Տիգրան Նազարյան. Բարձրագույն կրթությամբ տաքսիստներ կամ գիտական կոչումով ծրագրավորողներ ունենալը շռայլություն է

0
187

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Տիգրան Նազարյանն ասպիրանտ է Բյուրականի աստղադիտարանում: Թեկնածուական ատենախոսությունը վերաբերում է գալակտիկաների սեղմ զույգերում աստղառաջացման, միջուկային ակտիվության և գալակտիկաների փոխազդեցության միջև եղած կապի հետազոտմանը:

Տիգրանի համար շատ կարևոր որոշ սկզբունքներ կան, որոնցով նա փորձում է առաջնորդվել գիտական գործում. «Եթե գործ եմ անում՝ պետք է անեմ որքան կարող եմ լավ, հակառակ դեպքում ավելի լավ է՝ չանել: Նաև փորձում եմ լինել ազնիվ, օբյեկտիվ և համեստ: Կարծում եմ՝ դրանք գիտնականի համար շատ կարևոր որակներ են: Սակայն ես ինձ դեռ գիտնական չեմ համարում, դեռ շատ բաներ պետք է սովորեմ և կարողանամ անել»։

Տիգրանն աշխատում է Բյուրականի աստղադիտարանում, ամենաշատ հղումներ ունեցող գիտական խմբում, որն զբաղվում է արտագալակտիկ աստղագիտության խնդիրներով, մասնավորապես՝ ակտիվ միջուկներով գալակտիկաների, աստղառաջացման, գերնոր աստղերի ուսումնասիրություններով։ Խումբը գիտական կապեր ունի Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և Պորտուգալիայում գործող այլ խմբերի հետ, որոնք նույնպես զբաղվում են արտագալակտիկ աստղագիտությամբ, գերնորերով և էկզոմոլորակներով: Միջազգային համագործակցությունը մեծապես օգնում է՝ զբաղվելու արդիական խնդիրներով: Նաև հնարավորություն է տալիս օգտվելու ժամանակակից դիտողական տվյալներից և ստիպում է տիրապետելու ժամանակակից մեթոդներին. «Եվ հակառակը, եթե նորմալ որակյալ գիտական արդյունք չես տալիս, ո՞վ կհամագործակցի քեզ հետ: Գիտությունն անընդհատ զարգանում է դեպի ավելի սերտ համագործակցությունները, իսկ առանձնացած խումբը, առավել ևս՝ միայնակ գիտաշխատողը, դատապարտված է հետ  ընկնելու: Կարծում եմ, դժվար չէ նկատել, որ Հայաստանում աշխատող առավել արդյունավետ գիտնականները, որպես կանոն, այս կամ այն միջազգային գիտական համագործակցության մեջ են: Ներքին համագործակցության պոտենցիալը քիչ է, սակայն սպառված չէ»:

Տիգրանը իրենց գիտական խմբի կազմում ստացել է ANSEF 2013 դրամաշնորհ: Ըստ նրա՝ դրամաշնորհները, որպես ֆինանսավորման միջոց, շատ կարևոր են, որովհետև դրանք տրվում են կոնկրետ կատարվող գիտական նախագծի համար, այլ ոչ թե պաշտոնի կամ կոչման համար: Դրանց շնորհիվ ֆինանսավորումն ուղղվում է առավել արդյունավետ գիտնականներին. «Դրամաշնորհների տեսակարար կշիռը գիտության ֆինանսավորման մեջ պետք է զգալիորեն մեծացնել: Իսկ մրցանակները միայն կարևոր են գիտնականի՝ արդեն ունեցած վաստակը գնահատելու և հանրայնացնելու, ինչպես նաև մրցանակատուի վարկանիշի համար: Մրցանակով ընտանիք հնարավոր չէ պահել:

Ունի ազդեցության գործակցով ամսագրերում տպագրված 3 հոդված: Ասում է, որ աշխատանքները դեռ շատ տեղերում չեն ներկայացված, սակայն այդ բացը շուտով կլրացվի:

–Տիգրան, Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։

–Աշխատանքներից մեկն ունի 3, մյուս երկուսը՝ 8-ական համահեղինակ: Յուրաքանչյուր հեղինակի ունեցած անձնական ներդրումը շատ դժվար է գնահատել, բոլորն էլ կարևոր են. մեկը ավելի շատ հաշվարկներ է կատարում, մյուսը գաղափարներ է ծնում և խնդիրներ դնում, երրորդը՝ փորձարարական տվյալներ մշակում, չորրորդը՝ հոդված է գրում, հինգերորդը՝ քննադատում ու խորդուրդներ տալիս և այլն, կարճ ասած՝ աշխատանքի բաժանում: Սա է ժամանակակից գիտական խմբի աշխատանքը: Միջնադարում էին մարդիկ մենախցերում աշխատում: Իհարկե, սա չի նշանակում, որ ամեն մեկը միայն մի բան անել գիտի, ուղղակի այսպես ավելի արագ և որակյալ արդյունք է լինում:

–Մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս, որպես հիմք, ընդունել տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը։ Ընդհանրապես, ի՞նչ չափանշներով արժե անցկացնել մրցույթները։

–Մրցույթների ժամանակ պետք է առաջնորդվել որակի և քանակի միմիայն օբյեկտիվ չափանիշներով: Ե՛վ հոդվածների քանակը, և՛ ազդեցության գործակիցները, և՛ հղումների քանակը օբյեկտիվ չափանիշներ են: Յուրաքանչյուրն էլ իր թերություններն ունի, կարելի է դրանք համատեղել:

–Իսկ եթե մրցանակաբաշխություններում կիրառվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակի՞ցը՝ ըստ բնագավառների, այսինքն` ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ԱԳ-ի վրա։

–Լավ կլինի: Կարելի է յուրաքանչյուր բնագավառի համար, որպես չափանիշ, ընդունել 5 լավագույն պարբերագրերի միջին ազդեցության գործակիցը:  

Մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս միշտ դժվարություն է առաջանում կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները գնահատելում։

–Կարծում եմ, պետք հաշվի առնել կոլաբորացիայի ինչպես քանականան, այնպես էլ որակական կողմը: Եթե 10 հոգով մեկ հոդված են գրել, ապա դա չի նշանակում որ ամեն մեկը 0.1 հոդված է գրել, բայց եթե 10 հոգով գրված հոդվածը ունի 100 հղում, ապա կարելի է համարել, որ ամեն մեկը միջինում բերել է 10 հղում: Նաև անպայման պետք է հաշվի առնել, արդյոք հեղինակը առաջի՞ն հեղինակն է, երկրո՞րդը, թե՞ տասնութերորդը, սակայն, իհարկե, դա էլ միշտ չի գործում: Ուղղակի պետք է փորձել չափանիշների համակարգ մշակել, որը կունենա նվազագույն բարդությունը առավելագույն օբյեկտիվության պարագայում: Այդ տեսակետից կառանձնացնեի ԳՊԿ-ի կողմից վերջերս հայտարարված մրցույթների գնահատման չափանիշները: Դրանք բավական լավն են, փորձ է արվել՝ հաշվի առնելու ամեն նրբություն: Այս հարցում նաև կարելի է դիմել միջազգային փորձին և նորից հեծանիվ չհորինել:

-Որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականի առջև ծառացած հիմնական խնդիրները: Տեսնո՞ւմ եք լուծման ճանապարհներ։

-Երիտասարդ գիտնականները Հայաստանում ունեն շատ և բազմապիսի խնդիրներ: Ես, իմ նեղ տեսադաշտում նայելով, ինձ թույլ կտամ միայն մի քանիսն առանձնացրել իմ բնագավառում՝ աստղագիտության մեջ: Տարբեր ոլորտներում խնդիրները տարբեր են, չնայած, կարծում եմ՝ յուրաքանչյուրն էլ կարող է իր ոլորտին բնորոշ խնդիրներ գտնել նշածներիս մեջ:   

(1)Ֆինանսական խնդիրներ: Գիտության ոլորտում համարյա անհնար է այնքան գումար վաստակել, որ կարողանաս ինքդ քեզ պահել, էլ ուր մնաց՝ ընտանիք: Դրա հետևանքով շատ երիտասարդներ երկրորդ աշխատանք ունեն, հաճախ լրիվ այլ ոլորտում: Դա անթույլատրելի է: Նման երիտասարդն ուղղակի չի կարող գիտական առումով աճել: Դա նաև անարդյունավետ ծախսերի պատճառ է դառնում: Եթե երիտասարդի կրթության մեջ մեծ գումարներ են ներդրվել, ապա այն ակնկալիքով, որ նա աշխատի այդ ոլորտում և համապատասխան արդյունք տա: Բարձրագույն կրթությամբ տաքսիստներ կամ գիտական կոչումով ծրագրավորողներ ունենալը շռայլություն է: Սակայն միայն ասել, թե փող չկա, նշանակում է չասել ոչինչ:

(2)Մասնագիտական խնդիրներ: Գիտնականը պետք է մրցունակ լինի: Համարենք, որ դպրոցն ավարտելիս հետագայում գիտությամբ զբաղվել ցանկացող երիտասարդն ունի նույն կրթական մակարդակը, ինչ որ զարգացած գիտություն ունեցող երկրների երիտասարդները: Ցավոք, հետագայում երիտասարդների մեծ մասը հետ է ընկնում պրոֆեսիոնալ աճի մեջ՝ արտասահմանցիների համեմատ: Համալսարանում նրանք սովորում են, լավագույն դեպքում, 80-ականների դասագրքերով, իսկ աստղագիտությունը, օրինակ, վերջին տասնամյակների ընթացքում ուղղակի հսկայական թռիչք է ապրել: Նաև երբեմն ակտիվ գիտնականները տեղ չունեն ԲՈՒՀ-երում: Ուսանողները հազիվ թե իմանան իրենց մասնագիտության վերջին զարգացումների մասին: Արդյո՞ք ուսանողները սովորում են տիրապետել իրենց բնագավառում օգտագործվող ժամանակակից մեթոդներին: Որքա՞ն հաճախ են լինում սեմինարներ, որոնցում քննարկվում են ոլորտի վերջին զարգացումները:

Նույնիսկ ճիշտ ձևով հոդված գրել ոչ ոք չի սովորեցնում: Երբ ստացել էի բակալավրիատի դիպլոմս (ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, որը լավագույններից մեկն է համարվում), նայեցի այն առարկաների ցանկին, որ «անցել» էի այդ տարիներին: Ավելի քան 30 առարկա, որից կեսը՝ մասնագիտական, խիստ մասնագիտական (կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա): Եվ այդ մասնագիտականներից ոչ մեկը նորմալ չէին դասավանդել: Վերջում՝ մագիստրատուրան ավարտելիս, նույնիսկ ամենալավ առաջադիմությամբ ուսանողը կարող է հայտնաբերել, որ ուղղակի մրցունակ չէ, չունի տարրական հմտություններ (իսկ գիտելիքներից՝ միայն հիմնական ընդհանուր դասընթացներինը): Նա արդեն զգալիորեն հետ է աշխարհից:

Ասպիրանտուրան էլ լի է բյուրոկրատական քաշքշուկներով, տարբեր տեսակի քննություններով: Հավատացեք, դրանք ասպիրանտի մակարդակը չեն բարձրացնում, միայն ժամանակի կորուստ են, արտասահմանում այդպիսի բաներ չկան, բայց իրենց ասպիրանտներն ավելի թույլ չեն: Թերևս ղեկավարի հաջող ընտրության դեպքում ասպիրանտը կարող է մի փոքր ճաշակել գիտության համը: Հետագայում էլ խիստ կարևոր է, որ երիտասարդ գիտնականն զբաղվի արդիական հետազոտություններով: Անձամբ ես չէի ցանկանա զբաղվել մի թեմայով, որը վաղուց արդեն սպառվել է, և գրել հոդվածներ, որոնք ոչ ոք երբևէ չի կարդալու:

(3) «Քաղաքական» և հոգեբանական խնդիրներ: Երիտասարդ գիտնականի աշխատանքը լավ կլինի ողջունել և աջակցել, և ստեղծել պայմաններ, որոնք կմղեն նրան` ավելի լավ աշխատելու: Քիչ առաջ մենք խոսում էինք ազդեցության գործակիցներից և հղումներից, և դա ողջունելի է, որ փորձ է արվում գիտնականների աշխատանքը չափել նման պարամետրերով: Սակայն իրականությունն այն է, որ դեռ մի ստվար զանգված կա, որն այդ չափանիչները չի ընդունում և չի էլ կարող ընդունել: Այդպիսի մարդիկ կնախընտրեն գիտական հոդվածները համեմատել թեկուզ ըստ էջերի քանակի, միայն թե թագավորի մերկությունը չերևա: Այդպիսի միջավայրը ոչ մի կերպ չի խրախուսում երիտասարդների աճին:

Իսկ եթե երիտասարդը տեսնում է, որ իր շրջապատում չկա իսկական գիտական մթնոլորտ, որ որոշ մարդիկ դեռ թիկունք են կանգնում վաղուց արդեն հերքված տեսություններին՝ ինչպես միջնադարում, կամ գիտության մեջ օգտագործում բրիչա–արորային մեթոդներ՝ ինչպես նախնադարում, իսկ սուրճի բաժակի շուրջ ծավալվող խոսակցությունները խիստ հազվադեպ կապ ունեն գիտության հետ, ապա դա վերջնականապես կարող է սպանել առանց այդ էլ բազմաչարչար ցանկությունը՝ Հայաստանում գիտությամբ զբաղվելու:

Ես անձամբ բախվել եմ այդ խնդիրներից շատերին՝ ամեն անգամ հիասթափություն ապրելով ու մտածելով՝ էս ու՞ր եմ ընկել, մի՞թե սա է այն աստղաֆիզիկան, որով ժամանակին հայտնի է եղել Հայաստանը:

-Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը վիրտուալ կամ իրական հարթակներում։

-Նորմալ, բայց դա լավ կյանքից չէ: Կան գիտության ոլորտի ադմինիստրատորներ, մենեջերներ: Գիտության խնդիրները բարձրաձայնելով իրենք պետք է զբաղվեն, այլ ոչ թե գիտնականները: Ցավոք, այս բեռն էլ է գիտնականների ուսերին ընկել:

-Աշխատե՞լ եք արտասահմանում, որտե՞ղ։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք՝ Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

-Արտասահմանում չեմ աշխատել, միայն կարճատև այցելություններ եմ ունեցել: Բայց դա բավարար է՝ տարբերությունները տեսնելու համար, դրանք ակնհայտ են, ցավոք, ո՛չ մեր օգտին: Արևմուտքի երկրներում, օրինակ, գիտնականներն ունեն բոլոր անհրաժեշտ պայմանները՝ որակյալ գիտական  արտադրանք տալու համար: Տեսնում ես, թե ինչպես են մարդիկ աշխատում գիտության մեջ` առջևի ճակատում, կատարում իսկապես արժեքավոր հետազոտություններ: Այնտեղ վիճում են, թե ինչու նեյտրինոները հարյուրավոր կիլոմետրերը 60 նանովայրկյանով ավելի արագ անցան, քան լույսը, իսկ մեզ մոտ դեռ վիճում են սև խոռոչների գոյության մասին: Այնտեղ մոդելավորում են միլիոնավոր գալակտիկաների էվոյլուցիան, իսկ այստեղ անցյալով են ապրում՝ երբ մեզ մոտ այդպիսի գործեր էին անում, նրանք ու՞ր էին: Կա գիտական բանավեճի և քննադատության մշակույթ, մեզ մոտ հաճախ ամեն ինչ անձնավորվում է: Նաև այնտեղ գիտնականները ցավագին չեն արձագանքում թոշակի անցնելու փաստին, շատերը նույնիսկ սպասում են, երբ կգա իրենց վաստակած հանգստի ժամանակը:

Մեզ մոտ լրիվ հակառակն է: Կարծում եմ, որ գիտնականների թոշակները էապես բարձրացնելու շնորհիվ և՛ գիտությունը կերիտասարդանա, և՛ ավագ սերնդի գիտնականների արժանապատվությունը չի ոտնահարվի, և՛ երիտասարդներն աճելու տեղ կունենան:  Արտասահմանյան որոշ գիտական կենտրոններ նույնիսկ կարող են իրենց թույլ տալ այլ երկրներից հայտնի մասնագետներ հրավիրել՝ սեմինար անցկացնելու, մեզ մոտ դրա մասին կերազեին: Կորեայում ապշահար էի եղել, երբ մեզ ցույց տվեցին մի կենտրոն, որի հիմնական նպատակը դպրոցականներին աստղագիտության և տիեզերագիտության հետ ծանոթացնելն էր. միլիոնավոր դոլարներ էին ներդրել միայն այդ կենտրոնի ինֆրաստրուկտուրայի մեջ: Իսկ բուն գիտության մեջ ինչքա՜ն ներդրումներ են արվում:  Ոչ ոք չի ափսոսում ծախս անել գիտության համար, քանի որ հասկանում են, որ այդ ներդրումներն արդարացված են:

-Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան,մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։

-Չգիտեմ: Ինձ համար երկու նպատակ կա գիտության մեջ՝ լինել որակյալ գիտնական և վաստակել բավարար գումար: Եթե Հայաստանում այդ նպատակներին հասնելը հնարավոր չլինի, կամ պետք է արտասահմանում աշխատեմ, կամ էլ այստեղ ուրիշ գործով զբաղվեմ, որի համար ավելի նպաստավոր պայմաններ կան, օրինակ՝ մանրածախ առևտրով  🙂 ։

 

Զրուցեց Մանե Հակոբյանը

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here