Նվիրյալը` Բենիամին Մարգարյան…

0
198

 Հայաստանում երբ ասվում է՝ մեծ աստղագետ, ակամա հաջորդում է պատասխանը՝ Վիկտոր Համբարձումյան։ Արտասահմանի գիտական հանրությունը Վ. Համբարձումյանի կողքին՝ որպես հավասար մեծություն, դնում է նաև Բենիամին Մարգարյանի անունը։ Բյուրականում Բենիամին Մարգարյան անունը սկզբում առաջ է բերում մի կարճ ու խորը լռություն, ապա՝ անվիճելի համոզմունքով՝  իսկակա՛ն գիտնական. մարդ, որն իր ողջ կյանքը նվիրել է աստղերին ու իր բնավորությամբ ու ապրելակերպով եղել ո՛չ երկրային։ Ցավալիորեն, Բյուրականի կոլեկտիվն այսօր աչքի չի ընկնում իր համախմբվածությամբ ու փոխադարձ հարգանքի դրսևորումներով, բայց կան անուններ, որոնք անվիճելի հեղինակություն են բոլորի՛ համար։ Ահա, նրանց մեջ՝ Մարգարյան–աստղագետը։ Տասնհինգ տարի շարունակ Հյուսիսային երկինքը մանրակրկիտ նկարահանած ու հետազոտած մարդու համար խորթ են եղել երկրային ճղճիմությունները, փառամոլությունը, չարախոսություններն ու չկամությունը։ Նա իր ապրած կյանքով ապացուցել է, որ կարող են մեծագույն արժանիքները հակադարձ համեմատական լինել ծայրահեղ համեստությանը։ Աստղագետների խորին համոզմամբ՝ նվիրյա՛լ, այն քչերից, որոնց կարելի է բնութագրել հենց այս բառով։

Ավաղ, հայրենի երկրում քչերին է ծանոթ Մարգարյանի անունը։ Իսկ նա, ով անգամ լսել է, արդյո՞ք տեղյակ է նրա գործունեությունից։ Ի վերջո, ի՞նչն է նրա անունը դրել գիտության համաշխարհային մեծությունների կողքին։ Սկսենք նրանից, որ Մարգարյանի աշխատանքները այսօր էլ հանդիսանում են շատ գիտական հայտնագործությունների հիմքը։ Ամերիկացի աստղագետ Դանիել Վիդմանն անկեղծորեն ասել է՝ ես այն չէի լինի, ինչ եմ այսօր, ես՝ ճանաչված լինելուս համար մասամբ պարտական եմ Բենիամին Մարգարյանին։

Բյուրականի մեկ մետրանոց աստղադիտակի օգնությամբ, Բենիամին Մարգարյանը կատարեց աստղային երկնքի առաջին սպեկտրալ շրջահայությունը, այսինքն՝ նա մաս–մաս նկարահանեց ամբողջ երկինքը։ Դա տևեց տասնհինք տարի։ Արդյունքում, հնարավոր եղավ նկատել մեծ թվով թույլ գալակտիկաներ, ավելի ճիշտ, նույնիսկ ոչ թե նկատել, այլ եզրակացնել, որ երկնագույն շերտերը գալակտիկաներ են։ Դրա համար այն պետք էր ուսումնասիրել ավելի հզոր աստղադիտակով։ Եվ ահա այստեղ էր, որ Համբարձումյանն այդ նպատակով ԱՄՆ ուղարկեց Բյուրականից ներկայացուցիչ, որն էլ Վիդմանի հետ կատարեց հանձնարարությունը՝ հաստատելով Մարգարյանի ենթադրությունը։ Համբարձումյանն իր հուշերում գրում է. «Բյուրականի մետրանոց Շմիդտը լավ օգտագործվեց Բ. Մարգարյանի և Մ. Ղազարյանի կողմից կապույտ գալակտիկաները փնտրելու գործում: Երբ հայտնաբերվեցին առաջին կապույտ գալակտիկաները, մենք Խաչիկյանին գործուղեցինք Միացյալ Նահանգներ, որպեսզի այնտեղի աստղադիտակների վրա այդ գալակտիկաների սպեկտրներն ստանա ավելի մեծ դիսպերսիայով: Առաջին իսկ սպեկտրները, որ Խաչիկյանը ստացավ Միացյալ Նահանգներում Վիդմանի հետ, ցույց տվեցին պայծառ գծերի առկայություն: Ապացուցվեց նաև, որ Մարգարյանի գալակտիկաների զգալի տոկոսը բնույթով Սեյֆերտյան են: Հենց իրենց առաջին հոդվածում այդ մասին, ինչպես նաև հոդվածի վերնագրում, այդ գալակտիկաները կոչվեցին «Մարգարյանի գալակտիկաներ»: Այդ գալակտիկաներն ընդհանուր հետաքրքրություն առաջացրին, իսկ անվանումն ընդունվեց բոլոր աստղագետների կողմից»։

Իհարկե, իդեալական արդյունք ստանալու համար երկիրը գիտնականի աշխատելու համար պիտի ստեղծի գոնե բավարար պայմաններ։ Այսօր մեր գիտնականի համար չկան այդ պայմանները։ Ճիշտ է՝ արտասահմանյան ուղևորությունները հեշտացել են, բայց ֆինանսավորման խնդրով, բան ու գործ թողած, գիտնականն ինքը պիտի զբաղվի։ Հիմա «ուղեղների արտահոսք» արտահայտությունը միջանցիկ քամու պես անցնում է մեր ղեկավարների կողքով՝ չգործելով ոչ մի ազդեցություն նրանց վրա, հիմա գիտնական ու գիտությունը պետության կողմից մատնված են խորը անտարբերության։ Սովետների երկրում ճշգրիտ հակառակ ծայրահեղությունն էր, այնտեղ գործում էր վախը, որ իր գիտնականը կարող էր լքել երկիրն ու իր գիտական միտքը ծառայեցնել օտար երկրին։ Կարծիքներ կան, որ Մարգարյանի հետազոտությունները կարող էին ավելի խորը և համակողմանի լինել, եթե նա արտասահմանյան գործուղումների կամ արտասահմանյան որևէ առաջատար գիտական կենտրոնում աշխատելու հնարավորություն ունենար: Գուցե իրոք մենք ունենայինք ավելին, քան ունենք այսօր, բայց եղածն էլ մեծ է՝ ճանաչելու, գնահատելու, հպարտանալու Մարգարյան–աստղագետով։

Վերջին տարիներին Մարգարյանի աշխատանքների ուղղությամբ կատարված կարևորագույն գործերից է նրա շրջահայությունը թվայնացնելը, և ներկայումս նրանում պարունակվող կարևորագույն տեղեկատվությունը ընդմիշտ պահպանված է։ Դա Հայաստանում առաջին թվայնացման նախագիծն էր: «Այդ աշխատանքն ինձնից պահանջեց երեք տարուց ավել՝ 2002–2005թթ.։ Ես գոհ եմ, որ կատարեցի այդ գործը, ու այն հնարավորություն ստացավ ընդգրկվելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրում։ Բացի այդ, ինձ համար հաճելի էր այն գիտակցությունը, որ ես մասնակցություն եմ ունենում մի գործի, որը կատարել էր մեծ աստղագետը»,– ասում է Արեգ Միքայելյանը։ Հայաստանից այդ ծրագրում դեռևս 1997թ. ընդգրկվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը: Մարգարյանի շրջահայությունը թվով 2–րդ էր Հայաստանից, որ գրանցվեց «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում։ Հիշեցնենք, որ այս ծրագիրը գործում է` աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով:

Իսահակյանն ասում է. «Ժամանակն իր վախճանին կհասնի, և Արևը մի բուռ մոխիր կդառնա…», արդյո՞ք տեղի կունենա վարպետի՝ բանաստեղծական այս «կանխատեսումը», կդժվարանան ասել նույնիսկ աստղագետները, բայց դեռևս տիեզերքում մեր մոլորակը խաղաղորեն իր հերթական պտույտն է գործում, ու նրանում էլի կան հրաշքներ. Բյուրականում էլի աստղազարդ գիշերներին սարերի վրա են «թափվում» ընկնող աստղերը, մարդիկ էլի փորձում են երազանք պահել՝ հավատով, որ այդ ակնթարթում պահածը կկատարվի։ Եղևնիներն էլի շշնջում են ու աստղերի հետ ժպտում մարդկանց միամիտ մտքերի վրա։ Աստղերն էլի շարունակում են պտտվել գալակտիկաների կենտրոնների շուրջ՝ աստղագետներին «ստիպելով» աստղադիտակներն ուղղել դեպի իրենց։ Մարգարյանն աստղ է։ Վիդմանը հայտնի գիտնական է դարձել, Խաչիկյանը՝ ակադեմիկոս, Վիդմանի հետ կապերը շարունակվում են:

Աշնան օրերին եղևնիներից թափվում են կոները՝ Բյուրականի ծառուղիների ու նախամուտքի քայքայված սալահատակներին։ Բյուրականն իր ներքին կահավորումով ու դարն ապրած սարքավորումներով հիշեցնում է տուն–թանգարան, որտեղ ոչինչ չի փոխվում՝ չխախտելու համար հիշողությունը։ Այո՛, այնտեղ, ինչպես թանգարանում, պահվում է երբեմնի փառքի հիշողությունը, հիշողություն, որ պտտվում է անցած, բայց հավերժ ապրող  անունների շուրջը։

 

Մանե Հակոբյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here