ԵԶՐԱՍ ԱՆՎԵՀԵՐԸ

0
204

Եթե հավատանք պաշտոնական տվյալներին, Մոսկվայում ապրող հայերի թիվը 160 հազար է: Սակայն ենթադրվում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում սփռված են 500 հազարից մինչեւ 1 մլն հայեր: Այլ կերպ ասած, Հայաստանից դուրս դա թվաքանակով ամենամեծ համայնքն է: Ռուսիո եւ Նոր Նախիջեւանի թեմերի առաջնորդ Եզրաս սրբազանը գործում է զգուշավորությամբ եւ զբաղվում շինարարությամբ: Անկախ ազգությունից եւ կրոնական համոզմունքիցՙ այցելուն ապշահար է լինում սրբատաշ քարից կառուցված հայկական վեհաշուք Մայր տաճարի տեսքից, որը գտնվում է ավելի համեստ չափեր ունեցող մեկ ուրիշ նորակառույց եկեղեցու կողքին: Նախատեսված ժամադրությանը փոքր-ինչ շուտ ներկայանալովՙ հասցնում եմ գնահատել ավարտին մոտեցող շինարարական աշխատանքների ծավալը: Հանկարծ բակում արգելակում է մթնեցված ապակիներով մի «Ֆոլկսվագեն»: Երկու մորուքավոր անձինք աճապարանքով մոտենում են մեքենայի հետեւի դռնակին, որտեղից դուրս է գալիս խնամված ճերմակող մորուքով, սեւ ակնոցով մի մարդ: Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը սիրալիր ողջունում է ինձ: Տպավորված եմ եղբորՙ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ իր արտաքին նմանությունից: Նրա հայացքը զննում է հորիզոնը. նոր տաճարը հայ ժողովրդի պատմության վկայությունն է քարի դրվագազարդ մոտիվներով, բայց կա նաեւ սրբավայրում գտնվող շենք: Եզրաս սրբազանը ողջունում է բանվորներին եւ ավագ վարպետի պես ձեռքի շարժումով մեկնաբանում աշխատանքների առաջընթացի վիճակը, մինչ իր «մոնթերը», որոնք երկուսն էլ քահանաներ են, լռելյայն գլխով են անում:

Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը իշխանություն ունի ԱՊՀ համայնքների վրա, որոնք տարածվում են Վլադիվոստոկից մինչեւ Կալինինգրադ, միջինասիական հանրապետություններից մինչեւ բալթյան պետություններ: Նա համաձայնում է ինձ հարցազրույց տալ իր ժամանակավոր նստավայրում:

Մոսկվայի հայկական գերեզմանատանը Լազարյանների (1815 թ. հանրահայտ Լազարյան ճեմարանը հիմնած գերդաստանի) տոհմական դամբարանի վրա գտնվող Սուրբ Հարություն փոքրիկ մատուռը այլեւս բավարար չէր հավատացյալների բազմությանը ընդունելու համար: «Ես պետք է երախտապարտ լինեմ Ռուսաստանի իշխանություններին, որոնք քաղաքի հենց կենտրոնում մեզ նվիրեցին 1,6 հեկտար մակերեսով հողատարածք: Այդուհանդերձ մի քանի տարի պահանջվեց, որպեսզի մենք վերջնական թույլտվություն ստանանք աշխատանքներ սկսելու համար», ասում է նա: Սա բարեպատեհություն է մի քաղաքում, որտեղ անշարժ գույքի գները համաշխարհային ռեկորդներ են սահմանում: «Տաճարի եւ շրջակա համալիրի շինարարության ծախսերը 100 տոկոսով ծածկվեցին հայերի, ինչպես նաեւ ռուսների նվիրատվություններով, եւ մենք ստիպված չեղանք ֆոնդերի օգտագործման արշավ ձեռնարկել», շարունակում է Եզրաս սրբազանը: Նա կարող է պարծենալ, որ Հայաստանից դուրս եւ ռեկորդային կարճ ժամանակամիջոցում ստեղծված խոշորագույն եկեղեցական կառույցի ղեկավարն է:

Վիթխարի կրոնամշակութային համալիրի Մայր տաճարը դեռ անուն չունի: «Համաձայն կաթողիկոսի կամքի, տաճարը կանվանակոչվի իր բացման օրը: Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն համալիրն առաջին անգամ տեսնելուց հետո խորապես ազդված էր: Պատկերացնո՞ւմ եք, տաճարը 58 մետր բարձրություն ունի, եւ Քրիստոսի կյանքի կարեւոր փուլերը վերարտադրող որմնանկարները տարածվում են 800 քառակուսի մետրի վրա: Քարերը պատմում են մեր պատմությունը: Տեսե՛ք, այստեղ Ավարայրի ճակատամարտն է եւ Ներսես Շնորհալին: Իսկ այնտեղ Սուրբ Հռիփսիմեի նահատակությունն է», ասում է սրբազանըՙ մատով ցույց տալով դրվագազարդված մոտիվները: Ամեն ինչ վեհատեսիլ ու վսեմ է այս տարածքում, որի նույնիսկ տուֆ քարերն են Հայաստանից գնացքով բերված: Նույնը վերաբերում է 13 մետր բարձրությունից մեր վրա թեքված խաչքարին. ասում ենՙ աշխարհում ամենամեծն է:

Ինչ վերաբերում է շենքերի համալիրին, այն տարածվում է հինգ մակարդակով եւ ունի 25 հազար քառակուսի մետր մակերես. կայանատեղից բացիՙ կան 100 քառ. մետրանոց խոհանոց, 620 քառ. մետրանոց բազմանպատակ մեծ դահլիճ, բարձրաստիճան հոգեւորականների նստավայրՙ կաթողիկոսական հարկաբաժնով, ինչպես նաեւ Մոսկվայի հայերի պատմության թանգարան, որը նախատեսված է ռուսաստանյան հասարակայնության համար: «Ռուսաստանցիները պետք է իմանան, որ մենք այստեղ ներկա ենք վաղուց: Ո՞վ է հիշում, որ Մոսկվայում առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 1666 թվականին պարսկահայ վաճառականների միջոցներով: Մի՛ մոռացեք, որ հայ առաքելական առաջին թեմը ստեղծվել է 1714-ին Աստրախան քաղաքում», ասում է սրբազանը: Երբեմնի այդ ամբողջ շքեղությունից մնացել է միայն դժգույն արտացոլանք. դրա վկայությունը Մոսկվայի հայկական գերեզմանատանը, Լազարյանների տոհմական դամբարանում կառուցված Սուրբ Հարություն եկեղեցին է, որը ժամանակավոր հայրապետական նստավայրի դեր է կատարում:

Եզրաս սրբազանը մտադիր է, մշակութային կենտրոնից բացի, բացել 250 աշակերտի համար նախատեսված հայկական վարժարան: Սա բարի լուր է համայնքի համար, որի դպրոցական կառույցները ի վիճակի չեն ամեն օր ընդունելու նշանակալի թվով հայ աշակերտների: «Ամեն ինչ ավարտուն տեսք կստանա մինչեւ առաջիկա աշուն: Ինձ մնում է միայն տնօրեն գտնել», ժպտում է սրբազանը:

Ռուսաստանում կոմունիզմի 70 տարիներին մի շարք սրբավայրեր կորցրած Հայ առաքելական եկեղեցին հետխորհրդային շրջան թեւակոխեց բնավ ոչ փայլուն վիճակում: «Եթե ճիշտ է, որ մեր ժողովուրդը քրիստոնեությունից կտրված է անտեղյակության պատճառով, այդուհանդերձ նա շարունակում է գիտակցել սեփական արմատներն ու ժառանգությունը», հավաստում է հոգեւորականը եւ շարունակում. «Ուզենք թե չուզենք, մենք սփյուռքի վիճակում ենք. ինչպես սովորաբար ասում են, սա «ներքին սփյուռք» է»: Ոչ առանց հպարտության նա հիշեցնում է հայկական կրթական կենտրոնիՙ Հայորդյաց տան գոյության մասին, որի 700 սաները ստանում են ամբողջական հայկական կրթություն (երգի ու պարի դասընթացներ, թատերախումբ եւ այլն):

«2001-իցՙ իմ պաշտոնավարության սկզբից մինչեւ օրս մենք Ռուսաստանի զանազան մասերում կարողացել ենք կառուցել 16 եկեղեցի, իսկ քահանաների թիվը եռապատկվել է. ներկայումս նրանք 28-ն են», գոհունակությամբ ասում է Եզրաս սրբազանը: Նրա խոսքերովՙ Ռուսաստանն ազատությունների երկիր է. կարող ես կառուցել ուզածդ քանակությամբ դպրոց ու եկեղեցի: Երկրի մոտ հարյուր ազգություններն ու դավանանքները հաշտ ու խաղաղ գոյակցում են: Սրբազանը Ռուսաստանի Կրոնների եւ ազգությունների բարձրագույն խորհրդի անդամ է եւ այդ կարգավիճակում տարեկան 4-5 անգամ հանդիպում է ՌԴ նախագահ Պուտինի հետ, մասնակցում Ռուսաստանի կրոնների եւ ազգությունների հարցերի քննարկումներին:

Մի պահ լռություն է տիրում: Եզրաս սրբազանը հերթական անգամ հայացքը սեւեռում է տաճարին: «Թեկուզ աշխարհի ամբողջ ոսկին ունենալովՙ այս ամբողջը չէինք կարողանա իրականացնել առանց Տիրոջ կամքի: Սրա համար անհրաժեշտ է մեր քրիստոնեական եւ ազգային ժառանգության, մեր արժեքների գիտակցումը», ասում է նաՙ սկսելով մի երկարահունչ բարոյախոսություն: Մեր շուրջը մի քանի հետաքրքրասերներ ուշադրությամբ ականջ են դնում: Սրբազանը հմայում է իր խոսքով եւ հայացքով: Ասես պատահական մարդկանց առջեւ վարժանք անելիս լինի ինչ-որ պաշտոնական ելույթ սկսելուց առաջ:

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է: Ծնվել է 1959-ին Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: Քահանա է ձեռնադրվել 1985-ին: 1988-ին աշխատանքի է անցել Սանկտ Պետերբուրգում, որի աստվածաբանական ուղղափառ ճեմարանն ավարտելուց հետոՙ 2001-ին ձեռամբ կաթողիկոս Գարեգին Բ-ի նշանակվել է Ռուսիո եւ Նոր Նախիջեւանի առաքելական թեմերի առաջնորդ, ինչպես նաեւ պատվիրակ Մոսկվայի ու Ռուսիո ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում: Նույն թվականին պաշտպանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի պատմությանը նվիրված դոկտորական թեզը:

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, «France-Arme՛nie», juin 2013, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here