«Երես մի տվեք էդ բոմժերին…»

0
153

Նոյեմբերի սկզբի առաջին ձյան օրն էր… առավոտյան աշխատանքի էի շտապում, երբ մեր մուտքի աղբատար խողովակի տակ շարժ նկատեցի: Վախով նայեցի կիսաբաց դռնից ներս` առնետ տեսնելու սպասումով: Աղբանոցում մարդ էր պառկած` ծածկված քուրջ ու փալասով: Նա ոտնաձայնիցս գլուխը բարձրացրեց, ու ես տեսա կենդանական սարսափ նրա աչքերում: Մեր հարևան Աբգարը կասեր. «…ու՞ր ա էդ բոմժը. փետս վեկալեմ նենց քշեմ, որ մեր շենքի ճամփեն վաբշե մոռանա: Դրանց բան մի տվեք, փիս մի սովորցրեք, դրանք ձեզնից շատ փող ունեն»: Երևի սա էլ… առատ ու ցոփ կյանքից հոգնել ու որոշել է մի գիշեր էլ անցկացնել աղբանոցում:

Ես, գլուխս կախած, առաջ շարժվեցի, դժվարությամբ քարշ տալով միանգամից հարյուր կիլոյով ծանրացած ոտքերս, սրտումս` անպատմելի ամոթ: Սա մեր երկիրն է, իսկ նա` մեր երկրի քաղաքացին, որ մայր հողի վրա չունի այնքան տարածք, որտեղից նրան չքշի դեռևս «կոմունիստների վախտվա քյալամ գործից» հետ գցած եկամտով ու արտասահմանում ապրող տղաների ուղարկած դոլարներով փորը կլորացրած Աբգարը:

Երբ Լենինի ստեղծած երկիրը զարգացման ուղին բռնեց, առաջին լոզունգը «Չքավորության վերացումն» էր: Եվ դա միայն լոզունգ չէր, այլ հետևողական քաղաքականություն: Մեր` քսան տարեկան «նորանկախ» հայրենիքի ղեկավարությունը, որ ամեն կերպ արտասահմաններում գովազդում է իր զարգացման տեմպն ու, դա էլ օգտագործելով որպես անցաթուղթ, ուզում է խցկվել Եվրամիություն, բացարձակապես չի ամաչում այն բանից, որ 23 տարի անց, աղետի գոտում, մարդիկ դեռևս խարխլված տնակներում են ապրում, գիշերներն էլ հերթապահում, որ առնետը չհարձակվի նորածին երեխայի վրա: Նա չի հիշում հատակում «ապրող» մարդկանց ու ոչ մի կերպ չի նկատում փողոցներում մուրացող կամ ցուրտ տներում սովի մատնված երեխաներին:

Փառք Աստծո. դրա համար կա երկու համոզիչ արդարացում` 1. նույնիսկ զարգացած երկրներում կան մուրացկաններ, 2. մեր երկիրը, պատերազմ ու «անկախություն տարած», աղքատ բյուջեով երկիր է: Քսան տարի անցավ, բայց դեռ ամպագոռգոռ խոսքերով, որպես զարգացման թռիչք, գովազդվում է մեր անկախանալը (Կարծես եթե 91-ին «այո» ասած չլինեինք, դեռ պիտի ԽՍՀՄ-ի կազմում մնացած լինեինք: Տեսնես մնացած նախկին «եղբայրական» հանրապետություններն է՞լ են այսքան պարծենում իրենց անկախանալով, թե՞ նրանք հպարտանալու այլ արժեքներ են ընտրել, ասենք` ժողովրդի բարեկեցությունը) և որպես հետամնացության արդարացում նույնպես փաստարկվում է անկախացումը:

Տասնամյակներն անցնում են, իսկ մենք դեռ չենք ազատվում «նորանկախ» բառից: Կարծես ժողովուրդը կույր է ու չի տեսնում աղքատ բյուջեով երկրի` երկինք խոյացած հյուրանոցներն ու այլ «օբյեկտները», որոնց վրա ծախսվել են աստղաբաշխական թվեր:

Ջայլամի քաղաքականություն. կազմակերպել տոնակատարություններ, վերամբարձ խոսքերով գովաբանել ու ազդարարել արած «գործերը»: Այդ գործերից մեկն, օրինակ, թոշակների բարձրացումն էր. մի ամբողջ տարի ազդարարվում էր, որ թոշակառուները կստանան 2500 դրամ ավել թոշակ: Մյուսը գիտության ֆինանսավորման «ավելացումն» էր 7 %-ով, որը ամեն գիտնականի համար կազմում է մոտավորապես 2500-3000 դրամ. և սա այն գումարն է, որը պիտի հետ պահի երիտասարդ գիտնականին` հեռանալու երկրից: Ամոթ: Սա է մեր պետության քաղաքականությունը. աղմկել, ազդարարել, ինքնագովազդել ու այդ աղմուկի մեջ խլացնել սեփական խղճի ձայնը:

Հիշեցի հայտնի դրամայի հերոսուհու խոսքերը. «…հնարավոր չէ երջանիկ լինել, եթե աշխարհում կա թեկուզ մի անտեր ու թափառական շնիկ»:

Արի ու տես, որ կասկածելի ճանապարհներով միլիոն դիզած մեր հարուստների ու մեր ղեկավարների երջանկությունը բացարձակապես չեն խաթարում ոչ միայն անտեր շնիկներն, այլև անտեր մարդիկ, ու Ձմեռ պապիկից հաց խնդրող երեխայի պատկերը բացարձակապես չի ազդում նրանց` օբյեկտներում սրտխառնոց ստանալու աստիճան ուտել-խմելու ախորժակների վրա:

Դեռ քանի՜ տասնամյակ կամ հարյուրամյակ պիտի անցնի, որ ձեռքը պարզած` բռի մեջ «հացի փող» մուրող երեխան ու նրա սերունդը, առողջ հոգեբանությամբ ու հարուստ ներաշխարհով, հասարակության լիարժեք անդամ դառնա: Եվ ո՞վ է ավելի մեղք. այն փոքրի՞կը, ով «ի՞նչ կուզես, որ Ձմեռ պապիկը բերի քեզ համար» հարցիս տալիս է` «հաց» պատասխանը, թե՞ դուբայների բարձրակարգ հյուրանոցներում նոր տարիները դիմավորող բթացած հոգով միլիոնատերերը:

Մնում է մի վերջին հույս… Սիրելի՛ նախագահ, սիրելի՛ վարչապետ, սիրելի՛ հարուստներ, տաքուկ խորհրդարանում պարապությունից աչքը կպցնող ժողովրդի կողմից վստահված անձինք` սիրելի՛ պատգամավորներ, ձեր «ազգանվեր գործունեությունը» մի սահմանափակեք միայն ու միայն ձեր շփացած երեխաների համար մերսեդեսներ ու տոյոտաներ առնելով ու նրանց` հայտնի ֆիրմային խանութների ու կազինոների համար դոլարներ ապահովելով: Երբ պառկում եք քնելու, աղոթքի ժամին, փորձեք հիշել այն մարդուն, ով գաղտնի մտել է աղբանոց` ցրտից ու ձյունից պաշտպանվելու, այն գերազանց սովորող 8-ամյա աղջկան, ում քունը չի տանում ստամոքսի դատարկությունից, այն փոքրիկ տղային, որ Ձմեռ պապիկից հաց է խնդրում` որպես Նոր տարվա նվեր: Մի քիչ հետ գցեք սեփական հաճույքների վրա ծախսվող գումարներից ու փորձեք հաճույք ստանալ բարի գործերից. հավատացեք, որ Աստված ավելի բարեհաճ կգտնվի ձեր հանդեպ, եթե ձեր կառուցած եկեղեցիների կողքին կամ փոխարեն կառուցեք կացարաններ` հնարավորություն տալով մարդկանց գոյատևելու գոնե ծածկի տակ, ստեղծեք բարեգործական ճաշարաններ, մանկապարտեզներ, օգնեք մանկատներին ու համոզված եղեք, որ մեկ մարդուն երջանկացնելը հավասար է մի եկեղեցի կառուցելուն»:

Ալեքսանդր Մակեդոնացին մահանալիս բացեց դատարկ ափն ու ցույց տվեց շուրջը խմբվածներին. «Ահա, նայեք, ես ոչինչ չեմ տանում հետս»… տանել չեք կարող, բայց թողնել կարող եք` լավ գործեր ու բարի անուն:

 

Մանե Հակոբյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here