Հայաստանի գիտական համակարգում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) ներդրման վերաբերյալ

0
146

Երիտասարդ գիտնականի ամբիոն

 

Հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգը Հայաստանում ներդնելն այսօր կարևոր են համարում գիտնականներից շատերը։ Քանի որ այս թեման բավական քննարկվող է դարձել, «Երիտասարդ գիտնականի ամբիոն» խորագրի տակ հրապարակված հարցազրույցներում փորձեցի պարզել ընդհանուր պատկերը՝ ընդգրկելով այսպիսի հարց՝ Ինչպե՞ս եք վերաբերվում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգին. արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսանկյունից պետք չէ արագորեն ներդնել այդ համակարգը Հայաստանում։

Եվ քանի որ Հայաստանի համար սա նորություն է, անգամ համապատասխան եզրույթ չկա (գործածվում է, ոչ այնքան հարմար, «հետթեկնածուական կարգավիճակ» բառակապակցությունը), երիտասարդ գիտնականներից ոմանք անգամ տեղյակ չեն դրանից, կամ տեղյակ են՝ մասամբ ու լավ չգիտեն էությունը։ Հետևաբար՝ կան երիտասարդներ, որ պարզապես չեն պատասխանել հարցին, մի քանիսն էլ անկեղծորեն խոստովանել են, որ ծանոթ չեն համակարգին։

Իսկ ին՞չ է ներկայացնում իրենից հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգը: Գիտության թեկնածուն, ատենախոսությունը պաշտպանելուց հետո, տեղափոխվում է մեկ այլ համալսարան՝ ժամանակավոր (1-3 տարի) հետազոտական աշխատանքներ կատարելու:

 

Հարցմանը պատասխանած երիտասարդ գիտնականների գերակշիռ մասը կարծում է, որ համակարգի ներդրումը Հայաստանում շատ կարևոր ու անհրաժեշտ է։ Բագրատ Մաիլյանը, գիտության կազմակերպման տեսակետից, ամենակարևոր հարցերից մեկը համարում է հենց դա՝ Դեռ 2 տարի առաջ, շա՛տ տարիներ առաջ պետք է արվեր, եթե սա չարվի՝ կկորցնենք բոլոր երիտասարդ գիտնականներին: Կան հարցին ավելի կտրուկ պատասխանող երիտասարդներ։ Օրինակ՝ Դավիթ Հայրապետյան՝ Համակարգի ներդրմանը վերաբերվում եմ միա՛յն դրական: Ես ինքս էլ հիմա ինձ համարում եմ PostDoc կարգավիճակում՝ անկախ համակարգի ներդրումից: Իսկ համակարգի ֆորմալացումից մենք միայն կշահենք: Արմեն Գալստյանի համոզմամբ՝ PostDoc համակարգն ավելի ճկուն է և տալիս է հնարավորություն՝ այլ աշխատանքային խմբերում ստանալու նոր աշխատանքային փորձ: Ես կողմ եմ, որ այն ներդրվի, քանի որ այն հանդիսանում է բոլոնյայի համակարգի շարունակությունը, որով հիմա առաջնորդվում է Հայաստանը, այսինքն` բակալավրիատ, մագիստրատուրա, PhD, PostDoc: Ըստ Հովսեփ Ղազարյանի՝ Վաղուց ժամանակն է Հայաստանում ներդնել պոստդոկի ինստիտուտը: Դա նաև կլուծի շատ երիտասարդների մասնագիտական առաջընթացի հարցը:

Բյուրականի աստղադիտարանում՝ որպես կրտսեր գիտաշխատող, միաժամանակ Փարիզի աստղադիտարանի ասպիրանտ Սաթենիկ Ղազարյանը նույնպես գտնում է, որ՝ Անշու՛շտ: Մասնագիտական աճի հեռանկարի տեսակետից այդ համակարգի ներդրումը Հայաստանում առաջնային խնդիրներից է: Առանց PostDoc աշխատանք և նույնիսկ մի քանի աշխատանքներ կատարելու, կարծում եմ՝ չես կարող դառնալ կայացած մասնագետ, և լճացումն այդ դեպքում անխուսափելի է։

Մուշեղ Ռաֆայելյանն էլ է «Այո» ասում՝ բացատրելով, որ PostDoc համակարգը կարող է խթանել երիտասարդ գիտնականների մասնագիտական աճը: Միգուցե կլինե՞ն և այլազգի երիտասարդ գիտնականներ, ովքեր կանեն իրենց PostDoc-ն այստեղ՝ Հայաստանում: Իսկ Հայկ Խաչատրյանի «Այո»–ն այսպես է հնչում՝ Շա՛տ կարևոր է: Այս համակարգի հիմնական առաքելություններից է՝ ոչ միայն ժամանակավոր գործով ապահովել նորաթուխ գիտնականին, նպաստել նրան՝ ստանալու աշխատանքային փորձ և սովորելու աշխատել այդ ինքնատիպ բանագավառում, այլ նաև նպաստել նրա, որպես անհատ գիտնականի, ձևավորմանը: Սա, կոպտորեն ասած, նման է գիտական «պորտալարի» կտրմանը, այսինքն՝ առանձնանալուն գիտական ղեկավարից: Ամփոփելով ասեմ, որ այս համակարգն իրոք կարևոր է երիտասարդ գիտնականի կայացման համար: Արմեն Թումասյանն ավելի գործնական է՝ Ես ինքս 2012-ին ստացել եմ ֆիզմաթ գիտությունների թեկնածուի կոչումը և շատ լավ տեսնում եմ այդ բացը, որը ներկայումս կա: Հարցեր են տրվում, թե ինչպես շտկել գիտության վիճակը Հայաստանում: Նորմալ վարձատրվող PostDoc-ի տեղեր ստեղծելը, իմ կարծիքով, շատ լուրջ բարեփոխում կլիներ: Սա լուրջ քայլ կլիներ՝ երիտասարդ կադրերին Հայաստանում պահելու գործում, որն անչափ կարևոր է մեր տեղի գիտական ինստիտուտների մրցունակության, հեղինակության բարձրացման գործում:

Ալլա Ալեքսանյանը գտնում է, որ վատ չէր լինի, եթե մեր երկրում էլ ներդրվեր հետթեկնածուկան կարգավիճակի համակարգը: Հիմնվելով ատասահմանյան փորձի վրա՝ կարծում եմ՝ նման համակարգի ներդրումը միայն կնպասի երիտասարդ գիտնականների ներգրավվածության տոկոսի բարձրացմանը, նրանց շահագրգռվածությանը՝ մնալ գիտության ոլորտում, և նրանց մասնագիտական աճին:

Իսկ ըստ Վարդան Ասատրյանի՝ Այստեղ խնդիրը ոչ թե մասնագիտական աճի տեսանկյունից պետք է դիտարկել, այլ աշխարհին արագ ինտեգրվելու, քանի որ, ակնհայտորեն, գործող համակարգն իրեն սպառել է և ստեղծում է բազմաթիվ խոչընդոտներ համաշխարհային գիտական հանրությանը ինտեգրվելուն: Ներդրման անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, սակայն, առանց լուրջ նյութատեխնիկական համակարգի և հետազոտություններ իրականացնելու հնարավորության, այդ համակարգը շատ օգուտ չի տա: Իսկ ինչ վերաբերում է մասնագիտական աճին, միգուցե դա կնպաստի ֆիկտիվ գիտնականների թվի նվազմանը, բայց ո՛չ մասնագիտական աճին, քանի որ այն գիտնականները, որոնք իրոք զբաղվում են գիտությամբ, շարունակում են կատարելագործվել նաև թեկնածուական ատենախոսություններից հետո: Ռոքսանա Զախարյանի կարծիքն է, որ Համակարգի ներդրման կարիքն անշուշտ կա: Ես ինքս նմանատիպ իրավիճակում կհայտնվեմ շատ շուտով: Համակարգի անկատարությունն է հենց, որ ստիպում է երիտասարդ խոստումնալից գիտնականներին հեռանալ՝ թեկնածուականը պաշտպանելուց անմիջապես հետո:

Կարապետ Մկրտչյանը կարծում է, որ Հետթեկնածուական համակարգը շատ կարևոր է, ինչպես գիտության պահպանման ու զարգացման, այնպես էլ փոխանակման տեսանկյունից: Սա ակնհայտ է դառնում, երբ ուսումնասիրում ենք այն երկրների փորձը, որոնք վերջին տասնամյակում մեծ առաջընթաց ունեն համաշխարհային գիտության մեջ իրենց ներդրման չափով: Վառ օրինակներ են Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չիլին, Հարավային Կորեան, Թուրքիան և Իսրայելը: Այս երկրներում գործում է հետթեկնածուական համակարգը: Կարեն Հովհաննիսյան՝ Պետք է, ու` արագ: Բայց լիովին համապատասխան կենտրոններ երևի չկան: Կարեն Հակոբյան` PostDoc–ը, որպես հետթեկնածուական անցումային պայմանագրային կարճաժամկետ համակարգ, օգտակար կարող է լինել երիտասարդներին, որոնք կարող են կայանալ և ինքնավստահություն ձեռք բերել նմանատիպ պրոյեկտներում: ԵՎ ընդհանրապես, բնագավառի աշխատաձևերի զանազանությունը միայն դրական կարող է ազդել զարգացման վրա:

 

Հ.Գ. Այո, հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգը Հայաստանում ներդնելն այսօր կարևոր են համարում գիտնականներից շատերը։ Մասնավորապես, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունն այն ներառել է իր 30+1 առաջարկների մեջ։ Առաջարկը արվել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արմեն Կուզանյանի կողմից ՝ հետևյալ ձևակերպմամբ Հավելյալ ֆինանսներ հատկացնել Հայաստանում PostDoc-ական համակարգի ներդրման համար` առանձին համակարգված ծրագրով։ Որպես առաջին քայլ` պայմանագրային (թեմատիկ) մեխանիզմով ֆինանսավորման երաշխավորված թեմաներին հատկացնել լրացուցիչ գումարներ, որպեսզի յուրաքանչյուր թեմայի ղեկավար կարողանա իր խմբում ներգրավել, մրցութային կարգով, լրացուցիչ մեկ երիտասարդ գիտության թեկնածուի (PhD) Հայաստանից կամ արտերկրից` 1 տարի ժամկետով, PostDoc կարգավիճակով։

 

Մանե Հակոբյան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here