Հոգևոր տաճարների ավերակներին այսօր գումարվել են նաև գիտությա՛ն տաճարների ավերակները

0
127

Հայաստանը թանգարան է՝ բաց երկնքի տակ։ Սա սիրում ենք ասել մենք՝ հայերս, բայց եթե փորձենք ավելի ազնիվ լինել, կավելացնենք՝ Հայաստանը նաև ավերակ է՝ բաց երկնքի տակ։ Մեր եկեղեցիների՝ հոգևոր տաճարների ավերակներին այսօր գումարվել են նաև գիտության տաճարների ավերակները։ Այժմ Հայաստանում կան 60–ից ավել՝ փակ, անտերության մատնված, քայքայված ու քայքայվող, ներսում՝ ժանգոտած, դարն ապրած գիտական սարքավորումներով լի գիտահետազոտական ինստիտուտների շենքեր։ Այնուհանդերձ, նրանց բախտն ավելի է բերել, քան մյուսներինը, որոնք յուրացվել ու օլիգարխների կողմից վերածվել են գիտության հետ կապ չունեցող այլևայլ օբյեկտների, սարքավորումներն էլ վերացրել են կամ, որպես մետաղի ջարդոն, վաճառել մեր հարևաններին։

Բացի բաց երկնքի տակ թանգարան լինելը, Հայաստանում կան նաև բազմաթիվ ու բազմապիսի թանգարաններ։ Վերջերս էլ թանգարանների օր էր։ Մեր պատմության ու մշակույթի ամեն դետալ, ինչը հատկապես մեր ազգի հպարտությունն է, պահպանվում, հիշվում ու սերունդներին է ներկայացվում նաև թանգարանային մշակույթի շնորհիվ: Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ մենք չունենք գիտության ու տեխնիկայի թանգարան։ Դրա գոյությունը խիստ արդարացված կլիներ. չէ՞ որ մենք ունեցել ենք հզոր գիտություն, ունեցել ենք հզոր արտադրություն՝ սկսած մեքենաներից, հաշվողական տեխնիկայից, սառնարաններից, չափիչ սարքերց ու ժամացույցներներից, վերջացրած տնտեսական մանր–մունր ապրանքներով։ Մեր երեխաները հիմա զարմանքով են լսում այդ ամենի մասին. նրանց մեջ արդեն խորը նստած է այն կարծիքը, որ մենք խեղճուկրակ, աղքատ, դրսի բարերարների բարեհաճությունից կախված երկիր ենք։ Որ ինչ–որ մի ժամանակ հզոր ենք եղել՝ ծովից ծով, գիր ու գիտելիք սիրող ենք եղել, Մատենադարանը՝ վկա,  հերոսական ազգ ենք եղել՝ հաղթանակները վկա, էլ ուրիշ ոչինչ։ Նոր սերունդը գիտի նաև, որ անկախացումից առաջ ուրիշ պետություն է եղել, որին մեծերը կոչում են Սովետ, որը գոյատևել է 70 տարի ու որի մեկ բառով բնութագիրն է՝ քը՛խ։ Բայց այն, որ հե՛նց այդ Սովետի ժամանակ Հայաստանում ծաղկել է գիտությունն ու արդյունաբերությունը, այդ մասին՝ ոչ մի խոսք։

Պետությունները, մերը՝ նույնպես, սովորաբար ունենում են ռազմավարություն՝ կրթելու, հայրենասիրաբար դաստիարակելու մատաղ սերնդին։ Այդ նպատակով գրվում են վեպեր, նկարահանվում կինոնկարներ՝ պատմելու մեր հետոսական ազգի անկոտրում ոգու մասին։ Մենք, որ քրիստոնեություն ընդունած առաջին ազգն ենք, մե՛նք՝ մեզ գիտությա՛ն ազգ համարողներս, այսօր վերակառուցում, նույնիսկ՝ անընդհատ կառուցում ու կառուցում ենք նոր եկեղեցիներ, բայց անուշադրության ենք մատնել գիտությա՛ն տաճարները։

Մենք անվերջ պարծենում ենք մեր փառահեղ անցյալով՝ համեմատելով մեզ շատ ու շատ հետամնաց՝ ծառերից վերջերս իջած ազգերի հետ, բայց չենք ուզում տեսնել, որ այդ նույն ազգերը վաղուց եկել ու մեզ անցել են, իսկ մենք քիչ է մնում նորից սկսենք բարձրանալ ծառերը։

Օրինակ՝ երիտասարդ գիտնական Տիգրան Նազարյանը  պատմում է Կորեայից՝ «Ապշահար էի եղել, երբ մեզ ցույց տվեցին մի կենտրոն, որի հիմնական նպատակը դպրոցական երեխաներին աստղագիտության և տիեզերագիտության հետ ծանոթացնելն էր. միլիոնավոր դոլարներ էին ներդրել միայն այդ կենտրոնի ինֆրաստրուկտուրայի մեջ: Իսկ բուն գիտության մեջ ինչքա՜ն ներդրումներ են արվում:  Ոչ ոք չի ափսոսում ծախս անել գիտության համար, քանի որ հասկանում են, որ այդ ներդրումներն արդարացված են»: Խոսքը Հարավային Կորեայի մասին է, որի բնակչության խտությունը մեզանից մոտ 5 անգամ մեծ է, իսկ բնական հարստությունների տեսակարար խտությունը` 5 անգամ փոքր, այսինքն, յուրաքանչյուր բնակչին ընկնում է հինգ անգամ ավելի քիչ տարածք, ընդ որում երկիրը գրեթե զուրկ է բնական հարստություններից` 2 անգամ ավելի քիչ բնական հարստություն, քան Հայաստանն ունի։ Մոտավորապես 100 հազար քառակուսի կիլոմետրի վրա, որն ընդամենը երկու անգամ է մեծ Հայաստանի ու Արցախի տարածքից, բնակվում է մոտավորորապես 50 մլն մարդ։ Այդքան շատ բնակչություն, այդքան փոքրիկ տարածք ու բնական ռեսուրսներով այդպես ցամաք այդ երկիրն այսօր աշխարհի զարգացած երկրների թվում է։

Ո՞նց։ Շատ պարզ. նրանց խոսքն ու գործը չեն հակասում իրար։ 1960–ականներին, երբ Կորեան որոշեց գիտելիքահեն, գիտատար տնտեսություն ունեցող երկիր դառնալ, այդ գործին լծվեց միանգամից։ Այսօր նրանք մեծ թռիչք են ապահովել ու ողողել երկիր մոլորակն իրենց տեխնիկայով։ Մենք էլ մի քանի տարի առաջ որոշեցինք գիտելիքահենք երկիր դառնալ, որոշեցինք… ու դրանով վերջացրինք։

Ինչո՞ւ Հայաստանում չունենալ գիտության ու տեխնիկայի թանգարան: Ի վերջ, չէ՞ որ, մնացած ամեն ինչից զատ,  դա նաև մատաղ սերնդին կրթելու և ուղղորդելու կարևորագույն բաղադրիչ կլինի: Ինչո՞ւ նոր սերունդը չիմանա, տեղյակ չլինի, որ Հայաստանը գիտության ասպարեզում նույն այն 15 հանրապետություններից բաղկացած Սովետական Միության՝ տարածքով ամենափոքրերից, գիտական արդյունքով՝ առաջիններից է եղել: Ինչո՞ւ այդ փաստը, ջնջելու և մոռացության տալու փոխարեն, չազդարարենք չներկայացնենք մեր երեխաներին, ինչպես նաև մեր աղքատ ու հետամնաց երկիրն այցելող տուրիստներին:

Հայաստա՜ն, երկիր իմ դրախտավայր, որ ունես փառահեղ անցյալ, պատմությունիցդ դասեր չքաղած ներկա, և անորոշ, հայաթափվող, ուղեղներիդ արտահոսքով ոչ մի լավ հեռանկարի հավատ չներշնչող ապագա, մի՞թե չես տեսնում, որ փրկությունդ գիտությունդ խորթ զավակի կարգավիճակից թագաժառանգ առաջնեկին փոխարինելու մեջ է։

Հ.Գ. Գիտնականները պարզել են, որ  դրախտը գտնվել է մոտավորապես մեր հայրենիքի տարածքներում։ Ու ասում են, որ Ադամն ու Եվան ոչ թե վռնդվել են դրախտից, այլ նրանց պատժել են՝ տալով այնպիսի իշխանավորներ, որոնք դրախտը վերածել են ավերակների, իսկ բնակիչներին ստիպել գոյատևել «քարից հաց քամելով»։ Այսօր մենք «վայելում» ենք այդ պատժի հետևանքները…

 

Մանե Հակոբյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here