքները շատ են խորանում և բարդանում, գիտական տեղեկատվությունը գերազանցում է այն վերլուծելու մեր ունակությունները, ուստի միայն գիտական գործունեությամբ արդյունավետ զբաղվող մասնագետները կարող են ապահովել զարգացում։

Միգուցե անհրաժեշտ է միջազգայնորեն ընդունված հստակ անաչառ չափորոշիչներով ուղղակի որոշել ներկայիս առաջնորդներին, որից հետո գիտական գերակայությունների շրջանակը պարզ կդառնա։ Այս տեսակետից ողջունելի է արդյունավետ գիտաշխատողի մրցույթի մասին գիտության պետական կոմիտեի նախաձեռնությունը։ Նման լուծումից կբխեն գիտության կազմակերպման նոր մոտեցումները և հասցեագրված ֆինանսավորումը. սուղ միջոցները երբևէ չեն բավարարի բազմաթիվ կառույցների և ուղղությունների պահպանումը և զարգացումը։ Իմ համոզմամբ, նույնիսկ գիտության ֆինանսավորման էական ավելացումը կտա արդյունք միայն արդյունավետ գիտնականներին ուղղված միջոցների հասցեագրված օգտագործման դեպքում։     

-Թվարկված խնդիրների տեսակետից` որքանո՞վ եք կարևորում այն մրցանակաբաշխությունները, որոնք վերջին տարիներին սկսել են իրականացվել տարատեսակ ձևաչափերով: Դրանք ի զորո՞ւ են էապես փոխելու վիճակը:

-Մրցույթները շատ լավ միջոց են գիտության զարգացման և գիտնականների խրախուսման համար։ Բազմիցս ինքս եմ առաջարկել անցկացնել անվանի գիտնականների անուններով մրցանակաբաշխություններ ԳԱԱ-ում և համալսարաններում։ Երբ աշխատում էի Անգլիայում, հիշում եմ Ռեդինգի համալսարանի գիտնականների այն ակտիվությունը, որը պայմանավորված էր ամենամյա մրցույթների անցկացմամբ։

Սակայն այս դեպքում առավել կարևոր են հստակ չափորոշիչները և թափանցիկությունը։ Գիտնականները իրար լավ գիտեն, գիտատեղեկատվական հասանելի շտեմարանները շատ են, պարզ են գիտնականների արդյունքները և օբյեկտիվ վարկանիշները։ Այսօր գիտության, հատկապես բնական գիտությունների բնագավառում կան միջազգայնորեն ընդունված չափանիշներ, որոնցով պետք է առաջնորդվել։ Լավ ընդունվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության` երիտասարդ գիտնականների համար կազմակերպված մրցանակաբաշխությունները։ Ուրախալի է, որ ԳԱԱ-ն հայտարարել է երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխություն՝ բարձր ազդեցության գործակցով գիտական հանդեսներում հրապարակումների և դրանց վրա հղումների թվաքանակի հաշվառմամբ։ 

Բայց կան տխրահռչակ օրինակներ, երբ գիտական արդյունքների գնահատման կոնկրետ և հստակ չափանիշների փոխարեն գործի են դրվում մրցութային հանձնախմբերում ավտորիտար մոտեցումները և կիրառվում չարդարացված գործիքը՝ փակ (գաղտնի) քվեարկությունը։ Ի՞նչ է դա, ո՞վ է դա իրականացնում։ Վաղուց պետք է հրաժարվենք այդ մոտեցումներից, սակայն անհասկանալի է նաև այդ գործիքին վերադառնալը և ավելին՝ կազմակերպիչների և պետական պաշտոնյաների կողմից արդյունքների ընդունումը։ Թողնելով դա մրցութային հանձնախմբերում ընդգրկված գիտնականների (պարզ չեն նաև նրանց ներկայացվող չափորոշիչները) խղճին, ինքնին հասկանալի է, որ ցածր վարկանիշով գիտնականները չեն կարող ընդունել հաջողությունների հասած բարձր վարկանիշով գիտնականներին։

Հեռու գնալ պետք չէ, կարելի է հիշել Կրիլովյան հանրահայտ առակը։ Վերջերս ունեցանք առավել զավեշտալի մի օրինակ, երբ բնական գիտությունների հանձնախումբը որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել մի գիտնականի, որի բնագավառով հանձնախմբում չի եղել գոնե մի մասնագետ։ Արդյունքում մրցանակաբաշխությունը դառնում է չարիք և որևէ կերպ չի նպաստում գիտության զարգացմանը։ Նման դեպքերում չկա նաև մրցանակաբաշխությունների կազմակերպիչների և հանձնախմբերի ղեկավարների հանրային պատասխանատվություն։ Քանի դեռ գիտնականների շրջանում հայտնվում են անպատիժ կամակատարներ, քանի դեռ կա թեկուզ մեկ բացասական օրինակ, մրցանակաբաշխությունները չեն կարող նպաստել գիտության զարգացմանը։ Իհարկե, վերապահումով պետք է վերաբերվել նման դեպքերին, բայց…

-Մինչ որոշ կոնցեպտուալ հարցերին անցնելը, տամ նաև մի տեխնիկական հարց, որի պատասխանը հավանաբար շատ կհետաքրքրի երիտասարդ գիտնականներին՝  մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս ո՞ր չափանիշով արժե առաջնորդվել՝ տպագրությունների քանա՞կ, հղումների թի՞վ, թե՞ մեկ այլ գիտաչափական չափորոշիչ։

-Արդեն նշեցի, որ բնական գիտությունների բնագավառում միջազգայնորեն ընդուված են մի քանի չափանիշներ։ Դրանցից կարևորում եմ նրանք, որոնք հաշվի են առնում ոչ թե տպագրությունների քանակը, այլ դրանց որակը։ Վերջինս հենց գնահատվում է բարձր ազդեցության գործակցով հանդեսներում հրատարակումներով, մասնագիտական խոշոր գիտաժողովներում բանավոր զեկուցումներով և դրանց վրա հղումների թվաքանակով։

Որպես բարձր ազդեցության գործակցով արտասահմանյան հանդեսներում բազմաթիվ հոդվածների հեղինակ և արտասահմանյան մի շարք մասնագիտական հանդեսների խմբագրակազմերի անդամ, կարող եմ փաստել նման հանդեսների խիստ մասնագիտական փորձաքննությունը և բարձր պահանջկոտությունը։

Եթե խոսենք տեխնիկական և այլ կիրառական գիտությունների մասին, ապա այստեղ կարևոր են հայտնագործությունների միջազգային արտոնագրերը (պատենտները), փորձնական արտադրական նմուշները, տեխնոլոգիաների մշակումները և ներդրումները ու դրանցից ստացված եկամուտների ծավալները։ Տարբեր չափանիշներ կան հումանիտար գիտությունների և գիտության այլ բնագավառներում։

-Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները: Կկատարե՞ք հակիրճ վերլուծություն, թե ինչո՞ւ է այդպես ստացվել, և ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անել՝ վիճակը շտկելու համար։

-Գիտական գործունեության ֆինանսավորումը բարդ խնդիր է։ Այն պահանջում է նախ գիտության և գիտելիքի դերի գիտակցում։ Այստեղ մեծ է պետության և հասարակության պատասխանատվությունը։ Իհարկե, դժվարանում եմ նշել այն նվազագույն շեմը, երբ ֆինանսավորումը կարելի է համարել բավարար։ Իմ ամերիկյան կամ եվրոպական գործընկերները, ստանալով բազմապատիկ ֆինանսավորում, դժգոհում են ֆինանսավորման ոչ բավարար ծավալներից։  

Իմ համոզմամբ, նախ անհրաժեշտ է որոշել գիտության գերակայությունները, ձևավորել գիտության պետական պատվերը կոնկերտ խնդիրներով և ծավալներով։ Սա հեշտ խնդիր չէ, սակայն անցած տարիների ընթացքում լուրջ և հետևողական աշխատանքի դեպքում կարող էինք ունենալ բարեփոխումներ և շոշափելի արդյունքներ։ Չի կարելի գիտության ֆինանսավորման հիմքում դնել բնակչության մի հատվածի սոցիալական կարիքների բավարարման մոտեցումը։ Հենց սա է հանգեցրել այն ծանր վիճակին, որի մասին վերջերս շատ է խոսվում։ Պետք է հրաժարվել նման մոտեցումից և ֆինանսական միջոցները ուղղել արդյունավետ գիտնականներին։

Ֆինանսական միջոցների հատկացումը պետք է լինի տարբերակված՝ միանշանակ նպատակաուղղված գիտության ապահովմանը և խթանմանը։ Պետք է մշակել ֆինանսավորման հիմնավոր մեթոդաբանություն, պարզելով գիտաշխատողների աշխատավարձի և գիտական գործունեության բոլոր բաղադրիչների համամասնությունները և ֆինանսավորման ծավալները։

Ֆինանսավորման կարևոր աղբյուրներից են մեր երկրում արտադրական և ծառայությունների մատուցման կազմակերպությունների կամ մասնավոր հատվածի  միջոցները, որոնք գիտության մեջ ներդնելու դեպքում կարող են ստանալ զգալի հարկային արտոնություններ։ Այդպիսի փորձ կա շատ երկրներում։ Վերջապես էական են միջազգային դրամաշնորհները։ Սակայն վերջիններս ունեն իրենց նպատակային ուղղվածությունը և շարունակական չեն։ 

Սուղ ֆինանսական միջոցների դեպքում անհրաժեշտ են կազմակերպչական բարեփոխումներ, պետք է կրճատել վարչարարությունը և թղթաբանությունը, ստեղծել գիտության աջակցման ծառայություն՝ գնումների և սարքավորումների սպասարկման և այլնի բացառիկ հնարավորություններով։ Գիտության բնագավառում ֆինանսավորման հիմքում պետք է լինի վստահություն գիտական ղեկավարի նկատմամբ, և նրանից պետք է պահանջել միայն գիտական արդյունքներ։

-Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ այսօր մեր երկրում գիտնականի աշխատանքը օրենսդրորեն վատ է պաշտպանված։

-Եթե նկատի ունենք հեղինակային իրավունքների խնդիրները, ապա դրանք իրոք օրենսդրական փոփոխությունների կարիք ունեն։ Օրինակ, ատենախոսությունները կամ գիտական հաշվետվությունները պաշտպանված չեն հեղինակային իրավունքներով։ Էլեկտրոնային հրատարակումները ևս հակասության են հանդիպում օրենսդրության հետ։ Ինքս փորձել եմ հանդես գալ համապատասխան առաջարկություններով, սակայն դրանք ուշադրության չեն արժանացել։ Մի գուցե դեռևս չկա նման հարցերի կարևորության և մասնագիտական մոտեցման գիտակցումը, այլապես կգտնվեն լուծումներ։ Իսկ դրանք բարդ չեն։

Կա մի այլ խնդիր։ Ներկայում երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում ընդգրկված են, օրինակ, բարձրագույն ուսումնական հաստատությունների դասավադողները, որոնք գիտելիք են փոխանցում երիտասարդ սերնդին, իսկ գիտական կազմակերպություններում աշխատող գիտելիք ստեղծող, գիտությունը զարգացնող գիտաշխատողները զրկված են այդ արտոնությունից։ Արդյունավետ գիտական աշխատանքը մտավոր լարված գործունեություն է։ Սատարում եմ գիտաշխատողների` ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրման պահանջը, որի համար գիտության պետական կոմիտեն հիմնավորումներ է ներկայացրել։

-Ինչպե՞ս եք վերաբերվում գիտնականների կողմից իրենց խնդիրների, բողոքների ու պահանջների բարձրաձայնմանը վիրտուալ և իրական հարթակներում։

-Դրականորեն։ Լավ գիտնականները հայտնի են իրենց քաղաքացիական ակտիվությամբ և պատասխանատվությամբ. նրանք պետք է բարձրաձայնեն իրենց խնդիրները և պահանջները։ Վերջերս Հայաստանում զարգացել են վիրտուալ հարթակները և սոցիալական ցանցերը, որտեղ հաճախ կարելի հադիպել լուրջ հարցադրումների։ Աստիճանաբար ձևավորվում է նաև համապատասխան վերաբերմունք. երիտասարդ գիտնականների նկատմամբ ուշադրության աճը դրա արտահայտությունն է։

Սակայն քիչ են մասնագիտական վերլուծությունները և հիմնավորումները ու հաջորդող լուծումները։ Այս տեսակեից ինձ զարմացնում է տարիների մեծ փորձառություն ունեցող շատ տիտղոսավոր գիտնականների լռությունը՝ հիասթափությու՞ն, թե անտարբերությու՞ն պետության և ապագայի նկատմամբ։

-Երիտասարդ գիտնականները պահանջում են տարբեր փոփոխություններ կատարել ԲՈՀ-ի կանոնակարգում, կոնկրետ օրինակ՝ պարտադիր պայման դարձնել արտասահմանյան գրախոսվող պարբերականներում մեկ և հինգ հոդվածների առկայությունը՝ համապատասխանաբար՝ գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճան շնորհելու համար: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան և ի՞նչ կտա դա ոլորտին:

-Գիտության միջազգայնացումն արդիական պահանջ է, որն ապահովում է նրա (գիտության) որակը։ Անգլերենով գիտական արդյունքների ներկայացումը կարևոր է գիտական հանրության կողմից դրանց ընդունման համար։ Գիտական աստիճանների հայցման հարցում միջազգային գրախոսվող հանդեսներում հոդվածների անհրաժեշտության մասին դեռևս 2004-2005թթ., լինելով ԲՈՀ-ի նախագահ, ինքս եմ բարձրաձայնել, հիմնավորել և հասել համապատասխան որոշման ընդունմանը։ Սակայն այստեղ կա խնդիր հայագիտության հարցում։ Իմ կարծիքով ժամանակն է, որպեսզի հայագիտության մասնագետները ևս աշխատեն իրենց հետազոտությունների արդյունքները տպագրել արտասահմանում։

Երիտասարդ գիտնականների ներկայիս առաջարկությունը վերաբերում է ազդեցության գործակցով պարբերականներին, որը միանգամայն ընդունելի է։ Դա կվկայի մասնագիտական փորձագիտական լուրջ գնահատականի մասին, կնպաստի գիտական հետազոտությունների մակարդակի բարձրացմանը և կապահովի միջազգային գիտական հանրության համար դրանց մատչելիությունը։

-Ի՞նչ կասեք «Գիտական և գիտատեխնիկակական փորձաքննության մասին» օրենքի վերաբերյալ, որն առաջին ընթերցմամբ օրերս ընդունվեց Ազգային ժողովում: Որքանո՞վ դա կնպաստի գիտության ոլորտում ֆինանսների արդարացի բաշխմանը:

-Փորձաքննությունը գիտական նախագծերի և գիտական արդյունքների գնահատման ընդունված միջոց է։ Այն պետք է իրականացվի որոշակի կանոններով, որոնց ամրագրումն օրենքով կապահովի փորձաքննության հստակ կազմակերպումը և արդյունքը։ Այս տեսակետից փորձաքննության հստակեցմանը և չափանիշների սահմանմանը ուղղված գործունեությունը կարող է տալ դրական արդյունք։

Սակայն Հայաստանում փորձաքննությունն ունի իր առանձնահատկությունները։ Դրանք պայմանավորված են համապատասխան գիտական ներուժի փոքր թվաքանակով, որը հանգեցնում է փորձաքննության անկախության ցածր աստիճանին և ոչ բարձր որակին, իսկ գիտական նախագծերը հաճախ այն մակարդակի և ուղղվածության չեն, որպեսզի կիրառվեն միջազգային մոտեցումներ և ընդգրկվեն արտասահմանյան փորձագետներ։

Կա փորձաքննության կազմակերպման, անաչառության և վարձատրության խնդիր։ Օբյեկտիվ փորձաքննությունը հիմնախնդիր է նույնիսկ առաջատար երկրներում։ Գիտության նորագույն պատմությանը հայտնի է անգլիացի կենսաքիմիկոս և կենսաֆիզիկոս Միտչելի օրինակը, երբ նրա հանճարեղ առաջարկությունը չի ընդունվել ժամանակի մասնագետների կողմից և նա հեռացվել է Լոնդոնի համալսարանից, բայց տարիներ անց նա արժանացել է Նոբելյան մրցանակի։

Վերջերս մասնակցում էի ԱՄՆ կենսաֆիզիկական ընկերության տարեկան գիտաժողովին, որտեղ հատուկ նստաշրջանում քննարկվեցին փորձաքննության կատարելագործման հարցեր։ Առողջության ազգային ինստիտուտի մասնագետները հանդես եկան նոր չափանիշներ և դրանց շեմեր սահմանելու և փորձաքննության հարցում փորձագետների պատասխանատվության բարձրացման առաջարկությամբ։ Կարևորվեցին փորձագետի և գիտական նախագծերի հեղինակների միջև տարաձայնությունների հաղթահարմանն ուղղված միջոցառումները։

Գիտական հետազոտություններն արդյունավետ են, երբ նրանք ունեն նախադրյալներ, այդ թվում՝ փորձառություն և բարձր ազդեցության գործակցով միջազգային հանդեսներում հրատարակումներ։ Իմ համոզմամբ, նման դեպքում անհրաժեշտ է սահմանել որոշակի շեմային պահանջներ և խուսափել փորձաքննությունից։ Իսկ փորձաքննություն իրականացնել միայն բավարար  նախադրյալների բացակայության և բացարձակ նոր նախագծերի դեպքում։

Փորձագետների պատասխանատվության բարձրացման նպատակով շատ հանդեսներ (օրինակ՝ ջրածնային էներգիայի միջազգային հանդեսը) վերջին տարիներին տարեվերջյան համարում կիրառում են նրանց անունների հրապարակումը։

-Չե՞ք կարծում, որ այսօր խախտված է բազային և թեմատիկ ֆինանսավորման ծավալների համամասնությունը: Արդյոք պետք չէ՞ նկատելիորեն ավելացնել թեմատիկ ֆինանսավորման տեսակարար կշիռը:

-Բազային և թեմատիկ ֆինանսավորման ծավալների համամասնություն սահմանելը դժվար է։ Գիտական գերակայությունների սահմանումը և գիտական կառույցների անհրաժեշտության ամրագրումը կորոշեն բազային ֆինանսավորման ծավալները։ Ունենք գիտական կառույցների՝ գիտական կենտրոնների, հետազոտական ինստիտուտների, բազային լաբորատորիաների և օժանդակ ծառայությունների կանոնակարգման խնդիր։ Երևանի պետական համալսարանում, օրինակ, կա գիտական կենտրոն մի քանի գիտաշխատողներով, կա բազային լաբորատորիա մի քանի տասնյակ գիտաշխատողներով։ Իսկ էականը  գիտական խնդիրներն են և գիտական կառույցի գործունեության արդյունքների անաչառ գնահատումը։ Այս հարցում շատ անելիքներ կան։

Գիտության մեջ ամենաէականը լուծելի գիտական խնդիրների ձևակերպումն է։ Հայտնի են նաև գիտական կառույցի գնահատման չափանիշներ, օրինակ՝ խմբում մեկ գիտաշխատողի կողմից հրատարակված հոդվածների և ներկայացված զեկուցումների թիվը։ Բազային ֆինանսավորումը ներդրվեց հապճեպ, արագորեն ստեղծվեցին կամ հաստատվեցին տարբեր գիտական կառույցներ, որոնց նպատակահարմարությունը և արդյունավետությունը դեռևս շատ հարցեր են առաջացնում, հատկապես սուղ միջոցների առկայության պարագայում։

Բազային և թեմատիկ ֆինանսավորման միջև համամասնությունների արդիականությունը կվերանա տարիներ շարունակ հետազոտական գործունեությամբ չզբաղվող գիտաշխատողների կրճատման և «անհայտ« մարդկանց, այսպես կոչված մեռած հոգիների հեռացման արդյունքում։

Ներկա իրավիճակում բազային ֆինանսավորման հարցում բազմաթիվ հիմնախնդիրների առկայության պատճառով թեմատիկ ֆինանսավորման տեսակարար կշռի ավելացումը միանգամայն պետք է։

-Ի՞նչ պետք է անել գիտության ոլորտում մասնավորի ներդրումները խթանելու համար և ի՞նչ պիտի անել գիտության ոլորտի հարկային բեռն ընդհանրապես թեթևացնելու համար: Որո՞նք են պետության անելիքներն այդ խնդրում:

-Մասնակիորեն նշեցի այդ հարցադրման մասին։ Պետության անելիքները հարկային նպաստող քաղաքանակությունն է, որը պետք է հարկային արտոնություններ սահմանի գիտության ոլորտում մասնավոր ներդրումների համար։ Պետք է կրճատել նաև պետական միջոցների հաշվին գիտական սարքերի և սարքավորումների գնման համար նախատեսված հարկերը։

-Սովորաբար վերջին հարցս է լինում՝ ի՞նչ կմաղթեք գիտական հանրությանը, բայց, հաշվի առնելով Ձեր փորձառությունը, հարցնեմ՝ ի՞նչ առանձնահատուկ առաջարկ ունեք գիտական հանրությանը, պետական այրերին ու կառույցներին:

-Գիտական հանրությանը կմաղթեի չմարող էնտուզիազմ և նոր գիտական արդյունքներ, բարձր պատասխանատվություն գիտական հետազոտությունների գնահատման հարցում։ Փորձենք լավին լավ ասել, իսկ վատին՝ վատ։

Պետությունն անկասկած պետք է ավելացնի գիտության ֆինանսավորումը և տարբեր բարոյական, կազմակերպչական և նյութական միջոցներով խթանի գիտության ոլորտը, հիմնախնդիրների լուծման մեջ առաջնակարգ դարձնի մասնագիտական մոտեցումները, բարձրացնի գիտության և գիտելիքի վարկանիշը։

Կան արդյունավետ գիտաշխատողներ, լավ երիտասարդներ։ Սա է կարևոր։ Հույս դեռ կա, տեսնենք…

 

Զրուցեց Մանե Հակոբյանը

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here